Ադրբեջանի կարևոր իրադարձությունները 2017-ին. Ջեմ Նյուզի անդրադարձը

896

Թբիլիսիի Ջեմ-Նյուզ կայքը, որ նյութեր է հրապարակում հինգ լեզուներով՝ հայերեն, ադրբեջաներեն, վրացերեն, ռուսերեն և անգլերեն, առանձնացրել է 2017-ին Ադրբեջանում արձանագրված կարևորագույն իրադրարձությունները:

Ամենակարևոր իրադարձությունը գործող նախագահ Իլհամ Ալիևի տիկնոջ՝ Մեհրիբան Ալիևայի նշանակումն էր փոխնախագահի պաշտոնում: Դա հնարավոր եղավ 2016թ-ի սեպտեմբերին Սահմանադրությանո մեջ արված փոփոխությունից հետո: 2018թ-ի հոկտեմբերին Ադրբեջանում նախագահական ընտրություններ են կայանալու: Արդեն հիմա՝ պաշտոնական քարոզարշավի մեկնարկից ամիսներ առաջ, փոխնախագահ Մեհրիբան Ալիևային որպես իշխող կուսակցությունից
նախագահի թեկնածու առաջադրելու առաջարկներ են հնչում: Ընդ որում, հնչում են իշխանություններին հավատարիմ պատգամավորներից և հասարակական գործիչներից:

Մարդու իրավունքների հետ կապված իրավիճակն Արդբեջանում շարունակում է ծանր մնալ: Ավելի քան 100 մարդ, որոնց թվում են ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդներ և լրատվամիջոցների ներկայացուցիչներ, տեղական և միջազգային կազմակերպությունների կողմից քաղբանտարկյալ են ճանաչվել: Գարնանն արգելափակվել էր մի քանի անկախ և ընդդիմադիր կայքեր: Առանձնանում է լրագրող Աֆղան Մուխթարլիի գործը: Նա Վրաստան էր մեկնել 2014թ-ին և այնտեղ
ժամանակավոր ապաստան ստացել: Մուխթարլին անհետացել էր Թբիլիսիից 2017թ-ի մայիսի 30-ին: Ավելի ուշ նա իր փաստաբանի միջոցով հաղորդել էր, որ անհայտ անձինք, իր գլխին պարկ հագցնելով, ստիպել են ավտոմեքենա նստել և տարել Բաքու: Լրագրողին մեղադրել են սահմանի հատման, մաքսանենգության և սահմանապահին դիմադրություն ցույց տալու համար: Մուխթարլիի գործը մեծ արձագանք էր ստացել Ադրբեջանում, Վրաստանում, ինչպես նաև Կովկասի սահմաններից դուրս: Լրագրողի գործով դատական նիստերը շարունակվում են։ Մուխթարլին հերքում է առաջադրած բոլոր մեղադրանքները:

Հայտնի բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինի կալանավորումը Բելառուսում մինչև աշնան սկիզբ համացանցային հանրության ուշադրության կենտրոնում էր ոչ միայն Ադրբեջանում, այլ նաև այլ երկրներում: Լապշինը այցելել էր Լեռնային Ղարաբաղ և պարծեցել դրանով: Լինելով անցանկալի անձանց «սև ցուցակում», նա հաջողացրել էր կրկին Ադրբեջան այցելել: Ադրբեջանի պահանջով Լապշինին Մինսկից Բաքու էին տեղափոխել, որտեղ նրան դիմավորել էին անվտանգության պետական ծառայության աշխատակիցները՝ սև դիմակներով, որպես վտանգավոր ահաբեկչի: Սկզբում նրան 6.5 տարվա ազատազրկում էր սպառնում, սակայն դատարանում նա ընդունեց իր մեղքը, ներողություն խնդրեց և 3 տարի ստացավ: Սեպտեմբերի 11-ին Իլհամ Ալիևը ներում շնորհեց բլոգերին: Մեկ շաբաթից Իսրայել ժամանելով՝ Լապշինը հայտարարեց, որ ադրբեջանական բանտում դիմակներով մարդիկ փորձել են իրեն խեղդել:

Հոկտեմբերի 30-ին Բաքվում կայացավ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու երկար սպասված բացումը: Դրա շինարարությունը 6 տարուց ավել է տևել: Նախագծի ընդհանոր արժեքը գերազանցել է 600 մլն դոլարը: Բացումը բազմիցս հետաձգվում էր տարբեր քաղաքական և տնտեսական պատճառներով: Չնայած բացման պաշտոնական արարողությունից արդեն երկու ամիս է անցել, դեռևս հայտնի չէ, թե երբ այդ երկաթգծով կերթևեկեն ուղևորատար գնացքներ:

Ադրբեջանի համար կարևոր իրադարձություններից կարելի է համարել «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբի հաջող ելույթը Եվրոպայի Չեմպիոնների լիգայում: «Ղարաբաղի» յուրաքանչյուր տնային խաղին Բաքվի 65-հազարանոց
Օլիմպիական մարզադաշտը լեփ-լեցուն է լինում: