«Ազգի շահը կը պահանջէ թուրքերի հետ լաւ մարդ լինիլ, նրանց բարեկամ մնալ»

1615

ԹՈՒՐՔԵՐԻՑ ՕԳՈՒՏ ՈՒՆԵՆԱԼՈՒ ԳԱՂԱՓԱՐԸ.- Բալքանեան երկրորդ պատերազմի ատենն է (1913): Ֆիլիպպէ ենք. քաղաքի մի քանի ականաւոր անձերի հետ միասին՝ մտնում ենք շատ հարուստ Հայի խանութ, Յ. անունով: Մարդու հասակը, հագուստ-կապուստը, արտաքինը տեղն է, ասիական թամբով մի ջէնտլմէն: Ընկերակիցներս՝ ամենայն քաղաքավարութեամբ՝ առաջարկում են օգնել «Երկրի ինքնապաշտպանութեան գործին»:

«Այդպիսի բաների ես դրամ չեմ տալ». ճիշտ դիւահարի պէս պոռաց մարդը:

Երբ բարկութեան պատաճը հարցրինք, մարդը  պատճառաբանեց, որ ինքը դրամ չի տալ, որպէսզի զէնք գնեն, յեղափոխութիւն անեն եւ Թիւրքիան կործանեն, Հայի տունը քանդեն, որովհետեւ իր առուտուրը, շահը, օգուտը թուրքերիցն էր, եւ բոլոր հայերը թուրքերի շնորհիւն էին ապրում, քանի որ իրենց վաճառականութիւնը, առուտուրը նրանց հետ էր:

Չե՞ս ճայթիլ: Եւ ցասումդ անպարագրելի չի՞ լինիլ, երբ իմանաս, որ այդպիսիների թիւը կարծուածից շատ աւելի է, եւ դա՝ գրեթէ՝ բոլոր շրջանների մէջ: Հայ չարչի վաճառականութիւնը, սմքող աղայականութիւնը, պնակալէզ էֆէնդիութիւնը՝ իր տզրկածին կեանքի գոյութիւնը ե՞րբ է, որ չի յենել թուրք տարրի եւ թրքական պետութեան գոյութեան անհրաժեշտութեան վրայ: Բուն թուրքերից աւելի պաշտպան են եղել այդպիսիները թրքութեան շահերին եւ ոգի ի բռին աշխատել, ամէն աններելի միջոցներով հակազդել, արգելք են եղել Հայ Յեղափոխական գաղափարին եւ մեր գործունէութեան յառաջխաղացմանը: Այդ ջլատիչ ուժերը ահագին աւերներ են գործել, եւ երեւոյթը սահմանափակ չի եղել՝ դժբախտաբար: Միթէ այդպիսիների վրայ քի՞չ պատասխանատութիւն կայ:

Նմոյշի մի ուրիշ երեսը:

Քէօստէնջէ ենք. ենթական փարթամ, ճոխ կեանքի տէր է, ունի անբաւ հարստութիւն. նա եկեղեցասէր է՝ դիրք պահելու համար, բարեսէր՝ մարդկանց երեւալու:

– Զէ՜նք, ինքնապաշտպանութի՜ւն երկրի համար. աջակցութիւն չէի՞ք ուզիլ տալ, ինչպէս որ ձեր դասակիցներից ոմանք արեցին.- ասւում է Ֆ. էֆէնդիին:

«Հայրս մեռած ատենը ինձ երդուեցրեց, որ Հայ Յեղափոխականներին դրամ չտամ, քանի որ հայ անմեղ արեան թափուելուն պատճառ են դառնում եւ մեզ գէշ մարդ անում թուրքերի հետ. մեր յարաբերութիւնները Թիւրքիայի հետ են, Ազգի շահը կը պահանջէ թուրքերի հետ լաւ մարդ լինիլ, նրանց բարեկամ մնալ»:

Այս տեսակի ուխտապահ Հայ Աննիբալներ ամէն տեղ կան, եւ շատ հին ժամանակներից, որոնք մեր նորագոյն կեանքը չեն ըմբռնել, նրանից ոչի՛նչ չեն հասկացել, եւ ո՛չ միայն որեւէ աջակցութիւն չեն տուել, այլ իրենց ձեռքէն եկածի չափ խոչընդոտ են եղել, օտար երկրի մէջ՝ թուրք կառավարութեան գործիքը, տեղեկատու գործակալը, նրա թելադրանքներով՝ Հայ Յեղափոխականի հալածիչը, հետապնդողը, անուանակրիչը հանդիսացնել:

