Գիւղատնտեսական նախարարութիւնը 1918-1920-ին. Ռուբէն Տէր Մինասեան

1183

Հատուած Ռուբէն Տէր Մինասեանի ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆԸ աշխատութիւնից: Ռուբէն Տէր Մինասեանը եղել է Հ.Յ.Դ Բիւրոյի անդամ, Հայաստանի Հանրապետութեան երրորդ ռազմական նախարարը:

________________________

Այս բաժինը մեր կուսակցութեան ամենազգայուն կէտը պիտի համարել, որովհետեւ մեր շարքերը աւելի գիւղացիներ են եւ մեր աշխարհայեացքով եւ ձգտումներով աւելի յարած ենք դէպի այդ դասը: Եւ պիտի ասել որ այս նախարարութիւնը, գտնուելով հմուտ մասնագէտների ձեռքին, ինչպէս օրինակ Կամսարականը, որոնք միաժամանակ լաւ հայեր եւ ժողովրդական մարդիկ էին, երկրի կարիքներին լաւ ծանօթ, դրուած էին առողջ եւ նպատակայարմար սկզբունքների վրայ:

Գիւղատնտեսական եւ պետական գոյքերի նախարաութիւնը բաժանուած լինելով՝ երկրագործական, անտառային, ջրային, վիճակագրական, անասնաբուծական եւ պետական գոյքերի բաժինների, իւրաքանչիւր բաժինում մեթոտիկ կերպով աշխատանք կը տարուէր որոշ ծրագրով: Այսպէս օրինակ՝ Երեւանում կար երկրագործական գործիքների կեդրոնական պահեստ, իր գաւառական բաժանմունքներով, որտեղից մատչելի գնով ստանում էր գութան, հնձող մեքենայ, մանգաղ, գերանդի, ծծումբ, արջասպ եւայլն: 13 մասնագէտների ղեկավարութեամբ ձեռնարկուած էր ընդհանուր վիճակագրութեան: Հիմնուեց մկնդեղի մի գործարան Ալեքսանդրապոլում եւ կայարաններ՝ մկների դէմ պայքարելու համար: Օդերեւութաբանական կայարանները վերանորոգուեցին եւ նորերը շինուեցին: Կազմակերպուած էին շրջանային գիւղատնտեսական եւ անտառային վարչութիւններ եւ մասնագէտ գիւղատնտեսներ եւ անտառաբաններ նշանակուեցին իբրեւ շրջիկ տեսուչներ:

Արտասահմանից բերուեցին մեքենական օրօրներ, հնձելու մեքենաներ, նոյնպէս կալսելու եւ այլ գործիքներ, 500 փութ բանջարանոցային սերմեր, որոնք աժան ծախուեցին գիւղացիներին:

Սեւանի լճի մօտ հիմնուեց ձկնաբուծական գիտական կայան: Հրատարակուեցին հողային, անտառային օրէնքներ, հիմք ունենալով հողերի պետականացման եւ համայնացման սկզբունքները:

Կազմակերպուեցին հողային կոմիտէներ, որոնք Նոր Բայազէդի, Կոտայքի, Ծաղկաձորի, Էջմիածնի շրջաններում պետականացրին կալուածատիրական, վանքապատական ու լքեալ հողերը եւ ձեռնարկեցին հողաբաժանման: Ձեռնարկուեուց պետական օրինակելի կաթնատնտեսութիւն Կարսի շրջանում: Մեղուաբուծութեան վրայ առանձին ուշադրութիւն դարձուեց եւ նպաստ բաշխուեց խրախուսելու համար:

