Սահմանային վեճեր Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ. Ռուբէն Տէր Մինասեան

1235

Հատված Ռուբէն Տէր Մինասեանի ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆԸ աշխատությունից: Ռուբէն Տէր Մինասեանը եղել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայաստանի Առաջին Հանրապետության երրորդ ռազմական նախարարը:

—–

 

Անդրկովկասի ազգաբնակչութիւնը 1919ի աշնան ըստ 1917-ի վիճակագրութեան

տար. (վերստ2)    Հայ     Վրացի   Մահմետական   Այլք    Գումարը

ՎՐԱՍՏԱՆ

Թիֆլիս       33.089          353.747   641.486    106.962       281.863   1.384.058

Քութայիս   19.776             4.605    993.412         281          36.113    1.034.411

Բաթում      6.540              15.182   75.839        16.079        12.741      122.841

Սոխում       6.179              20.743   50.383         2.799         135.746    209.671

Գումար      65.584            394.277  1.764.120   126.121      466.463  2.750.981

Թիֆլիսը նշուած է առանց Բորչալուի գաւառի

ԱԴՐԲԵՋԱՆ

Գանձակ    38.129            357.859    1.030       788.593     55.720   1.203.202

Բագու       36.572             120.087    9.004       934.616    217.798  1.281.505

Զաքաթալա 3.737                2.530      4.664       85.336           368       92.898

Գումար     78.438             480.476   14.698     1.808.545   273.886  2.577.605

Գանձակը նշուած է առանց Ղազախի գաւառի

ՀԱՅԱՍՏԱՆ

Երևան    24.748            669.871     374         410.149       34.104   1.114.498

Կարս       17.569             123.170    4.231       158.804      118.100   404.305

Ղազախ   3.400               61.000      –              9.000            1.929     71.929

Գումար   45.717            854.041    4.605      577.953      154.133   1.590.732

Ի՞նչ են ապացուցում այդ թիւերը:

Երբ վրացիների թիւերին կը նայինք, մենք կը տեսնենք, որ համարեա ամբողջ վրաց ժողովուրդը ամփոփուած էր Վրաստանի սահմաններում, քանի որ Ադրբեջանում ընդամէնը 15.000, իսկ Հայաստանում 5.000 վրացի էին մնացած իր սահմաններից դուրս:

Ըստ երեւոյթին վրացիք պիտի իրագործած համարէին իրենց ազգային ծայրահեղ պահանջները: Սակայն, չբաւականանալով դրանով, անոնք կը հետապնդէին տնտեսական եւ ռազմական յարմար դիրքերի գրաւումը, կ’ուզէին միացնել իրենց՝ Բորչալուն ամբողջ (չէզոք գօտի), Ալեքսանդրապոլի շրջանի Բամպակ-Ղարաքիլիսէ գաւառը, եւ Կարսից Արտահանը, իսկ Ադրբեջանից Զաքաթալա գաւառը:

Վրացիք այս ծայրայեղ պահանջներն ունէին, ոչ այնքան կարիքից դրդուած, կամ իրենց հզօրութիւնից, ուժից, այլ կ’օգտուէին այն հանգամանքից, որ հայերն ու թաթարները աւելի բարդ խնդիրներ ունէին լուծելու իրարու հետ, որոնք երկպառակտութեան, կռիւների պատճառ էին դառնում. օգտուելով պղտոր դրութիւնից, անոնք աւելորդ պատառներ փրցնելը նպատակայարմար կը համարէին:

Երբ կը նայինք մուսուլմանների թիւերին, մենք կը տեսնենք, որ Ադրբեջանում ամփոփուած էին 1.800.000 թաթար եւ իսլամ, Վրաստանում մնում էին 126.000 եւ Հայաստանում 577.000 իսլամներ, այսինքն Անդրկովկասի իսլամների մօտ մէկ երրորդը կը գտնուէր Հայաստանում, եւ մի շօշափելի քանակ Վրաստանում: Իրերի այդ դրութիւնը պիտի դրդէր Ադրբեջանի կառավարութեան եւ ղեկավարներին՝ աշխատել այդ իսլամ ազգաբնակչութեան, իրենց բնակուած հողամասերով, միացնել Ադրբեջանին: Նրանց այդ ձգտումը ոյժ պիտի առնէր եւ այն պատճառով, որ թաթարները ինքզինքնին կը զգային թիւով ամենից ուժեղը Անդրկովկասում (բոլոր իսլամները հաշուելով): Բացի դրանից, անոնք իրենց հարեւան ունէին Պարսից Ատրպատականը, որին իրենց  երկրի հետագայ մասը կը համարէին. իսկ Թուրքիան կը նկատէին իրենց օժանդակ եւ դաշնակից, եւ անոր միանալը եւ սահմանակից դառնալը անմիջականօրէն, թէ՛ թուրքին եւ թէ ադրբեջանցիին ցանկալի եւ օգտակար կը համարուէր:

Մի կողմ թողած տնտեսական եւ այլ պատճառները, բաւական պիտի լինէին իրենց ցեղակից իսլամներին իրենց միացնելու եւ քաղաքական իրենց հեռանկարները Պարսկաստանի եւ Տաճկաստանի վերաբերմամբ, որ Ադրբեջանում տիրող լինէր այն տրամադրութիւնը, որ պիտի ազատագրել Վրաստանի լուծից 126.000 թրքութիւնը եւ Հայաստանից 577.000 իսլամութիւնը: Այդ ձգտման հետեւանօք, Ադրբեջանի համար ոչ թէ Զաքաթալա գաւառը անվիճելիօրէն կը պատկանէր իրեն, այլեւ նա վիճելի կը համարէր Թիֆլիսի գաւառի մի մասը, եւ Բորչալուի մի մասը, որտեղ ամփոփուած էին իր 126.000 իսլամութիւնից մի խոշոր մասը (մօտ 80.000ը). այդ հողամասէրը ունենալով իր ձեռքը, Հայաստանի հիւսիսից նա պիտի միանար Աղբաբա եւ Չըլտըր իսլամներով բնակուած երկրամասերին եւ այդպիսով պիտի կապուէր Կարսի նահանգի եւ Տաճկաստանի հետ:

Որքան որ Ադրբեջանի ձգտումը ակներեւ էր, բայց թէ վրացիք շատ չէին մտահոգուած, քանի որ այդ խնդրում իրենց դաշնակից պիտի ունենային հայերին. արդարեւ, եթէ թաթարական ծրագիրը կը վնասէր Վրաստանին, անկէ խլելով որոշ հողամասեր, եւ մասամբ վտանգելով Թիֆլիսը, բայց թէ անոր իրագործումը բոլորովին պիտի խեղդէր Հայաստանը, նրան օղակելով իսլամական շղթայով մը. Հայաստանը պիտի դառնար մի փոքրիկ կղզեակ՝ սեղմուած ամէն կողմից թաթար եւ թուրք զինակիցներով: Թաթարները կը գիտակցէին, որ ուզենան, հայն ու վրացին պիտի միանան իրենց ծրագրին դէմ, ուստիւ, թէեւ 1918ին լուրջ կերպով էին դրած այդ հարցերը վրացոց առջեւ, բայց 1919ից դա յետաձգուեց, անոնք բաւականացան Զաքաթալայով, ու լռեցին Բորչալուի մասին:

Այս դրութիւնից օգտուեցին հայերը, որոնք միացրած էին Հայաստանին Ղազախ գաւառի լեռնային մասը: Վրաստանը յաւկնութիւններ ունէր Ղազախը գրաւելու, իսկ Ադրբեջանը Ղազախ գաւառը ամբողջապէս իր հողամսը կը համարէր: Երբ, 1918ին, նրանք դրուեցան եղած փաստերի առաջ, երկուստեք լռելեայն ընդունեցին զայն. 1919ին եւ 1920ին լեռնային Ղազախի խնդիրը չյուզուեց եւ ոչ մի կողմից, քանի որ Վրաստանի համար աւելի ապահով էր, որ հոն նստէին հայերը՝ քան թաթարները, իսկ Ադրբեջանի համար աւելի ձեռնտու էր, որ Ղազախը հայուն լինէր, քան վրացուն: Այս բացատրութիւնները անցողակի կերպով յիշելուս նպատակն է ցոյց տալ Ադրբեջան-վրացական հակամարտութեան բնոյթը եւ պարզել մեր ու վրացիների հետագայ բանակցութիւնները, որոնց մասին պիտի անդրադառնամ:

***

Եթէ Ադրբեջանը, իր ազգային եւ քաղաքական ձգտումներին հասնելու համար Վրաստանի կողմը՝ միացեալ ճակատ կարող էր գտնէլ յանձինս վրացիների եւ հայերի, նոյնը չէր լինելու եթէ նա նպատակ դնէր նախ միացնել իրեն Հայաստանի իսլամները, որոնց թիւը մեծ էր:

Այս ծրագրին համար, նա իրեն աջակից պիտի ունենար թուրքին եւ Ատրպատականի թաթարին, իսկ դրա դէմ՝ միայն հայ տարրը պիտի ծառանար՝ մենակ: Ահա այդ պատճառով, Ատրպատականը, Հայաստանի վերաբերմամբ աւելի ազդու քաղաքականութիւն էր վարում, գործնական քայլեր էր առնում Հայաստանը պայթեցնելու ներսից, եւ միաժամանակ գրաւելու պետական ուժերով Հայաստանի թէ՛ անվիճելի, թէ վիճելի հողամասերը: Ցանկութեան եւ բանակցութեանց շրջանով չէր սահմանափակուած այս քաղաքականութիւնը. նա առած էր որոշ ձեւակեպում, դառնալով նշանաբան ինչպէս Ադրբեջանի կառավարութեան, նոյնպէս թաթար ժողովրդեան համար: Այդ նշանաբանը անցած էր կեանքի մէջ եւ իբրեւ գործողութիւն կատարւում էր, որի հետեւանօք հազար ու հազար զոհեր եղան երկուստեք եւ բազմաթիւ կռիւներ անվերջ ու կատաղի: