Քաջազնունիների ընտանեկան գերեզմանը՝ արդեն համեմատաբար բարեկարգ վիճակում

2513

Քաջազնունիների ընտանեկան գերեզմանը արդեն գտնվում է բարեկարգ վիճակում:

Այս տարվա մայիսին գրել էինք, որ Հայաստանի Հանրապետության հիմնադիրներից առաջին վարչապետ, ապա խորհրդարանի նախագահ Հովհաննես Քաջազնունու ընտանեկան գերեզմանը մատնված է անուշադրության:

Բավականին դժվարությամբ էր հնարավոր գտնել Քաջազնունիների ընտանեկան գերեզմանը, քանի որ այն ծածկվել էր ծառերով ու կանաչով: Նկատելի էր, որ տարիներ այդ գերեզմանը չի խնամվում:

Գերեզմանը մինչև 2017-ի մայիսը

Որպես Հայաստանի Հանրապետության առաջին վարչապետ Քաջազնունին պետք է որ ուշադրության արժանանար Հայաստանի իշխանությունների, մասնավորապես վարչապետների կողմից: Չկա մեկ հրապարակում, համաձայն որի 1990-ից ի վեր Հայաստանի որևէ վարչապետ Քաջազնունու ծննդյան, մահվան (սպանության) օրը կամ Մայիսի 28-ին այցելած լինի առաջին վարչապետին և ծաղիկներ թողած լինի նրա հիշատակին:

Այս տարվա մայիսի վերջերին տողերիս հեղինակը սկսեց Քաջազնունիների ընտանեկան գերեզմանի և տարածքի մաքրումը:

Գերեզմանը 2017-ի մայիսի բարեկարգումից հետո

Մեր այս նախաձեռնությունից և հրապարակումից հետո Տորոնտոյում՝ Կանադայում բնակվող մի հայ, ով չցանկացավ անունը նշվի, համեստ գումար ուղարկեց մեզ, որպեսզի բարեկարգման աշխատանքները շարունակենք:

Այդ աշխատանքները ավարտեցինք օրերս:

Քաջազնունին Հայաստանի Հանրապետության խորհրդանիշներից է: Նա և նրա ընտանիքը կյանքը նվիրել է Հայաստանին: Նրա որդիներից երկուսը՝ Աշոտը և Արամը, 1918 և 1920 թվերին, զոհվել են Լոռվա Չանախչի գյուղում (թուրքերի դեմ պատերազմում) և Զանգիբասարում (հայ-թաթարական բախումների ժամանակ): Նրա երրորդ որդին 1920-ի հոկտեմբերին գերի ընկավ Կարսում, երբ քեմալականները զավթեցին քաղաքը:

Քաջազնունին մահացավ 1938 թ. հունվարի 15-ին բանտային հիվանդանոցում գրիպից ու թոքաբորբից, այլապես պիտի գնդակահարվեր դեռևս 1937-ի դեկտեմբերի 5-ին ՀԽՍՀ ՆԳԺԿ Եռյակի կողմից կայացված որոշման համաձայն, որը ժամանակավորապես կանխել էր բանտային բժիշկը։

Նա թաղվել է Կոզեռնի գերեզմանատանը, որը մասամբ համապատասխանում է այսօրվա Ազգային ժողովի տարածքին: Երբ գերեզմանը քանդվեց, կորավ նաև Քաջազնունու գերեզմանը: Նրա դուստրը հետագայում հուշաքար դրեց հոր համար, բայց արդեն Թոխմախի քաղաքային գերեզմանատանը, որը և այսօր դարձել է Քաջազնունիների ընտանեկան գերեզմանը:

Մի քանի շաբաթ անց՝ 2018-ի հունվարի 15-ին, լրանում է Քաջազնունու մահվան/սպանության 80-ամյակը:

2018-ի փետրվարի 14-ին լրանում է Քաջազնունու ծննդյան 150-ամյակը:

2018-ի Մայիսի 28-ը Հայաստանի Հանրապետության հիմնադրման 100-ամյակն է՝ հայոց պատմության ամենալուսավոր էջերից:

Մինչև 100-ամյակ Քաջազնունիների ընտանեկան գերեզմանը ավելի բարեկարգ տեսք կունենա:

Թաթուլ Հակոբյան

Լուսանկարները՝ Արմեն Հակոբյանի