Թուրքիա. Իրանում ցույցերին աջակցում են Թրամփը և Նաթանյահուն

957

Թուրքիայի արտգործնախարարությունը տարածել է պաշտոնական հայտարարություն, որում մտահոգություն է հայտնվում Իրանում դեկտեմբերի 28-ին սկսված ցույցերի կապակցությամբ:

«Թուրքիան մեծ կարևորություն է տալիս բարեկամական և եղբայրական Իրանում խաղաղության ու կայունության պահպանմանը: Մենք ցանկանում ենք, որ խաղաղությունը վերականգնվի հնարավորինս շուտ, որպեսզի կանխվի արտաքին միջամտությունը»,- ասվում է հայտարարությունում:

Առանձին մեկնաբանություն է տվել նաև արտգործնախարար Մեվլութ Չավուշողլուն՝ բացահայտ նշելով, որ Իրանում սկսված ցույցերի հետևում կանգնած են Իսրայելն ու ԱՄՆ-ը:

«Երկու մարդ է աջակցում ցույցերին՝ Նաթանյահուն և Թրամփը»,- ասել է Չավուշօղլուն:

Իրանում շարունակվող ցույցերի առիթով Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսզրույց է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ:

Իրանի հոգևոր առաջնորդ, այաթոլլա Ալի Խամենեին մեղադրել է իսլամական հանրապետության թշնամիներին, որոնք կազմակերպել են բողոքի ցույցեր: Կրոնապետ Խամենեին, սակայն, չի նշել թշնամիների անունները: Իրանի բարձրաստիճան այլ պաշտոնյաներ մեղադրել են Սաուդյան Արաբիային, Մեծ Բրիտանիային ու Միացյալ Նահանգներին՝ Իրանի ներսում հակակառավարական ցույցեր հրահրելու և կազմակերպելու մեջ:

2017-ի դեկտեմբերի վերջին օրերին սկսված ցույցերը, որոնք ուղեկցվում են բռնություններով, խլել են առնվազն 21 մարդու կյանք:

Իրանում շարունակվող բողոքի գործողությունները վերջին ութ տարիներին ամենախոշորն են: Վերջին անգամ Իրանում խոշոր ցույցեր տեղի էին ունեցել 2009-ին, երբ տասնյակ հազարավոր իրանցիներ դուրս եկան փողոցներ՝ անհամաձայնություն հայտնելով Իրանի արդեն նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի՝ ընտրություններում վիճելի հաղթանակի հետ: