Հայաստանը, շնորհիվ Դաշնակցության ջանքերի, 1920-ի աշնանը դարձել էր անճանաչելի երկիր

2620

Հատված երևելի ՀՅԴ-ական, Հայաստանի Հանրապետության շրջանի պետական գործիչ Արշակ Ջամալյանի (Իսահակյան) «Յ. Քաջազնունին եւ Հ. Յ. Դաշնակցութիւնը» աշխատությունից:

—- 

Հազիվ համաճարակը վերջացել և մենք էլ Ամերիկայից հասած հացի շնորհիվ ուշքի էինք եկել սովի հարվածներից, երբ ծայր տվին մեր մահմետական գավառների ապստամբությունները Նախիջևանից մինչև Շարուր և Վեդիբասարից մինչև Զանգիբասար՝ վտանգի տակ դնելով Երևանը և մեր ամբողջ Հանրապետությունը: Այս ապստամբության ու շարժումների նշանակության մասին ես հանգամանորեն խոսել եմ արդեն սույն հոդվածի մի այլ գլխում և նրանց վերադառնալու հարկը չեմ տեսնում: Կցանկանայի այստեղ միայն անցողակի վեր հանել, որ մեր կռիվները ներքին թշնամիների դեմ եթե մի կողմից անհրաժեշտ էին մեր պետության և ժողովրդի գոյության համար և, հետևաբար, պետք է գրվեն մեր պետական շինարարության ակտիվի մեջ, ապա մյուս կողմից՝ նրանք չափազանց խանգարում էին մեր վերաշինական և պետական-կազմակերպչական աշխատանքները: Եթե այդ կռիվների հարկադրանքը չլիներ, եթե, օրնակ, մեր երկիրը Վրաստանի պես միապաղաղ ազգաբնակչություն ունենար, կամ մեր մահմեդական հայրենակիցները բարեկամական վերաբերմունք ունենային դեպի Հայաստանի անկախությունը և ոչ թե ամեն միջոցի դիմեին փորփրելու նրա հիմքերը, մենք ստիպված չէինք լինի հազարավոր երիտասարդներ կտրել ստեղծագործական աշխատանքներից և զենքի տակ պահել, ստիպված չէինք լինի մեր պետական բյուջեի մեծ մասը հատկացնել զորական և պատերազմական կարիքների, ստիպված չէինք լինի մեր ներքին վարչության, հաղորդակցության և այլ գործերը բնականոն զարգացման շավղից հանել՝ զորաշարժի կարիքներին հարմարեցնելու համար և այլն, և այլն: Եվ եթե այս ամենը մենք հարկադրված չլինեինք անելու՝ ինչ խոսք, որ մեր երկրի վերաշինական և կազմակերպչական աշխատանքները այլ պատկեր կստանային:

Այս էր Հայաստանի վիճակը մեր պետական շինարարության սկզբին: Դիտմամբ կանգ առա այդ վիճակի վրա, որովհետև այս տողերը գրելիս ես աչքի առաջ ունեմ ոչ թե Քաջազնունուն, որը ինձանից էլ լավ գիտի այդ վիճակի մասին, այլ այն «բազմամարդ լսարանը», «որ կարիք ունի լուսաբանությունների» և որին Քաջազնունին, մեր գլխի վրայով, ուղղում է իր խոսքը: Այդ «լսարանի» հետ պետք զգացի այս մասին հանգամանորեն խոսել, որովհետև Քաջազնունին չի լուսաբանում նրան այնպես, ինչպես վայել է մեկ անաչառ դիտողի և ուսումնասիրողի: Նա իր գրքում երեսներ չի խնայում Դաշնակցության պետական շինարարության փոքրիկ թերություններն իսկ վեր հանելու համար, բայց երբ խոսքը գալիս է այն հանգամանքներին, որոնք պայմանավորում, անխուսափելի էին դարձնում այդ իրական և երևակայական թերությունները, բավականանում է միայն անցողակի հիշելով, որ «Հայաստանի դրությունը եղել է բացառիկորեն ծանր ու մեր աշխատանքի պայմանները՝ բացառիկորեն անբարեհաջող»:

Քաջազնունին գիտի, անշուշտ, որ պատահական ձևով ասված այս և նման մի քանի ուրիշ խոսքերը պիտի աննկատ մնան նրա մեղադրանքների տարափի մեջ: Գիտի, բայց և այնպես ավելի ասելու կարիքը չի զգում… թեկուզ ի հարգանս իր լսարանի: Մինչդեռ եթե այդ լսարանը մեր այն ժամանակվա վիճակի մասին լուսաբանվեր այնպես, ինչպես հարկն է, եթե նա հստակորեն պատկերացներ մեր երկրի ավերածությունն ու տնտեսական քայքայումը, մեր ժողովրդի հատվածական ու տեղացիական տրամադրությունները, նրա բարոյական այլասերումը, գլխավորաբար օտար ցեղերի անբայացակամ և թշնամական վերաբերմունքը դեպի մեր պետական գործը, սովը, համաճարակները և այլն՝ այն ժամանկ նա կզգար, որ Դաշնակցությունը խավարի և անհուսության խորխորատներից է սկսել իր պետական շինարարությունը և ոչ միայն հասկանալի կհամարեր նրա ունեցած թերությունները, այլև կմնար զարմացած, թե մեր կուսակցությունը, ընդամենը 18-20 ամսվա ընթացքում, ինչպե՛ս կարողացավ Հայաստանի Հանրապետությունը հասցնել այն վիճակին, որի մեջ վերջինս գտնվում էր 1920թ. աշնանը, այսինքն՝ մեր պետական անկախ կյանքի վերջին օրերին…

Դառնանք այժմ այս օրերին:

Դժբախտաբար, ձեռքիս տակ չկան պաշտոնական տվյալներ՝ արձանագրություններ, զեկուցումներ, վիճակագրություն և այլն, Դաշնակցության կատարած պետական աշխատանքի և ձեռք բերած արդյունքի պատկերն այստեղ լրիվ գծելու համար: Ընկեր Վրացյանը իր «Խարխափումներ» գրքում, որ ես, ի դեպ, ջերմորեն կհանձնարարեի այն բոլոր մարդկանց, որոնք հետաքրքրվում են այս խնդրով, տալիս է այդ պատկերը, սակայն ոչ լրիվ կերպով. Որովհետև նա ևս իր տրամադրության տակ չի ունեցել բոլոր անհրաժեշտ նյութերը: Սրա գլխավոր պատճառն այն չէ, որ ընկ. Վրացյանն իր գիրքը գրել է արտասահմանում, այլ որ մեր պետական շինարարությունը կատարվում էր բոլորովին այլ հասարակական բարքերի շրջանում, քան մենք տեսնում ենք այսօր:

Այսօր, եթե Խորհրդային Հայաստանում մի հավաբուն է շինվում, իսկույն այդ նորությունը թմբկահարվում է Երևանի «Խորհրդային Հայաստան»-ից մինչև Բոսթոնի «Պայքար»-ը և Թիֆլիսի «Մարտակոչ»-ից մինչև Փարիզի «Ապագա»-ն ու Եգիպտոսի «Արև»-ը. էլ չեմ խոսում միջանկյալ, մանր-մունր թերթերի մասին: Թմբկահարությունն էլ սովորաբար մի նվագով չի կատարվում միևնույն գործի համար, այլ բազմաթիվ նվագներով, ինչ որ ցուցահանում է նրա անախորժ գովազդային բնույթը:

– Մտադրություն կա մաքրել այսինչ առուն:

– Առուն մաքրելու որոշումը կայացավ:

– Առուն մաքրելու աշխատանքները սկսվեցին:

– Առուն մաքրելու աշխատանքները առաջ են տարվում եռանդով:

– Առուն մաքրված է:

– Առվի բացումը տեղի պիտի ունենա այսինչ օրը:

– Առվի բացումը տեղի ունեցավ այսինչ հանդիսավորությամբ:

Եւ այլն, և այլն:

Այսօրինակ լուրերով հեղեղված է ներկայումս արտասահմանյան հայ մամուլը: Կարելի է ժպտալ նման լուրերի վրա, բայց նրանք հասկանալի են մեզ համար: Բոլշևիկները, որոնց կոչումն է եղել միշտ քանդել ամեն ինչ և որոնք, ուր ոտք են դրել, ավերածություն են միայն առաջ բերել, զարմանում են, որ իրենք էլ երբեմն-երբեմն կարող են մի բան շինել: Այդ պատճառով էլ՝ ամեն մի ձեռնարկի առթիվ, նրանք, առաջին անգամ ձու ածող հավի պես, իրենց կրկչոցով լցնում են աշխարհը: Արտասահմանյան մամուլի օրգանները, շիտակ թե անշիտակ նկատումներով, իսկույն ևեթ արձագանք են տալիս այդ կրկչոցին և ստացվում է բավական «առատ նյութ», որի հիման վրա դուք, արտասահմանում նստած, կարող եք այսպես կամ այնպես գծել խորհրդային վարիչների շինարարության պատկերը:

Այս տեսակետից, միանգամայն այլ վերաբերմունք  ուներ դաշնակցությունը դեպի իր կատարած գործերը: Շինարարությունը նրա համար այնքան սովորական և ինքնըստինքյան հասկանալի մի բան է եղել միշտ, որ կատարված աշխատանքի մասին խոսելը ժամավաճառություն պիտի համարեր: Թե՛ սուլթանի, և թե՛ ցարի բռնապետության տակ դաշնակցական մարմիններն իրենց հոգացողության խնդիր են դարձել ոչ միայն ժողովրդի դիմադրական և հեղափոխական ուժերի կազմակերպումը կամ մարտական և տեռորիստական ձեռնարկներ կատարելը, այլև դպրոց բանալը, գործակցական ընկերություններ հիմնելը, ժողովրդական գաղտնի դատարաններ կազմելը, հողաբաժանման խնդիրներ կարգադրելը և այլն, և այլն: Իսկ երբ տաճկական սահմանադրությունը այսօրինակ շինարարական գործունեության ավելի լայն հնարավորություններ ընձեռնեց՝ Թուրքահայաստանի մի ծայրից մյուսը, մեր ընկերները կլանված էին ամեն կարգի տնտեսակայն և մշակութային աշխատանքներով: Նույն երևույթը տեղի ուներ և Ռուսաստանում 1905թ. հեղափոխությունից հետո:

Ի՜նչ մի զարմանալի բան պետք է համարեինք մենք, որ Դաշնակցությունը, ազատ, ինքնիշխան կյանքը թևակոխելով՝ իր շինարարական ոգին պետական չափերով հանդես էր բերել, որպեսզի վեր կենայինք և նրա շինարարական գործերը հրապարակարգության նյութ դարձնեինք: Սրանով է բացատրվում այն հանգամանքը, որ մենք մեր իշխանության ընթացքում և ոչ մեկ գրքույկ չհրատարակեցինք մեր կատարած գործերի մասին, մինչդեռ Խորհրդային Հայաստանի ներկա վարիչները եռամսյակ չի անցնում, որ տպագրական հրապարակը չաղմկեն իրենց կատարած, կիսակատար և չկատարած գործերով:

Սակայն մեր կատարած շինարար գործերը ոչ միայն բրոշյուրների նյութ չէին դառնում, այլև հաճախ պարբերական մամուլի մեջ ըստ արժանվույն արձագանք չէին գտնում: Քրքրեցեք մեր այն ժամանակվա կուսակցական մամուլը. քանի՞ հոդված կամ լուր կգտնեք նրանց մեջ այն բազմապիսի և բազմաթիվ ձեռնարկների մասին, որոնք իսկական  հեղաշրջում առաջ բեր[եց]ին մեր ներքին վարչության, երկրագործության, զորական, ֆինանսական և կրթական գործերում: Անգամ տասը միլիոն դոլարի փոխառությամբ Ամերիկայից ալյուր և այլ կենսակայն պիտույքներ ստանալը կամ մեկ միլիոն ֆունտ ստերլինգի արժողությամբ զենք ու ռազմամթերք բերելը Անգլիայից՝ գրեթե առանց հիշատակության մնացին՝ կարծես դրանք միանգամայն սովորական բաներ լինեին: Այժմ է միայն, որ մի շինության մեջ կենտրոնական տաքություն հաստատելը, մի աղորիք կարկատելը կամ Ռուսաստանից մի քանի հարյուր հազար ռուբլու նպաստ ստանալը անսովոր բաների կարգն են դասվել, անսովոր մինչ այն աստիճան, որ «բեղով-մորուսով» մարդիկ, չտես մանուկների աշխույժով օրն ի բուն թմբկահարում են նրանց մասին՝ առանց այդպիսի ցուցամոլության անճաշակությունը զգալու …

Այս պայմաններում հասկանալի է, իհարկե, որ մեզ համար ներկայումս դժվար պիտի լիներ ոչ միայն արտասահմանում, այլև երկրում հանգամանորեն, թվական տվյալներով գծել մեր շինարարական աշխատանքների և ստացած արդյունքների լիակատար պատկերը՝ առանց ձեռքի տակ ունենալու մեր պետական արխիվները:

Սակայն, համարձակ կարող ենք ասել, որ եթե մի տող անգամ տպագրված չլիներ Դաշնակցության պետական շինարարության մասին, այնուամենայնիվ ոչ մի ուրացությամբ կամ զրպարտությամբ չի կարելի պատմությունից ջնջել այն անհերքելի իրողությունը, որ Հայաստանը, ամենից առաջ և գլխավորապես շնորհիվ Դաշնակցության թափած ջանքերի, 1920 թվի աշնանը դարձել էր մի կատարելապես անճանաչելի երկիր: Անկարելի է ջնջել այս իրողությունը՝ եթե աշխարհիս երեսին կա գոնե մեկ արդարամիտ մարդ, որ տեսել է այդ երկիրը 1919թ. սկզբին և

1920թ. աշնանը, ուր մնաց, որ այդ ժամանակաշրջանի իրողությունները կատարվել են մի ամբողջ ժողովրդի աչքի առաջ…