«Օսմանեան բանկայի դէպքը» եւ ահռելի կոտորածի բօթը

1260

Հատուած Ստեփան Սապահ-Գիւլեանի ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԸ հատորից։

—–

ՀՈԳԵԶՄԱՅԼՈՒԹԵԱՆ ՔԱՂՑՐ ՎԱՅՐԿԵԱՆՆԵՐՈՒՄ.- Դա 1895ի վերջերը, այն օրերումն էր, երբ ամէն րոպէ սպասւում էր Մայիս 11ի Ծրագրի վերջնական ձեւի ընդունելութեանը, ստորագրութեանը եւ գործադրութեանը: Լորդ Սոլզբրին իր յաւելուածական առաջարկը բերել եւ խնդիրը կարգադրուելու վրայ էր: Դեռ Բերլինից արտաքոյ կարգի «Օսմանեան Գերման» պատուիրակութիւնը Պետերբուրգ գնացած չէր, – սուր հակամարտութիւններ, չէզոքացումի ճիգեր տեղի չէին ունեցած, եւ խօսքը անգղիական դիւանագիտութեանն էր, որ վարում էր ընդհանուր համաձայնութիւնը:

Դա կեանքի մի վարդաստան էր, անե՜զր, անսահմա՜ն, հազարաւոր անուրջներով լի:

Այդ օրերի մէջ՝ կա՞ր մէկը, որ յեղափոխական չլինէր. ո՞վ իրեն Ս. Դ. Հնչակեան չէր համարում. ո՞րն էր անժպիտը. ո՞ր հոգին էր, որ անո՜յշ, քա՜ղցր զմայլանքների մէջ չէր ընկած եւ ինքն իրեն հպարտ չէր զգում՝ իր Ազգովը, իր Հայ լինելովը:

Մակընթացութեա՜ն վայրկեաններ, երբ սաստիկ փոթորիկներից յետոյ՝ նաւակը բարձրանում էր դէպի վե՜ր, դէպի անքո՜յթ նաւահանգիստ:

Ուրեմն կատարւո՞ւմ էր, իրականանո՞ւմ էր ա՛յն, ինչ որ պատանեկութեան օրերի երազն էր, – ինչ որ օդի, բարձունքների, անսահմանութեան մէջն էր փնտռվում: Վերջապէս գալի՞ս էր ոգի, նա մարմի՞ն էր առնում Հայաստանի լեռներից, ձորերից, աղբիւրներից, ծառ ու ծաղկունքներից: Մեր նախահայրերի թողած անանց յիշատակները, ուրեմն՝ անօգուտ վկաններ չէի՞ն եղած. մեր անհուն տառապանքը, ցաւը, վիշտը, թափած արիւնը, երկնել, պտղաբերե՞լ էին…

«Տղաքս, աշխատեցէ՛ք, ուժ տուէք, ջանք մի՛ խնայէք. վաղը Հայաստանը կ’ազատի, Հայրենիքը, Ազգը ձեզ պէտք պիտի ունենայ, չէ՞ որ պետական լեզուն հայերէնը պիտի լինի. դէ՜հ, ձե՛զ տեսնեմ, ամբարեցէք, իւրացրէք այդ աստուածային լեզուի գանձերը, ինչքան շատ սովորիք՝ դարձեալ սովորելիք կայ, նա անսպա՜ռ գանձ է, ճիգ թափեցէ՛ք, կարդացէ՛ք, կարդացէ՛ք եւ ձեր երջանկայիշատակ նախահայրերի թողած անգին գանձի վրայ զմայլեցէ՜ք…»: Սա էր շարունակական յորդորը Հայկաբանութեան ուսուցիչ՝ Մկրտիչ Պալեանի, դեռ 1879ին:

Դա այլեւս պատանեկան վառ երեւվակայութեան սահմանի մէջը չէ՞ր:

Ու «Ձայն տուր, ո՛վ ծովակ»ի անուրջը իրականանալու վրա՞յ էր:

Կարելի՞ էր հոգեզմայլութեան մէջ չընկնել, այդ օրերում:

Հեւալով՝ ներս վազեց, Սեբաստացի, դերձակ, համայն հոգի, ջիղ ու նեարդ կազմող մեր ընկեր Արտաշէսը: Ու պոռա՜ց, ճչա՜ց, հեկեկալով, թռչկոտելով. – «Ընկե՛ր, խենթանա՜մ պիտի, խենթանա՜մ… Հայաստանը ազատուի պիտի… ազատ Հայաստան պիտի ունենանք, մեզ իշխանութիւն կուտան… խենթանա՜մ պիտի, խենթանամ…»:

Ու խեղճ ընկերը՝ ինքը իրենից դուրս եկած թէ՛ արտասւում, թէ՛ պարում էր:

-Արտաշէս, փոխանակ խենթանալու, խելքդ պահիր ազատ Հայաստանի համար, դուն պէտք պիտի գաս, ասում եմ:

-Չէ, ընկեր, չէ՛, խենթանամ պիտի… չեմ դիմանար, խենթանալ կուգայ…:

Սա մի նմոյշ հոգեկան վիճակ էր:

Պարիզի անգղիական ճիւղի՝ մամուլի սէնդիկատի անդամ էի: Լոնտոնի «Դէյլի Քրօնիկլ»ի թղթակից, Պրն. Մակտօնալտը, որպէս երիցագոյն անդամ եւ նախագահ, հեռագրով կանչած էր յայտնելու, որ իրենց հրահանգուած է Հայկական վեց նահանգների Բարձր Քննիչի (Քոմիսէրի) համար՝ պաշտպանել իշխան Վալդեմարի թեկնածութիւնը ու հարցնում է՝ «Հայերը, ձեր Կուսակցութիւնը ուրիշ մէկը ունի՞…»:

Երջանի՜կ րոպէներ:

Մի երկու օր յետոյ՝ հեռագիր եմ ստանում Պրն. Դընի Կօշէնից. նա ուզում է գիտնալ թէ ո՞վ է այն Հայ մարդը, որ բոլոր Հայերի համակրութիւնն ու վստահութիւնն ունի եւ կարող է Հայկական վեց նահանգների Բարձր Քննիչի պաշտօնի համար թեկնածու ներկայացուիլ, քանի որ Մայիս 11ի Ծրագիրը շատ յաջող ելքի յանգելու վրայ է:

Պատասխանում եմ, որ այդ մասին դեռ Կուսակցական որոշում չունենք. բայց ամենից աւելի հաւանականն է Նուբար Փաշան:

Ու հարց է գնում թէ, Նապոլէոնի տան անդամներից մէկին Հայերը կ’ուզէի՞ն:

Անմոռաց ժամեր:

Տնքտնքալով՝ մեզ մօտ է գալիս, մի օր, Ջունդ ասպետը, մեզ աւետում է, որ Հայաստանի համար Իշխան ընտրելու վրայ են: Յայտնում է, «որ Ն. Վ. Նուբար Փաշան չի ուզեր, որ իր թեկնածութիւնը յառաջ մղուի, այլ իր որդու, Պօղոս Փաշայի»:

Ոգեւորութիւնը ամէն տեղ է. նա իր գագաթնակէտին է հասած:

Ու այդ հոգեզմայլութեան րոպէներում վայելեցինք հոգեկան մի հրճուանք, երջանկութիւն, որ միշտ անմոռանալի, անկեղծ կը մնայ:

Չգիտեմ թէ ի՞նչ զգացին մեր հերոս ընկերները, երբ Ս. Դ. Հնչակեան թրի տակից շարան-շարան անցան Թուքր զինւորները՝ Զէյթունի բերդի անձնատուութեան ժամանակ: Բայց առանց հոգեկան լինելու՝ մի՞թէ կարելի չէ զգալ նրանց հոգւոյ խաղացքը:

Ի՞նչ կը լինի հոգին մի յամառ յաղթողի, երբ իր թշնամուն՝ տապալուած, ծունկի վրայ, իր առաջքը չոքած կը տեսնի: – Դա Հայ Տիգրաններին, Արտաշէսների՞ն միայն պէտք էր հարցնել:

Ու այդ վայելեցի՜նք, վայելեցի՜նք՝ ճոխաբար:

«Իտտիհատ»ականները եկան մեզ տեսնելու. այս անգամ գլուխնին կախ, ընկճուած…

Ո՞վ է թափանցել, կարդացել, հայելու վրայ առել Թուրքի հոգին, երբ նա Հային պէտք ունի, նրա օգնութեան անհրաժեշտութիւնն է զգում: Այդ րոպէին նրա քծնանքը, շողոքորթութիւնը, ծամածռութիււնները բնորոշիչ, յատկանշական, ինքնուրույն, ցեղային չե՞ն: Ո՛վ կեանքի այդ պատկերը տեսած է, նա միայն կ’ըմբռնի այդ վայրկեանը՝ ուր որ ենք, դէմ դիմաց:

«Դոքտոր» Նազըմը ժպտում էր, բայց թոյն էր, բայց հարկ էր տեսնում ժպտալ, որովհետեւ պէտք է որ ժպտար…

Ու ասացին. «Վերջապէս առաք, բարի՜ վայելում, դարձեալ՝ որպէս եղբայրներ՝ միասին պիտի լինինք: Դուք Պետութեան արեւելյան թումբը պիտի կազմէք եւ մեր ընդհանուր վերածնունդի օրինակը, պատճառը դառնաք… Էլ մոռանանք մեր կռիւները…» – Երջանի՜կ ականջներ որ այդ բառերը լսեցին:

Ա՜խ, դա ինչո՞ւ միշտ չլինէր:

Յետաշրջութեան ոգին տիրեց, րէակցիան եկաւ… էլ կա՞ր մէկը, որ երէկուայ իր սիրածին, իր պաշտածին չքարկոծէր, նրան դժբախտութեան պատճառ չբռնէր:

Ո՞վ էր, որ Ս. Դ. Հնչակեաններին հալածելը, հայհոյելը իր ազգային պարտականութիւնը չէր համարում:

Հոգեկան վիճակ, որ յարատեւ, անբաժան, մնայուն է սահմանափակ, անպատրաստ, չկազմակերպուած ուղեղների, բնաւորութիւնից, ինքնուրոյնութիւնից զուրկ անհատների եւ հաւաքական մարմինների համար:

Այդ էլ եկաւ, տեսանք, շօշափեցինք, ճաշակեցինք: Քաղցրութիւնը առանց դառնութեան չի լինիլ, – ասում են:

ԱՆՅԱՋՈՂՈՒԹԵԱՆ ՕՐԵՐՈՒՄ. -Յետաշրջականութիւնը, րէակցիան թագաւորում էր. մտքերի մէջ տիրող պղտորութիւնը ընդհանուր էր: Հայկական Դատը թէեւ որոշ չափով շարունակում էր եւրոպական դիւանատները զբաղեցնել, բայց Համիդի կառավարութիւնը արդէն յաջողել էր զօրաւոր կռուաններ յառաջ բերել եւ նրանց վրայ յենուելով՝ իր ընդդիմադրութիւնը ուժեղացնել:

Տեղի ունեցաւ Կ. Պոլսոյ «Օսմանեան բանկայի դէպքը», 26 Օգոստոս 1896: Հեռագիրը հասաւ Պարիզ, երեկոյան թերթերը «Դէպքի» գլխաւոր գծերը պատմելով՝ ամենաբուռն յարձակումները գործեցին Հայերի դէմ: Եկաւ եւ ահռելի կոտորածի բօթը: Մի քանի օրից յետոյ՝ «Բանկան կոխողների» Մարսէյլ բերուիլը հաղորդուեցաւ: Հայկական կոտորածը հետզհետէ տարածուիլ սկսեց: Ֆրանսիական թերթերը, մանաւանդ կաշառուածները՝ կատաղի թոյն էին թափում, մեղադրելով Հայերին, որ նրանք՝ այս անգամ՝ Թուրք կառավարութիւնը թողած՝ սկսել են Եւրոպացիների գոյքերին եւ ապահովութեռանը ձեռք զարկել. չէր արտայայտւում ո՛չ մի արգահատանք՝ դէպի կոտորուողները: Ընդհակառակը՝ շատերի թէզն էր՝ ուժեղացնել Թուրք կառավարութեան ձեռքը որպէսզի նա կարող լինէր այդպիսի «դէպքերի» կրկնութիւնն արգիլել:

Դրութիւնը ճմլիչ էր. հարկաւոր էր գործել:

Ժընէւից, այդ դառն օրերի մէջ, Դաշնակցականները Պարիզի Ս. Դ. Հնչակեանների օգնութիւնն էին խնդրել: Դաշնակցականները եկան մեզ գտան: Տեղի ունեցաւ ընդհանուր խորհրդակցութիւն. գծուեցաւ անմիջական անելիքը:

Բայց ի՞նչ բացատրութիւն տալ, ինչո՞ւ, ի՞նչ նպատակով էին Դաշնակցականները «Բանկան» մտել. որո՞նք էին «Դէպքը» յառաջացնող պատճառները, ի՞նչ արդարացում. սրանք նախ ճշտել պէտք էին, որովհետեւ Միւնիր Բէյը եւ իր տրամադրութեան տակ եղող թերթերը ամենասեւ գոյներով էին նկարագրում «Դէպքը» եւ պարզապէս ասում էին, որ նա ռուսահայ ոչնչականների մի ձեռնարկն էր, բնական կողոպտելու եւ եւրոպացիներից վրէժ առնելու՝ իրենց միւս երկրների անիշխանական ընկերների համար, եւ այլ տասը տեսակ ափեղցփեղութիւններ:

Դաշնակցական ներկայացուցիչը եւ իր ընկերները որոշեալ մի լուրջ պատճառաբանութիւն ներկայացնել չկարողացան: Ժողովրդականներից ոմանք առաջ բերեցին «Եւրոպական շահերը խանգարելու» տեսութիւնը. բայց դա ո՛չ միայն անբաւարար, այլեւ սխալ համարուեցաւ, աչքի առաջ ունենալով՝ որ մի դրամատան, առ առաւելն գանձի եւ պաշտօնեանների ոչնչացումովը՝ Եւրոպական շահերը չէին կարող վտանգուել՝ ընդարձակ Թիւրքիայի մէջ, ուր այդ շահերը ամէն տեղ էին:

Իրաւ է, Ս. Դ. Հնչակեաններն էլ ժամանակին գործ են ածել «Եւրոպական շահերի խանգարումի» տեսութիւնը, որ Հայկական Դատը եւ նրա բազուկը ներկայացնող Հայ Յեղափոխութիւնը պիտի գար Հայաստանից եւ Հայ Ազգից քաղաքական այնպիսի նոր գոյացութիւններ ստեղծելու, որ Եւրոպական Պետութիւնները՝ նոյնիսկ իրենց քաղաքական եւ տնտեսական շահերի տեսակէտով՝ աւելի լաւ պիտի համարէին Հայ քաղաքական Մարմնի վրայ յենուելու, քան Թուրք, որ արդէն մեռնում էր եւ չէր կարողանում Ժամանակակից Կեանքի բարդ պահանջներին յարմարուելու:

Ժամանակին Ֆրանսիայի Արեւելյան քաղաքականութիւնն էր յենուել Լեհերի վրան, բայց յետոյ նրանց թողնելով՝ կրթնել սկսաւ ճիշդ հակառակորդ կողմի՝ Ռուսների վրան: Շատ առաջ՝ 15 եւ 16րդ դարերում, Անգլիան բարեկամ էր Ռուսաստանին՝ ընդդէմ Թիւրքիայի. վերջը՝ իր քաղաքական կողմանցոյցը հակառակ ուղղութեան վրայ դրեց. եւ այսպէս շատ օրինակներ՝ որ պատմութեան մէջ պակաս չեն թէ՛ հին եւ թէ նոր ժամանակներում: Իսկ այդպիսի մանր դէպքերով, Եւրոպական չնչին գումարների ոչնչացումով՝ ո՛չ միայն «Քաղաքական դէպք» չէր յառաջանալ եւ Եւրոպական շահերի հաւասարակշռութեան նժարը դէպի Հայերը չէր հակիլ, այլ՝ ընդհակառակը. նրանք աւելի կը միանային Թուրք կառավարութեան հետ, նրան ուժ կը տային, այդպիսի «մանր դէպքեր» իր սաղմի մէջ հետեւանքների մասին էլ կա՛մ լուռ հանդիսատես լինելու եւ կամ ձեռքի տակից հաւանութիւն տալու, որով՝ կողմնակի կերպով, ծուռ ճանապարհով, այդ ուղղութեամբ գնալով՝ մենք աւելի մեր թշնամու շահերին եւ թէզին ծառայած կը լինէինք, քան մեր: Եւ արդէն, ֆրանսիական թերթերից շատերը այդ ոգով էին սկսել արտայայտուիլ:

Երկար վիճաբանութիւններից յետոյ, գտնուեցաւ միջին ճանապարհը. ընդհանուր համաձայնութեամբ ընդունուեցաւ մեր բերած հետեւեալ բանաձեւը. «Որովհետեւ հեռաւոր գաւառների եւ մասնաւորապէս Հայաստանի մէջ արդէն անընդհատ կոտորածներ էին տեղի ունենում, եւ Եւրոպան քար լռութիւն էր պահում, յուսահատութիւնը մեզ մղեց դէպի այդ ձեռնարկը: Դա մենք ընտրեցինք մի միջոց՝ Եւրոպական Պետութիւններին հասկացնելու, որ մեր անզէն ժողովրդին անխնայ կոտորում են. դուք պատրաստութիւն ունիք եւ դուք էք միայն, որ միջամտելով՝ այդ աղէտների առաջքը կարող էք առնել. մենք անիշխանականներ չենք, մեր ձեռնարկը անիշխանական չէ. ո՛չ էլ Բանկան կողոպտելու, օդը հանելու եւ նրա պաշտօնեաներին սպանելու նպատակ ենք ունեցել. ռումբերի գոյութիւնը պարզապէս ինքնապաշտպանութեան համար էր եղած»:

Միւնիր Բէյը եւ իր բերան թերթերը, «Մէշվէրէթ»ն էլ նրանց մէջ, առիթ էին գտել. եւ ո՛չ միայն Հայ Յեղափոխականներին ամենասեւ գոյներով էին նկարագրում, այլ եւ՝ ածական չէր մնում, որ չթափէին Հայ Ազգի գլխին:

Որքան որ կոտորածը սաստկանում էր, բայց կարեկցութեան շշուկ անգամ չկար՝ բացի անգլիական մամուլից. Ֆրանսիականը «լռութեան դաւադրութեան» մէջն էր:

Հարկաւոր էր հասարակական միտքը եւ մամուլը լուսաւորել. «Դէպք»ին տալ արժէք եւ որքան կարելի էր մեծ չափով մեր Դատի օգտին ծառայեցնել, ինչպիսի նպատակով անշուշտ յղացել, գործել էին «Դէպք»ի հեղինակները:

Դիմեցի Անատոլ Լըռուա Բոլիոյին. պէտք եղած յանձնարարագրերը ստացայ: Հարկաւոր եղաւ տեսնել նա՛եւ Ակադեմիայի ընդհանուր քարտուղար՝ Ժորժ Պիկոյին. նա էլ ամենայն յօժարութեամբ իր ծառայութիւնը տուեց: Նոյնը արաւ ե՛ւ Վանտալը, ինչպէս եւ նշանաւոր պատմաբան Էրնէստ Լաւիսը: Հանոտոն արտաքին գործոց նախարար էր. Բարտուն էլ՝ ներքինը, Ռիբոն, այժմս ելեւմտից նախարար, ամէնից աւելի մեծ ազդեցութիւնն ունէր Հանոտոյի վրայ, որպէս իր նախկին աշակերտի. նրա աջակցութիւնը ամէնից աւելի վճռական դեր պիտի խաղար: Այդ օրուայ անցքերից անջնջելի կը մնայ հետեւեալ իրողութիւնը: Ռիբոյին ներկայացած ժամանակ, երբ բացատրում էի եղածը, կոտորուածը, ու հարցը դարձաւ կոտորածների շուրջը, որ անգլիական լրագրերը հաղորդել էին, թուլութեան մի րոպէին՝ անկարող եղայ արտաքուստ զսպել եւ լացայ: Ստացայ իր յանձնարարած այցետոմսը: Հոգւոյ այդ փղձկալից տրամադրութեան մէջ՝ դուրս եկայ փողոց եւ հազիւ մէկ քանի քայլ առած՝ Ծերակոյտի մեծ դարպասի առաջ՝ հանդիպեցայ Ահմէդ Րիզային եւ «Դոքտոր» Նազըմին, որ թեւ թեւի տուած՝ ուրախութեամբ ճեմում էին: Ինձ տեսնելիս՝ արտասուաթոր աչքերով՝ կանգ առան եւ Ահմէդ Րիզան՝ Ներոնին միայն յատուկ մի ժպիտով, Հայի արիւնը ծծող, նրանով ուռճացող Թուրքի շեշտով՝ ընդառաջելով՝ ասաց. «Պ. Սապահ-Գիւլեան, այս անգամ 10 հազարներով են կոտորում… Ո՞ւր մնաց Հայկական Դատը, Մայիս 11ի Ծրագիրը, Եւրոպական միջամտութիւնը…»: «Դոքտոր» Նազըմը հոգեկան մի առանձին ցնծութեամբ աւելացրեց. «Այս մի քանի օրուայ կոտորածների թիւը 100 հազարից անցել է. երեւի, էլ Հայ չպիտի թողնեն»:

Կեանքիս մէջ գլխապտոյտից չպիտի կարողանամ ազատուել՝ այդ երկու «թշնամիներ»ի այդ օրուայ հոգեկան հրճուանքը աչքիս առաջ պատկերացնելիս»:

Մի քիչ առաջ ունեցած հոգեկան տկարութիւնիցս ամաչելով՝ հաւաքեցի ուժերս եւ մի ծակող հեգեհանքով պատասխանեցի. «Պրն. Րիզա Բէյ, գիտցի՛ր, համոզուիր՛ր, որ 10 հազարներ ունինք կոտորուելու համար. 100 հազարներ էլ՝ Օսմանեան բռնապետութիւնը փլցնելու. միլիոններ էլ՝ Ազատ, Անկախ Հայաստան առաջ բերելու: Դուք մեռնում էք անհետանալու համար, մենք մեռնում ենք վերածնուելու, ապրելու նպատակով: Իսկ «Դոքտոր» Նազըմի հրճուանքին էլ այն կասեմ, որ ապագայ ազատ Հայաստանի մէջ, մենք ձեզ չենք կոտորիլ, այլ քաղաքակիրթ մարդիկը կը դարձնենք. առ այժմս դուք ձեր ճանապարհով, մենք՝ մեր: Դեռ կը տեսնուինք»:

Ու իրարուց հեռացանք՝ առանց ձեռք տալու:

Ամէն նախապատրաստութիւն տեսնելուց յետոյ՝ կազմուեցաւ մի պատգամաւորութիւն՝ 25-30 հոգուց բաղկացած. բացի Ս. Դ. Հնչակեան եւ Դաշնակցական ուսանողներից, հարկ տեսնուեցաւ առնել մեզ հետ նաեւ Պարիզի հայ գաղութից մի քանի Յեղափոխական համակիր անձնաւորութիւններ էլ: Այցելութիւններ տրուեցան, անխտիր, բոլոր թերթերին. ընդունւում էին ֆրանսիական քաղաքավարութեամբ. իւրաքանչիւր խմբագրատուն դասախօսութեանց սրահի էր վերածւում. տեղի ունենում երկար բացատրութիւներ եւ հակաճառութիւններ: Շատ խմբագրատունների մէջ վիճաբանութեանց մասնակցում էին ո՛չ միայն խմբագրապետը, այլ բոլոր խմբագիրները, նամանաւանդ քաղաքական մասինը: Պատգամաւորութիւնը՝ 3-4 օրուան մէջ՝ հազիւ կարողացաւ իր այցելութիւնները գլուխ հանել: Այնուհետեւ դիմումներ կատարուեցին նշանաւոր քաղաքական անձնաւորութիւնների մօտ՝ խնդիրների իսկութիւնը նրանց էլ բացատրելու համար:

Թրքամոլ թերթեից՝ «Ժուռնալ դէ Դէբա»ն մեզ բացէ ի բաց ասաց, որ ֆրանսիական դիւանագիտութիւնը չէր կարող նախընտրութիւն տալ Հայկական Շահերին, քանի որ Թիւրքիոյ գոյութիւնը իրենց համար անհրաժեշտ էր եւ իրենք միտք ունեին նրան հենց դաշնակիցը դարձնել, «Ժուռնալ ի քաղաքական մասի խմբագիրը, որ հայտարարեց յօդուածներ էր հրապարակել եւ «Բանակայի Դէպք»ի առթիւ Հայերի կոտորածը արդարացրել, – փախաւ խմբագրատան ետեւի դռնից, կարծելով թէ յարձակում պիտի լինէր իր վրան: Մասնաւոր ունկնդրութիւն արեցին մեզ՝ «Լը Տան»ի խմբագրապետներից Հէբրարը, Պրեսանսէն եւ Դէշանը: Այդ թերթը այդ ժամանակ, Հանոտոյի քաղաքականութեան արտայայտիչն էր:

«Ժուռնալ դը Պարի»ի գլխաւոր խմբագիրը բացատրութիւնները լսելուց յետոյ՝ նոյն երեկոյեան իսկ, եւ այնուհետեւ շարունակաբար, կծու յօդուածներ հրատարակեց Հանոտայի արեւելյան քաղաքականութեան եւ ֆրանսիական անտարբերութեան դէմ, – ճիշդ մեր տուած բանաձեւով էլ ՝ձեւակերպեց իր տեսութիւնները: «սուառ»ի խմբագիրը իր յօդուածը պատրաստեց մեր ներկայութեանը. մի յօդուած էլ Պատուիրակաութեան կողմից զետեղեց: Խմբագիրը՝ մի կրակոտ երիտասարդ՝ ամէն կողմ հեռախօսներ տալով՝ որոշեց նախաձեռնութիւնն ստանձնել. պարիզի ամբողջ ուսանողութիւնը ոտքի հանել եւ միաշարան կազմելով՝ Պատգամաւորական ժողովին ու Ծերակոյտին ուղարկել՝ բողոքելու համար Հայկական կոտորածների դէմ: Մեզ թելադրեց այդ մասին Էրնէստ Լաւիսի յօժարութիւնը բերել միւս օրը՝ ինչ որ եղաւ:

Ռոշֆորի «Էնտրանսիժան»ը ուղղակի կրակ ու բոց սկսեց ժայթքել. նոյնը արեցին ե՛ւ Տիկին Սէվրինը, Դրիւմոնը, եւայլն, եւայլն:

Պարիզի ամբողջ ուսանողութիւնը միաշարան (մոնոմ) կազմելու վրայ էր, երբ ներքին գործոց նախարար Բարտուից հեռաձայն եկաւ, որ ֆրանսիական դիւանագիտութիւնը անհրաժեշտ միջոցներ ձեռք էր առել՝ կոտորածի առաջն առնելու եւ Մարսէյլի մէջ բանտարկուած Հայ յեղափոխականներին «արձակելու», որով այդ ցոյցին այլեւս հարկ չմնաց:

Ֆրանսիական մի պատգամաւորութիւն՝ Վանդալը, Լը Ռուա-Բոլիոն, Կոմս դը Մէօնը, Դընի Կոշէնը մէջն ունենալով՝ ներկայացել էին Հանոտոյին եւ պահանջել եռանդագին միջամտութիւն: «Այլեւս ո՛չ մի կաթիլ արիւն». Հանոտոյի տուած այդ հրանահգը Կ. Պոլսոյ իր դեսպանին՝ դրա հետեւանքն էր:

Միւնիր Բէյը եւ «Երիտասարդ Թիւրքերը» այդ օրերը կատարեալ համաձայնութեամբ գործեցին:

Մեզ հետեւելով՝ «Իտտիհատ»ականներին էլ պատգամաւորութիւն կազմեցին՝ թերթերին եւ քաղաքական անձնաւորութիւններին բացատրութիւններ տալու համար:

Նրանց ցուցումներն եղած էին.-

«Բանկայի Դէպք»ը յառաջացնողները Ռուսահայ անիշխանականներն էին:

Ցոյցը եղած էր «Բանկա»ն կողոպտելու եւ օդը հանելու նպատակով: Օսմանեան զինուորներն էին, որ իրենց կեանքի գնով այդ «ոճիր»ը արգիլիլ էին, որպէս թէ:

Գաւառների մէջ, ամէն տեղ, Հայերն էին եղած նախայարձակը՝ թուրքերի վրան:

Մինչեւ անգամ «Պըտի Ժուռնալ»ի յաւելուածի մէջ հրատարակել տուեցին մի պատկեր, թէ ի՛նչպէս Բիթլիսի մէջ զինուած Հայերը յարձակուել էին մզկիթներում աղօթող անմեղ եւ անզէն թուրքերի վրայ:

«Մէշվէրէթ»ը Հայկական այդ կոտորածները արդարացնում էր:

«Իտտիհատ»ականները ոչինչ չխնայեցին մեզ վարկաբեկելու, Հայկական Դատը ամենաշփոթ գոյներով ներկայացնելով:

Հակառակ իրենց ջանքերին, մեծ բան անել չկարողացան: Հասարակաց կարծիքը, անկաշառ մամուլը, գլխին տէր, հեղինակութիւն ունեցող անձնաւորութիւնները միշտ մեր կողմը մնացին եւ պայքարը շարունակուեց: