Մարիա Յակոբսեն. նա օրական կերակուր էր տալիս 4500 որբ հայ երեխայի – 100 Lives

5895

Դանիացի միսիոներուհի Մարիա Յակոբսենին հազարավոր երեխաներ ճանաչում ու կանչում էին «մամա»։

Այս որբերին նա փրկել է Հայոց ցեղասպանությունից Խարբերդի (այժմ՝ Թուրքիայի Էլազըղ քաղաքը) ամերիկյան հոսպիտալում, իսկ ապա՝ Լիբանանի որբանոցում, երբ 1920-ականներին սկսվեց Օսմանյան կայսրության տարածքից հայ որբերի զանգվածային տարհանումը։

Մարիային հիշում  են ոչ միայն որպես մեծանուն և անձնվեր մարդասիրական գործիչ կամ ապագա արքեպիսկոպոս Տեր Հուսիկ Սանթուրյանի («Թռչնոց բույն» որբանոցի գաղթական ու ծնողազուրկ հայ երեխաներից) դաստիարակ։

1907-1919 թվականներին Մարիայի գրած 600 էջանոց օրագիրը, որի էջերը լի էին բազմաթիվ ահասարսուռ լուսանկարներով, հսկայական դեր կատարեց Հայոց կենաց-մահու տարիների մասին ճշմարտությունն աշխարհին ներկայացնելու գործում։

1882 թ. ծնված Մարիա Յակոբսենը Օսմանյան կայսրության տարածքում 1890-ականներին իրագործված համիդյան ջարդերի մասին տեղեկանում է պատանի տարիքում, ինչից հետո բուժքույրության դասընթացներ ավարտելով՝ համալրում «Կանանց առաքելության աշխատողներ» (Kvindelige Missions Arbejdere (KMA)) կազմակերպության շարքերը և ուղևորվում Թուրքիա։

Նա առաջինն էր գթության քույրերից, ով հասավ Խարբերդ. դա համընկավ իր 24-ամյակի հետ։ Դեռ նոր էր անցել գործի, երբ տեղի բժիշկները նրան արդեն անվանում էին «փրկության հրեշտակ»։

Թեպետ նրա համար ծանր էր բարձրադիր վայրերում աշխատելն ու երկար ճանապարհ կտրելը, դա ոչինչ էր 1915-ին սկսվածի համեմատ։

Ցեղասպանության ալիքը հազարավոր երեխաների բերեց նրա մոտ։

ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՓՐԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄԱՐԻԱՆ ՍԿԶԲՈՒՄ ՈՐԴԵԳՐԵՑ ԵՐԵՔԻՆԻՍԿ ՇՈՒՏՈՎ ՆՐԱ ԽՆԱՄՔԻ ՏԱԿ ԷԻՆ 3600-Ը։

Նա միանձնյա ստանձնեց հիվանդանոցում տեղավորված հազարավոր որբերի խնամքը, երբ պատերազմին Միացյալ Նահանգների ներգարվման հետևանքով ամերիկյան անձնակազմն ստիպված եղավ լքել կայսրության տարածքը:

Ինչ-որ մի պահի Յակոբսենը կերակուր էր տալիս օրական 4500 երեխայի։ Չափազանց դժվար է կարդալ այդ օրերի մասին նրա հուշերը. «Ես կարծում էի՝ այլևս երբեք չեմ ժպտա»,- գրում է Մարիան՝ պատմելով տեղի պակասի պատճառով մի տղայի մերժելու մասին, որին հետո գտան սովից մեռած։

«Սիրտս կտոր-կտոր էր եղել»,- պատմում է նա՝ նկարագրելով մի դեպք, երբ ոստիկանները, որոնք նաև մասնակցում էին հայերի հետապնդումներին, իր դուռն են բերում պատառոտված ոտքերով ու մերկ մի փոքրիկ աղջնակի։

Մարիան կյանքի գնով հաջողացնում է իր օրագիրը դուրս բերել երկրից, երբ իր խնամքին գտնվող երեխաներից մեկից տիֆով վարակված՝ 1919-ին ստիպված է լինում վերադառնալ Դանիա։ Ապաքինվելուց կարճ ժամանակ անց նա հրավիրվում է Միացյալ Նահանգներ և յոթ ամիս շարունակ ելույթներ ունենում իր խնամքի տակ գտնվողների ծանրագույն կացության մասին՝ միջոցներ հայթայթելով նրանց համար։

Տեղեկանալով, որ Մերձավոր Արևելքի Նպաստամատույցը (Near East Relief) ձեռնարկել է 110,000 երեխաների Թուրքիայից տարհանելու գործը՝ Մարիան, վտանգը մի կողմ թողած, շտապ վերադառնում է Մերձավոր Արևելք և սկսում զբաղվել որբահավաքությամբ։

Թուրքիա մուտքի արտոնագիր չստանալով՝ նա ուղևորվում է Լիբանան և շուտով հիմնում հետագայում մոտ 200 հայ երեխա պատսպարած «Թռչնոց բույն» որբանոցը. Մարիայից մշտապես քաղցրավենիք խնդրող երեխաները նրան հիշեցնում են ձվից նոր դուրս եկած քաղցած թռչնակների։

Այցելուները պատմում են, որ «Թռչնոց բույնն» ավելի շատ դպրոց էր, քան որբանոց, անթերի մաքուր էր ու կարգապահ, երեխաները դաս էին սովորում, իսկ աղջիկները՝ նաև հմտանում ասեղնագործության նրբություններում։

Զարմանալի է, բայց հաստատությունը գործել է նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին:

1950 թ. Յակոբսենը դարձավ առաջին կինը, ով մարդասիրական աշխատանքի համար պարգևատրեց Դանիայի թագավորության ոսկե մեդալով։

Մարիան վերջին անգամ հայրենիք է այցելել 1957 թ., իսկ մահացել է 1960 թ., «Թռչնոց բույն» որբանոցում։ Իր ցանկությամբ՝ աճյունն ամփոփվել է որբանոցի բակում։

Նկարները տրամադրել է Հայոց ցեղասպանության թանգարանինստիտուտը

Նյութի պատմական հավաստիությունն ստուգված է 100 LIVES նախաձեռնության

https://100lives.com/hy/stories/detail/regular/5986/-