Նոյնպէս, այգեգործութիւնը խրախուսելու համար 15 միլիոն նպաստ բաշխուեց, իսկ բամպակամշակութիւնը խրախուսելու համար՝ 20 միլիոն: Հայաստանում կային 280 համագործակցականներ, 111,957 անդամներով եւ աշխատաւորական ընկերութիւններ. դրանից մօտ 100ին տրամադրուած էր հող եւ սերմ, հաւաքական երկրագործութիւնը խրախուսելու համար: Սուխումի շրջանից, տրապիզոնցի հմուտ ծխախոտ արդիւնաբերողներ Հայաստան կանչուեցին՝ ազնուացնելու Հայաստանի ծխախոտը: Արտահանի եւ Կարսի թուրքերից գնուեցին կովեր ու եզներ, որ տրուեցին չքաւոր գաղթականներին, նպաստաւոր պայմաններով: 322,660 փութ զանազան տեսակի սերմ տրուեց գիւղացիներին ցանքսի ժամանակ: 1,500 դեսեատին բամպակ եւ 61 դեսեատին ծխախոտ ցանուեց պետութեան միջոցով. սա մի ձեռնարկ էր, որ Հայաստանի ամբողջ ազգաբնակչութեան երեք ամսւան պաշարը պիտի ապահովէր:

Երկրագործութեան նախարարութիւնից դժգոհելու առիթներ չկային. նա աշխատում էր եւ ծրագիրներ կազմում համապատասխան երկրի պահանջների եւ նպատակայարմարութեան: Ինչպէս ասում են, այդ ասպարէզում ջուրը առուն էր ընկած: Բայց հոսում էր դանդաղ: Նախարարութեան պակասում էին կենդանութիւն եւ արագութիւն իր որոշմանց եւ ծրագիրների իրագործման մէջ. միայն այս թերութիւնը աչքի էր ընկնում, եւ այդ լրացնելու համար, պէտք էր միայն աւելացնել մի կենդանի ղեկավար՝ գործերի ընթացքը արագացնելու համար:

Եւ իրօք, 1920ին, երբ գործի գլուխ է անցնում Վրացեանը, աւելի արագ եւ լայն չափերով գնում են սկսուած գործերը. սերմն ու գութանը, մանգաղն ու եզները ժամանակին բաժանւում են գիւղացուն. ոռոգման գործի վրայ առանձին ուշադրութիւն է դարձւում, խոշոր գումարներ ծախսւում են այդ նպատակով Սուրմալուի, Զանգիբասարի, Երեւանի, Սարդարաբատի առուները վերանորոգելու. 70ից աւելի նորոգած առուները հարիւրաւոր գիւղերի ջուր են մատակարարում. Էջմիածնի կիսատ մնացած առուն շարունակւում է (չվերջացած՝ Հայաստանը ընկնում է, բայց բոլշեւիկների ձեռքով վերջանում): 70 մասնագէտներ ծրագիր են կազմում 200,000 դեսիատին հող ջրարբի դարձնելու եւ 255,000 ձիու ուժի ելեկտրական կայաններ շինելու Սեւանի, Քացախի, Աբարանի, Գեառնիի, Արփայի գետերի վրայ. այս ծրագիրը, որուն համար չորս միլիոն ռուբլի էր յատկացուած, կոչւում էր Զաւալիշինի ծրագիր եւ ժամանակին մեծ աղմուկ հանած (սկսուած ձեռնարկը դադարեց Հայաստանի անկմամբ եւ այսօր բոլշեւիկները կ’ուզեն շարունակել, բայց թէ՛  երկրի ներսում եւ թէ արտասահմանում աղմուկի առարկայ է միայն մինչեւ օրս):

Արժէ մի քանի խօսքով յիշել այդ կարեւոր շինարարական ձեռնարկի մասին մի բացասական կարծիք, որովհետեւ սա աւելի քաղաքական նշանակութիւն ունէր: Մի փոքրիկ խմբակ, որի մէջ եւ ես, այդ կարեւոր շինարարական ձեռնարկը վաղաժամ կը գտնէր: Դրա պատճառը այն էր, որ Հայաստանի սահմաններից հեռացուած էին եւ կամ պիտի հեռանային 500,000ից աւելի իսլամներ, որոնք Հայաստանի տարածութեան երեք-չորորդը բռնած էին: Անհրաժեշտ կը համարէին այդպէս մտածողները, որ հայ ազգաբնակչութեան կարելի պիտի լինէր բռնել աւելի լայն տարածութիւններ, որպէսզի հայերը ոչ միայն ազգաբնակչութեան թիւով մեծամասնութիւն կազմեն Հայաստանում, այլ մեծամասնութիւն կազմեն իրենց բռնած տարածութիւններով:

