Ադրբեջանի ձեռքն էր Հայաստանի հաղորդակցութեան բանալին. Ռուբէն Տէր Մինասեան

1624

Հատուած Ռուբէն Տէր Մինասեանի ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆԸ աշխատութիւնից: Ռուբէն Տէր Մինասեանը եղել է ՀՅԴ Բիւրօյի անդամ, Հայաստանի Հանրապետութեան երրորդ ռազմական նախարարը:

Այս հատուածի խորագիրը ԱՆԻ-ինն է:

________________________

Գլուխ Դ.

Ադրբեջանը տեսնում էր, որ հայերը չպիտի ընդառաջ գնան իր ցանկութեանց, բայց նա վճռած էր կանգ չառնել եւ ոչ մի միջոցի առջեւ: Ի՞նչ տուեալների վրայ նա յենուած կը մշակէր այդքան լայն ծրագիր, որի հետեւանօք հայ ժողովուրդը համարեա ստրկութեան պիտի դատապարտուէր եւ նրա անկախութեան ձգտումը պիտի դառնար մի ֆիքցիա: Ինչո՞ւ նա այդքան անողոք եւ վճռական էր Հայաստանի վերաբերմամբ:

Ադրբեջանի ցանկութիւնը՝ կրճատելու Հայաստանը, չունէր ոչ կրօնական բնոյթ եւ ոչ էլ թելադրուած էր ատելութիւնից եւ վրէժից, այլ պարզ հաշուի հարց էր, եւ բխում էր Ադրբեջանի քաղաքական եւ ազգային բնական պահանջներից: Մենք տեսանք, որ Անդրկովկասեան հայկական գաւառներում 700.000ից  աւելի իսլամներ կային, որոնցից 80 առ հարիւրը թաթար էին ցեղով, իրենց արիւնակից եւ կրօնակից: Ադրբեջանի ազգային արթնացման այդ շրջանում, բնական պիտի համարել, որ նա ձգտէր միացնել իրեն այդ 700.000 թուրք-թաթարութիւնը. սա բաւարար պատճառ էր, որ ինչ դրութիւն էլ լինէր Հայաստանում իսլամների վերաբերմամբ, միացման ծրագիրը առաջ գար նրանց մէջ, ինչպէս եւ առաջ էր եկած հայոց մէջ Միացեալ եւ Անկախ Հայաստանի գաղափարը՝ նոյն հոգեկան եւ ազգային հիմքերի վրայ:

Բացի դրանից, վերազարթնող Ադրբեջանի առջեւ բացուած էր մի այլ հեռանկար, այն է՝ միանալ ե՛ւ Պարսից Ատրպատականին, որտեղ 2 միլիոնից թաթարութիւն կ’ապրէր նոյն ցեղից եւ նոյն կրօնից. ինչո՞ւ այժմեանից ճանապարհ չբանալ այդ ուղղութեամբ: Բայց այդ ճանապարհի վրայ կանգնած էր Հայաստանը իր Ղարաբաղ, Զանգեզուր, Նախիջեւան, Շարուր եւ այլ գաւառներով, ուստի անհրաժեշտ էր այդ գաւառները նախ միացնել, ապագայի լայն ծրագիրների իրագործման նպատակով:

Այս երկուսը նրա ազգային հիմնական մղիչ ուժերն էին. դրա վրայ կարելի էր աւելացնել եւ տնտեսական պատճառներ, որոնք աւելի հրահրելու էին եւ արագացնելու նրա ազգային դիտաւորութիւնները: Օրինակ վերցնենք միայն արօտատեղիների, եայլաների խնդիրը, որը խիստ կենսական էր Ադրբեջանի համար. առանց փոքր Կովկասի լեռների խաշնարածութիւնը եւ կենդանիները մահուան են դատապարտուած Ադրբեջանի տափաստաններում. նոյնիսկ ազգաբնակչութիւնը կարիք ունի իր առողջութեան եւ տնտեսական կարիքների համար այդ լեռներին: Այդ հանգամանքը կպչում էր թաթարի գրպանին եւ աւելի գրաւիչ դարձնում Հայաստանի լեռնագաւառները կորզելու գաղափարը: Ազգային հարցը ձուլւում էր տնտեսականի հետ եւ աւելի ոյժ ու թափ էր տալիս Հայաստանի ոչնչացման գաղափարին:

Ադրբեջանն ունէր եւ մի ուրիշ հիմնական քաղաքական ուղղութիւն. նա կ’ուզէր յենարան ունենալ իր անկախութիւնը պահելու եւ ազատուելու ռուսի եւ այլոց յարձակումներից, եւ այդ յենարանը կը տեսնէր յանձինս Թուրքիոյ: Այսպէս թէ այնպէս, թուրքն էր նրան ազատել եւ անկախ դարձրել, եւ 1919ին, թուրքերն էին ղեկավարը Ադրբեջան երկրին՝ յանձինս Նուրի եւ Խալիլ փաշաների: Բնական էր, որ թուրք ղեկավարները ցանկային միացնել Բագուն՝ Մակուի եւ Կարսի վրայով, Անգորա-Պոլսի հետ, եւ թաթարներն էլ այդ պիտի ցանկանային, քանի որ այդ միջոցով միայն ամուր յենարան պիտի ունենային Թուրքիայի մէջ:

Այս երեք հիմնական պատճառներն էին Ադրբեջանի շարժիչ ուժերը. բայց կային հաւանականութիւններ յաջողութեան. կային պատճառներ, որ այս ծրագիրը համարուէր իրագործելի եւ նպատակայարմար:

Պիտի ասել, որ այդ ծրագիրը տեսականօրէն ամենից դիւրինն էր իրագործելու, եւ ըստ երեւոյթին, առանց մեծ զօրքերի Ադրբեջանը պիտի հասնէր իր նպատակներին, որովհետեւ բոլոր տուեալները անոր կողմն էին: Ոչ մի ուժ չէր երեւում, որ կարողանար դրմագրաւել իր ցանկութեանց: Ասածներս պարզելու համար ներկայացնենք 1918 թուի դրութիւնը:

Ադրբեջանին վտանգ սպառնացող Դենիկինեան եւ բոլշեւիկ ուժերը այնքան էին զբաղուած իրարու հետ, որ նրանք առանձին վտանգ դեռ չէին ներկայացնում: Յամենայն դէպս, Հայաստանը փրկելու համար օգնութեան չպիտի փութային՝ իրենց բան ու գործը թողած: Ընդհակառակն, լեռնային Դաղստանը համարեա անկախ էր եւ մի պատուար իրեն եւ ռուսի մէջտեղ: Իր արեւմուտքում, Վրաստանը չէր շահագրգռուած Ղարաբաղի, Նախիջեւանի եւ այլ խնդիրներով. նա, կա՛մ բարեացակամ կամ չէզոք պիտի մնար Հայաստանի կործանման հանդէպ, որովհետեւ Ադրբեջանը Հայաստանի հարաւից իրեն ճամբայ բանալով իր ազգային քաղաքական նպատակների համար, պիտի մոռնար Բորչալուն եւ այլ հարցերը: Եթէ Վրաստանը շատ հեռատես էլ լինէր, դարձեալ նա չէր կարողանալու ժողովրդական պատերազմ անել իր դէմ՝ յանուն Հայաստանի պահպանման:

Հարաւում, Պարսկաստանը, իր Ատրպատական երկար նահանգով, ինքը ընկած էր քեմալական ուժերի ազդեցութեան ներքեւ. Մակու եւ այլուր, տաճիկն [թուրքը-խմբ. ԱՆԻի] էր ուղղութիւն տուողը: Պարսկաստանը չէր որ իր չէզոքութիւնը խախտելով, պիտի յանուն Հայաստանին միջամուխ լինէր Ադրբեջանի գործերին:

Թուրքիան բարեկամ էր եւ օժանդակող, քանի որ թուրքի ծրագիրն էր որ կ’իրագործուէր, իսկ Դաշնակիցները՝ թաթարները տեսած էին հենց իրենց աչքով, որ գնում են եւ չեն ուզում ուժ գործադրել:

Էլ ո՞վ էր մնում այդ ծրագրի դէմ ելլելու. միայն հայութիւնը: Ադրբեջանը շատ լաւ գիտէր հայութեան թէ՛ հոգեկան եւ թէ ֆիզիքական վիճակը: Նա գիտէր, որ պիտի իր դէմ ծառանան, ամենից շատ, 1.200.000 հայերը, որ կ’ապրին Հայաստանում եւ վիճելի հողամասերում, բայց նա կարող էր հաշուել, որ այդ 1.200.000ից անց թաթարութիւն, ուրեմն, թիւի եւ քաղաքական դրութեան կողմից, բոլոր տուեալները իրենց կողմն էին:

Հայերը գուցէ դրամ եւ զէնք ունէին կռուելու համար: Բայց Բագուի մի հորը միայն՝ այնքան եկամուտ է տալիս որքան ամբողջ Հայաստանը իր ունեցածով: Ճիշդ է, հայերն ունէին պատրաստուած սպաներ եւ զինուորութիւն, բայց, դրան փոխարէն կային թուրք սպաներն ու չաւուշները: Դրա վրայ պիտի աւելացնել, որ Ադրբեջանի ձեռքն էր Հայաստանի հաղորդակցութեան բանալին. եթէ նա ուզենար կարող էր դադարեցնել երթեւեկը Հայաստանում՝ մազութ (քարիւղ) չտալով: Այս եւ բազմաթիւ այլ տուեալներ յօգուտ Ադրբեջանի յաջողութեան կը խօսէին, եւ բնաւ անհաշիւ չէր նրա կողմից չափուիլը Հայաստանի եւ հայ ժողովուրդի հետ:

Ադրբեջանը մի խիստ կարեւոր առաւելութիւն եւս ունէր, որ յաճախ աչքաթող ենք արած, բայց որը ամենավտանգաւոր զէնքը կարող էր լինել անոր ձեռքին: Մենք՝ վիճակագրութիւնը միայն ի նկատի առնելով ասում ենք.- «Հայաստանը Հայաստան է, որովհետեւ հոն ապրող ժողվուրդներիմէջ հայերը կա՛մ համեմատական կամ բացարձակ  մեծամասնութիւն են կազմում»: Այդ այդպէս է, երբ նկատի կ’առնենք ժողովուրդների թիւը, եւ մոռանում ենք նրանց բռնած տարածութիւնը: Եթէ Երեւան, Կարս նահանգների ոչ թէ ժողովուրդների թիւը, այլ նրանց բռնած երկրամասը ի նկատի առնենք, այդ պարագային պիտի գայինք, 1919ին, այն շատ տխուր եզրակացութեան, որ Հայաստան չկայ, որ Հայաստանը իր բռնած տարածութիւններով, գիւղերի քանակով, աւելի Թաթարիստան է քան թէ Հայաստան: Չպիտի վրդովուիլ փաստի առաջ, այլ հաշուի առնել: Եւ եթէ այդպէս մօտենանք հարցին, կը տեսնենք, որ Երեւանեան նահանգում կային հետեւեալ գիւղախումբերը.

ԵՐԵՒԱՆԵԱՆ ՆԱՀԱՆԳԻ ԳԻՒՂԵՐԸ

Զուտ հայ գիւղախումբ                                       28

թաթար                                                        18

քիւրտ                                                           6

ռուս                                                               9

Հայ եւ թաթար խառն գիւղախումբ                    52

——

113

Դրանից պիտի եզրակացնել.

1.- Որ թէեւ Երեւանեան նահանգում հայերը մեծամասնութիւն էին կազմում, բայց նրանք համախմբուած են եղել խոշոր կեդրոններու. իսկ թուրքերն ու քիւրտերը աւելի փոքր կեդրոնների մէջ են տեղաւորուած եւ բռնած մեծ տարածութիւններ համեմատած իրենց թուի հետ:

2.- Որ գիւղախմբերի կէսը բնակուած լինելով հայ-թաթար խառն բնակչութեամբ, իսկ մէկ քառորդը լինելով զուտ թաթար կամ քիւրտ, Երեւանեան նահանգը իրօք վէճի առարկայ կարող էր լինել երկու ժողովուրդների միջեւ:

3.- Որ եթէ թաթարների կազմակերպումը լաւ տարուելու լինէր Հայաստանում, խիստ դիւրութեամբ այդ տարածութիւն բռնող թաթարները պիտի պայթեցնէին բերդը ներսից եւ զայն գրաւէին:

Եթէ ուսումնասիրելու լինենք գիւղերի դասաւորումը, էլ աւելի տխուր պատկեր պիտի տեսնենք: Պիտի տեսնենք, որ հայերը, լինելով հանդերձ երկրի տէրը, բնակւում են լեռների փէշերում, հեռու գլխաւոր ճանապարհներից, որոնք բռնուած են թաթարով եւ ռուսով: Մանրամասնութիւնների մէջ մտնել չ’արժեր, քանի որ վերեւի թիւերը բաւական են պարզելու այն դժուարութիւնները, որոնց առաջ պիտի կանգնէր հայն ու նրա կուսակցութիւնը՝ Դաշնակցութիւնը:

Աւելի սարսափելի պատկեր կը ներկայացնէր Կարսի նահանգը, որտեղ թէեւ մենք համեմատական մեծամասնութիւն էինք, բայց թէ երկիրը բնաւ մերը չէր: Տեսնես թիւերը.-

ԿԱՐՍԻ ՆԱՀԱՆԳԻ ԳԻՒՂԵՐԸ

Զուտ հայ գիւղախումբ                                                    2

Հայ, քիւրտ, թուրք խառն գիւղախումբեր                      2

Զուտ տաճիկ գիւղախումբ                                              8

Զուտ քիւրտ գիւղախումբ                                              13

Զուտ յոյն գիւղախումբ                                                     3

Զուտ ռուս գիւղախումբ                                                    8

Զուտ ղարափափախ գիւղախումբ                                  3

——-

39

Գոնէ պարզ էր այս նահանգի պատկերը: Եթէ Երեւանի նահանգը ըստ տարածութեան վիճելի ասպարէզ էր, Կարսի նահանգը անվիճելիօրէն, ըստ բռնած տարածութեան, յամենայն դէպս, հեռու էր Հայաստան լինելուց՝ 39ի վրայ 2:

Ազգաբնակչութեան այս ձեւի անհամաչափ դասաւորումը պատճառ պիտի դառնար, Հայաստանի զանազան անկիւներում, ապստամբութիւնների ծագելուն եւ անջատողական կամ ինքնիշխանական տենչերի զարգանալուն. այդպիսի պարարտ հողի մէջ, բնականօրէն, թէ՛ թաթար Ադրբեջանը եւ եւ թէ Տաճիկստանը պիտի կարողանային դիւրութեամբ իրենց ծրագիրները ամրացնել եւ պատուաստել: