Արցախում հանրաքվե՝ «զինված ագրեսիայի պայմաններում». 10-ը դեկտեմբեր, 1991թ

2300

26 տարի առաջ. դեկտեմբերի 10-ը Արցախում

Արցախում Անկախության հանրաքվեի անցկացման օր էր ընտրվել 1991-ի դեկտեմբերի 10-ը: Այդ օրն ամբողջ աշխարհում նշվում է որպես Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օր:

1991-ի դեկտեմբերը Խորհրդային Միության դե յուրե գոյության վերջին օրերն էին: Մոլորակի մեկ վեցերորդ մասը կազմող կայսրությունը դե ֆակտո փլուզվել էր արդեն օգոստոսին, երբ ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովի դեմ իրականացված պետական հեղաշրջման ձախողված փորձից հետո միութենական հանրապետությունները մեկը մյուսի հետևից հռչակում էին իրենց անկախությունը և անցկացնում անկախության հանրաքվեներ:

Դեկտեմբերի 10-ին Անկախության իր հանրաքվեն անցկացրեց նաև Արցախը: Հանրաքվեին հետևած երկու տասնյակ միջազգային դիտորդների եզրակացության մեջ ասվում էր, որ համաժողովրդական քվեարկությունն անցկացվել է Արցախի դեմ Ադրբեջանի կողմից «զինված ագրեսիայի պայմաններում»: Քվեարկության օրը Ստեփանակերտի և մյուս հայկական բնակավայրերի հրետակոծության հետևանքով «զոհվել են 10 հայեր, քաղաքում կանանց և երեխաների մեծամասնությունը գիշերում է նկուղներում, փակ են դպրոցներն ու մանկապարտեզները», Արցախում չկա «հաց և դեղորայք»:

Թեև 1991-ի դեկտեմբերին ռազմական գործողություններ էին տեղի ունենում Արցախում, սակայն այնտեղ կողք-կողքի շարունակում էին բնակվել հայեր ու ադրբեջանցիները: Հանրաքվեի հարցաթերթիկները տպագրվել էին երեք լեզուներով՝ հայերեն, ադրբեջաներեն և ռուսերեն:

Արցախում բնակվող ադրբեջանցիները, որոնք 1991-ին կազմում էին բնակչության ավելի քան 20 տոկոսը, Բաքվի հրահանգով չմասնակցեցին հանրաքվեին: Քվեարկությանը մասնակցելու իրավունք ուներ ավելի քան 132 հազար հոգի: «Համաձա՞յն եք, որպեսզի հռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը լինի անկախ պետություն» հարցին «այո» պատասխան տվեց ավելի քան 108 հազար հոգի, իսկ դեմ քվեարկեց միայն 24 մարդ: Քվեարկության իրավունք ունեցող շուրջ 24 հազար ադրբեջանցիները չեկան ընտրատեղամասեր: Անկախության հանրաքվեից հետո ավելի ակնհայտ դարձավ, որ Ադրբեջանը ղարաբաղյան հարցի լուծման այլ տարբերակ չի տեսնում, քան պատերազմն է և պատերազմում հաղթելով Արցախը հայաթափելը:

1991-ի դեկտեմբերի 10-ի Անկախության հանրաքվեին նախորդել էին մի շարք կարևոր իրադարձություններ:

Նախ, 1988-ի փետրվարի 20-ին ԼՂԻՄ-ի տեղական խորհրդարանը որոշում էր ընդունել, որով դիմում էր Մոսկվային, Երևանին ու Բաքվին՝ առաջարկելով մարզը Խորհրդային Ադրբեջանի կազմից դուրս բերել և միացնել Խորհրդային Հայաստանին:

Եվ Մոսկվան, և Բաքուն դա անընդունելի համարեցին:

Փետրվարի 20-ի որոշմանը Ադրբեջանը մի քանի օր անց պատասխանեց Սումգայիթով:

1989-ի դեկտեմբերի 1-ին Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհուրդը (խորհրդարանը) և ԼՂԻՄ-ի Ազգային խորհուրդը Երևանում համատեղ նիստում Արցախը Հայաստանին միավորվելու մասին որոշում ընդունեցին: Այդ որոշումը, սակայն, կյանքի չկոչվեց: Հայաստանը 1991-ին հանրաքվեով իր անկախությունը հռչակեց Խորհրդային Հայաստանի վարչական սահմաններում՝ 30 հազար քառակուսի կիլոմետր տարածքի վրա:

1991-ի սեպտեմբերի 2-ին ԼՂԻՄ մարզային խորհուրդը և Շահումյանի շրջանային խորհուրդը  համատեղ նստաշրջանում հռչակվեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը մոտ 5.000 քառակուսի կիլոմետր տարածքի վրա: Ապա տեղի ունեցավ դեկտեմբերի 10-ի Անկախության հանրաքվեն, իսկ 1992-ի հունվարի 6-ին ԼՂՀ Գերագույն խորհրդի անդրանիկ նստաշրջանում ընդունվեց ԼՂՀ-ի պետական անկախության մասին հռչակագիր:

1991-1994 թթ. պատերազմի արդյունքում այսօր Արցախը ունի շուրջ 12 հազար քառակուսի կիլոմետր տարածք, որը ամրագրված է ԼՂՀ-ի մայր օրենքով՝ Սահմանադրությամբ: Այն ևս ընդունվել է դեկտեմբերի 10-ին: 2006-ի այդ օրը Արցախում անցկացվեց Սահմանադրության ընդունման հանրաքվե:

Երբ 1991-ին ԽՍՀՄ-ը փլուզվեց, Միացյալ Նահանգներն ու Եվրոպական Միությունը, ՄԱԿ-ն ու միջազգային մյուս հեղինակավոր կազմակերպությունները լուռ համաձայնությամբ ճանաչեցին Խորհրդային Միության մաս կազմող միութենական 15 հանրապետությունները միայն: Նմանօրինակ որոշում ընդունվեց նաև նախկին Հարավսլավիայի վերաբերյալ, որը կազմաված էր վեց հանրապետություններից:

2008-ի փետրվարին, սակայն, համաձայնությունը խախտվեց, երբ Արևմտյան աշխարհը ճանաչեց Կոսովոյի անկախությունը: Նախկին Հարավսլավիայի Դաշնության մաս կազմող Սերբիայի կազմում Կոսովոն ուներ մարզի կարգավիճակ: Ի պատասխան Կոսովոյի ճանաչման, Ռուսաստանը 2008-ի օգոստոսին ճանաչեց Վրաստանի մաս կազմող Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը:

Արցախի ճանաչման, ավելի ճիշտ՝ չճանաչման հարցում Ռուսաստանի և Արևմտյան աշխարհի դիրքորոշումը համահունչ է: Նրանք պատրաստ են ճանաչել ղարաբաղյան բանակցությունների յուրաքանչյուր վերջնարդյունք: Հայաստանը ևս չի ճանաչում Արցախը, քանի որ ճանաչելու դեպքում, ինչպես պնդում են պատասխանատուները, ղարաբաղյան կարգավորման բանակցությունները անիմաստ կդառնան:

Թաթուլ Հակոբյան

ՍիվիլՆեթ