Այդ մտահոգութիւնն ունենալով այդպիսիք կը մտածէին, թէ պէտք չէ ինտէնսիւ կուլտուրայով գաղթական հայերին տեղ բանալ Հայաստանում, այլ, ընդհակառակն, նրանց պիտի տեղ բանալ մի իջոցով միայն, այն է՝ նստեցնելով նրանց հեռացողների գիւղերում նրանց հողերի վրայ: Այժմս էլ հակառակ են այդպէս մտածողները եւ Դաշնակցութեան մեծ մասը Սարդարաբատի եւ այլ ծրագիրների, որով կը ցանկացուի Հայաստանում տեղ բանալ գաղթականութեան համար: Դա նկատւում է մի միջոց երկրի լայնացման եւ Միացեալ Հայաստանի մեր սեւեռած ձգտումը թուլացնելու: Այս խնդիրը շօշափեցի որովհետեւ ներկայումս էլ ունի իր այժմէակնութիւնը եւ ապագայի համար մտածելու առարկայ պիտի լինի, ինչպէս եղել է առաջներում: Այսօր, այդ շինարար աշխատանքը, որ սկսուած էր մեր օրով, կը ցանկացուի իրագործել: Դժբախտաբար, Հայաստանից հեռացուած թուրքերի գիւղերը չեն տրւում հայերին եւ թուրքերը վերադառնալով, սեղմում են հայերի տեղը, իսկ ծրագիրները դեռեւս թղթի վրայ են եւ թէական են այն արդիւնքները որ անոնցմէ կը սպասուին ընդհանրապէս:

Ամփոփելու համար գիւղատնտեսական նախարարութեան վերջին շրջանի խոշոր գործերը, պիտի չմոռանալ ե՛ւ հետեւեալ ձեռնարկները.- կազմուեցին մասնագէտներ՝ Տէր Միքայէլեանի, Տէր Դաւթեանի, Կարապետեանի, Թոշեանի եւ այլոց գլխաւորութեամբ մի մարմին, որ սկսեց ուսումնասիրել Հայաստանի հանքային հարստութիւնները, եւ ծրագիրներ կազմեց ու գործադրեց նրանցից ոմանք, արագացնելու եւ ուժեղացնելու հանքային արդիւնաբերութիւնները:

Ուսումնասիրեցին Սեւանայ լճի շրջանը, Ծաղկաձոր, Կոտայք, Շիրակ, Աբարան, Նոր-Բայազէդ: Սկսուեցին մշակուել Քանաքի ածխահանքերը, իսկ Կաղզուանի աղի արդիւնաբերութիւնը ամսական 1,500 փթից բարձրացուեց 70,000 փութի: Այս թիւերը ցոյց կը տան թափը աշխատանքի եւ յառաջադիմութեան: Ածուխի ձեռք բերելը մեզ ազատում էր Վրաստանի եւ Ադրբեջանի գերութիւնից, իսկ Շարուրում սկսած արծաթի եւ արճիճի հանքերի օգտագործումը, ինչպէս եւ պղնձի արտադրութիւնը Լոռիի եւ Զանգեզուրի, միանգամայն մեր տնտեսական վիճակը բարւոք դրութեան պիտի հասցնէր: Շաբաթը Ուրբաթէն շուտ հասաւ եւ տապալուեց Հայաստանը իր ստեղծագործութեան նախօրեակին: