Թիֆլիսի և Բաթումի հայությունը 1920-ի ամռանը. պատմում է Խատիսյանը

1611

Հատված Ալեքսանդր Խատիսյանի ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԾԱԳՈՒՄՆ ՈՒ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ գրքից, գլուխ 12

Առաջին վայրը, որտեղ պետք է զբաղվեի Անկախության փոխառության խնդրով, բնականաբար, Թիֆլիսն էր՝ իբրև Վրաստանի և նրա հայ ազգաբնակչության կենտրոնը և միաժամանակ հայ հարուստ դասակարգի բնակատեղին:

Թիֆլիս եկա հունիսի 19-ը 20-ի վաղ առավոտյան: Չնայած ես չունեի կառավարության նախագահի կոչում և պաշտոնապես կրում էի «Հայաստանի կառավարության հատուկ լիազոր» տիտղոսը, Վրաստանի կառավարությունը հանդիսավոր ընդունելություն կազմակերպեց՝ երաժշտությամբ, պատվո պահակախմբով, իսկ արտաքին գործերի նախարար Գեգեչկորին անձամբ եկավ կայարան դիմավորելու:

Իմ առաջին գործը եղավ տեսնել Անգլիայի, Ֆրանսիայի և Իտալիայի բարձր կոմիսարներին և նրանց տեղեկացնել Հայաստանի վերջին անցքերի և բոլշևիկյան շարժման կատարյալ հաշվեհարդարի մասին՝ միևնույն ժամանակ հաղորդելով իմ Եվրոպա ուղևորվելու մասին և ապահովելով նրանց բարյացակամությունը և աջակցությունը:

Հետո այցելություն տվեցի վրաց կառավարությանը և ծանոթացրեցի Հայաստանի ընթացիկ կարիքներին, գլխավորապես փոխադրության և վառելիքի մատակարարման խնդիրներին: Հայ-վրացական հարաբերությունները միանգամայն կանոնաւոր էին, և անցած ընդհարումների տխուր հիշողությունները գրեթե անհետացել էին. կյանքը առաջ էր բերում նոր պահանջներ և թելադրում էր համերաշխ աշխատանքի անհրաժեշտությունը: Հայաստանի Հանարապետության Թիֆլիսի ներկայացուցիչը Տիգրան Բեկզադյանն էր, որ փոխարինել էր հիվանդացած Լևոն Եվանգուլյանին և  շարունակում էր Վրաստանի հետ սերտ հարաբերություններ մշակելու քաղաքականությունը:

Վրաց կառավարության նախագահ Ժորդանիան և արտաքին գործերի նախարար Գեգեչկորին խնդրեցին ինձ Փարիզ այցելության ժամանակ հատուկ ուշադրություն դարձնել կարգավորելու Բաթումի խնդիրը, որը առանձին անհամաձայնության առարկա էր դարձել վրաց և հայ պատվիրակությունների միջև Սան Ռեմոյի խորհրդաժողովում, 1920 թվի գարնանը:

Սան Ռեմոյում հայ պատվիրակները՝ Ավետիս Ահարոնյանը և Պողոս Նուբար փաշան,  Հայաստանի համար պահանջել էին դեպի ծով առանձին ելք, Բաթումի վրայով, հատուկ հողամասով, որը պիտի պատկաներ Հայաստանին իբրև սեփականություն, իսկ վրացիները՝ Չխեիձեի և նրա ընկերների միջոցով համաձայնվել էին զիջել Հայաստանին Բաթումի նավահանգստից օգտվելու իրավունքը միայն: Վրացական կառավարությունը կանգնած էր այն տեսակետի վրա, որ անկարելի է հրաժարվել նույնիսկ աննշան հողամասից, և հայկական պատվիրակության նախագահ Ահարոնյանին համարում էր անզիջող: Ուստի, Ժորդանիան և Գեգեչկորին խնդրեցին համոզել նրան՝ ավելի զիջող դիրք բռնելու այս խնդրում:

Երրորդ գործս եղավ Հայաստանի մասին տեղեկություններ տալ Թիֆլիսի հայ ազգաբնակչությանը: Ես կազմակերպեցի հրապարակային մի դասախոսություն: Մի խորհրդակցություն տեղի ունեցավ մեր դիվանագիտական ներկայացուցչությունում, երկրորդը՝ Վաճառականական բանկի և երրորդը՝ Հայ գյուղատնտեսական ընկերությունում: Այդ երեք խորհրդակցությունների միջոցին ես նկարագրեցի Հայաստանի տնտեսական ու ելևմտական քաղաքականությունը և տվեցի հայկական խնդրի քաղաքական կողմի ընդհանուր պատկերը:

Առանձնապես բազմամարդ և ելևմտական տեսակետով չափազանց կարևոր լսարան էր ներկայացնում Վաճառականական բանկում կայացած ժողովը: Հավաքվել էին 40-ի չափ ամենահարուստ և ամենաազդեցիկ ներկայացուցիչները հայ վաճառականական դասից՝ Արշակ Միլյանի նախագահությամբ: Ներկա էին Միքայել Արամյանը, Դավիթ Յուզբաշյանը, եղբայրներ Բաղդասարյանները, Խաչ. Աֆրիկյանը, եղբայրներ Սեյրաննյանները, Եղիա Մայիլյանը և հայ առևտրա-արդյունաբերական ու ելևմտական աշխարհի շատ ուրիշ աչքի ընկնող  ներկայացուցիչներ: Զեկուցման վերջում ես անցա փոխառության խնդրին և հրավիրեցի ունկնդիրներին՝ աջակցել դրա իրականացմանը: Զեկուցումից հետո ինձ տվեցին մի շարք հարցեր, որոնց նպատակն էր գլխավորապես պարզել Հայաստանի առևտրա-արդյունաբերական ձեռնարկներում դրամագլուխ մտցնելու հնարավորությունները:

Մի քանիսը մտածում էին Ալեքսանդրապոլում և Երևանում շաքարի ու կաշվի գործարաններ բացել: Մյուսներն ուզում էին Ղարաքիլիսայի մոտ ապակու գործարան հիմնել: Ուրիշները խորհում էին Հայաստանի զանազան վայրերում իրենց բանկերի բաժանմունքներ բացել: Մի խոսքով՝ հայ դրամատիրոջ ձեռնարկու միտքը ազատ դրամագլխի նոր գործադրության ասպարեզներ էր փնտրում: Բացի այդ, նրանց մոտ զգացվում էր դժգոհություն վրաց կառավարությունից. նրանք սկսել էին իրենց հյուր զգալ Թիֆլիսում:

Վրաց մենշևիկյան կառավարությունը միաժամանակ տանում էր երկու քաղաքական գիծ. մի  կողմից, հանուն իր ընկերավարական ծրագրային սկզբունքների, կռվում էր բուրժուազիայի դեմ՝ ուժեղացած տուրքերու, կալվածքների պետականացման, ստիպողական փոխառությունների միջոցով, մյուս կողմից՝ աշխատում էր ազգայնացնել Վրաստանի մայրաքաղաքը՝ ամենուրեք ուժեղացնելով վրացական տարրը և լեզուն, մտցնելով այն  պարտավորեցուցիչ բոլոր հիմնարկություններում: Եւ եթե նկատի առնենք, որ բուրժուազիան Թիֆլիսում բաղկացած էր հայերից և վրացիները կազմում էին Թիֆլիսի ամբողջ ազգաբնակչության մեկ քառորդից ոչ ավելին, այնինչ հայերը իրենց թվով բնակչության առաջին տեղում էին, բոլորովին պարզ է դառնում, որ վերոհիշյալ քաղաքականության երկու գծերն էլ ամենից շատ հարվածում էին հայերի անմիջական շահերին, և հայերն էին, որ հիմնականում տուժում էին թե նյութապես և թե բարոյապես, կորցնում էին իրենց տները և դրամագլուխները, ազդեցությունն ու դիրքը, և ընդհարվում էին վրացիների հետապնդած արհեստական ազգայանցման հետ:

Թիֆլիսի ամենալավ թատրոնը՝ «Արտիստական ընկերություն» անունով, չնչին գումարով Յուզբաշյանների ձեռքից անցավ պետությանը: Քաղաքի ամենալավ տունը՝ Մ. Արամյանցինը, վրացիները գրավեցին՝ վերածելով «բանվորական տան»: Փիթոյանների տունը դարձավ նախարարի բնակարան, Մանթաշյանի տունը՝ դիվանագիտական ներկայացուցչություն և այլն: Միեւնույն ժամանակ, քաղաքային վարչությունը ահագին առողջապահական տուրքեր նշանակեց հարուստ քաղաքացիների վրա, և վճարողները դարձյալ հայերն էին:

Ահա այս բոլոր ծանր տուրքերը հայ դրամատերերին մղում էին դեպի Հայաստան, որը մինչ այդ չէր գրավել նրանց ուշադրությունը:

Այս երևույթը շատ ուրախալի էր և ապագա մեծ հաջողություն էր խոստանում Հայաստանի արդյունաբերության զարգացման համար: Եվ իրականությունը սկսեց արդարացնել այս հույսերը: Մայիլյանները որոշեցին կառուցել ապակու գործարան Ղարաքիլիսայի մոտ, Փիթոյանները՝ կաշվի գործարան Ջալալ Օղլու մոտ: Սկսեցին հետազոտություններ կատարել շաքարի մշակության հնարավորության մասին Ալեքսանդրապոլի և ծխախոտագործության՝ Սուրմալուի և Էջմիածնի շրջանում:

***

Թիֆլիսում Փոխառության կոմիտեի նախագահ նշանակվեց մեր դիվանագիտական ներկայացուցիչ Տիգրան Բեկզադյանը, իսկ բանկերը հանձն առան փոխառությունն իրականացնել իրենց օգտին առանց որևէ վճարումի: Ստորագրության վճարը որոշվեց 97 ռուբլի 100-ի փոխարեն: Ամեն ինչ խոստանում էր կատարյալ հաջողություն: Գավառական քաղաքներից՝ Ախալցխայից, Գորիից, Սղնախից հեռագրեր էին ստացվում, որոնք հաջողություն էին մաղթում և պատրաստակամություն հայտնում աջակցել մեր փոխառությանը:

Հետագայում ամեն տեղ իմ ուղևորության ժամանակ նույն եղանակով վարվեցի: Ամեն տեղ ունենում էի երեք տեսակի ժողովներ՝ ա) բուրժուական դասի, բ) ժողովրդական զանգվածների, և գ) մամուլի ու տեղական քաղաքական ու գիտական կազմակերպությունների՝ բժշկական, իրավաբանական, բարեգործական ընկերությունների համար:

Թիֆլիսում բազմաթիվ հայ պաշտոնյաներ, որոնք առաջ ծառայում էին անդրկովկասյան երկաթուղագծի վրացական և ադրբեջանական սահմաններում, ազատվել էին աշխատանքից, առանց գործի էին և ցանկություն էին հայտնում տեղափոխվել Հայաստան:

Նույն վիճակում էին նաև փոստ-հեռագրական պաշտոնյանները, որոնցից շատերը պաշտոնի հրավիրվեցին Հայաստան:

Հունիսի վերջին ուղևորվեցի Բաթում: Կայարանում դիմավորելու էին եկել Բաթումի մեր հյուպատոս Մ. Աթարբեկյանը, տեղական գաղութի ներկայացուցիչները և անգլիական ընդհանուր նահանգապետ Քուկ-Քոլլիսը, գաղութի նախագահ Ա. Մնդոյանը և այլք:

Այստեղ ևս, գրեթե բառացի, կրկնվեց Թիֆլիսի աշխատանքը և երևան եկավ նույն խանդավառությունը: Տեղական հայ տիկնիկները՝ «Բաթումի տիկնանց կոմիտեի» անդամները, առաջարկեցին ինձ կազմակերպել ոսկու հանգանակություն՝ Հայաստանի «Ոսկի ֆոնտ» ստեղծելու համար: Եվ տեղն ու տեղը գործի սկիզբը դնելու համար սեղանի վրա դրեցին ոսկի ժամացույց, մատանիներ, ոսկի շղթա, ապարանջաններ և այլն: Այս օրինակը շուտով գտավ հետևողներ, և, այսպիսով, հիմք դրվեց «Ոսկի ֆոնդ»-ին, որը մեծ հաջողություն էր խոստանում: Եվ մյուս քաղաքներում՝ Պոլիս, Իզմիր, Կահիրե, Ալեքսանդրիա, Սոֆիա և Բուխարեստ, որտեղ որ եղա հետո, ամենուր մեծ առատությամբ սեղանի վրա թափվում էին ոսկի իրեր և թանկագին քարեր:

Բաթումում մնացի միայն չորս օր և հուլիսի սկզբին ճանապարհվեցի արտասահման: Հուլիսի 10-ին հասա Պոլիս. որքա՜ն փոփոխություն երկու տարվա մեջ: 1918 թ. հունիսին մենք մոտենում էինք Պոլսին պատերազմի ընթացքում, նոյն տարվա հոկտեմբերին հեռանում էինք այնտեղից զինադադարի օրերին, իսկ այժմ մեր ուժերի և հույսերի ծաղկման շրջանն էինք ապրում: Թվում էր, թե ամեն ինչ ժպտում էր մեզ և սպասվում էր փայլուն ապագա:

Լուսանկարում` Ռուսթավելու անվան վրացական թատրոնը, որը նախկինում եղել է Թիֆլիսի հայ Արտիստական ընկերության շենքը: Թատրոնի շենքը կառուցվել է Եսայի Փիթոևի միջոցներով՝ 1901-ին: