Կամավորական շարժումը և ՀՅԴ կեցվածքը. Վահան Նավասարդյան

2540

ԱՆԻ կենտրոնը ներկայացնում է ՀՅԴ երևելի դեմքերից մեկի՝ Վահան Նավասարդյանի «Հ. Յ. Դաշնակցության անելիքը» գրքից մի հատված. այն պատասխան է Հայաստանի Հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունու՝ 1923-ին ՀՅԴ խորհրդաժողովին ուղարկված զեկուցագրի:

Բանվորական շարժումներ

IV

«Բանվորական առաջին մեծ շարժումների ժամանակ (1903-1906) Դաշնակցությունը ղեկավարվում էր՝ Բաքվում, Թիֆլիսում ու Բաթումում օտար սոցիալիստական կուսակցությունների քաղաքականությամբ ու գործելու եղանակով»:

Այս տողերը գրում է Քաջազնունին ցույց տալու համար, որ նաև այս հարցում Դաշնակցությունը «եղել է ոչ այնքան հեղինակ ու նախանձող, որքան հետևող այն շարժումների, որոնք առաջ են եկել իրենից անկախ»:

Ճշմարտության ոսկյա հատիկը զատենք այն սխալներից, որոնցով այնքան առատորեն ծանրաբեռնել է իր եզրակացությունը Քաջազնունին:

Ասացինք արդեն, որ ռուսահայությունը հազար ու մի թելերով կապված էր ռուս ժողովրդի ազգային, հասարակական և պետական կյանքի հետ: Ժխտել այս բացահայտ փաստը, այդ կնշանակեր բաց դռներ բախել: Ռուսական հզոր մշակույթը (մերի համեմատությամբ), հարուստ ու փարթամ ընկերային կյանքը (մեզ նկատի առնելով) չէր կարող իր խոր դրոշը չդնել ստորադաս ազգերից նաև փոքրաթիվ հայ ժողովրդի վրա: Այս ազդեցությունը շոշոփելի պիտի լիներ առավել ևս ընկերային հարցերում, որոնցով ռուս ժողովուրդն ապրում էր մեկ առանձին խանդավանքով ու մոլեգնությամբ:

Ապացո՞ւյց` Քրիստափորը, Սիմոնն ու Ռոստոմը. Դաշնակցության այս երեք հիմնադիրներից յուրաքանչյուրը մկրտվել ու կաղապարվել է ռուս քաղաքական մտքի գաղափարական ավազանում. Քրիստափորը նարոդովոլեց էր, Ռոստոմը՝ մարքսիստ, իսկ Սիմոնը՝ կոսմոպոլիտ: Հետագայում միայն հայ կյանքի երկաթյա թելադրանքի տակ նրանք եկան ու հարազատ հողի վրա համախմբվեցին միևնույն գաղափարական շենքի մեջ:

Մենք դատապարտելի ոչինչ չենք գտնում այն երևույթում, որ Դաշնակցությունն իր ղեկավարնրով մեկտեղ ազդել է իր ժամանակի լուսավոր մտքերից: Սա կատարվել է նաև այն պատճառով, որ ռուսահայ կյանքը, որտեղ ծնեց ու հզորացավ հայ քաղաքական կազմակերպությունը, ընկերային իր գունեղ կազմով ի վիճակի էր առանց ցնցումների հարազատելու այդ գաղափարը: Դատապարտելի պիտի լիներ, անշուշտ, եթե Դաշնակցությունը գար բռնի կերպով մեր կյանքում պատվաստելու մեկ վարդապետություն, որ խորթ է նրան և որ նախապես կապկորեն ընդօրինակել է նա մեկ այլ միջավայրից:

Ու ճիշտ այս անարդար մեղադրանքն է, որ Քաջազնունին ուղղում է իր վաղեմի կուսակցությանը:

Արժե այս կետի վրա կանգ առնել մի քիչ ավելի հանգամանորեն:

1903-ից Դաշնակցությունը մասնակցում էր արդեն ռուսահայության պայքարին:

1905-ին ընդունեց «Կովկասյան Նախագիծ»-ը, որից հետո հայ մարտական կուսակցությունը գործնականապես յուրացնում էր նաև դասակարգային կռիվը, իբրև առորյա պայքարի զենքից մեկը:

Ինչո՞վ էր արտահայտվում արդյոք Դաշնակցության ինքնությունն ու անկախությունը այս հարցերում:

Թերևս անգիտակցաբար, թերևս սոսկ բնազդական մղումով եղավ այնպես, որ Դաշնակցությունը յուրացրեց ընկերավարական մեծ վարդապետությունը, նախապես հայացնելով այն: Այսպես վարվեցին նաև մեր խնկելի նախնիները, որոնք որդեգրեցին ժամանակի մեծ մարդասերի ուսմունքը՝ Հայ Լուսավորչի կնիքը դնելով նրա վրա:

Զոմբարդի մի դիտողությունն ազգային ընկերավարությունների մասին իրականացավ հայ կյանքում՝ Հ. Յ. Դաշնակցության միջոցով:

Ինչի՞ մեջ արտահայտվեց սակայն Դաշնակցության ստեղծագործ մտքի անկախ և ինքնատիպ աշխատանքը:

Այս հարցի ճշգրիտ պատասխանը ստանալու համար նախապես հիշատակենք, որ Դաշնակցությունն ընկերվարության էր ձգտում հասնել.

ա. Ազգային հարցի սահմանում՝ լուծելով հայ քաղաքական դատը և կազմակերպելով ազգայնորեն իր շարքերը:

բ. Քաղաքական պահանջների շրջանում՝ կիրառելով պետական ապակենտրոն սկզբունքը:

գ. Հողային հարցում՝ յուրացնելով հողերի համայնացման տեսակետը և

դ. Պատմափիլիսոփայական ըմբռնումների բնագավառում, ընդունելով անհատի դերը պատմության մեջ, ուստի կիրառելով նաև այսպես կոչված «մեծ» ու «փոքր» ահաբեկումների սկզբունքը:

Այս չորս կետերը Դաշնակցության որդեգրած հասարակական ուսմունքի գլխավոր սյուներն էին, իրենց ուրույն ընկերաբանական հիմունքներով:

Արդյոք ո՞ր մեկը այս հիմնական կետերից նույնությամբ ընդօրինակեց Դաշնակցությունը և «անկախ իրենից» կիրառեց հայ կյանքում:

Այս հարցերից ամենից հիմնականը՝ ազգային հարցը, ընդհանրապես առաջինը լինելով բովանդակ Ռուսաստանի մեջ, Դաշնակցությունը վճռեց միանգամայն ուրույն և ինքնատիպ ձևով:

Նա, նախ՝ յուրացրեց ամբողջությամբ ազգային դատերի սկզբունքը և ապա՝ ընկերավարության հասնելու լավագույն միջոցը գտավ ընկերավարական ազգային կազմակերպությունների մեջ, ամփոփելով, այսպիսով, զուտ ազգային կազմակերպությունների սահմաններից ներս: Այս գետնի վրա ամրանալու համար Դաշնակցությունը հարկադրված էր ահագին պայքար տանել իր դեմ ծառացած, ներսից ու դրսից բազմաթիվ հակառակորդների դեմ: Նրանցից բարեմիտներն անգամ, եթե հոժար էին հաշտվելու ազգային դատերի, ընդհանրապե ազգային հարցի հետ նրա ընդհանուր, սկզբունքային առումով, ազգայնորեն կազմակերպվելու մտքի հետ բացարձակապես անկարող էին հաշտվել, համարելով այդ դեպի ազգայնականությունը տանող մի վնասակար ու գրգռիչ քայլ:

Այս գաղափարն անկարող էին մարսել մասնավորաբար ռուս ժողովրդի հեղափոխական մեծ կազմակերպությունները, որոնք ազգայնորեն տիրական դիրք ունենալով իրենց հայրենիքում, հոգեբանորեն անկարող էին մարսել (ոչ այսօր անշուշտ) ազգային ուրույն կազմակերպությունների գաղափարն և ընդհանրապես ազգային դատերի արդարացիությունը: Տասնամյակներ պետք է բոլորեին, հսկայական պայքարներ պետք է մղվեին, մասնավորաբար Ռուսաստանը պիտի ապրեր երկու մեծ պատերազմներ (1905ին և 1914ին) ու երեք մեծ հեղափոխությունները (1905-ի փետրվար և 1917-ի հոկտեմբեր ամիսներին), որպեսզի այս գաղափարները բացահայտ ճշմարտությունների շարքը դասվեին:

Նույնը՝ մի չափով նաև մնացյալ հարցերում. ճիշտ է, այս խնդիրներում հատկապես ռուս սոցիալ-հեղափոխականներն իրենց ազդեցությունն ունեցան Դաշնակցության վրա, սակայն իր հերթին նաև Դաշնակցությունն ազդեց այդ կուսակցության վրա: Մասնավորաբար, այսպես կոչված «փոքր ահաբեկումների» սկզբունքը (պետական ստորադաս պաշտոնյաների ու սովորական լրտեսների նկատմամբ) սոցիալ-հեղափոխականներն յուրացրին Դաշնակցությունից, մինչ այդ ընդունելով միայն «մեծ ահաբեկումների» կարևորությունը (ականավոր դեմքերի վրա ): Նույնը նաև ինքնօրինության հարցում: Դաշնակցությունը ոչ միայն որդեգրեց այդ հարցի մասին եղած տեսությունը, այլև ավելի ընդարձակեց ու խորացրեց այն, հասցնելով պարզ ինքնավարությունը մինչև ապակենտրոն պետական ձևին, մինչև պետական անկախության  աստիճանին:

Չմոռանանք, որ Դաշնակցությունն այս գաղափարները քարոզում էր մասնավորապես Անդրկովկասում, ուր ռուսական սոցիալ-դեմոկրատիայի ազդեցությունը, հատկապես վրաց ժողովրդի շնորհիվ, այնքան մեծ էր ու տիրական:

Ռուսական սոցիալ-դեմոկրատական մոլեգնորեն ժխտում էր.

Ա. Ազգայնորեն կազմակերպվելու գաղափարը,

Բ. Պետական ապակենտրոն սկզբունքը,

Գ. Հողերի համայնացումը և,

Դ. Ահաբեկչությունը:

Այս նույն սկզբունքները նույնպիսի մոլեռանդությամբ ժխտում էին նաև վրացի սոցիալ-դեմոկրատները, որոնք խմբված էին ռուսական կուսակցության մեջ, որդեգրած ունեին նրա դավանանքը և ճառում էին շարունակ համայն մարդկության և բովանդակ Ռուսիո անունից:

Սակայն տարիներ անցան, տասնամյակներ բոլորեցին, ուշքի եկան նաև վրացիները, որոնք կազմակերպեցին ազգայնորեն, ստեղծելով Վրաստանի (կարդա՝ վրացական սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, փարելով ապակենտրոնացման սկզբունքին մինչև բացարձակ անկախության գաղափարը, գործնականապես հեռու չմնալով նաև ահաբեկման փորձերից, իսկ սոցիալ-դեմոկրատիայի բոլշևիկյան թևը (նաև՝ վրացականը) չհրաժարվեց և հողերի համայնացման տեսակետից, անամոթաբար գողանալով այն սոցիալ-հեղափոխականներից ու այլանդակ ձևով կիրառելով կյանքում:

Եվ այս բոլորն իմանալուց հետո Քաջազնունին դեռ կարողանում է գրել.

«Մեր կուսակցությունը հատկապես պետք է գիտենա ու հիշի, որ ամենատագնապալի օրերին նա ապրել է ու գործել վրացի սոցիալ-դեմոկրատների հեգեմոնիայի տակ, քարշ է եկել նրանց փեշը բռնած». . .

Չմոռանանք ավելացնել, որ իր ուրույն ուսմունքի ու գործելակերպի շնորհիվ, Հ. Յ. Դաշնակցությունը, տեղափոխելով իր գործունեությունը նաև սահմանի այս կողմը, շատ կարճ ժամանակվա ընթացքում կարողացավ իր շարքերի մեջ առնել գրեթե բովանդակ հայ աշխատավորությունը, դառնալով նրա շահերի ու բաղձանքների միակ արտահայտիչն ու ղեկավարը վերջին երկու տասնամյակների փոթորկահույզ ու ճակատագրական շրջանում:

Սակայն Քաջազնունին ասում է, որ այս ամենն եղավ… «Դաշնակցությունից անկախ»:

                                                        Կամավորական շարժում

V

Հ. Յ. Դաշնակցությունը, հակառակ Էրզրումի պատմական ժողովի որոշման, ինչպես հայտնի է, գործուն մասնակցություն ունեցավ մեծ պատերազմում Թուրքիայի դեմ:

«Ինչո՞ւ», -հարցնում է Քաջազնունին:

«Ի միջի այլոց (ու մասնավորապես) այն պատճառով, որ վարակվել էին զանգվածային տրամադրություններից, տարվել էին տարերային հոսանքով», այլ խոսքով՝ ակամայից լծվել էին այն շարժումներին, որոնք առաջացել են «Դաշնակցությունից անկախ»:

Իսկապես որ սարսափել կարելի է հավատափոխի հոգեբանությունից: Այս վերաբերում է ոչ միայն Քաջազնունուն ու բոլոր Քաջազնունիներին, այլև մեզ ամենքիս, ընդհանրապես մարդկանց և նրանց ամենքին անխտիր:

Ահա ձեզ մեկ հետաքրքրական և ուսանելի նմուշ:

Հայ իրականության մեջ սրանից մոտ երեք տասնամյակ առաջ հասարակական ասպարեզ ոտք է դնում հայ ժողովրդի զավակներից մեկը Հ. Քաջազնունի անունով: Նա իր ուսերի վրա կրում է մի գլուխ, որ մոտ երեսուն տարի հավատարմորեն ծառայել է իր տիրոջ, սպիտակը՝ սպիտակ ցույց տալով ու սևը՝ սև: Սակայն անձնական և հասարակական կյանքի դառնություններով լեցուն մի դժբախտ օր, հեռավոր և օտար երկրում, տարագրության մի աղետալի շրջանում, Քաջազնունին բարձրանում է իր անկողնուց և զգում, որ իր գլուխն այլևս իրենը չի:

Մեկ տարի առաջ այդ գլուխը թելադրում էր Քաջազնունուն «Ճակատամարտ»-ի էջերից պահանջելու «ազատագրում օտար տիրապետություններից»:

Իսկ այսօր նա գտնում է, որ մեզ համար «դեռևս հարկավոր է մի դրսի ուժ, մի արտաքին հեղինակություն»:

Մեկ տարի առաջ այդ գլուխը հայտարարում էր, որ «եթե մի սև օր Դաշնակցության կրծքին հասցրած հարվածը մահացու լինի (ինչպես մարգարեանում են այսօր բոլշևիկները, ինչպես մարգարեանում է այսօր նաև Քաջազնունին), նա կլինի մահացու՝ ներկա պատմական շրջանում՝ նաև հայկական դատի համար»:

Իսկ այսօր նա փարձում է այդ «մահացու հարվածը հասցնել», գտնելով որ իր համար «Կեսարը թանգ է այնչափ միայն, որչափ նա պետք է Հռոմին», իսկ այդ Կեսարը՝ Հ. Յ. Դաշնակցությունը՝ այսօր «այլևս անղոր ու անպետք գործիք է» Հռոմի դատը՝ «հայ ժողովրդի ազատագրության գործը վարելու համար»:

Մեկ տարի առաջ Քաջազնունու գլուխը գտնում էր, որ Դաշնակցությունը «կապված է երկրի ու ժողովրդի հետ անքակտելի կապերով, իր բոլոր ջիղերով, իր միս մարմնով»:

Իսկ այսօր այդ գլուխը թելադրում է Քաջազնունուն հայտարարելու, որ Դաշնակցությունը «արդեն գաղութային է»:

Մեկ տարի առաջ Քաջազնունին հայտնում էր, որ Դաշնակցության «մահը կգա այն օրը միայն, երբ հայ ժողովուրդը կորցնի այն «հոգեբանությունը», որով ապրել է «ամբողջ երեսուն տարի»:

Իսկ այսօր նա գտնում է, որ «իսկական Դաշնակցությունը» ոչ միայն կենդանի կմնա, այլև մի նոր կենսունակություն կստանա, եթե միայն փոխվի այդ հոգեբանությունը և ասպարեզ գան նոր մարդիկ, «ուրիշ հոգեբանությամբ»:

Սակայն չերկարացնենք հակասությունների այս գիծը, որովհետև այս ամենը դեռ շատ թարմ է, պատահած ընդամենը… մեկ տարի առաջ:

Սարսափելի պիտի լիներ պարզապես, բառացիորեն ու տառացիորեն անսկիզբ ու անվախճան հակասությունների այն այլանդակ շարանը, որ տարիների ու տասնամյակների ընթացքում երկնել ու հյուսել է Քաջազնունին:

Նա գտել է, օրինակ, որ և՛ «հայ-թաթարական արյունահեղ ընդհարումնների» ընդդիմության, և՛ «բանվորական առաջին մեծ շարժումների», և՛ «եկեղեցական կալվածքների վերագրման», և՛ բովանդակ հայ ազատագրական պայքարի ընթացքում Դաշնակցությունը եղել է թե՛ հեղինակ ու թե՛ նախաձեռնող: Նա գտել է այսպես և այս ուղղությամբ գործել, խոսել ու գրել է: Սակայն այսօր, իր պարտության ու տարագրության մենաստանից Քաջազնունու դավաճան գլուխը հրահանգում է իր հնազանդ տիրոջ աներկբայելիորեն կրկնելու, որ, ոչ՛, այդ ամենը սխալ է եղել միանգամայն, փոխված են գույները, երևույթները, ժամանակները ու մարդիկ, փոխված է նաև Դաշնակցությունը: Դաշնակցությունն եղել ու դարձել է պարզ գործիք «զանգվածային տրամադրության» ու «տարերային հոսանքի» ձեռքին, և շարժել ու գործել է «իրանից անկախ»:

Մեղավո՞ր է արդյոք Քաջազնունին իր այս արտակարգ մետամորֆոզի մեջ: Հանցավո՞ր է արդյոք նա, որ երեկ, երբ իր տունն էր իբրև «մեկուսի» ու «ոչ կուսակցական» անդամ հզոր Դաշնակցության, այսպես չէր մտածում, իսկ այսօր, երբ նա տարագիր է ու հալածական, մտածում է ճիշտ այս ձևով: Ո՛չ, մեղավոր չէ: Մեղավորը նրա գլուխն է , որ նրան այսօր հրահանգում է երգել մի երգ, որ այնքա՜ն տարբեր է իր հին ու մշտօրյա երգից:

Քաջազնունին այլևս չի տեսնում, որ երևույթները ամբողջությամբ մնացել են նույնը, իրենց նախկին տեղերը, նախկին գույների ու երանգների մեջ, միանգամայն անփոփոխ, ճիշտ այնպես, ինչպես կային երեկ, անցյալի մեջ ու փոխվել են միայն ինքն ու իր մտածողությունը, փոխվել են ի՛ր կուռքերը:

Սա հստակորեն տեսնում են նրանք, որոնք դեռ չեն ենթարկվել Քաջազնունու գերազանցորեն մարդկային աղետին: Սակայն չշարունակենք այս ուղղությամբ, որովհետև սա մի ճամբա է, որ մեզ, անկախ մեր կամքից, կարող է առաջնորդել դեպի մեր նյութի հետ անմիջական աղերս չունեցող տարբեր բնագավառներ:

Միայն մեկ հիշատակություն:

Ռուսական վերիվայրումները Քաջազնունիներից հարյուրավոր ափ նետեցին: Ողբերգական է սակայն նրանցից հատկապես երկուսի ճակատագիրը. մեկը՝ ռուս մենշևիկ, իսկ մյուսը՝ ռուս գրագետ:

Առաջին 16 ամիս բանտ նստելուց հետո բանտում հղացել է իր հրապարակագրական գործերից մեկը, ուր սևով սպիտակի վրա գրված է հետևյալը.

«Բանտում մարդիկ ուսանում են և կյանք դուրս գալիս ավելի իմաստուն, ավելի հավասարակշռված ու քաղաքացիորեն ավելի ամբողջացած, հակառակ որ հաճախակի այդ իմաստությունը ձեռք են բերում հարազատների ու սիրելիների կորստով»:

Բանտ նետվելով իբրև մոլեռանդ հակաբոլշևիկ, այնտեղից դուրս է եկել մեր «իմաստուն» Բրոյդեն՝ իբրև ուխտյալ մեծամասնական:

Նույնը՝ նաև գրագետը:

Մինչև իսկ բանտային դաժան կյանքի սկզբնական շրջանում նա իր հոգու ու տաղանդի ամբողջ թափով անիծել է բոլշևիկյան կարգերը (գաղտնի գրություններով), սակայն ի վերջո, դառնալով «իմաստուն», դուրս է եկել բանտից, անսանձ գովքը շրթներին՝ Կրեմլի հասցեին:

Ասում են, որ երկուսն էլ շիտակ, ազնիվ, ուղղամիտ ու անկաշառ մարդիկ են:

Կասկած կա միայն… նրանց « իմաստության» մասին: Անկասկած է, որ չդիմացան երկուսն էլ և ընկան. . . ամենադաժան մահով:

Այո՛, եթե մինչև իսկ ընդունենք, որ Քաջազնունին զուրկ չէ «շիտակությունից ու տղամարդկությունից», որից զուրկ ենք, ըստ իր համոզումի, մե՛նք, նա, այնուամենայնիվ, զուրկ է «իմաստությունից»:

Երկու տարվա տարագրության կյանքին չդիմացավ նա, հարվածվեց հոգեպես ու նյութապես և, իբրև հասարակական մնացորդ, նետվեց ծովափ՝ զարդարելու համար իր նկարներով՝ հնչակյան թերթերը և իր հոդվածներով ռամկավար օրգանները:

Սեփական անձի արժանապատվության զգացումն ունեցող անհատի կյանքում ի՞նչ ավելի մեծ ողբերգություն կարող է լինել…

Սակայն անցնենք մեր նյութին:

Ճիշտ է. Էրզրումի պատմական ժողովը դեմ արտահայտեց Հ. Յ. Դաշնակցության գործուն մասնակցությանը մեծ պատերազմին ընդեմ Թուրքիայի: Ճիշտ է նաև այն, որ նույն կուսակցության Կովկասյան Արտակարգ ժողովը, բուռն վեճերից հետո, խախտեց այդ որոշումը՝ կամավորական գնդերով մասնակցելով ռազմական գործողություններին:

Ինչո՞ւ սակայն: Ինչո՞ւ այսպես եղավ: Եվ մի՞թե այս ասել է թե՝ Դաշնակցությունը «հետևեց շարժումներին, որոնք առաջ են եկել իրենից անկախ»: Արդյոք ո՞ւր պետք է որոնել կամավորական շարժման գաղտնիքը:

«Դրա մասին մենք պիտի մտածեինք 1914 թվին,- կրկնենք Քաջազնունու խոսքերը, որ նա ասում է մեկ այլ առիթով, երբ կազմում էինք կամավորական խմբեր, ավելի առաջ, երբ հիմնադրում էինք Դաշնակցությունը, է՛լ ավելի առաջ, երբ ոգևորվում էինք Րաֆֆիի վեպերով ու Գամառ –Քաթիպայի  «ազատ երգերով»…

«Պարապ բան կը լիներ հարց դնել այսօր, թե պե՞տք էր ասպարեզ գային մեր կամավորականները: Պատմական երևույթներն ունեն իրենց սեփական ու անխորտակելի տրամաբանությունը: 1914 թվականի աշնան հայ կամավորական խմբերը կազմվեցին ու կռվեցին թուրքերի դեմ, որովհետև չէին կարող չկազմվել ու չկռվել. սա բնական ու անխուսափելի հետևանք էր մի հոգեբանության, որով սնվել էր հայ ժողովուրդը առնվազն մի քառորդ դար առաջ, մի ամբողջ սերունդ. Այդ հոգեբանությունը պե՛տք է գտներ իր արտահայտությունը ու գտավ»:

Մի այլ տեղ Քաջազնունին հայտնում է, որ այդ «մի քառորդ դար» իր «երկար ու դժվար աշխատանքով, իր արյունալի պայքարով ու ահռելի զոհաբերություններով» պատկանում է բացառաբար Հ. Յ. Դաշնակցության:

Ահա սա արդեն ճիշտ է: Այստեղ տրված է հարցի միակ ճշգրիտ պատասխանը, որ իրոք բխում է իրակյնությունից և իսկապես որ համապատասխանում է նրան: Հ. Յ. Դաշնակցությունը մոտ երկուսուկես տասնամյակի ընթացքում, «երկար ու դժվար աշխատանքով, արյունալի պայքարով ու ահռելի զոհողություններով» ստեղծել էր «պատմական երևույթների սեփական ու անխորտակելի տրամաբանություն», որից «բնական ու անխուսափելի» ձևով բխում էին կամավորական շարժումներին ընթացք և ուղղություն տվող հոգեբանությունն ու ձեռներեցությունը:

Իսկ այսպիսի պայմաններում այդ խմբերը, ինչպես շատ ճիշտ նկատում է նաև Քաջազնունին, իսկապես որ «չէին կարող չկազմվել» ու «չէին կարող չկռվել»:

Կամ, ինչպես մենք, խոսելով այս նույն հարցի մասին մեկ այլ առիթով, պատեհություն ենք ունեցել կրկնելու.

«Եղավ այն, ինչ պիտի լիներ ու եղավ այնպես, ինչպես պիտի լիներ»:

Դաշնակցությունն իր քառորդդարյան գործունեությամբ, 1890-ից մինչև 1914-ը, արդեն ստեղծել էր «կամավորական շարժումները» հայ ժողովրդի մտքի և հոգու մեջ, դարձել էր այն մեր կյանքի «բնական և անխուսափելի» պահանջը, պատմական անցյալի «անխորտակելի տրամաբանությունը»:

Այն, ինչ եղավ 1914-ին, մինչ այդ, ահռելի զոհողությունների գնով, հոգեբանորեն արդեն նախապատրաստված էր հայ զանգվածների համար:

Մի արտակարգ ժողովում և մատների մի հանկարծակի բարձրացումով անկարելի էր շրջել ամբողջ անցյալը, հիմն ի վեր դնել բովանդակ հայ ազատագրական պատմությունները և ստանձնել հայ մարդու պոռթկումը, որի հոգին ու միտքը արդեն դեգերում էին Ավետյաց Երկրի երկնակամարի տակ:

Հնարավո՞ր էր արդյոք կամովին ողջակիզության չգնալ դեպի սերունդների գեղեցկագույն երազների աննման օջախը:

Հնարավո՞ր էր արդյոք հանգիստ նստել տունը, մնալ լոյալ Թուրքիայի հանդեպ, երբ Հայ Դատի ազատագրության երկունքն էր սկսված: Եթե այո, ապա ինչո՞ւ պայքարեցին Դաշնակցության հզոր շնչի տակ թրծված սերունդները: Ինչո՞ւ ստեղծվեց ու ծիլ տվեց հայկական ազատամարտը: Ինչո՞ւ համազգային ու համատարած Պանթեոն դարձավ մեր խնկելի նախնյաց աննման հայրենիքը Արարատի փեշերից մինչև Վան, մինչև Մուշ ու Էրզրում:

Մի՞թե այս ամենն իզուր եղավ: Անշուշտ, ոչ: Արդարն ու իրավացին, բնականն ու հասկանալին Կովկասի  Արտակարգ Ռայոնական ժողովի որոշումն էր և ոչ Էրզրումի համագումարի հեռատես, բայց ուշացած իմաստությունը: Եվ այդ պատճառով Հ. Յ. Դաշնակցության IX-րդ Ընդհանուր ժողովը, ուր հանգամանորեն քննության առնվեցին Բյուրոների զեկուցումները Ռայոնական ժողովի որոշման և կամավորական շարժման մասին, որոշեց.

«Նկատելով՝

Ա. որ հայկական կոտորածները կբխեին պատմականորեն և փաստորեն ապացուցած Երիտասարդ թուրքերի համաթուրանական հայաջինջ քաղաքականությունից,

Բ. որ կամավորական շարժումը անխուսափելի հետևանք էր Համաշխարհային պատերազմից բխած քաղաքական վերիվայրումների, որոնք անհնար կդարձնեին հայ ժողովրդի չեզոքությունը,

Գ. որ այդ շարժումը հայ ժողովրդի պատմական տենչերի և ձգտումների ինքնաբուխ արտահայտությունն էր:

Դ. որ Հ. Յ. Դաշնակցությունը չէր կարող այդ պատմական այդ վայրկյանի առջև մնալ անտարբեր և թույլ տալ, որ ժողովրդային այդ շարժումը մնար անղեկ:

Նկատելով միաժամանակ, որ կամավորական շարժումը լինելով Հ. Յ. Դաշնակցության տարիների հեղափոխական գործունեության տրամաբանական և հետևողական արտահայտությունը, կուսակցությունը պետք է այդ շարժումը ղեկավարեր…..»

Որոշում է

«…այդ շարժումը նկատել հայ ժողովրդի ինքնապաշտպանական մեկ պատմական փաստ և մեր քաղաքական ազատագրության ազդակ»:

Ահա այս արդեն ճիշտ էր:

Երևանի Ընդհանուր ժողովը կարող էր ընդունել, որ Էրզրումի պատգամավորները օժտված են եղել հեռատես իմաստությամբ, սակայն նա չէր կարող չմբռնել, որ արդար ու իրավացի են եղել իրենց որոշման մեջ նաև Կովկասի Արտակարգ ժողավի անդամները:

1914 թվականն ակնբախորեն ցույց տվեց, որ Հ. Յ. Դաշնակցությունն ի զուր չէր ապրել հայ կյանքում: Նա ստեղծել էր «պատմական երևույթների անխորտակելի տրամաբանություն», որի «բնական ու անխուսափելի հետևանքն» էր նաև համազգային կամավորական շարժումը:

Սակայն Քաջազնունին ասում է, որ այս ամենը եղավ… Դաշնակցությունից անկախ:

Շարունակելի, նախորդ հատվածը՝ https://www.aniarc.am/2015/12/20/vahan-navasardian-part-11/