Դեկտեմբերի 28-ին Իրանում տնտեսական խնդիրների, մասնավորապես գների նոր աճի դեմ բողոքի ցույցեր էին սկսվել Մաշհադ քաղաքում, որոնք վերաճեցին համերկրային ցույցերի (ավելի քան 50 քաղաքներում), իսկ տնտեսական պահանջները դարձան քաղաքական՝ հասնելով պետական կառավարման համակարգի փոփոխման կոչերի:
Բողոքի ակցիաներում դեկտեմբերի 30-ից տեղ գտան անկարգությունները և բախումները ոստիկանական ստորաբաժանումների հետ, որոնք շարունակվեցին մինչև հունվարի 2-ը և պատճառ հանդիսացան առնվազն 21 մարդու մահվան՝ այդ թվում 2 ոստիկանի:
Անկարգությունների հիմնական օջախներն էին Թեհրանը, Քարաջ քաղաքը` Ալբորզ նահանգում, Սպահանի նահանգը՝ Ղահդարիջան, Խոմեյնիշահր, Նաջաֆաբադ, Քեհրիզ-Սենգ, Շահինշահր քաղաքները, Համադանի նահանգը՝ Թոյսերքան, Համադան քաղաքներ, Խուժաստան նահանգը՝ Իզե, Ահվազ քաղաքներ, Քերմանշահ քաղաքը, Սանանդաջը Քուրդիստան նահանգում ևԼորեսթան նահանգի Դորուդ քաղաքը:
Իրադարձությունների արդյունքում մինչ այժմ ձերբակալվել է ավելի քան 2000 քաղաքացի: Տեղեկատվական դաշտից անկարգությունների կոչեր հնչեցնելու մեղադրանքով երկրում կասեցվեց իրանցիների հիմնական օգտագործման Telegram և Instagram սոցիալական ռեսուրսների աշխատանքը:
Անվտանգության ուժեղացված միջոցառումների արդյունքում ցույցերը գրեթե դադարեցին հունվարի 2-ին, իսկ արդեն հունվարի 3-ի առավոտյան կառավարությունը քայլերթեր կազմակերպեց՝ ի պաշտպանություն պետական համակարգի: Ի աջակցություն ցուցարարների բողոքի ակցիաներ անցկացվեցին նաև արտերկրում Իրանի դեսպանատների դիմաց (Մելբուռն, Ստոկհոլմ, Բեռն, Բեռլին, Փարիզ, Թիֆլիս, Աթենք և այլն): Այլ երկրներից բռնությունից զերծ մնալու կոչեր հնչեցին Թուրքիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ը ակտիվորեն «սատարեց» ցուցարարներին, Ռուսաստանն էլ կոչ արեց չխառնվել երկրի ներքին գործերին:
Իրանում ցուցարարների բողոքի իրավունքը հաստատեց նախագահ Հ. Ռոհանին, սակայն զգուշացրեց, որ պետական և քաղաքացիական գույքի վնասումն ու անկարգությունները հետապնդվելու են: Ցույցերին անդրադարձավ նաև հոգևոր առաջնորդը՝ դրանք որակելով, որպես Իրանի թշնամիների կողմից ուղղորդվող իրադարձություններ: Բողոքի այս ցույցերի պատճառները դիտարկելիս առերեսվում ենք 4 վարկածի հետ.
Առաջին. տնտեսական խնդիրներ
Իրանի տարածքում է գտնվում երկրագնդի օգտակար հանածոների 7%-ը (3-րդ գտնված նավթի պաշարների ցուցանիշ, 2-րդ բնական գազի պաշարներ, 1-ին ցինկի պաշարներ և այլն): Չնայած այս ամենին երկրում առկա են լրջագույն սոցիալ-տնտեսական խնդիրներ՝ գործազրկության բարձր ցուցանիշ (11.8%- 27մլն աշխատունակ քաղաքացիներից 3,2 մլնը գործազուրկ են), բնակապահովման, առողջապահության խնդիրներ:
Իսլամական հեղափոխությունից (1979թ.) ի վեր երկրի միջին տնտեսական աճը կազմում է 3%, սակայն այս ցուցանիշի իրական ազդեցությունը համարյա կհավասարվի զրոյի, եթե հաշվի առնենք բնակչության աճը (37.5մլն- ավելի քան 80մլն): Իրավիճակը ավելի է սրվում 2010 թ.-ին, երբ միջուկային հետազոտությունների պատճառով երկրի հանդեպ կիրառվում են մի շարք միջազգային պատժամիջոցներ: Այս տարիներին բնակչության վրա ուղղակի անդրադարձ ունեցող առկա բնակապահովման, թռիչքային գնաճի, գործազրկության, առողջապահության հիմնախնդիրներից 2015թ.-ին Հասան Ռոհանիի կառավարության ձեռք բերած «Միջուկային համաձայնագրի» և պատժամիջոցների մասնակի չեղարկումից հետո մինչ այժմ կարգավորվել է միայն թռիչքային գնաճի խնդիրը:
Այս ցույցերիսկզբի զուտ սոցիալական հենքի վարկածի դեմ է խոսում հենց գնաճի փաստարկը. նշվում էր, որ սկսված բողոքը գնաճի դեմ է, այն դեպքում, երբ մթերքներից թանկացել էր ընդամենը ձվի գինը և խոսակցություններ կային բենզինի թանկացման մասին: Ներկա գնաճը երկրում տատանվում է 10-11%-ի մեջ: Եթե թանկացումներն են ցույցերի պատճառը, ինչու՞ չկար նմանատիպ բողոք դիցուք 2011 թ.-ին, երբ գնաճի ցուցանիշը դիպուկ պարսկերեն բնութագրմամբ փոփոխվում էր «հիմայից, հիմա»՝ տատանումը թռիչքային էր 20-ից 46%:
Երկրորդ. արտաքին միջամտության, կազմակերպման և ուղղորդման վարկած
Այս վարկածը Իրանի ներսում գործող լրատվական միջոցների շրջանառվող հիմնական վարկածն է: Սրա օգտին փաստարկ է բերվել Իրանի անվտանգության գերագույն խորհրդի նախագահ Ա. Շամխանիի կողմից, ըստ որի համացանցում հավաքների և ցույցերի կոչեր հնչեցնող հրապարակումների 80%-ը կատարվել են արտերկրից՝ մեծ մասը Սաուդյան Արաբիայից:
Ինչ խոսք կասկածի տեղիք կարող է տալ նաև ԱՄՆ-ի «ջանասիրական» գործունեությունը՝ ի աջակցություն ցուցարարներին: Նախագահ Դոնալդ Թրամփն այս օրերին հանդես եկավ «Իրանի բռնապետական ռեժիմը քննադատող» մի շարք գրառումներով, ՄԱԿ-ում ծավալուն ելույթ էր պատրաստել նաև ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Ն. Հիլին, ով թարգմանել էր ցույցերի ժամանակ հնչած հակապետական կոչերը և նշեց, որ սրանք ԱՄՆ-ի ցանկությունը չեն, այլ Իրանի ժողովրդի արդար պահանջները:
Այս ամենին հակասում է բողոքի ցույցերի սկիզբը՝ դրանք սկսվել են Մաշհադ և Ղոմ քաղաքներում, որոնք երկուսն էլ հայտնի կրոնական ուժեղ ավանդույթներ ունեցող քաղաքներ են և մինչ այժմ զանգվածային որևէ բողոքի ցույցով աչքի չեն ընկել, ավելին՝ բնակչությունը մշտապես բուռն մասնակցություն է ունենում կրոնական և կառավարման համակարգի տարբեր տոնակատարություններին, միտինգներին և քայլերթերին: Հակասական պատկերն ամբողջացնելու համար պետք է գումարել ցույցերի մասին առաջին հաղորդումների լրատվամիջոցներին, որոնք Իրանի ներսում գործող, պետական հավանություն ստացած ռեսուրսներ են(Իրանի ներսում ցանկացած կառավարման համակարգին դեմ արտահայտվող լրատու ցանց արգելված է):
Երրորդ. Մահմուդ Ահմադինեժա՞դ
Երրորդ վարկածը նախագահական շրջանից հետո «ընդդիմադիր» դարձած Մահմուդ Ահմադինեժադի ցույցերի կազմակերպումն է: Այստեղ բանը նրանում է, որ ցույցերից մի քանի օր առաջ Ահմադինեժադը քննադատել էր դատական իշխանության ղեկավար Ս. Լարիջանիին, պահանջել նրա հրաժարականը՝ մեղադրելով հակասահմանադրական պահվածքի և բռնակալության մեջ: Նախկին նախագահի այս պահվածքը կապված էր նրա համակիր մեկ այլ քաղաքական գործիչ Հ. Բաղայիի դատավճռի հետ:
Այս ամենին արձագանքեց երկրի հոգևոր առաջնորդը, մասնավորապես նշելով, որ «չի կարող մի մարդ մեկ տասնամյակ լինել երկրի ամենակարողը, իսկ հաջորդ տասնամյակում՝ իրեն հայտարարել ընդդիմադիր: Ահմադինեժադի հակասությունները հոգևոր առաջնորդի հետ նոր թափ են ստացել անցած տարվա մայիսի նախագահական ընտրություններում վերջինիս թեկնածության առաջադրման հետ՝ չնայած նրան, որ Ալի Խամենեին հորդորել էր չառաջադրվել: Հունվարի 4-ին այս ամենին գումարվեց Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Ա. Ջաֆարիի հայտարարությունը առ այն, որ կորպուսը կասկածներ ունի, որ նախկին քաղաքական գործիչներից մեկը խառնված է այս ցույցերը կազմակերպելու մեջ և եթե դա հաստատվի՝ ենթարկվելու է պատասխանատվության:
Հաշվի առնելով այս ամենը կարծում ենք, որ տեղին է հարցը արդյոք Ահմադինեժադը ունա՞կ էր Մաշհադում ցույցեր հրահրել, այն էլ սոցիալական բովանդակության, երբ իր կառավարման տարիներին (2005-2013) առավել խորքային էին այդ խնդիրները: Այս ամենին պետք է հավելել քաղաքական շատ ցածր վարկանիշը՝ 2009 թ.-ին երկրորդ նախագահական շրջանում կեղծարարությամբ ընտրվելու մեղադրանքները և դրան հետևած բազմահազարանոց ցույցերը Թեհրանում, մեղադրանքները Panama Papers հայտնի օֆշորային սկանդալի մեջ ներգրավվածություն և հաշիվներ ունենալու մեջ: Ընդդեմ Ռոհանիի կառավարության բողոքի ցույցեր Մ. Ահմադինեժադը կազմակերպել է Թեհրանում դեռևս մայիսի ընտրություններից առաջ, սակայն, ըստ ամենայնի այս ցածր վարկանիշի պատճառով էր, որ ցույցը բազմամարդ չէր:
Չորրորդ. պահպանողականներ vs բարեփոխիչներ
Չորրորդ վարկածը Իրանում պայմանական պահպանողականներ անվանվող քաղաքական ճամբարի բողոքի ցույցերի կազմակերպումն է՝ ընդդեմ բարեփոխիչների կառավարության, ապա դրա վերաճումը համապետական սոցիալական բողոքի և արտերկրյա ֆինանսավորում և կազմակերպվածություն ունեցող խմբերի մուտքը բողոքի ցույցեր:
Հասան Ռոհանիի կառավարությունը քանիցս դժգոհել է նրանից, որ բյուջեի մի շարք միջոցներ իրենց տնօրինության տակ չեն, երկրում մի շարք կազմակերպությունների և կառույցների բյուջեն, գործունեությունը թափանցիկ չեն, հարկատվությունը նույնական չէ բոլոր կառույցների համար: Այս խոսակցությունները առավել շատացան պատժամիջոցների չեղարկումից հետո, իսկ Ռոհանիի կառավարության նախագահական երկրորդ շրջանում հաղթանակից հետո սկսեցին նոր թափ առնել: Նշված կառույցներից և ֆոնդերից գրեթե բոլորը գտնվում են պահպանողական քաղաքական գործիչների տնօրինության տակ: Դրանցից թերևս ամենախոշորը՝ Մաշհադի Ասթանե Ղոդսէ Ռեզավին՝ շիաների 8-րդ իմամ Ռեզայի դամբարանը, հարակից սրբավայրերը, մշակութային կառույցները, հյուրանոցները, որոնք տարեկան 15-20մլն մարդ է այցելում, գտնվում է հայտնի պահպանողական գործիչ, վերջին նախագահական ընտրությունների հիմնական թեկնածու Է. Ռայիսիի տնօրինության տակ: Այս կառույցի տարեկան մաքուր եկամուտը միլիարդավոր դոլարների է հասնում, սակայն այն հարկ չի վճարում, իմիջիայլոց հարկ չվճարող հատուկ կառույցների ցանկում ընդգրկվել է իսլամական հեղափոխության առաջնորդ Խոմեյնիի մահվանից հետո:
Կառավարության համալիրի հարկատվության շուրջ նախաձեռնած արշավը հասավ ընդհուպ 2015թ.-ին օրենքի ընդունում, սակայն 2016թ.-ի բյուջեի հարկատուների ցանկում այն չընդգրկվեց: Եվ ահա անցած ամսվա դեկտեմբերի սկզբին բյուջեի նախագծի քննարկումների և ներկայացման շեմին կրկին ակտիվացան կառույցի հարկատվության մասին խոսակցությունները, նշվեց նաև չվճարված հարկերի $7 մլրդը անցնող հաշիվ: Այս ամենի ֆոնին Մաշհադում դեկտեմբերի 28-ին սկսվում են ցույցեր Հ. Ռոհանիի կառավարության դեմ՝ պատճառն էլ նշվում է «կառավարության անկարողությունը գնաճի դեմ պայքարում», այնինչ այդ ժամանակ ապրանքներից թանկացել էր միայն ձվի գինը: Համընդհանուր բողոքի և դժգոհությունների պատճառը ևս բյուջեի աննախադեպ թափանցիկնախագիծն է եղել, որում կառավարությունը առաջին անգամ ներկայացրել է «իսլամական կառույցներին» տրամադրվող բյուջեները, որոնցտրամադրումը ոչ միայն կառավարության տնօրինության տակ չէ, այլև այդ կառույցները ծախսերի համար պետական ոչ մի մարմնի առաջ պատասխանատվություն չեն կրում:
Բացի այս բյուջեի նախագիծը չնայած իր մեծ պակասորդի կրկին չունի միջոցներ սոցիալական առկա հիմնախնդիրներում բեկում մտցնելու համար: Սոցիալ-տնտեսական խնդիրները, ներկայացված բյուջեի դրանք լուծելու անկարողությունը Մաշհադի հակակառավարական քայլերթը վերածեցին համերկրային բողոքի: Արտաքին միջամտության գործոնը անուղղակի միանշանակ առկա էր՝ ԱՄՆ ելույթները, արտերկրում կազմակերպված ցույցերը: Ուղղակի միջամտության մասին թերևս կարելի է խոսել զոհերի տարօրինակ պատահարներից ելնելով՝ որսորդական հրացանով կրակոցներ, սպանություններ: Տարօրինակ են նաև առանձնակի անկարգությունները՝ երկրի պետական դրոշի այրում, ուղղակի հարձակումներ բանկերի, մզկիթների վրա, քաղաքացիական մեքենաների և գույքի ոչնչացում: Դեպքերի ընդհանուր վերլուծությունը, ըստ ամենայնի, ավելի շատ տեղավորվում է այս վարկածի մեջ, չնայած նշվածներից բոլորն էլ որոշ չափով կարող են իրենց տեղը ունեցած լինել իրադարձությունների զարգացման մեջ:
Որպես ամփոփում հարկ է նշել, որ սոցիալ-տնտեսական այս բողոքը անդրադարձն է Իրանում շարունակվող վերոնշյալ հիմնախնդիրների, իսկ Իսլամական Իրանի հանրապետությունը կարիք ունի խորապես մտածելու, թե ի՞նչն է պատճառը, որ 1979թ.-ից այս կողմ, իսլամական այս հասարակարգի և ինչպես Իրանում է ընդունված ասել «հեղափոխության սերունդը» դուրս է գալիս հակառեժիմային բողոքի, քանի որ հաստատված տվյալի համաձայն ձերբակալված ակտիվիստների 90%-ի տարիքը չի հատում 35-ի սահմանը:
Բացի սա այս իրադարձությունները բացասական անդրադարձ կունենան երկրի միջազգային առանց այն էլ վատ վարկանիշի վրա, հնարավոր է բերեն նաև հայտնի «մարդու իրավունքների ոտնահարումների» համար նոր պատժամիջոցների:
Խաթարված անվտանգության համբավը կարող է հեռու տանել առանց այն էլ բավական քիչ ներդրողների հետաքրքրվածությունը, իսկ դրա ներքին կյանքի վրա անդրադարձը կարող է լինել սոցիալական արգելափակված ռեսուրսների անփոփոխ վիճակը և հասարակության մեջ առկա սահմանափակումների ավելացումը:
Կարծել, թե նմանատիպ շարժումից հետո նշված իսլամական բովանդակության կառույցները կսկսեն հարկ վճարել կամ կրճատել բյուջեները, ըստ ամենայնի դեմ է գործող հասարակարգի տրամաբանությանը: Այս զարգացումները, իհարկե, ցույց են տալիս, որ Իրանում բեկումնային փոփոխությունների կարիքը գրեթե օրհասական բնույթ է կրում: Հուսանք մեր հարևանը կգտնի նշված բարեփոխումները իրականացնելու ճանապարհը և կպահպանի թե՛ իր և թե՛ տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունը:
Հրաչյա Հակոբյան
իրանագետ
Հատուկ ԱՆԻ-ի համար