Հանրապետականը Նժդեհին չի հիշում, անգամ նրա մահվան օրը

2864

1955-ի այս օրը՝ դեկտեմբերի 21-ին, Նժդեհի կյանքի վերջին օրն էր բոլշևիկյան/սովետական բանտում՝ Վլադիմիր քաղաքում։ Հայաստանում այսօր իշխող Հանրապետական կուսակցության գաղափարական հայր համարվող Նժդեհի՝ Երևանի կենտրում գտնվող արձանին այցելեցի երկու անգամ՝ առավոտյան ու կեսօրից հետո ժամը 3-ին։

Ոչ մի ծաղիկ չկար ի հիշատակ։ Հայաստանի 300 թե քանի հարյուր հազար հանրապետականներից քանի՞սը գիտեն, որ այսօր Նժդեհի կյանքի վերջին օրն է։

Հանրապետական կուսակցության գրասենյակից մինչև Նժդեհի արձան 100 մետր է։ Մոտավորապես այդքան է հեռավորությունը նաև կառավարությունից, որի ղեկավարը նույնպես ՀՀԿ-ական է։ Բաղրամյան 26-ից մինչև Նժդեհի արձան մի քանի րոպեի ճանապարհ է։ ՀՀԿ-ի հայր Սերժ Սարգսյանը, ով տարբեր մարդկանց ծնունդների ու կնունքների, հարսանիքների ու խնճույքների պարտադիր մասնակից է, նույնպես կարող էր հարգանքի տուրք մատուցել։

Սերժ Սարգսյանը դա կարող էր անել նաև այլ արդարացումով։ Բացի այն, որ նա ՀՀԿ-ի ղեկավարն է արդեն ավելի քան 10 տարի, Նժդեհին սպանել են Սարգսյանի նախկին կուսակցիները՝ կոմունիստ բոլշևիկները։

Երբ Երևանի կենտրոնում վեր խոյացավ Նժդեհի արձանը, Ռուսաստանը բողոքեց։ Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարեց․ «Մոսկվան զարմացած է Երևանում Վերմախտի «Հայկական լեգիոնի» հիմնադիրներից մեկի՝ գեներալ Գարեգին Նժդեհի արձանի տեղադրմամբ»: Հիշեցնելով Մոսկվայի վերաբերմունքը Հայրենական Մեծ պատերազմի, նացիզմի, նեոնացիզմի, ծայրահեղականության հերոսացման, վերածնման ցանկացած փորձի նկատմամբ` Զախարովան նշեց. «Այդ վերաբերմունքն արձանագրված է միջազգային փաստաթղթերում: Մեզ համար անհասկանալի է, թե ինչու է տեղադրված այդ արձանը, չէ՞ որ մենք ամեն ինչ գիտենք Հայրենական մեծ պատերազմում, Երկրորդ համաշխարհային պատերազմում հայ ժողովրդի անմահ սխրանքների մասին»:

ՀՀԿ-ի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հակադարձեց․ «Գարեգին Նժդեհը Հայաստանի ազգային հերոս է, ինչպես Ալեքսանդր Նևսկին, Ալեքսանդր Սուվորովը, մարշալ Կուտուզովը, Բագրատիոնը` եղբայրական ռուս ժողովրդի համար: Եվ որպես պատմաբան, ցանկանում եմ ընդգծել, որ Գարեգին Նժդեհը ֆաշիզմի և ազգայնամոլության հետ որևէ կապ չի ունեցել: Նժդեհը ազգանամոլ չէ, նա հայ հայրենասեր է. անթույլատրելի և անհարկի է այդ հարցի շահարկումը»։

Վերջերս, երբ Հայաստանը պատրաստվում էր ստորագրել ԵՄ-ի հետ փաստաթուղթ, Նժդեհին ֆաշիզմի և հակախորհրդային պայքարի մեջ մեղադրեցին ռուսական լրատվամիջոցները։

Անկասկած, Նժդեհը զգայուն թեմա է հայ-ռուսական հարաբերություններում, և ՀՀԿ-ական իշխանությունները հավանաբար խուսափում են հավելյալ բարդություններ ստեղծել։ Սակայն Նժդեհի կյանքի վերջին օրը չհիշելը առնվազն տարօրինակ է։

Թաթուլ Հակոբյան

21 դեկտեմբեր, 2017թ