Վրաստանի հետ 1918-ի անմիտ պատերազմը կարող էր տեղի չունենալ. Ջամալյան

2046

Հատված երևելի ՀՅԴ-ական, Հայաստանի Հանրապետության (1918-1920/21) հաղորդակցության առաջին նախարար, Վրաստանում Հայաստանի առաջին դեսպան Արշակ Ջամալյանի (Իսահակյան) «Յ. Քաջազնունին եւ Հ. Յ. Դաշնակցութիւնը» աշխատությունից

Մեր մյուս երկու արտաքին պատերազմների մասին երկար ծանրանալու հարկը չեմ տեսնում:

Հայ-ադրբեջանյան կռիվների խնդրում մեր մեղքն այն է, ըստ Քաջազնունու, որ մենք «չենք կարողացել գտնել նպատակահարմար միջոցներ մեր դրությունը ապահովելու համար դրսից… չենք կարողացել գտնել մի քիչ տանելի modus vivendi Ադրբեջանի հետ:

Որ մենք modus vivendi չենք կարողացել գտնել այս հաևան պետության հետ, դա պատմական իրականություն է: Սակայն որպեսզի այս իրականությունը կարելի լինի իբրև ամբաստանություն ներկայացնել մեզ, պետք է նախապես պարզել, թե որոնք էին այն «նպատակահարմար միջոցները», որ մենք մեղավորաբար  անտես ենք արել՝ Ադրբեջանի հետ չընդհարվելու համար և թե արդյոք, տվյալ պայմաններում, մենք կարո՞ղ էինք խույս տալ նրա հետ կռիվներ ունենալուց:

Դժբախտաբար Քաջազնունին կանգ չէ առնում այս հարցերի վրա: Սակայն այն թեթևակի բնութագրությունն էլ, որ նա տալիս է հայ-թաթարական փոխհարաբերություններին, բավական է համոզելու ում հարկն է, որ Ադրբեջանի հետ modus vivendi ունենալու համար բարի ցանկությունները և հարևանի հետ հաշտ ապրելու ձգտումը չէ, որ պակասել է մեզ:

Հայ-թաթարական (ինչպես նաև՝ հայ-թուրքական) փոխհարաբերության մեջ կային ցավոտ խնդիրներ, որ չէին կարող լուծվել առանց ամենածանր ընդհարումների, ասում է Քաջազնունին: «Ցավոտ խնդիր էր, որ հայերը սահմանային անլուծանելի վեճեր ունեին ադրբեջանցիների հետ: Ցավոտ խնդիր էր այն անհերքելի իրողությունը, որ Ադրբեջանի դիրքը մեր հանդեպ եղել է բացահայտորեն թշնամական, մի թշնամություն, որ իր արտահայտությունն է գտել այն բազմաթիվ և բազմապիսի դավերի մեջ, որ Ադրբեջանը նյութում էր մեր դեմ թե՛ Թուրքիայում և թե՛ մեր երկրի մահմեդական գավառներում վերջապես «ցավոտ խնդիր» էր, որ Նուխիի և Արեշի հայության բնաջնջումի (1918թ. ամառը), Բաքվի ահռելի կոտորածների (1918թ. աշնանը) և Ղարաբաղի ու Զանգեզուրի հայության դեմ սկսված արշավանքների ազդեցությամբ հայ ժողովուրդը, հանձին Ադրբեջանի, տեսնում էր մի նոր Թուրքիա, որ բացահայտ «քեասարախ»-ի (կկոտորենք) քաղաքականության էր հետևում իր հպատակ հայերի վերաբերմամբ…

Այս և այսօրինակ «ցավոտ խնդիրների» շրջանակում ինձ համար միանգամայն հասկանալի են դառնում «այն անընդհատ կռիվները, որ (մենք) ունեցել ենք (մեր երկրի) հյուսիս-արևելյան սահմանների վրա»:

Սակայն այս պարզ խնդրում էլ «ինքնադատափետման» հոգեբանությունը շփոթում է Քաջազնունու տրամաբանական միտքը, շփոթում այն աստիճանի, որ նա մեղադրում է մեզ, թե ինչո՞ւ մենք նպատակահարմար միջոցներ չենք գտել հայ-ադրբեջանական «անլուծելի» սահմանավեճերը լուծելու համար, կամ թե ինչու մենք կռիվների են դիմել լուծելու համար այն «ցավոտ խնդիրները, որ չէին կարող լուծվել առանց ամենածանր ընդհարումների»…

Գալով հայ-վրացական պատերազմին, այդ մասին արդեն անցողակի արտահայտվել եմ իմ հոդվածի VI գլխում և արտահայտվել այն մտքով, որ այդ անմիտ պատերազմը կարող էր տեղի չունենալ և վատ էր, որ տեղի ունեցավ: Անմիտ և վատ եմ համարում այդ պատերազմը ոչ թե այն պատճառով, որ անտեղյակ եմ վրաց շով[ինիստական] կառավարության, առանց վարանելու կասեմ, տմարդի արանքներին՝ հանդեպ մեր ժողովրդի և մեր պետության, այլ այն պատճառով, որ մեր «երկրիը հազար ու մի ցավ ուներ բուժելու», որ Վրաստանի հետ սերտորեն դաշնակցելու ամենից մեծ կարիքն ունեինք, որ «Վրաստանն էր մեր միակ ճանապարհը քաղաքակիրթ աշխարհի հետ հաղորդակցելու համար և այլն, և այլն: Ինչքան էլ գրգռիչ լիներ վրաց կառավարության բռնած ընթացքը՝ Հայաստանի կառավարությունը այսպիսի պայմաններում չպետք է ենթարկվեր պրովոկացիայի: Էլ չեմ խոսում այն մասին, թե բարոյական որպիսզի՜ հարված էր այս պատերազմը երկու երկրների համար էլ, որոնք 2000 տարուց ավելի բարի հարևանության մեջ ապրելուց հետո, մի ուղղակի չտեսնված երևույթ մարդկային պատմության մեջ, զենքի դիմեցին իրենց կնճռոտ խնդիրները լուծելու համար հենց ա՛յն ժամանակ, երբ երկու երկրում էլ ժողովրդի ձեռքն էր անցել իր բախտի, իր ճակատագրի տնօրինությունը…

Այսպիսով, ես միանգամայն համաձայն եմ այն գնահատ[ականին], որ տալիս է Քաջազնունին հայ-վրացական պատերազմին: Սակայն հարց է ծագում. եթե մենք վրաց կառավարության ակներև մեղսակցության պարագան առժամապես մի կողմ թողնենք և զբաղվենք միայն Հայաստանի մեղսակիցների խնդրով, ապա ո՞ւմ վրա կընկնի այս հանցանքի պատասխանատվությունը:

– Մեզ վրա,- պատասխանում է Քաջազնունին: Անկախ Վրաստանի բռնած դիրքից,- ասում է նա,- որ անվիճելիորեն դատապարտելի էր, քիչ դեր չի խաղացել նաև մեր սեփական ապիկարությունը, մեր քաղաքական տհասությունը, և պետական կյանքը վարելու անպատրաստությունը:

Նկատի ունենալով, որ այս տողերը գրելիս Քաջազնունին դաշնակցական է եղել և նրա զեկուցումն էլ Դաշնակցության ինքնագնահատումն է ներկայացնում, ընթերցողն անհրաժեշտորեն պիտի մտածի, որ այս մենքը, մեզը, մերը վերաբերում են մեր կուսակցությանը և, հետևաբար, նա՛ է հայ-վրացական պատերազմի պատասխանատուն: Այս մոլորությունից նրան դուրս բերելու համար պիտի հայտարարեմ, որ հայ-վրացական պատերազմի պատասխանատվությունը ընկնում է ամբողջովին Քաջազնունու կազմած կոալիցիոն կառավարության վրա և [ոչ] երբե՛ք Դաշնակցության վրա:

Հայ-վրացական պատերազմի օրերին Դաշնակցության Բյուրոն դեռևս չէր հավաքվել երկրում, և մեր կազմակերպությունները՝ Քաջազնունու և ուրիշների «պետական տեսակետներին» ենթարկվելով, ո՛չ մի գործուն դեր չէին կատարում կառավարական գործերում, ինչպես այդ արտահայտել եմ վերոհիշյալ VI գլխում: Այնպես որ, մեր առաջին կոալիցիոն կառավարությունն ի վիճակի էր թե՛ պատերազմով, թե՛ իրավախոհությամբ սեղանի վրա դնելու հայ-վրացական վեճերը, և եթե նա զենքի ճանապարհն ընտրեց, այդտեղ անկասկած քիչ դեր չի կատարել նաև նրա սեփական ապիկարությունը, նրա քաղաքական տհասությունը և պետական կյանքը վարելու անպատասխանատվությունը…

Համաձայն եմ Քաջազնունու հետ, որ «ծանր մտահոգությունների դուռ էր բաց անում (հայ-վրացական) պատերազմի փաստը ինքն ըստ ինքյան: Սակայն այդ մտահոգությունները մեր ապագա լրջամիտ և անաչառ պատմաբանին պիտի առաջնորդեն ոչ թե դեպի Դաշնակցության դատապարտությունը նրա չունեցած մեղքի համար, այլ դեպի ուրիշ հարցեր: Եվ այդ հարցերից ամենակարևորը, անկասկած, այն է լինելու, թե ինչպե՛ս Դաշնակցությունը թույլ տվեց իրեն կոալիցիայի մեջ մտնելու մի կուսակցության հետ*, որը ժողովրդի մեջ շատ թույլ հենարան ունենալով հանդերձ, կառավարական աթոռների կեսը պիտի գրավեր իր այնքա՜ն ապիկար, քաղաքական գործերում այնքա՜ն տհաս, և պետական կյանքը վարելու այնքա՜ն անպատրաստ ներկայացուցիչներով…