Երբ խօսւում է մի հասարակութեան պարտաճանաչութեան չափի եւ որակի մասին, այսպիսիների պատասխանատութիւնը պէտք է ճշդել: Այսօրուայ լացողը, որբացողը իր երէկն էլ պիտի յիշի միշտ:

ԻՐԵՆՑ ՀՕՐԸ ՏՐԵԽՆԵՐԸ ՄՈՌԱՑՈՂՆԵՐԸ.- Դարդեալ Քէօստէնջէ ենք. քղեցիին մէկը, ոտաբոբիկ դուրս եկած երկրից, յաջողել է լաւ հարստութիւն դիզել, դիրքի տէր է դաձել, եւ իր հին տրեխները, չարուխները մոռացել է. մարդը «կատարեալ աղայի» հովեր է առել:

– Ինքնապաշտպանութեան գործ կայ, անակնկալների ժամանակ է, հիմա շատ աժան գնով զէնք կարելի է ձեռք բերել (1912-ն է), չէի՞ք ուզիլ օգնել, ընդհանուր հանգանակութեան մասնակցել.- ասում, առաջարկում են Ս. Դ. Հնչակեան հանգանակիչները:

-«Հայկական Խնդիր ըսուածը դեռ չվերջացա՞ւ. տալէն կործանուեցանք, հոգիներնիս դուրս եկաւ. ինչո՞ւ միշտ կը կատղեցնէք Թուրքը, էլ հերի՞ք չէ՞ արածնիդ. վեց ամիս առաջ 10 ֆրանկ տուեցի «Բարեգործական»ին, զէնքը ի՞նչ պիտի անեն, ինքնապաշտպանութիւնը ինչի՞ պէտք է, իմ ի՞նչ գործն է այդպիսի բաների համար դրամ տալ… Հայկական հարցը չվերջացա՞ւ…»:

Ճշմարիտն այն է, որ վերջացածը իր հօր չարուխները, տրեխներն էին: Բայց երկրից դուրս եկած, նոյն իսկ երկրի մէջ եղող, այդպիսի չտեսները քանի՜ հազարաւորներ են, որոնք պապենական չարուխները մոռացած՝ 10 ֆրանկով ազգային պարտականութիւն կատարած, ամէն բան վերջացած են համարում, եւ հայ մարտիրոս Յեղափոխականին, այդ աննման հսկային, այդ կուռ ժայռին, որ ամենասաստիկ տաքութեան, ամենադառնաշունչ փոթորիկներին է դիմագրաւել,- գլխիկոր յետ են ուղարկում, որպէս պատճառ չարիքի. մարդ՝ որ կանխորոշմամբ պատրաստւում է ազգային աղէտներ գործելու:

Քանի՜ հազարաւորների է հասնում թիւը նրանց, որոնք երկրից կիսամերկ դուրս գալուց յետոյ, աշխատանքով կամ զիլ ճանապարհով՝ ահագին հարստութիւններ են դիզել, իրենց պապենական չարուխները մոռացել են եւ ոչնչով օգտակար չեն եղել Հայ Վերածնութեան, Հայ Յեղափոխական Գործին:

Հարստանալուց յետոյ՝ իրենց ո՞վ, ի՞նչ լինելը մոռանալ, իրենց ծագումը, ազգութիւնը թագցնել, միայն օտար շրջանների հետ յարաբերել եւ իր ազգակիցների, Հայերի հետ չհաճիլ որեւէ կապ եւ առնչութիւն պահել.- այսպիսի բնորոշիչ գծերով ներկայացողները, երբ հիմա կոկորդիլոսի արտասուք են թափում, նախ պիտի բարեհաճէին իրենց պատասխանատութիւնը ճշդել:

ՕՏԱՐԻ ՁԵՌՔՈՎ ԱԶԱՏՈՒԵԼՈՒ ՏԵՍՈՒԹԻՒՆԸ.- Բոստոնի մէջ ենք, 1903. մի հայ գործարանատէր շէնքով-շնորքով հարստութիւն է դիզել՝ հայ փախստական գործաւորների մէջքից հանելով: 1896-ին ահագին թուով հայ գաղթականներ են թափւում Բոստոն՝ թուրք եաթաղանից ճողոպրելով: Ճարպիկ, եւ բաւականին էլ անբարեխիղճ, հային մէկը Գ.-եան, հանգանակութիւն է բաց անում նրանց համար, մի առ ժամանակ կերակրում, սննդում, պատսպարում, հագուցենում է եւ ապա յաջողում թիթեղագործութեան գործարան հիմնել: Աշխատում են փախստականները՝ շաբաթական 2-3 տոլար վարձագնով: Երկար ժամանակ անցնելուց յետոյ՝ տեղական աշխատանքի հաստատութիւնները եւ լեզուն գիտնալով, գործաւորները ուրիշ գործատեղիներ են մտնում եւ շաբաթական 12-15 տոլար վաստակում: Նոր են հասկանում «գաւառացիները», որ իրենց երբեմնի բարերարը դիմակաւոր շահագործող է եղել: Բայց բանը բանից անցել է, եւ մարդը, այսօր, հարստութիւն ունի, կապիտալիստական մտքով, եւ մեծածախս տների, պարտէզների տէր է. այլեւս իր պատուին չի կերցնում գռեհիկ եւ ասիացի հայերի հետ տեսնուելու, մանաւանդ որ Իրլանտացի էլ կին ունի: Դա մի ընդհանրական տիպ է, իր նմանների ամփոփոյքը.- տալիս ենք նրա խօսքերը.

«Ես զարմանում եմ որ շատ լեզուներ գիտցող, համալսարանաւարտ, ուսման եւ խելքի տէր մարդիկ էլ յեղափոխական են դառնում. մարդ որքա՜ն տգէտ լինելու է՝ չհասկանալու համար, որ Թիւրքիան անպատճառ պիտի կործանի, քանի որ ո՛չ եւրոպացիները եւ ո՛չ էլ ամերկացիները նրան հանգիստ պիտի թողնեն եւ թոյլ տան, որ այն դրախտանման երկիրը մինակ ինքը վայելի: Արդ, այն օրը, երբ Թիւրքիան՝ եւրոպական այս կամ այն պետութեան՝ իշխանութեանը տակ կ’անցնի, մենք հայերս, այնուհետեւ ազատ, խաղաղ, երջանիկ, ապահով կեանք ենք վարել: Ասել է թէ՝ մեզ, հայերիս ո՛չ յեղափոխութիւն է պէտք, ո՛չ զէնք, ո՛չ էլ ապստամբութիւն ու կռիւ. այլ մեր գործը պիտի լինի՝ աչքաբացութիւն անել, հարստութիւն հաւաքել, որ տանենք, երթանք մեր երկիրը՝ վայելենք, երբ արդէն եւրոպացիները՝ անգղիացիները, ֆրանսիացիները եւ կամ ռուսները մտած, ազատած եւ երկիրը տիրած կը լինեն. խելօք հայը այդպէս պիտի անի, ուրիշ ոչինչ. յեղափոխական ճանապարհը՝ դրա համար վնասակար է եւ մեզ թէ՛ կը սպառէ եւ թէ՛ աւելորդ տեղը աշխատեցրած, յոգնեցրած, ջլատած կը լինի»:

Հասկանալի է թէ հերոսը ինչ շեշտերով, քաղաքագէտի ի՛նչ կերպարանք առած՝ պիտի արտասանէր իր այս գլուխգործոցը, որ զուտ իրականութիւն է:

Բայց դա եզակի՞, բացառի՞կ երեւոյթ է, չէ՞ դա շատ  սովորական՝մանաւանդ օտարերկրեայ հայ վաճառականական շրջաններում:

«Յեղափոխութիւն, ապստամբութիւն մի՛ արէք, դա շատ վնասակար է. իսկ եթէ կ’անէք՝ գէթ ծովեզերեայ քաղաքների, Կ. Պոլսոյ մէջը մի՛ արէք, որովհետեւ մեր վաճառականութիւնը խանգարւում է, եւ արդէն այդ քաղաքները մի օր, առանց մեր աշխատանքի էլ, եւրոպացիները պիտի գրաւեն»:

– Ո՞ր յեղափոխականը չի լսել, յաճախ, այս յորդորականները: Մանչեստրի եւ Պարիզի հայ վաճառականները այս հանճարեղ տեսութեան պաշտպան ռահվիրանները կարող են նկատուիլ:

Օտար տիրապետութեան, օտարների արեան գնով Հայաստան ազատելու, Հայկական Դատ վճռելու տեսութիւնը թէ՛ շատ հին է, եւ թէ՛ շատ ընդհանրացած. նա յեղյեղուել է տարբեր բանաձեւերով եւ դրդապատճառներով. բայց բոլորի էլ էութիւնը արմատը, նոյնն է:

«Առանց Ֆրանսիայի, Անգլիայի, Ռուսիայի ու եւրոպական միւս պետութիւնների օգնութեանը եւ աջակցութեանը՝ մենք ո՛չ մի բան կարող ենք անել: Եթէ նրանք մեր ազատագրութիւնը ուզում են, թող մեզ դրամ, զէնք, ռազմամթերք տան, որ շատ ունին, այն ժամանակ յեղափոխութիւն անել, կը հասկանանք: Եթէ ո՛չ՝ մենք ի՞նչ կարող ենք անել, ո՛չ դրամական ուժ ունինք, ո՛չ էլ ֆիզիքական…»: Այս գոհար գաղափարները աջ ու ձախ ցանուել են, եւ պտուղ տուել:

«Դիւանագիտութիւնը հերիք է, դիւանագիտական ճանապարհով աշխատելու է միայն եւ ո՛չ թէ յեղափոխական»:

– Սրանք էլ ծածուկ մտքեր չեն, որ իր պնդագագաթ հետեւողներն է ունեցել շարունակ:

Օտարները իրենց դրամը, կեանքը, զէնքը, ռազմամթերքը պիտի տային եւ գային մեզ ազատէին, ու մենք ձեռքներս ծալած նստէինք, պատրաստուէինք վայելելու:- Այս Նմոյշների, իսկապէս, աստառն այդ է, իր էութեանը եւ պարզութեանը մէջ:

Այս շրջանի միջի պատասխանատուների թիւը շատ մեծ է. նրանց արարքը ուղղակի աղիտալի է եղել: Հիմա, այս օրերիս մէջ, դա աւելի պայծառ գոյնով է երեւում:

Մեր ճիգը անդամալուծող բոլոր ազդակները պիտի ճանաչել եւ կշիռի մէջ առնել:

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆՆԵՐԸ ԳՐԳՌԻՉ.- Գրգռողը, ոտքի հանողը, խաղաղութիւնը վրդովողը, անդորր կեանքը ծփանքի ենթարկողը, թափուած արիւնների պատասխանատուն նրանք են, միայն նրանք: Լսեք այս մեղադրանքի նմոյշին էլ:

«Աստուած Հնչակեաննների տունը քանդի, նրանք դարձեալ մեր գլխին փորձանք պիտի բերեն: Սուլթան Համիտին եթէ նրանք մշտած չլինէին, նա չէր կատաղիլ, մեզ չէր կոտորիլ: Հիմա ելեր «Իտտիհատ»ի կառավարութեան դէմ կը խօսեն, նրան կը գրգռեն, նրա դէմ կը կռուին: Վաղը էլի նոր կոտորածների պատճառ պիտի դառնան: Աստուած նրանց տունը քանդի, չկոտորուեցան, որ հոգինիս ազատուէր. ո՞ւր էր, որ մի փոթորիկ բարձրանար եւ բոլորն էլ շանսատակ լինէին»: Խօսքը արտայայտւում էր թուրքերէն լեզուով:

Գիշեր էր, կէս գիշէր. յոգնած, ուժասպառ, Նիքսարի բարձրունքներից, զառիթափերից վայր իջնելով. անձրեւի, ձիւնի, մառախուղի, լճացած ցեխերի միջից, տասնեակ մղոններ կտրելով՝ բաղխած էին մի Հայի դուռ: Պատահմամբ քաղաքի ամէնից հարուստը, ազդեցիկն էր դուրս եկած: Հիւրասիրուեցանք, որպէս օտարականներ:

Առաւօտեան՝ ի՛նչ կայի մեր հարցումին՝ այդ անէծք-պատասխանը եղաւ: Եւ ասողը՝ հաստափոր, հաճի Աղա, ազդեցիկ, որի մատի մէկը նշանին են սպասում հարիւրաւորներ, որ այս ու այն կողմը թեքուեն: Մեր հաճի աղան՝ գլգլակը առաջն առած՝ էն ի՜նչ երանաւէտ հոգեկան հրճուանքով էր, որ արտասանում էր բառերը՝ կոկորդալիր, շեշտուած, հրամայական ոճով, վճռական եղանակով. կարծէք Արամազդն էր, որ իր որոշումն էր կարդում: Տեսնելու էր թէ ինչպէ՜ս Աղան՝ երբեմն մասնաւոր հայացքներ էր ուղղում իր խաթուն կնոջը, նրանից հաւանութեան նշաններ առնելու. ժամանակ ժամանակ էլ, սլաքի շանթեր աւձակում իր չորս կողմը՝ խմբուած մենծ ու փոքր աղաներին, որոնք չէին աճապարում իսկոյն եւեթ, ամէն բառի առաջ գլուխ խոնարհեցնելու եւ այո՛, այդպէս է՝ ասելու:

Հաճի Աղայի բարկութիւնը իր պատմութիւնն ունէր:

Ակնարկուած Հնչակեանը երկու շաբաթ առաջ Զիլէ էր եղած: Թուրք մոլեռանդութեան, «Իտտիհատ»ական ազգայնականութեան այդ թունալից, ժահրոտ օրրանի մէջ, հրապարակապէս, 5-6 հազար թուրք, օսմանցի եւ հայ ունկնդիրների առաջ՝ «Իտտիհատ»ի գլխին էր թափած՝ Հնչակեան սուր քննադատութիւնը՝ իր սեպհական, գունագեղ բառամթերքներով: Պատուելի եւ փաստաբան երեք թարգամանները զարհուրած՝ հրաժարած էին հրապարակախօսի միտքը, բառերը նոյնութեամբ թարգմանելուց. եւ խօսողը սկսել էր պոռալ իր «ղապա թուրքերէն»ով. նա եզրակացրած էր. «…Կա՛մ Թիւրքիան պիտի մեռնի, կա՛մ «Իտտիհատ»ը… Ո՞րն էք ընտրում, ո՞րը ցանկանում… Հայաստանի ինքնավարութիւն՝ դա մեր իրաւունքն է. թիւրքիայի գոյութիւնը՝ դա էլ ձերը: Ո՞վ է այդ երկուսին վտանգ սպառնացողը. ո՞վ է երկուսին էլ քանդողը, Թիւրքիայի մէջ ապրող ազգերին իրարու դէմ գրգռող, թշնամութիւններ սերմանողը, աւերակների կոյտեր պատրաստողը,- «Իտտիհատ»ը, թուրք ազգայնականութիւնը…: Մենք Հնչակեաններս զարկում ենք «Իտտիհատ»ի գլխին, նրան հակառակ ենք… կը միանա՞ք մեզ հետ՝ դուք էլ, թուրքե՛ր… Եթէ չմիանաք, եթէ «Իտտիհատ»ին տապալել, մէջտեղից վերցնել չուզէք, լաւ գիտցէ՛ք որ թիւրքիան անպատճառ պիտի մեռնի, դա անխուսափելի է…»:

Այդ եւ շրջակայ թուրք ուրիշ վայրերի մէջ, 600 տարուց ի վեր, չարչի հայի լալագին ձայնն էր միայն լսուած, բայց Հայ Յեղափոխականինը՝ բնա՛ւ երբեք.- դա առանձին դեպքն էր պատմութեան մէջ:

Լուրը, ձայնի ալիքը, առասպելական ուռուցքներ եւ չափազանցութիւններ առնելով՝ տարածուել էր շրջակաները: Հաճի Աղաների կարծիքով՝ դա ո՛չ միայն կարող էր կոտորած յառաջ բերել, այլ եւ իրենց նիւթական մեծամեծ վնասներ պատճառել եւ տնտեսական հողի վրայ էլ թշնամութիւններ յարուցանել:

Զէ՜նք, ինքնապաշտպանութի՜ւն, պատրաստութի՜ւն, կազմակերպութի՜ւն.-այդ կոչը տեղական հաճի աղաներին, հայութիւնը չարչիութեան շրջանակի մէջ դնող այդ տզրուկներին ո՛չ միայն տհաճ էր, այլ նրանց սարսափահար էր անում:

Ու մեր մեծ գլուխ Հաճին բնաւ չէր կասկածում, որ անիծեալ այդ Հնչակեանը հէնց այն մարդն էր, որ իր մօտ նստած, մտածմունքի մռայլ ամպերի մէջ էր թաղելու:

Լա՞լ, ողբա՞լ: – Բայց պէտք էր դիմանալ, համբերել, տանիլ՝ անգիտակցութեան արդիւնք եղող ամէն կճոցներ, եւ դարձեալ, զէ՜նք, ինքնապաշտպանութիւն, պատրաստութի՜ւն, կազմակերպութի՜ւն քարոզել. որովհետեւ դա բղխում էր րոպէի վեհագոյն պարտականութիւնից: Ու սա Էրպաա-ի (Հերեկի) մէջ էր՝ դեռ 1911-ին: – Կարելի՞ է կուլ տալ: Դարերի ստեղծումը, անշուշտ, մի քանի օրուայ մէջ չի կարելի արմատախիլ անել: Դրա համար՝ ամէն տեսակի համբերութիւն, տոկունիթիւն, աշխատանք, ստեղծագործող ուժ է պէտք:

Մենք, այսօր, տարբեր վիճակ ունեցած չէի՞նք լինիլ, մարտական տեսակէտից, եթէ մեր մեծ ու փոքր հաճի աղաները ա՛յլ խելապատակ ունեցած լինէին եւ պարտականութիւն կատարած. թէ նրանք աւելի մօտիկից ճանաչած լինէին Հայ Յեղափոխութիւնը եւ «Իտտիհատ»ականութիւնը: Եւ նայեցէ՛ք, որ «Էրպաա-ի հաճի աղան» ո՛չ միայն հազարաւոր կարմիր ոսկիներ է թափել «Իտտիհատ»ի գոգը, այլեւ գործակալը, գլխաւոր վարիչը, ազդակը, տնօրէնն է եղել այդ շրջանների մէջ: Մինչդեռ Հայ Յեղափոխութիւնը, հայ մարտական գործը ո՛չ միայն այդպիսիներից մի պծառ ուժ անգամ չի ստացել, այլ նրանց երեսից տուժել է, հող է կորցրել եւ թուլութեան, անզօրութեան մատնուել.- ինչ որ հակառակը եղած պիտի լինէր, եթէ դրանք իրենց եւ հայ ազգի իսկական, մնայուն շահը ճանաչած եւ հասկացած լինէին:

Անկասկած, հիմա, այդ կարգի մարդիկը գլխներին են զարկում, բայց ո՞վ է պատասխանատուն. իրենց երբեմնի անիծեալները անում են ա՛յն, ինչ որ իրենց կարողութեան սահմանների մէջն է գտնւում:

Մէր վէրքը «Իտտիհատ»ի դէմ կռուելուց չի յառաջացել, այլ չկռուելուց:

ԶԷՆՔԸ ԱՒԵԼՈՐԴ.- Անցնենք ուրիշ օրինակների:

–Պապի՛, ուղիղն ասա՛, ի՞նչքան դրամագլուխ ունիս:

–է՜հ, փա՜ռք Տեառն, վիճակս գէշ չէ. 600-700 ոսկի ունիմ:

–Տարեկան ի՞նչքան կը շահիս:

–Գործը գիտէ, 200-300 ոսկի. աւելի՝ պակաս:

–Ինչո՞ւ 4 1/2 ոսկի չես տալիս՝ Մաուզէրի մի լաւ ատրճանակ հրացան առնելու տղայիդ համար, որ եկել, քեզանից գանգատւում է: Որդիդ Հնչակեան է. նա պարտաւոր է այդ ունենալ. դու էլ միջոց ունիս. ինչո՞ւ դրամ չես տալիս:

– Ի՞նչ պիտի ընենք, աւելորդ է:

– Տանդ մէջ տասնեակ աւելորդ՝ գորգ, կարպետ, քնելու շորեր ունիս. մեծ տան տէր ես. ձի, ոչխար, կթան պակաս չեն, թո՛ղ այդ աւելորդների կողքին՝ մէկ հատ էլ աւելորդ՝ ատրճանակ անունով բան լինի, չի՞ լինիլ:

– Բայց սովորութիւն չունինք:

– Սովորութիւն պիտի անէք. պիտի առնես, անպատճառ պիտի առնես:

– Կ’աղաչեմ, մի՛ նեղեր, թող մտածեմ. իմ տղան ատանկ բաներ չէր ըներ, եթէ Հնչակեան չըլլար. մեղքս ի՜նչ պահեմ:

Սա իրողութիւն է, պատահած 1912-ին, մի հայաշատ քաղաքում: Զէնքը աւելորդ համարողի «Հնչակեան տղան»՝ աներկրբայ է, հիմա, կա՛մ պատնէշի վրան է, կամ՝ հրացանը ձեռքին՝ պատուոյ դաշտին մեռած,- եթէ կախաղանի վրայից իր մարմինը արդէն ճօճուած չէ:

Մեր թուլութեան, անկազմակերպութեան պատասխանատուները փնտռած ատեն՝ աչքի առաջ պիտի պատկերացնել թիւը այն տեսակ հայ մարդկանց, որոնք ժամանակիս գոյապահութեան ազդեցիկ միջոցներից մէկը՝ զէնքը, սուրը, հրացանը եւ մարտական կազմակերպութիւնը աւելորդ, վնասակար են համարել ու այդ ուղղութեամբ ո՛չ միայն պարտականութիւն չեն կատարած, այլ Հայ Յեղափոխութեան դէմ ահագին արգելքներ, խոչընդոտներ հանած եւ հակառակորդ բանակի, Սուլթան Համիդի, «Իտտիհատ»ի դիրքը ուժեղացրած:

Սա մի ցաւալի իրականութիւն է, որ կարմիր գծով անցել է մեր Յեղափոխական պատմութեան միջով՝ հնուց ի վեր: Այդ գաղափարի փաստաբանները անպակաս են եղել:

ԱՆՊԱՐՏԱՃԱՆԱՉ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆՆԵՐ.- Յեղափոխական տարրը մեր յառաջադէմ կեանքը արտայայտող եւ միաժամանակ նրան ուղղութիւն տուող պատմական, ներքին ուժն է: Պատմութեան բերած կոյր, անարդար, իշխող եւ նրանց տեղը արդարութեան, ճշմարտութեան, իրաւունքի, լուսոյ արքայութիւնը հաստատող գերազանց ազդակն է նա: Նրա կոչումը բարձր է եւ նա պատնէշի վրան պիտի մնայ միշտ, եւ ամէն ժամանակ:

Դժբախտաբար՝ իրականութեան մէջ՝ այդպէս չեղաւ. անպարտաճանաչներ շատ գտնուեցան եւ տեղի ունեցան սայթաքումներ, ինչ որ մեծապէս վնասեց մեր մարտական, ընդդիմադրական գործին:

Քանի որ, հարեւանցի ակնարկով, պատասխանատուներ ենք որոնում՝ մեր այսօրուան ընդդիմադրական թուլութիւնը աւելի պարզորոշ կերպով արտացոլոցնելու համար, ուրուանկարը, գունագծերը աւելի քան կիսատ, անկատար եղած կը լինէին, եթէ պատասխանատութեան իրական բաժին չհանէինք ե՛ւ Յեղափոխականներին, կուսակցական տարրերին:

Ժամանակին՝ մարմնապաշտ հայ վարդապետները, եպիսկոպոսները՝ գեղածիծաղ Վոսփորի, սիւդաճեմ Մարմարայի ափունքներից հրապուրուելով՝ «գաւառ» չէին ուզում երթալ, «պաշտօն» վարելու. փափուկ կեանքը նրանց գամում էր Կ. Պոլսոյ թաղերի մէջ, ուր ամէն ինչ կեանք, կայտռոց, ձգողական էր:

Դրա նման մի երեւոյթ էլ պատահեց Յեղափոխական շարքերի մէջ: Կ. Պոլսոյ մայթերը լցուեցան մեծ ու փոքր, իրական ու խօսքի յեղափոխականներով: Նրանք Պոլսից դուրս գալ չուզեցին՝ շատ քիչ բացառութեամբ:

Գաւառների, մասնաւորապէս հեռաւոր շրջաննների վրայ՝ առանձին եւ անհրաժեշտ ուշադրութիւնը չդարձուեցաւ: Հայաստանը, առանձնապէս, չօժտուեցաւ՝ պէտք եղած թուով՝ լուրջ, զգօն, գիտակից, առաջնակարգ գործիչներով:

«Վարիչները» ժողովրդի մէջ չմտան, որպէսզի հմայաթափութիւն չլիներ, եւ իրենց արուեստական հեղինակութիւնը կարողանային պահել՝ հեռուից միայն հրահանգելով, տեղի ու անտեղի, յաճախ՝ իրականութեան բոլորովին չհամապատասխանող, հրամաններ, որոշումներ արձակելով: Ու գործը մնաց երկրորդականներին, որոնց գործունէութիւնը ո՛չ միայն բաւարար լինելուց շա՜տ հեռու մնաց, այլ տեղ տեղ էլ՝ աւելի քան վնասակար դարձուածքներ առաւ, քայքայիչ, ջլատիչ տարր հանդիսացաւ:

Բայց կարելի էր աւելին անել, քան ինչ եղաւ. եթէ պարտականութեան գիտակցութիւնը աւելի զօրեղ կերպով խօսած լինէր, մի քիչ աւելի մօտ լինէին իրականութեանը, ճշդիւ գնահատէին պայմանները, հողը, որի վրայ կանգնած էին, – չկուրանային, չշլանային տիրապետող, իշխանութեան գաւազանը իր ձեռքին ունեցող, պատիւներ, պաշտօններ բաշխող «Իտտիհատ» ի կեղծ ու պատիր խօսքերից, նետուող փշրանքներից եւ նրա թրքական, ասիական խորամանկութիւնից, շողոմարար մարդախաբ լեզուից:

Այո՛, Յեղափոխական տարրն էլ մեծ բաց ունի եւ՝ պատասխանատութեան որոշ բաժին: Չկատարուեցաւ այն ինչ որ կարելի էր. որքան էլ որ անյաջող դասաւորութիւններ եղած լինէին:

Հակա-Իտտիհատականութիւնը պիտի լինէր բոլոր կուսակցութիւնների «Հաւատամք»ը . նա համակուսակցական, համազգային թէզ պիտի լինէր, եւ ո՛չ թէ միայն ու միայն՝ Ս. Դ. Հնչակեան Կուսակցութեան գործունէութեան մէջ պարփակուէր:

Մեղադրենք անպարտաճանաչներին, բոլոր դասակարգերից եւ շերտաւորումներից, բայց մատնանշենք, որպէս արդարութիւն ե՛ւ այն, որ յեղափոխականներն էլ իրենց սեպհական «մեղայ»ն ունին:

Պէտք էր ներկայացրած ժամանակից, առիթից օգտուել եւ ժողովրդին հարկաւոր եղած կերպով կրթել, դաստիրակել, կազմակերպել, մարտական դիրքի մէջ դնել եւ յարատեւ, հաստատուն ուղղութեամբ առաջնորդել: Շփոթութիւններ շատ տեղի ունեցան՝ դժբախտաբար, կատարուեցան բաւականին ծանր սխալները, որոնցից կարելի էր եւ պէտք էր խուսափիլ. – խնդիրն այն չէ՝ թէ ո՞ր կողմից, ո՞ր ձեռքերի միջոցով եղաւ. իրականութիւնն այն է, որ «յեղափոխական» անունը կար մէջտեղ եւ նա էր բերանի ծամոցը, աջ ու ձախ եղող բացատրութիւններին՝ հիմունք տուողը:

Այդ ուղղութեամբ մի քիչ էլ աւելի առաջ երթանք: