Արմատներում կանգնած է ՀՅԴ-ն, բայց դա դաշնակցական հանրապետություն չէր. Հրանտ Մարգարյան

2537

Այն, ինչ Հայաստանում կոչվում է ազգ-բանակ, ես կկոչեի համաժողովրդական բանակ

Հարավային Ամերիկայի հայաշատ գաղութներ այցելությունների շրջանակում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը հարցազրույց է տվել Ուրուգվայի «Կոմիտաս» ռադիոկայանին:


Կարո Հեքիմյանի հետ զրույցում Հրանտ Մարգարյանն անդրադարձել է տարկետման մասին օրենքին, Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին, ինչպես նաև Արամ Մանուկյանի արձանի տեղադրման հարցին:

Մեզ շատ են հետաքրքրում Հայաստանը, Հայաստանի ժողովուրդն ու, ամենակարևորը, Հայոց բանակը: Վերջերս հատկապես ուսանողության շրջանում բանավեճի մեծ թեմա էր տարկետման մասին հարցը: Կան մարդիկ, ովքեր դեմ են այդ օրենքի ընդունմանը, և կան մարդիկ, ովքեր կողմ են: Դուք ի՞նչ կարծիք ունեք այդ մասին:

– Հայկական իրականությունը շատ մեծ փոփոխություն է ապրել քառօրյա պատերազմից հետո: Մեծ է նաև փոփոխությունը, որ տեղի է ունենում բանակում: Քառօրյա պատերազմից հետո, ներքին առումով՝ հայաստանյան կյանքի իմաստով, փորձում ենք գոտիներս պնդել: Փորձում ենք անել այն, ինչ մեր ձեռքից բաց ենք թողել և չենք արել նախորդ տարիներին: Հարցերը կարգավորելու ճիգը՝ երկրում աշխատանքային նոր հնարավորություններ ստեղծելու, որպեսզի ժողովուրդը, երիտասարդությունը մնա երկրում, ակնհայտ է: Այսինքն՝ առաջընթաց կա: Չեմ ցանկանում չափազանցնել, բայց մենք երկար ժամանակ ասում էինք՝ թունելի վերջում լույս չկա: Հիմա այդ լույսը երևում է, հույսի նշույլը կա: Սա, իհարկե, դրական է: Ինչ վերաբերում է բանակին, ես քաջատեղյակ եմ այդ օրենքից, և կարծում եմ՝ շատ ճիշտ որոշում է: Նախարարության նախաձեռնությունը մի քանի բան է հաջողեցնում: Նախ` հաջողեցնում է, որ բանակում կոռուպցիան վերացվի, մարդիկ այլևս չունենան իրենց զավակներին բանակային ծառայությունից ազատելու հնարավորություն: Ծառայությունը պետք է պարտադիր լինի բոլորի համար՝ համահավասար: Բոլորն անխուսափելիորեն պետք է գնան բանակ: Իսկ տարկետման օրենքի մասին նույնպես կարծում եմ՝ մտահոգություններ չկան այս դեպքում, որովհետև մարդիկ հանգիստ կարող են շարունակել իրենց ուսումը, իսկ համալսարանն ավարտելուց հետո, որպես սպա, մտնել բանակ: Քառօրյա պատերազմից հետո էլ, այսօր էլ նկատելի է, որ ինչ-որ ուժեր մտադիր են բանակի դեմ միշտ պայքարել, բանակը վարկաբեկել, բանակին չթողնել, որ ունենա համապատասխան արժանապատվություն և տեղ հասարակության մեջ: Ես շատ դրական եմ գնահատում այսօր բանակում տեղի ունեցող բարեփոխումները: Դրանից մեր երկիրը կշահի: Ի վերջո, այն, ինչ Հայաստանում կոչվում է ազգ-բանակ, ես կկոչեի համաժողովրդական բանակ: Մեր երկրին անհրաժեշտ է, որովհետև մենք փոքրաթիվ ժողովուրդ ենք և շատ երկար սահմաններ ունենք պաշտպանելու: Մենք մարդուժի խնդիր ունենք և այդ հարցը պետք է կարողանանք լուծել նաև` ժողովրդին համապատասխան ձևով կազմակերպելով: Այսօր ինչ դրված է սեղանին` որպես բարեփոխում, ամբողջությամբ դրական եմ գնահատում:

Ուսանողության մի մասը մտածում էր, որ այս օրենքը կնպաստի դասալքությանը: Այդ մասին ի՞նչ կասեք:

-Ո՛չ, այդպես չէ: Այդ օրենքով դու ուսումդ շարունակում ես, միաժամանակ՝ բանակային կրթություն ստանում: Եթե դու պարտավորվում ես երեք տարի ծառայել` որպես սպա, և վճարվում ես դրա համար, ապա պետությունը նաև հանձն է առնում ուսանողության ծախսը: Անգամ դրանից հետո, եթե ուսանողը ցանկանում է ընդունվել ասպիրանտուրա, դարձյալ պետությունը վճարում է դրա համար: Սա երկկողմանի նպաստավոր է: Այսպիսով` մարդը չի կարող ուսանելու անվան տակ խուսափել բանակից:

Առաջիկայում Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակն է: Սփյուռքում լայնածավալ աշխատանքներ են ընթանում այդ առիթով, սակայն նույնը չենք նկատում Հայաստանում: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի աշխատանքները սկսել էինք դրանից դեռևս չորս տարի առաջ, սակայն նույնքան աշխատանք չի տարվում Հայաստանի Հանրապետության 100-ամյակի համար: Տարօրինակ չէ՞ սա:

-Մեծ տարբերություն կա: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը հայ ժողովրդի համար միանշանակ բովանդակություն և իմաստ ուներ: Մայիսի 28-ի անկախության և պետականության վերականգնման տոնը նույնանման ընկալում չունի, որովհետև թեման քաղաքականացված է: Խորհրդային միության ժամանակաշրջանում 70 տարի արգելված էր պետականության վերականգնման տոնը նշել, և սա դժվարացնում է հարցը: Եվ այն մարդիկ, ովքեր 70 տարի կրողն են եղել այդ մոտեցումի, այսինքն՝ անտեսել կամ արհամարհել են Մայիսի 28-ը, այսօր էներգիայով դա կրում են իրենց մեջ և, բնականաբար, ինչ-որ տեղ ընդդիմանում են: Ինձ համար կարևորը դա չէ, այլ այն, որ, վերջիվերջո, մեր պետականությունը Հայաստանի Հանրապետության 100-ամյակի շեմին անհրաժեշտ լրջությամբ է մոտենում այս խնդրին, և նույնիսկ այդ ուժերը, որ 70 տարի ինչ-որ քաղաքական պատճառով անտեսել են այդ փաստը, այսօր վերադառնում են նշելուն. դրանով պետք է հպարտանալ, դրանով մենք չպետք է այլ մթնոլորտ ստեղծենք: Այս պետականությունը հայոց պետականություն է: Ճիշտ է, որ արմատներում կանգնած ենք մենք՝ Դաշնակցությունը, բայց դա դաշնակցական հանրապետություն չէր. այդպիսի հանրապետություն չի լինում: Պետականությունը լինում է ազգային, և դա բոլորինն է, այդ տոնն էլ է բոլորինը, այլ ոչ թե միայն մերը: Եվ եթե այսօր կա հնարավորություն, որ, 100-ամյակից սկսած, մենք այս տոնը միացյալ տոնենք, արդեն լավ է: Ասում է՝ երբ վնասի դեմն առնում ես, շահ է: Երբ սխալը սրբագրվում է, արդեն լավ է: Իմ կոչը դաշնակցականներին պիտի լինի այն, որ համեստ լինեն և այդ փաստն անընդհատ չմտցնեն սրա-նրա աչքը: Ինչ վերաբերում է մյուսներին` սա իսկապես ազգային-պետական տոն է, խորհուրդ եմ տալիս նրանց՝ կուսակցական, քաղաքական նկատառումներով գինու մեջ ջուր չխառնեն: Նշեն տոնը այնպես, ինչպես արժանի է:

Բայց կան նաև այնպիսի մարդիկ, որ անգամ քննարկում են` դնել, թե չդնել Արամ Մանուկյանի արձանը:

-Այդպիսի մարդիկ այնքան քիչ են, որ չարժե մտահոգվել կամ կարևորել: Դրանք հազվագյուտ մարդիկ են: Փաստն այն է, որ Արամն իր արժանի տեղն է գտնում: Շատերը կասեին, որ Հանրապետության հրապարակն է Արամի արժանի տեղը, բայց ես այդպես չեմ կարծում: Այն տեղը, որ նախատեսել էինք նրա արձանի տեղադրման համար, նրան արժանի է: Այդ փաստով պետք է ոգևորվել: Այդ մի քանի հոգուն էլ, եթե կան, որոնք դեռ կարծրատիպերը չեն կարողացել հաղթահարել, դեռ բարդույթավորված են, դեռ նեղմտության մեջ մեռնում են, պետք է անտեսել, որովհետև այսօրվա մթնոլորտի մեջ չպետք է թողնենք, որ այդ տեսակի երանգներ մտնեն: Այսօրվա մթնոլորտի մեջ քաղաքական երանգ չպետք է մտնի: Մայիս 28-ը` որպես ազգային տոն, ոչ կուսակցական տոն է և պետք է նշվի մեր ժողովրդի կողմից:

Մի քանի տարի է՝ Հայաստանում ավելանում է երդում տված դաշնակցական երիտասարդների և Դաշնակցության շարքերն անցնող երիտասարդների թիվը, ինչը հուսադրող է: Այսինքն՝ ճիշտ չէ այն միտքը, թե Հայաստանում կուսակցությունը թույլ է: Ի՞նչ կասեք այդ մասին:

-Նախ ասեմ՝ Դաշնակցության ուժը, կարողականությունը քվեների չափով չի կշռվում: Հավատալով եմ ասում, և ասածիս մեջ կուսակցական «ես»-ը չի խոսում` Հայաստանում ամենակազմակերպված, ամենագաղափարական կուսակցությունը Դաշնակցությունն է, և դա լավ բան չէ: Կուզեի մի քանի այդպիսի կուսակցություններ լինեին, որ իրական մրցակցություն լիներ, իրական մթնոլորտ լիներ, բայց փաստն այդպիսին է: Երիտասարդության մուտքը կուսակցություն իսկապես ակներև է: Վերջին շրջանում կուսակցության մեջ բավական մեծ թվով անդամներ են ավելացել, և նրանց ճնշող մեծամասնությունը՝ գերմեծամասնությունը, երիտասարդներ են: Բանն այն է, որ գուցե կուսակցությունը մի քանի տարի կազմակերպական ցանցի ընդլայնմանը կարևորություն չէր տալիս, սակայն հիմա նոր թափով իրականացվում է: Ինչպես 1990 թվականին մենք կազմակերպվեցինք` իբրև երիտասարդների կուսակցություն, այսօր նույնպես այդ ձևով ենք վերակազմակերպվում: Իհարկե, դա հավելյալ պարտավորություն է դնում մեզ վրա, քանի որ այդ երիտասարդության հետ պետք է աշխատել, նրանց պետք է տալ ինքնադրսևորվելու ասպարեզ, որպեսզի իմաստ ունենա այդ ամենը: Այս առումով էլ մենք պետք է ուշադիր լինենք, որպեսզի երիտասարդությունը մեզ մոտ ինքնադրսևորման նոր ասպարեզ գտնի:

Անդրադառնանք Սփյուռքի խնդիրներին: Այցելեցիք Հարավային Ամերիկայի ամենահեռավոր գաղութները: Այստեղ գտնվելու մեկ շաբաթվա ընթացքում Դուք ի՞նչ խնդիրներ նկատեցիք՝ մի քանի տարի առաջ Ձեր այցելության հետ համեմատելով:

-Մարդու մոտ շատ հակասական զգացումներ են առաջանում, երբ գալիս է Հարավային Ամերիկա: Հայաստանից այսքան հեռու, բայց այսքան հարազատ: Իսկապես դա զարմանալի է: Օրինակ` երեկ եղա Կորդոբայում, երիտասարդ մի կազմ եմ տեսել, տղաների մի խումբ, որոնց մեջ հոգին նույնն է, ինչ Երևանում է, ինչ Արցախում է: Մեր ազգային-հայրենասիրական երգերը նույն ոգևորությամբ են երգվում Արցախում, Երևանում, Կորդոբայում, Բուենոս Այրեսում: Սա ինչ-որ բան է նշանակում. սա մեր ուժն է, սա մեր կարելիությունն ու հնարավորությունն է, որ շատ ժողովուրդներ չունեն, ավելին՝ ոչ մի կուսակցություն չունի, որն այդ դեպքում մենք ունենք: Այդ հարազատությունը, այդ ապրումը, այդ հոգին, որ կա, առկա է այստեղ երիտասարդության, ժողովրդի մեջ, մեծ հարստություն է: Դա, իհարկե, տալիս է արդյունք և շարունակելու է տալ: Ի վերջո, պատահական չէ, որ Ուրուգվայն առաջինն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Առաջինն է եղել, որ Արցախի ճանաչման հարցով մեծ քայլեր է արել: Սրանք պատահականություններ չեն, սա աշխատանքի արդյունք է, համայնքի աշխուժության, կարողության, ծանրակշռության, ազդեցության, չափի ցուցանիշ է: Սա է ամենակարևորը: Կարևորն անպայման թիվը չէ, անպայման շատ լավ հայերեն խոսելը չէ, կարևորն այն ազդեցությունն է, որ դու կարողանում ես ունենալ քո երկրում, և հանուն քո խնդիրների, հարցերի ու ռազմավարության՝ նաև արդյունքներ ստանալն է: Սա հպարտանալու երևույթ է: Ճիշտն ասած՝ շատ եմ ափսոսում, որ այս ժողովուրդը հեռու է Հայաստանից, կուզեի, որ այս ժողովուրդը հենց Հայաստանում լիներ, որովհետև մենք շատ ավելի լավ հասարակություն կունենայինք, շատ ավելի լավ պետականություն կունենայինք, շատ ավելի ուժեղ կլինեինք, լավ զինվորներ կունենայինք, ես վստահ եմ:

Դուք այստեղ հանդիպումներ ունեցաք նաև պետական ու կուսակցական անձերի հետ և տեսաք, այսպես ասած, Ձեր ասածների հայելին: Ի՞նչ կասեք այդ մասին:

-Առիթ ունեցա հանդիպելու Հայաստան-Ուրուգվայ բարեկամական խմբի նախագահ Ռուբեն Մարտինես Ուելմոյի հետ, ով նաև անցած տարի առիթ է ունեցել Հայաստան, Արցախ այցելելու: Զարմացա, հիացա: Մեր ընկերները կատակով ասում են՝ նա կարող է մեր Հայ դատի հանձնախմբի անդամ լինել, և կարծում եմ` դրա մեջ չափազանցություն չկա: Նա ոչ միայն մեզ բարեկամ, զորակցող, օգնող է, նա նաև նախաձեռնող է: Նա մտահոգվում է և լուծումներ է փորձում առաջ քաշել: Դա իսկապես որակ է: Հանդիպեցի նաև իշխող «Լայն ճակատ» կուսակցության նախագահ Խավիեր Միրանտայի հետ, ով ներկայացնում է Ուրուգվայի պետությունը: Ես նրան շնորհակալություն հայտնեցի Ուրուգվայի կեցվածքի համար: Վստահ եմ, որ այս բարեկամություններն ու ծանոթությունները դեռ պետք է շարունակեն արդյունք տալ: Ես հավատացած եմ նաև, որ առաջին պետությունը, որ կճանաչի Արցախի անկախությունը, Ուրուգվայը կլինի:

Ի՞նչ պատգամ կուղղեք մեր երիտասարդությանը:

– Քառօրյա պատերազմից հետո մեր ժողովուրդը լրիվ նոր պատկերով հայտնվեց մեր առջև: Թվում էր՝ 27 տարի է` պատերազմի մեջ ենք, ժողովուրդն ընկճվել է, խեղճացել, սոցիալական դժվարությունները ծանրացել են մեր ժողովրդի ուսերին, և դա պետք է բերած լիներ ընկճվածության, պետք է դժվարանայինք գտնել մարդկանց, ովքեր պատրաստ կլինեն գնալ Արցախ՝ կռվելու՝ կամավոր, ոչ թե որպես պարտականություն, բայց պատերազմից հետո մի ալիք բարձրացավ հայկական իրականության մեջ, որը շշմեցուցիչ էր: Մարդիկ կամավոր, իրենց միջոցներով փորձում էին ժամ առաջ հասնել Արցախ, մասնակցել պատերազմին: Սա խենթացնող երևույթ էր: Նույնիսկ Հայաստանում աշխատող դեսպանատներն ու օտարները զարմացած էին այդ մթնոլորտից: Ավելին ասեմ՝ նույնիսկ ժամանակին արտագաղթած երիտասարդները ավտոբուսներով փորձեցին հասնել ռազմաճակատ: Կեսկատակ, կեսլուրջ ասում էի՝ զարմանալի ժողովուրդ ենք, խաղաղության ժամանակ արտագաղթում ենք, պատերազմի ժամանակ՝ ներգաղթում: Ուզում եմ ասել՝ մեր ժողովրդի մեջ կա մեծ անկեղծություն, էներգիա՝ ազգային խնդիրների լուծման համար: Եթե Ադրբեջանն ունի նավթ, գազ, իր կողքին կանգնած` Թուրքիայի նման պետություն, մենք պետք է կարողանանք այդ բացերը լրացնել, փոխարինել դրանք քաղաքական ակտիվ աշխատանքով՝ աշխարհով մեկ: Այդ բացը պետք է լրացնենք՝ «ռազմաճակատը» փոխադրելով աշխարհի տարբեր անկյուններ՝ Եվրոպա, ԱՄՆ, Հարավային Ամերիկա, որտեղ որ կարող ենք: Ինչ կարող ենք, պետք է անենք՝ Ադրբեջանի իրական դեմքը, նրա էությունը ցույց տալու, ճնշում բանեցնելու համար, որպեսզի պատերազմ չլինի, և նա պատերազմի միջոցով չփորձի հարցը լուծել: Մենք քաղաքական աշխատանքների մեծ անհրաժեշտություն ունենք, որպեսզի կարողանանք միջազգայնորեն ստեղծել դրական մթնոլորտ Արցախյան հարցի արդարացի լուծման համար: Մեր հիմնական անելիքն այն է, որ մեր աշխարհացրիվ լինելու թերությունը որակի վերածենք, դրական ազդակի վերածենք, ամենուրեք մեր ազդեցության ոլորտները մեծացնենք, ծրագրված աշխատանքներ տանենք: Մենք պետք է մեր հարցերը բարձրացնենք աշխարհի ազդեցիկ կետերում և մեր ներկայությամբ աշխարհն ուղղորդենք մեզ հարմար լուծումներ տալուն:

Հայ Դատի հանձնախմբերն արդեն տարիներ է՝ այդ գործով են զբաղվում: Այսօր, բարեբախտաբար, ՀՀ ԱԳՆ-ն մեզ հետ է համագործակցում և դիվանագիտական հարաբերությունների ճանապարհով հեշտացնում մեր գործը:

-Ամեն հայ պետք է իրեն Հայ Դատի հանձնախմբի անդամ զգա: Ամեն հայ, ուր էլ լինի, պետք է իմանա, որ ինքը պարտականություն ունի իր երկրի, դատի, Արցախի հարցով: Ամեն հայ պետք է իր կարելիությունների սահմաններում կամ ավելիով Հայ Դատի պայքարին օգտակար լինի: Մենք չենք կարող սահմանափակվել հանձնախմբերով: Ամեն հայ դեսպան է, Հայ Դատի անդամ է, և յուրաքանչյուրն իր հերթին պետք է փորձի մեզ համար ստեղծել ուժ, կարելիություն և ազդեցություն:

Աղբյուրը՝ http://www.arfd.info/hy/?p=39032