Հնչակեանների շփումները քիւրդ ուժերի, թուրք Դեմոկրատ կուսակցութեան, Սապահէտտինի հետ

1291

Հատուած Ստեփան Սապահ-Գիւլեանի ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԸ հատորից, որը վերջերս վերահրատարակել է ԱՆԻ կենտրոնը:

—–

ՔԻՒՐԴ ՈՒԺԵՐ.- Բեդեր Բէյը եւ իր բարեկամները մեր կազմական կանոնագիրը առնելով, մեր օգնութեամբ մի ծրագիր կազմեցին, յաջողեցան իրենց շուրջը հաւաքել Կ. Պոլսոյ մէջ եղող քուրդ դպրոցականները, ուսանողները եւ պաշտօնատարները: Բացուեց քրդական ակումբ, որ բաւականին մեծ թուով անդամներ ունեցան: Կազմուեցաւ Կեդրոնական Վարչութիւն. կարողացան մի քանի մասնաճիւղեր եւ ակումբներ հիմնել երկրի մէջ: Մուշի իրենց մասնաճիւղը ամենայնիւ համընթաց էր եղել Ս. Դ. Հնչակեան մասնաճիւղի հետ:

Հրատարակեցին մի թերթ, որի մէջ զետեղուեցան մեր վերջին երկու շրջաբերականները եւ «Հնչակ»ի խմբագրականները, ինչպէս եւ մեր կողմից տրուած ուրիշ յօդուածներ: Գործը բաւականին լաւ էր գնում: Պոլսոյ Ակումբին – բնական էր – կարողացանք շատ շուտով տալ հակաիտտիհատական գոյն եւ ուղղութիւն:

«Իտտիհատ»ը օգտուեց քրդի ցեղայնական ոգուց եւ իր քայքայումի գործը գլուխ բերեց: Ձեռք առաւ Սիւլէյմանիէի քրդերին, որոնք աւելի՛ տաճկացած են, մի տեսակ այլասերուած, տաճկա-քրդեր. նրանց միջոցով երկպառակութեան խնձորը մէջտեղ գլորեց:

«Իտտիհատ»ի թէզը եղաւ. – ինչո՞ւ համար առանձին ակումբներ եւ ազգային հողի վրայ կազմակերպութիւններ առաջ բերելով՝ «իսլամութեան» մէջ ճեղքուածք բանալ, քանի որ «իսլամ» բոլոր տարրերն էլ համահաւասար իրաւունքներ ունէին եւ պետութիւնը նրանց բոլորինն էր:

Քայքայումի գործը կատարեց քրդական ծագում ունեցող Պապանզատէն, որ յետոյ կրթական նախարար էլ դարձաւ: Թէեւ՝ մի օր էլ, բժիշկ Արզուեանի առաջնորդութեամբ, եկել եւ մեզ առաջարկել էր քրդա-հայկական դաշնակցութիւն կազմել ընդդեմ թրքութեան: Նա աղճատ հոգւով մի երիտասարդ էր:

Այս ուղղութեամբ բաւականին աշխատանք թափեցինք. քրդերին թուրքերից բաժանելը շատ մեծ հեռանկարներ էր բացում մեր առաջ. բայց ցեղայնութիւնը, դարեւոր ոխակալութիւնները, թշնամութիւնները, թրքական խարդավանքների ցանցերը՝ որ այդ ցեղերից շատերի սիրտն արդէն իր մագիլների մէջն էին առել,- մեզ անկարող դարձրին որոշեալ եւ արդիւնքներ ձեռք բերելու: Արեցինք այն՝ ինչ որ կարող էինք եւ մեր միջոցները թոյլ էին տալիս:

ԹՈՒՐՔ ԴԵՄՈԿՐԱՏ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԻՒՆԸ.- Ո՛չ միայն մեր անհատական տեսակցութիւնների, այլ դասախօսութիւնների եւ հրապարակային ժողովների մէջ երբեք առիթ չփաղցրինք իտտիհատականութեան ոգին մերկացնելու եւ մատնանշելու այն վտանգը, որ անխուսափելի հետեւանքը պիտի լինէր նրա գործունէութեան:

Թուրք տարրի միջից՝ որքան որ ուժեղ եւ շատ մեծ թուով հարուածող գործակիցներ ունենայինք, այնքան աւելի լաւ՝ մեզ եւ մեր պաշտպանած գործի տեսակէտից:

Իտտիհատական վարիչները շատ շուտով սուր դժգոհութիւնների տեղիք տուեցին: Ոչ միայն պետական արդիւնաւէտ պաշտօնները իրենց ձեռքն անցրին, այլ սկսան ահագին գումարներով կաշառքներ վերցնել եւ պաշտօնավաճառութիւնը սովորական գործ դարձնել: Ով Իտտիհատական էր, ով՝ մի որեւէ ազդեցիկ Իտտիհատականի ազգականը, հովանաւորեալն էր՝ նա ամենաբարձր պաշտօններին էր արժանանում, առանց նշանակութեան առնելու նրա ընդունակութիւնները, մտաւոր կարողութիւնները, պաշտօնի ձեռնհասութիւնը:

Բիւզանդական կայսրութեան վերջին օրերի հոգեբանութիւնը խտացած է հետեւեալ հատուածի մէջ.- «…Ցեղը չէր փնտռւում, այլ հաւատքը»: Ի՛նչ ժողովրդից էլ որ մէկը ծագում առած լինէր, բաւական էր եկեղեցու ծոցը մտնել, որպէսզի այդպիսով միայն Պետութեան ծոցը մտնել կարողանար: Ուղղափառ մկրտութիւնն էր միայն, որ մէկին քաղաքացիական իրաւունք էր տալիս»:

Օսմանեան պետական խնջոյքից բաժին ունէր միայն նա՝ ո՛վ «Իտտիհատի» ծոցն էր մտած.- կրթութիւն, դաստիրակութիւն, ձեռնահասութիւն, նկարագիր՝ դրանք անշահ բաներ էին:

Ժողովուրդը կոյր չէր, տեսնում էր. սկսած մայրաքաղաքից մինչեւ գաւառների ամենայետին անկիւնները, «Իտտիհատ»ականները ահագին հարստութիւն դիզեցին եւ ամէն մէկը իր շրջանի տէրէբէյը դարձաւ: «Հին րէժիմ»ի սիւներից շատերը կարմիր «Միութենական»ներ եղան՝ կաշառքով: Եւ Սոդոմ-Գոմորը, Բաբելոնի խառնակչութիւնը տիրեց. հին Բիւզանդիոն Նորին երկրպագութեան եկաւ:

Դժգոհութիւնները թշնամութեան փոխուեցան: Զսպումի թափը աւելի ուժեղացաւ:

Ինքնաշխատութեամբ եւ տեղական պայմաններից յառաջացած շատ մեծ թիւ երիտասարդներ աւելի շուտ նշմարեցին այդ վտանգը: Յայտնի պատմաբան Մուրատը, Կովկասցի, նրանց արտայայտիչը դարձաւ: Նրան եւ իր կուսակիցներին՝ «Ահրարական»ներին՝ հրապարակից մաքրեցին, որպէս «յետաշրջական»ների:

«Իտտիհատը» արագ քայլերով սկսեց դիմել դէպի ետ եւ երէկուայ «յետաշրջական» յորջորջուողներին իր յենակէտը դարձնել՝ ամէն շրջանների մէջ: Ֆիզիքական ուժը կար. բայց  մտաւորականը, խելամտութիւնը, պետականութեան յատկութիւնը պակասում էր, չկար, չէր գալիս: Ու իր շարունակական տատանումների, խարխափ քայլերի մէջ, կորցրեց հաւասարակշռութիւնը եւ դարձաւ յետադիմական, մի օրհասական արջ, որ ամէն գնով իր գոյութիւնը պահելը իր առաջին նպատակն էր դարձնում:

Յառաջացաւ՝ թուրք երիտասարդական որոշ խաւերի մէջ՝ ռամկաւարական, «դեմոկրատական» հոսանք, թէեւ շատ թոյլ:

Մենք քաջալերեցինք այդ հոսանքը:

Թուրք «յեղափոխական», «Նորագոյն Թիւրքիայի» համամիտ շրջանների մէջ առանձին վարկ եւ վստահութիւն էր վայելում, սկզբից ի վեր, Մանիասազատէ Րէթիկ բէյը՝ փաստաբան, դատաւոր:

Գատը-գիւղի մեր յոգնախուռն ժողովից յետոյ, ուր 5-6 հազար հոգի էր ներկայ, որի կէսից աւելին թուրք էին եւ լսեցին Ս. Դ. Հնչակեան գաղափարաբանութիւնը՝ իր քաղաքական, ընկերական եւ տնտեսական տեսութիւնների մէջ, Մանիասազատէն մեզ մօտիկցաւ, մտերմացաւ՝ իր ամբողջ շրջանակովը միասին:

Նա չափազանց պարկեշտ, ազնուամիտ, եւրոպական կրթութեան տէր, ամէն տեսակի մոլեռանդութիւնից զերծ մարդ էր: «Ամէն բանից առաջ՝ ես մարդ եմ», – դա իր նշանաբանն էր արել, որ յաճախ կրկնում էր:

Սուլթան Համիտի օրօք, մեր ընկերներից շատերին ձրի պաշտպանել եւ օգնութիւն էր տուել: Գում-Գաբուի ցոյցի առթիւ ձերբակալուած ընկերների արձակման գործի մէջ՝ նա որոշեալ դեր էր խաղացել, ինչպէս եւ դատապարտուող ընկերների դատավճռի մեղմացմանը մէջ: Ո՛չ միայն թուրք, «իսլամ» շրջանների անխառն վստահութիւնն ունէր, այլ եւ հայերից մէկը չգտնուեց, որ նրա համար ասէր թէ ազնիւ, ուղղամիտ մարդ չէր, ազատ ո՛րեւէ տեսակի մոլեռանդական կրքերից:

Մանիասազատէն յաճախակի մեզ հետ տեսակցութիւններ ունեցաւ, մեզ իր տունը հրաւիրեց. ամենայն մանրամասնութեամբ ուսումնասիրեց մեր Կուսակցութեան Ծրագիրը:

Մեր զրուցատրութիւնների մէջ՝ մենք չխնայեցինք «Իտտիհատը»ին:

Հետեւանքն այն եղաւ, որ Թիւրքիայի փրկութեան տեսակէտից՝ նա անհարժեշտութիւն տեսաւ, հակաիտտիհատական գոյնով, դեմոկրատական ծրագրով մի նոր կուսակցութիւն հիմնել: Մենք օգնեցինք.

Իր եղբօրը բոլորովին յար եւ նման էր Սէլիմէ-Հանըմը. որի հետ ծանօթացել էինք, հակառակ տիրող սովորութիւններին: Եւրոպական մշակոյթով, զարգացած մի կին էր, որ վճռական դեր էր խաղացել 1908-ի զինուորական ապստամբութեան գործի մէջ՝ որպէս սուրհանդակ Կ. Պոլսոյ եւ Սալոնիկի միջեւ:

Ահմէդ Րիզայի գալուց յետոյ՝ թուրք երիտասարդ շրջանի մէջ՝ մի տեսակ րէակցիա սկսուեց նրա հանդէպ. նրա ազգայնամոլութիւնը անկախ երիտասարդներին շատ էլ հաճելի չէր եղել: Նա մասնաւորապէս պրոպագանդա էր սկսել թուրք կանանց արդիացման դէմ, խիստ բառերով քննադատել էր նրանց հագուստն ու կապուստը, արդ ու զարդը եւ հակաշէրիաթական, արտականոն միտումները:

Մի օր Սէլիմէ-Հանըմը ասաց. «Էտ մարդու ուղեղը Պարիզը չկարողացա՞ւ փոխել. ինչո՞ւ սրան բերեցիք. նրա նմանները այստեղ քի՞չ կային…»: Թուրք այդ շրջանի մէջ Ահմէտ Րիզային անուանում էին «իդիոտ», իսկ, Դոքտոր Նազըմին՝ «շառլատան»:

Ո՛չ միայն թուրքեր, այլ բաւականին մեծ թուով Ալբանացի եւ Չէրքէզ երիտասարդներ կային Մանիասազատէին կողմնակից, դրանց մէջ մասնաւորապէս աչքի էին ընկնում փաստաբանները, դատաւորները եւ զանազան կարգի պաշտօնատարները:

Մեր յոյսը, սկզբում, շատ մեծ էր այդ շրջանի վրայ եւ նրանից շատ բան էինք ակնկալում. ուստի ո՛չ մի ջանք չխնայեցինք այդ կազմակերպութեան հրապարակ գալուն եւ ուժեղանալուն համար: Մեր Կուսակցութիւնը, խորհրդարանական առաջին ընտրութիւնների համար, Կ. Պոլսոյ իր թեկնածուն յայտարարեց Մանիասազատէին:

Մեր աստղը է՛լ աւելի փայլեց, երբ նա արդարադատութեան նախարար դարձաւ:

Մենք նոյնիսկ զբաղուեցանք թուրք օրինագրքի այն տրամադրութիւններովը, որոնք վերաբերում էին կալուածական խնդիրներին եւ անհատական սեպհականութեան, եւ այլն:

Դժբախտաբար, հազիւ նա 1-2 ամիս պաշտօնավարեց, երբ յանկարծամահ եղաւ: Կասկած ծագեց, մանաւանդ քրոջ կողմից, որ դա բնական մահ չէր. բայց շուտով ամէն բան խեղդուեց. չէ՞ որ «գեղեցկագոյն» Թիւրքիայի մէջն էինք:

Այդ մահը անդարմանելի կորուստ բերեց. նա ծանր եւ վճռական հարուած տուեց թուրք «դեմոկրատ» կուսակցութեան կազմութեան, տեւականութեան եւ ծաւալման գործին:

Մանիասազատէի ցաւալի մահից յետոյ՝ նրա տեղն անցաւ իր նախկին քարտուղար՝ փաստաբան Բէհա Բէյը: Սա էլ «անհաշտ»ներիցն էր: Թրքական բառամթերքը, կարծես, չէր բաւականանում Իտտիհատականներին որակելու, ուստի յաճախ ֆրանսիական լեզուի արտայայտութիւններին էր նա  դիմում:

Մի օր, կառքով, Բարձրագոյն Դրան մօտից անցնելիս, դարպասի առաջը կանգնած տեսանք՝ ոսկեճամուկ հանդերձներով մի պաշտօնատար. որ ձեռքը մինչեւ գետին տանելով՝ մի առանձին յարգանքով մեզ «թէմէլլահ» արեց:

«Սա մեր է՛ն մեծ յետադիամական գամբռն է, ասաց Բէհա Բէյը. աշխարհիս ամէնից ցած արարածը, որ տկլոր եկաւ Պոլիս, բայց հիամ միլիոնների տէր է: Եթէ ձեռքէն գայ, արիւնդ կխմէ. բայց այժմ «թէմէլլահ» է անում, երկրպագութիւն է տալիս. որովհետեւ պարագան այդպէս է պահանջում»: Եւ ցուցամատն ուղղելով դէպի Բաբը-Ալին, մի առանձին շեշտով շարունակեց. «Ինչո՞ւ համար 1895-ին Հնչակեանները վրայ չտուեցին, այս որջը տակն ու վրայ չարեցին, չքանդեցին, կչործանեցին, այս ապականութեան վայրը մէջտեղից չվերցրին, որ մենք էլ ազատուէինք…: Մինչեւ որ այս երկրի պետական կազմը արմատից չփոխուի, մենք փրկուողը չենք»:

Այա-Սոֆիայի հրապարակով անցնելիս, ասաց. «Այս շէնքը իր իսկական տիրոջը պիտի վերադարձնել, որ հաշտութիւնը անկեղծ, տեւական եւ կատարեալ լինի. դա գայթակղութեան քար է»: Կամուրջը կտրելիս էլ՝ բացագանչեց. «Աւելի լաւ է ջրամոյն լինի, պատուաւոր կերպով մեռնել, քան ներկայ Թիւրքիայի մէջ ապրել. հարկաւոր է ամէն բան քանդել եւ ապա նորից վերահաստատել»:

Որոշուել էր մի թերթ դուրս բերել իմ ղեկավարութեամբ հայերէն եւ թուրքերէն լեզուներով. ամէն տեսակի դիւրութիւններ եւ աշխատակից-խմբագիր պիտի ունենայի:

Առանց երկար սպասելու՝ Բէհա Բէյը հրատարակեց, թուրքերէն լեզուով, իր «Վերածնութիւն»ը: Բաւականին կծու քննադատականներ կային:

Խօսքը կար, ժողովները տեղի էին ունենում, որոշումներ տրւում, բայց սպասուած գործը առաջ չէր գալիս:

Մի օր խիստ պահանջ դրեցի, որ Կ. Պոլսոյ Ասիական եւ Եւրոպական ափերում բացուելիք Ակումբները վարձուին եւ այդ մասին հրապարակային ժողովով իմաց տրուէր հասարակութեանը:

Յանձնեցին փաստաբան Րահիմ Բէյին, որ այդ գործը գլուխ բերէր:

Մի-երկու շաբաթից յետոյ էլ Բէհա Բէյն ասաց. «Ի՞նչ հարկ կայ ծախս անել, առանձին ակումբ վարձել. իտտիհատականները խոստացան իրենց ակումբները մեզ տրամադրելի անել, ուր կարող ենք, ազատօրէն, հրապարակային ժողովներ սարքել եւ մեր գաղափարները տարածել անարգել կերպով»:

Մի օր էլ ասաց, որ «Իտտիհատ»ականները սկզբունքային զիջումներ են ուզում անել. այդ մասին ինքն արդէն յարաբերութեան մէջ է եւ յառաջիկայ ժողովներից մէկում զեկուցում պիտի տայ:

Եւ մի գեղեցիկ օր էլ, լսեցինք, որ մեր «անհաշտ» Բէհա Բէյը, ամսական 300 ոսկիով, րէժիի նազըր է դարձել:

Այցելեցի իրեն. տեսայ նազըրական բազմոցի վրայ նստած: Ստացայ ամէն կարգի թրքեվար մեծարանքներ: Բայց դրանք չէին ինձ հետաքրքրողը, հարցրի՝ թէ արդեօք գործը թողե՞ց, ամէն բան ուրացա՞ւ: – «Երբե՛ք, երբե՛ք» պատասխանեց. «այսպիսով է՛լ աւելի շուտով թէ՛ ահագին թիւ նոր կողմնակիցներ կը շահեմ եւ թէ՛ կարեւոր դիրք կը գրաւեմ,- ինչ որ մեր երկրի համար՝ յաջողութեան պայմաններից էն առաջինն է»:

Համբերութիւնը առաքինութիւն է, ասում են, մանաւանդ Թիւրքիայի մէջ:

Մի օր էլ հասկացրեց, որ այդ ամսուան մէջ արդէն 1000 ոսկի էր ձեռք բերել եւ դեռ մի այդքանի էլ յոյս ունէր. ուստի շուտով ա՜յնքան դրամ պիտի կարողանար դիզել, որ ամէն դժուարութիւն հարթուէր:

Պաշտօնի կոչուելուց յետոյ՝ «Վերածնութիւն»ը դադարեցրեց:

Ալբանացիները ինձ ասել էին, որ նա արդէն կաշառուել էր եւ այլեւս նրանից օգուտ չկար. բայց չուզեցի շատ մեծ հաւատ ընծայել. ուստի նորից ներկայացած եւ վերջնական պատասխան ուզեցի իր դիրքի եւ անելիքի մասին. ու պահանջեցի, որ իր բոլոր ընկերներին ժողովի կանչի: Խոստացաւ. բայց նրանից յետոյ էլ տեսնուելուց խոյս տուեց:

Կամրջի գլխին, պատահաբար, մի բարի օր դէմ դիմաց ելանք: Կարմրած, ամօթահար, խնդրեց միասին մի բաժակ թէյ խմել:

Իր խոստովանութիւնը.

«Ձեզ անչափ յարգել եմ եւ յարգում եմ. դրա համար էլ ուզում եմ սիրտս բանալ եւ ամենայն անկեղծութեամբ խօսել: Գիտեմ, որ չափազանց վշտացած էք եւ շատ վատ գաղափար էք կազմել մեր՝ թուրքերիս մասին. իրաունք էլ ունինք: Բայց, ասեմ. սա Արեւելք է. սա Բիւզանդիոն է. մեզանից առաջ ուրիշ շատ նշանաւոր մարդիկ, աւելի՛ մեծ ազգեր այս վայրերը եկել, տեսել, անցել, գնացել են: Իւրաքանչիւրը իր ժամանակին այնքան է վայելել, որքան որ իր միջոցները ներել են: Եւ ինչո՞ւ ամէն մարդ էլ չաշխատի ունենալ, վայելել՝ ինչքան շատ որ կարող է: Ես եւ ինձ նման մի քանի հոգիներ այս աշխարհը չենք կարող փոխել: Հայ յեղափոխականները եւ մենք միեւնոյնը չենք. նրանք տարբեր, մենք՝ տարբեր: Դուք ուզում էք ձեռք բերել՝ ինչ որ չունէք. մերը ուրիշ է: Պատմութիւնը ձեր կողմն է. նա մեզ հակառակ է: Ես առաջ կասկածում էի. բայց այժմս բոլորովին համոզուած եմ, որ մենք այս պետութիւնը պահող չենք. չենք էլ կարող պահել. նա անպատճառ պիտի ընկնի, վաղ՝ ուշ. աւելի վաղ՝ քան ուշ: Ես, ինձ հետ էլ մի քանի հոգի, ի՞նչ կարող ենք անել այս ընդհանուր ապականութեան մէջ. եթէ կրակ էլ դառնաք, այս տունը չենք կարող հրդեհել. նա պիտի երթայ. եւ կ’երթայ՝ ուզենք, չուզենք: Առաջ ասում էինք, որ գուցէ սահմանադրութեամբ կարելի լինի այս երկիրը ազատել. եկաւ «Սահմանադրութիւն»ը մեր նեխածութիւնը, մեր փտածութիւնը է՛լ աւելի մերկապարանոց երեւան դրեց: Ի՞նչ ունինք մենք այս երկրի մէջ՝ բացի չոր անունից. մի՞թէ ամէն ինչ անուանական չէ: Մենք անկարող ենք Թիւրքիայի մէջ եղող բոլոր ազգերին ո՛չ ձուլել, ո՛չ էլ կատարեալ իրաւահաստատութեան վրայ դրուած նորագոյն պետութիւն ստեղծել: Դրա համար հարկ պիտի լինէր մեր պետութեան ամբողջ յօրինուածութիւնը փոխել. խտրականութեան, նուաճողականութեան վրայ հաստատուած՝ մեր դարեւոր օրէնքները ոչնչացնել. թողնել մեր նախապաշարումները, մեր պապենական խելքը, մեր ժառանգական միտումները, ունակութիւնները.- կարո՞ղ ենք այդ անել. եւ ո՞վ պիտի անի: Մենք նորից պիտի վերածնուենք, Հիմնադիր Ժողով կազմենք, որ հին բոլոր հաստատութիւնները փլցնի եւ նորը առաջ բերի. – իսկ դա մենք չենք կարող. դրա համար պահանջուած ո՛չ կամքը ունինք, ոչ էլ ձեռնահասութիւնը, ընդունակութիւնը: Դրա համար պէտք պիտի լինէր մի նոր Յեղափոխութեան. ո՞վ պիտի անէր. ո՞վ պիտի յառաջացնէր. կարո՞ղ ենք, ունի՞նք այդ տարրերը.- ո՛չ եւ ո՛չ: Եթէ այդ էլ անենք, Եւրոպացին պիտի չթողնի. նա իր ճանկերը այնպէս ամուր է խրել մեր սրտի եւ հոգու մէջ, որ նրանից մենք չենք կարող ազատուել, ինչքան էլ աշխատենք. պետութեան անունը մերը պիտի լինի, վայելողը՝ նրանք: Թէեւ արդէն մեծ բան չի մնացել. բայց շատ չքացած՝ մեր պետութեան բոլոր աղբիւրները պիտի անցնեն Եւրոպացիների ձեռքը ու մենք նրանց պարզ պաշտօնատարները, գործաւորները դառնանք: Ճիգ պէտք էր թափել. անկարելիութիւն տեսայ. համոզուեցայ, որ զուր աշխատանք է արածս: Իրաւ է, առաջ յափշտակուեցանք, ոգեւորուեցանք, բայց ամէնքս էլ սթափուեցանք եւ հիմա ուզում ենք մեր գործին նայիլ: Այս բոլորից յետոյ, անկեղծութեամբ ասում, խոստովանում եմ, որ ես բացառութիւն չէի կարող կազմել. մէկ ծաղկով պարտէզ չէր շինուիլ: Ես էլ որոշեցի իմ անձնական գործս առաջ տանել եւ ապագայիս մասին խորհել. ամէնքն էլ արդէն միեւնոյնն են անում: Քանի որ իշխանութիւն կայ ձեռքիս՝ պիտի օգտուեմ. Թալաթները, Ջավիտները միլիոննե՜ր դիզեն եւ ես աղքատ մնամ եւ վաղը ուրիշների ձեռքը նայիմ. – ինչո՞ւ, ի՞նչ պատճառով… Սրա համար էլ, այլեւս կուսակցական գործերով չպիտի պարապեմ…»:

Սա «վերածնուող», «սահմանադրական» թուրք երիտասարդութեան ու գործիչների մի շատ սովորական տիպար-օրինակն էր, որի խօսքերը ամենայն հարազատութեամբ աշխարհին տալը պարտականութիւն համարեցինք:

Ես շատ բան չխօսեցի. ունէի միայն ժպիտ. ալեկոծ սրտով անիծում էի բախտի այն հարուածը, պատմութեան անիւի այն դարձը, որ մեզ նման իտէալիստ ազգին՝ սրանց ենթակայ էր դարձրել: Պատմութեան այդ անարդար էջի դէմ ի՞նչպէս չբողոքել, ի՞նչպէս չլինել նրա անհաշտ ապստամբը:

Բէհա Բէյի վերջաբանը.

«Այսպէս, եղբա՛յր, սա Արեւելք է. ամէն մարդ իր համար. Սուլթանի, նրա ժառանգների հոգը ե՞ս պիտի քաշեմ. ես իմ ցաւը հազիւ հոգամ… Ամէն մարդ իր գլխի ճարը պիտի տեսնի…: Ձերը ուրիշ է… Աստուած ձեզ բարի յաջողութիւն տայ…»:

Մենք իրարուց բաժանուեցանք:

Բէհա Բէյի քաշուելովը՝ թուրք տարրը սկսեց նուազիլ, դասալիք լինել: Հետեւողական եղաւ Ֆուադ Շիւքրի Բէյ, կրթական վերատեսուչ, որ մի քանի անգամ Գատը-Գիւղի եւ Գում-Գաբուի մեր հրապարակային ժողովների մէջ խիզախ կերպով արտայայտուեց «Իտտիհատ»ի դէմ. բայց շատ չուշացած՝ նրան էլ բանտարկեցին եւ ապա, դուրս՝ Յունական կղզիները վտարեցին:

Կիպրոսցի Շիւքրի Բէյը մի քանի կծու յօդուածներ գրելուց յետոյ՝ ձերբակալման հրամանի լուրն առնելուն պէս, փախաւ արտասահման. Մնացած 4-5 հոգուն բանտ տարան:

«Դեմոկրատական» Կուսակցութեան թուրք տարրը այս կերպով, գրեթէ, դադրեցաւ գոյութիւն ունենալուց:

Հրապարակի վրայ մնացին Չերքէզները եւ Ալբանացիները:

Չերքէզները յաջողեցան Ատա-Բազարի մէջ «ազգային» ակումբ բանալ, որ ամէն տեսակէտով, զուգընթաց էր գնում մեր տեղական մասնաճիւղի հետ: Արդէն սակաւաթիւ լինելով նրանք անկարող եղան առանձին դեր խաղալ. բայց գործելուց էլ չդադարեցան: Չերքէզները մի առաւելութիւն էլ ունէին, այդ այն է՝ որ Կ. Պոլսոյ շրջանակների մէջ յենակէտ գիւղեր ունէին եւ լուրջ, յարատեւ ոգու տէր էին:

Ամէնից աւելի հետեւողական, եռանդուն եւ անընկճելի մնացին Ալբանացիները, որոնք ո՛չ միայն մեծամասնութիւն էին կազմում թուի տեսակէտով, այլ նոյն իսկ՝ որակի, որպէս մտաւորականներ:

Մեր ժողովները՝ այնուհետեւ, ծածուկ, Սիրքէճիի մօտ, Ալբանական ծագում ունեցող, յայտնի բժիշկ՝ Թէմոյի տանն էինք անում: Որպէս համոզուած «դեմոկրատ», երկար տարիների գործիչ, Դոքտոր Թէմօն իրեն եղած սպառնալաիքների տեղի չտուեց. վճռական, հաստատամիտ, փորձառու եւ խորագէտ մարդ էր: Կարճ ժամանակի մէջ՝ նրա տունը բոլոր Ալբանացիների ժամադրավայրը դարձաւ: Հակաիտտիհատական «Ապստամբ» Ալբանիան այդտեղ, այդ օրերից սկսեց կռիլ, կոփուիլ՝ մի օր էլ սուսերամերկ դէմ ելնելու համար «Իտտիհատ»ին:

Յայտնի է՝ որ Օսմանեան հռչակաւոր պարլամէնտի մէջ, երբ Հագգը Փաշան յայտարարեց, թէ ինքը եկած է «Իտտիհատ»ի ծրագիրը գործադրելու եւ բացագանչեց, որ Օսամնեան պետութեան մէջ եղող բոլոր հպատակները, ինչ ծագում եւ ցեղ էլ ունենան, բոլորն էլ օսմանցիներ են, – միայն Ալբանացի մի երեսփոխան, մէն մենակ, բոլորի մէջ, առնականութիւն ունեցաւ պոռալու. «Ո՛չ, ես Օսմանցի չեմ, ես Ալբանացի եմ…»: Նա ա՛յն շրջանի քաղաքական դաստիրակութեան պտուղն էր:

Ալբանացի «դեմոկրատ»ներից մի քանիսի բանտարկութիւնը՝ նոյն իսկ խորհրդարանական հարցապնդումների նիւթ եղաւ. որովհետեւ քստմնելի խոշտանգումների էին ենթարկուել: Այնու ամենայնի, տեղի չտուեցին: Ամենասոսկալի ծեծի տակ՝ մէկին հարցրել էին.

-«Դեմոկրա՞տ ես».

-«Այո՛», պատասխանել էր:

Սկսել էին չարչարանքը սաստկացնել. ուշաթափուել էր:

Ուշքը գլխին գալուց յետոյ նորից հարցրել էին.

-«Դեմոկրա՞տ ես».

-«Այո՛», կրկնել էր. «Դեմոկրատ եմ, ծեծեցէք, միսս փետտեցէ՛ք, ոսկորներս ջարդեցէ՛ք, ինչքան որ կ’ուզէք: Բայց երբ կարգը մերը գալու լինի, Եւրոպա չփախչէք. դուք էլ պիտի դիմանա՞ք ինձ նման. կը խոստանա՞ք…»:

Թէ չերքէզ եւ թէ ալբանացի «դեմոկրատները» իրենց գոյութիւնը պահեցին, միչեւ որ Իթիլաֆը կազմուեց. եւ նրանից յետոյ, չերքէզ ծագում ունեցող Տամատ Սալիհ Փաշայի առաջարկութեամբ, մեր էլ թելադրութեամբ, բոլորը միատեղ միացան Իթիլաֆ Կուսակցութեան, որի մէջ ամենակարեւոր դերը խաղացին, ինչպէս որ ժամանակին պիտի տեսնենք:

Մեր այդ օգնական ուժի համառօտ պատմութիւնն էլ այնպէս վերջացաւ:

Գանք իշխանին:

ՍԱՊԱՀԷՏՏԻՆԸ.- Գալու հէնց առաջին օրից՝ նրա մասին շատ վարկաբեկիչ լուրեր տարածեցին. ասացին, որպէս թէ, նա իր հետ էր բերել 300 ֆրանսիացի կրօնաւորուհիներ, թուրք կանանց «արդիացնելու», եւ 200 էլ «փաթէրաներ» թուրք երիտասարդութիւնը «անկրօնութեան» առաջնորդելու: Այդ բոլորին պատրուակ էին ծառայեցրել այն հանգամանքը, որ Սապահէտտինին ընկերացել էր՝ Պարիզի նրա տան տէր՝ Բարոն Լընորմէն: Դրանք, հարկաւ, արտառոց ասէկօսէներ էին, ամէն հիմունքից զուրկ. բայց աչքի առաջ պէտք էր ունենալ, որ գործողութեան միջավայրը Արեւելքն էր, «գեղեցկագոյն» Թիւրքիան. ուստի զարմանալու ո՛չինչ կայ, եթէ ասենք թէ՝ դա ահագին իրարանցում առաջ բերեց եւ հակա-Սապահէտտինեան մի մեծ թշնամական հոսանք սկսուեց՝ առաջ ստորերկրեայ, բայց յետոյ բացայայտ կերպով:

Դրա վրայ պէտք է աւելացնել ե՛ւ Իշխանի պալատականի հոգեբանութիւնը. մտաբերել միջավայրը, ուր նա սնուել, կրթուել, դաստիրակուել էր: Այդ բոլորը գալիս էին ասելու՝ խիզախ հայ յեղափոխական չէր նա, ամէն հովերի առաջ կաղնիի դիրքի մէջ մնար եւ չտատանուէր, չվախենար… նրան պակասում էր յանդգնութեան ջիղը, դիմացկունութիւնը, հայ յեղափոխականի անշէջ կրակը:

Իր քարտուղար Ֆազլի Բէյը մեզ մի քանի անգամ արդէն ասել էր՝ որ շատ էլ մեծ յոյս պիտի չդնէինք նրա վրայ, մանաւանդ այդ օրերի մէջ:

Այնուամենայնիւ, մենք տեսնուեցանք, մի քանի անգամ ժողովներ արեցինք, մեր խորհրդածութեան մասնաւոր առարկան դարձրինք «Միտհատեան Սահմանադրութիւն»ը եւ առանձնապէս՝ 9րդ յօդուածը:

Թուլութեան նշանները երեւում էին:

Հարցրինք թէ իրա՞ւ է, որ մեր գալուց յետոյ՝ իր կուսակցութիւնը ձուլուել էր «Իտտիհատ»ի հետ, ինչպէս որ լրագրերի մէջ յայտարարուած էր: Պատասխանեց, որ այդպիսի մի համաձայնութիւն ինքը «երեսանց» ցոյց տուեց, ի նկատի ունենալով, որ Կ. Պոլիս գալ, եւ միւս կողմից՝ Եւրոպային հարկաւոր էր մի բարոյական երաշխիք տալ, որ «Սահմանադրութիւն»ը թուրքերի միջից անհամաձայնութեան բոլոր սաղմերը վերացրել էր: Յարեց՝ որ այդ արաւ թէ՛ իր թուրք եւ թէ՛ եւրոպացի բարեկամների բարոյական ճնշման տակ. թէեւ, մեզ հաւատացրեց, որ ինքը երբեք ձեռք չպիտի վեր առնէր իր գաղափարներից եւ նրանց իրագործումի համար աշխատելուց երբեք չպիտի դադարէր:

Իրականութիւնն էր, սակայն, որ իր առաջին հրապարակային ժողովի մէջ, փոխանակ Քաղաքական Ապակեդրոնացման գաղափարը պաշտպանելու, իրեն թէզ առաւ միայն վարչական ապակեդրոնացումը:

Դա մեզ չյուսալքեց. շիւղն անգամ մեզ համար  ուժ էր, երբ նա «Իտտիհատ»ի դէմ ցցուէր:

Մի քանի անգամ գնալ-գալուց յետոյ՝ համոզուեցանք, որ իր գինու մէջ ջուր էր խառնել:

Երբ յիշեցրինք Պարիզի մէջ իր տուած խոստումները եւ միատեղ յղացուած գործունէութեան ծրագիրը, – բաւականին նեղ կացութեան մէջ ընկնելով՝ ասաց, որ ինքն առ այժմս հակաիտտիհատական ո՛չ մի պայքար մղելու դիտաւորութիւն ունի, եւ ո՛չ էլ կարող է ունենալ. նախ՝ որ ինքը շրջապատուած է լրտեսներով, արիւնախում թշնամիներով, եւ իր կեանքը ուղղակի վտանգի տակ է ամէն րոպէ:

Երկրորդ՝ յայտնեց, թէ ինքը նիւթական շատ անձուկ վիճակի մէջ գտնուելով, ստիպուած էր Տրապիզոնի եւ Գասթէմունիի շրջանների մէջ ունեցած իր օրինական կալուածները եւ ագարակները ծախել. ինչ որ անկարելի պիտի լինէր, եթէ «Իտտիհատ»ական կառավարութեան բարեացկամութիւնը չունենար: Ուստի, մինչեւ այդ ստացուածքների վաճառուելիքը՝ ինքը անկարող պիտի լինէր դրական ո՛րեւէ քայլ անել, մեզ շահագրգռող գործի տեսակէտից: Ծախուելուց յետոյ, երբ բաւականաչափ դրամ կ’ունենար եւ նիւթականապէս մասնաւոր ապահովութիւն ձեռք բերած կը լինէր, նրանից յետոյ՝ միայն գործի կը սկսէր:

Քիչ ժամանակ անցնելուց յետոյ՝ նրա պալատը այրուեց. ապա ստիպուեցաւ Եւրոպա անցնել, ուր եւ մնաց՝ մինչեւ Քեամիլ Փաշայի Սատրազամութեան օրերը. յետոյ նորից վերադարձաւ:

Ըստ արեւելեան սովորութեան՝ բարի գալուստի գնացինք: Մեր խօսակցութիւնը տեւեց 3 ժամ: Այս անգամ աւելի սրտոտ էր երեւում: Ասաց, որ պայքար պիտի մղէր. եւ լրագրական խօսքի շրջանը արդէն անցել էր, մնում էր միայն արագ եւ ներոյժ գործ. որովհետեւ «Թշնամիները արդէն դուռն էին հասել եւ Թիւրքիայի օրերը համրուել էին»:

Նա անդադար կրկնում էր, որ «Եւրոպային խաբեցինք, «Իտտիհատ»ականները Թիւրքիայի վարկը հողի հաւասարեցրին. այլեւս Թիւրքիայի պետական խօսքին հաւատացող չկայ… «Սահմանադրական» այս դժբախտ շրջանը եւ Ատանայի կոտորածը Թիւրքիայի անունը աւելի կոտրեցին, քան Սուլթան Համիտի բռնապետութիւնը եւ արարքները: Իր ցասումը ծայրագոյն էր դէպի Իտտիհատը: Այնուհետեւ ամենակծու բառերով սկսեց որակել թուրք ժողովրդի, ազնուականների եւ պաշտօնակալների կործանարար ընթացքը: Արդէն «մեռած մի ազգ է» – եզրակացրեց:

Թիւրքիայի վերջնական փրկութեան մասին որոնք որ յոռետես՝ այնու ամենայնիւ, ասաց, պիտի աշխատէր վերջին պարտականութիւնը կատարել:

Հարցինք թէ՝ խօսք կար, որ ինքը Պետական Խորհրդի նախագահութեան կանչուէր ու ապա նախարարութեան. արդեօք պիտի ընդունէ՞ր: – Երեւեց, որ չէ՛ չպիտի ասէր, երբ պարագան ներկայանար:

Առաջարկեցինք՝ որ ինքն էլ, իր կուսակիցներով, գար միանար Իթիլաֆականների հետ: – Այդ անել չուզեց. առարկելով որ Իթիլաֆականների մէջ են եւ իր հօր երբեմնի մի քանի թշնամիները: Երբ խօսքը դարձաւ իր թեկնածութեան մասին,- խորհրդարանական նոր ընտրութիւնների առթիւ- այդ բանը նա հնարաւոր համարեց միայն այն ժամանակ, երբ թէ՛ Թուրքերը, թէ՛ Հայերը եւ թէ՛ Յոյները այդ մասին ուժ կը տային. այլապէս իր յաջողութիւնը միշտ տարակուսելի էր: Երբ պնդեցին որ յառաջ գար եւ նախապէս իր պլատֆօրմը հրապարակ դնէր, խոստանալով մեր աջակցութիւնը,- այդ քայլից խուսափեց:

Խօսակցութեան նիւթը Հայերի վրայ դառնալով՝ ասաց. «Ես ուղղակի զարմացած եմ մնացել, ինձ հետ էլ շատ եւրոպացիներ.- Հայ ազգը ի՞նչպէս կարող է յարգանք պահանջել, երբ Ատանայի կոտորածից յետոյ էլ, դեռ մեծամասնութեամբ, Իտտիհատի կողմն է բռնում: Դաշնակցականները ի՞նչպէս սեղմեցին իտտիհատական արիւնոտ, եղեռնագործ ձեռքը եւ նրանց հետ համաձայնութիւն կնքեցին: Հայ ազգը՝ որ անհաշտ դիրք պիտի բռնէր, ընդհակառակը՝ ամէնից աւելի զիջող. տեղի տուողը, կռացողը նա եղաւ…: Սա ուղղակի զարհուրելի է եւ շատ վատ վկայական՝ մի ազգի բարի համբաւի համար…: Այս շրջանի մէջ Հայ Ազգի պատիւը փրկեցին միայն Ս. Դ. Հնչակեանները»:

Մենք բողոքեցինք, պաշտպանելով այս թէզը՝ թէ Հայ Ազգը այստեղ գործ չունի. եւ այդ անունով խօսողները իրօք չեն ներկայացնում Հայ Ազգը՝ որ իր ջաղջախիչ մեծամասնութեան մէջ, իր սրտի խորքերից հակաիտտիհատական էր:

Մեր այդ խօսակցութիւնը, կից սենեակից, լսել էր միայն՝ Իշխանի մասնաւոր պաշտօնեան եւ ամենավստահելի անձը՝ Սկալիերին, որ աճապարել էր յոյն թերթերին իմաց տալ: Հրատարակութիւնից յետոյ՝ Իշխանը բաւականին նեղ կացութեան մէջ ընկաւ եւ՝ ճարահատ՝ մի թեթեւ հերքում տուեց, բայց կարկատան լինելը երեւեցաւ:

Մեր յարաբերութիւնները շարունակուեցան. հետաքրքիր աչքերից խոյս տալու համար՝ մեր միջեւ հաղորդակցութեան կապը պահողը Սկալիերին էր, որ Հալքի (Հէյբէլի) կղզում մեզ դրացի էր: Նա մի ճարպիկ, արեւելքում ճկուն գծերով լի ու լի օժտուած, բազմամեայ փորձառու յոյն յեղափոխական էր: Ոդիսեւսը նրա աշակերտ եթէ չլինէր, վարժապետն էլ չէր կարող դառնալ:

Մենք դադար չառանք. նորից աշխատեցինք Սապահէտինին եւ Իթիլաֆականներին իրարու հետ միացնել, անկարելի եղաւ.- թէեւ հակաիտտիհատական գործունէութեան համար Սապահէտտինը նրանց ուղարկեց 700 ոսկի, բայց Իթիլաֆականներից ոմանք էլ սկզբունքի խնդիրներ յարուցանելով՝ չհամաձայնեցան նրա առաջարկները ընդունել. ուստի 700 ոսկին ետ ուղարկեցին:

Հակառակ դրան՝ մեր յարաբերութիւնները աւելի մտերմացան: Մի պատրուակով՝ Իշխանը կղզի եկաւ մեզ հետ տեսնուելու եւ խորհրդակցելու:

Սապահէտտինի կուսակիցների գործը եղաւ միայն (1913) նաւային փոքրիկ ապստամբութեան այն շարժումը, որ շատ մեծ յաջողութիւն չունեցաւ, դժբախտաբար, մի քանի չնախատեսուած անակնկալների եւ ունեցած սխալ տեղեկութիւնների համար, որի մասին կը խօսուի մեր Կուսակցութեան պատմութեան մէջ:

Մահմուտ Շէվքէթ Փաշայի սպանութիւնից յետոյ, նորից նա անցաւ Եւրոպա՝ Սկալիերիի հետ միասին:

Պարիզ, Շէրիֆ Փաշայի դէմ կատարած մահափորձից յետոյ՝ նա վախի ազդեցութեան տակ, հաշուեցաւ «Իտտիհատ»ականների հետ, նրանց հետ մի համաձայնագիր կնքեց, որի բնագիրը Շէրիֆ Փաշայի  ձեռքն էր անցել, ինչպէս որ մեզ ամենավաւերական աղբիւրից հաղորդեցին: Այդ հաշտութեան գինը, ասում էին, Իշխանին բերել էր 30 հազար ֆրանկ, որով Պարիզի մէջ նա բացել էր իր «Արեւելեան Ճաշարանը»:

Թիւրքիան, 1915-ին, նեղ դրութեան մէջ էր: Թալաթը Շէրիֆ Փաշային եւ Սապահէտտինին խորհրդակցութեան էր կանչել Վիեննա:

Շէրիֆ Փաշան չէր գնացել, վախենալով որ դա մի թակարդ էր, իրեն բռնել տալու համար: Սապահէտտինը, որոշեալ ժամանակին, ժամադրավայր էր գտնուել: Խորհրդակցութեան արդիւնքը այն նոր համաձայնութիւնն էր եղել, որով Սապպահէտտինը եւ իր բարեկամները, ի հարկին, պատրաստ պիտի լինէին Թիւրքիա գալու եւ կառավարութեան գլուխն անցնելու, երբ Դաշնակից Պետութիւնները Կ. Պոլիս մտնէին: Այդ տեսակէտով, ուրեմն, Իշխանը պահեստի մէջ պիտի մնար, ապագայ բանագնացութիւնների համար: Թալաթը չէր մոռացել յայտարարելու, որ այդ պարագային՝ իրենց առաջին գործը լինէր՝ Դաշնակից Պետութիւններից խոշոր գումարով փոխառութեան պահանջ դնել. եւ այդ նպատակով էլ, Եւրոպայի մէջ, նախապէս մտքերը պիտի պատրաստէին: Ուրեմն, մի տեսակ աշխատանքի բաժանում էր տեղի ունեցել:

Այս վերջին ստուգապատում տեղեկութիւնները մեզ հաղորդել էր մեր թանկագին բարեկամ Նէզիբ Ազուրին. նա նամակագրութեան մէջ էր եւ նամակներից մի քանիսին էլ մեզ ներկայացրեց: Իրողութիւնը կասկած չի վեր առնում:

Շէրիֆ Փաշան եւ Սապահէտտինը որ առաջ իրարու «թշնամի»էին, հիմա հաշտուել, միացել են գալիք պատահականութեան համար:

Իսկ Յոյն կառավարութեան, Սապահէտտինի ու թուրք միւս «ազատականների» փոխադարձ յարաբերութիւնների առթիւ՝ ուրիշ անգամ, մեր պատմութեան մէջ:

«Սահմանադրութիւն եւ ապակեդրոնացում» Կուսակցութեան մինչ այսօրուայ պատմութեան թելն էլ այստեղ ենք կտրում:

Սրանք վերածնուող Թիւրքիայի «ազնիւ» ազդակները, աշխատող գործաւորները եւ պատմութեան հոսանքը կասեցնողները պիտի լինէին:

Այս էլ այսպէս: Մենք այդ մարզից էլ օգտուեցանք, թէեւ շատ քիչ, մեր պայքարի եւ հակաիտտիհատական գործունէութեան մէջ: