Առանց Ազգ-բանակ կամ որևէ այլ կոնցեպտի, Հայաստանը և նրա ժողովուրդը պատվով ու արժանապատվորեն հաղթահարեցին պարտադրված պատերազմը՝ պաշտպանելով ոչ միայն Արցախի գլխին կախված սպառնալիքը, այլև ստեղծեցին անվտանգության կենսական գոտի:
Նշանակվելով պաշտպանության նախարար՝ Վիգեն Սարգսյանը սկսեց 1000-ական դրամահավաքը՝ հստակ գիտակցելով, որ արժանապատիվ հայ ժողովուրդը իր դեմ 1000 դրամի կռիվ չի տա:
Այն օրերին, երբ Վիգեն Սարգսյանը, օգտվելով տարկետման իր օրինական իրավունքից, ուսանում էր Սանկտ Պետերբուրգի տաք բուհերում, նրա հազարավոր տարեկիցներ, այդ թվում բուհերի ուսանողներ, իրենց կյանքն էին նվիրում հայրենիքին՝ գրպանում ունենալով տարկետման թուղթը:
Վիգեն Սարգսյանը 1000 դրամից հետո իր նախարարական գործունեությունը շարունակեց Ազգ-բանակ մինչև օրս թղթի վրա չգրված կանցեպտով: Բարեփոխումները այնպիսի կոռումպացված ու փակ համակարգում, ինչպիսին բանակն է, չափազանց կարևոր են, և նախարար Սարգսյանին որևէ մեկը չի քննադատի: Սակայն անհասկանալի է, թե ինչու է նա ամեն ինչ սկսվել ժողովրդից, այլ ոչ՝ ապարատից:
Գուցե տրամաբանական լիներ Ազգ-բանակ և այլ նախաձեռնություններ սկսել ՊՆ համակարգից, հետո նոր անցնել ազգին: Հազար ու մի բացեր կան՝ կոռուպցիա, գնումների փակ համակարգ, հովանավորչություն, բանակից ապօրինի հետգցումներ և այլն, և այլն:
Վիգեն Սարգսյանի փայլուն կրթությունը այս օրերին հակասության մեջ է մտել նրա բառապաշարի և հռետորաբանության հետ: Նրան նախորդած այլ նախարարներ, որոնք իրավամբ մեծ ավանդ ունեն Հայոց բանակի ստեղծման գործում, նման վերջնագրերով չէին խոսում հասարակության հետ, ինչպես խոսում է Վիգեն Սարգսյանը:
Ամենակարող Վազգեն Սարգսյանը հետքայլ արեց 1997-ին, երբ շրջանառության մեջ էր դրվել տարկետման նախագիծը: Առաջին դեմ դուրս եկողը եղավ խորհրդարանի նախագահ Բաբկեն Արարքցյանը, որի կաբինետում այդ օրերին խորհրդականի պաշտոնով աշխատում էր Սանկտ Պետերբուրգից նոր վերադարձած Վիգեն Սարգսյանը: Ու եթե չլիներ Արարքցյանը, Վիգեն Սարգսյանին ևս պիտի բանակ տանեին:
Նախագահ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ՝ 2004-ին, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը նմանատիպ օրինագիծ բերեց, բայց հանդիպեց ուսանողության դիմադրական շարժմանը: Սերժ Սարգսյանը տեղի տվեց:
Վարչապետի և բողոքող ուսանողների հետ հանդիպմանը, որին ներկա էին նաև պաշտպանության և կրթության ու գիտության նախարարները, Վիգեն Սարգսյանը գրեթե վերջնագրի տոնով էր խոսում:
Կասկած չկա, որ ցանկության դեպքում, հանրապետական այս վարչակարգը ունակ է ժամերի ընթացքում ցրել ու բնի մեջ խեղդել ուսանողական այս շարժումը:
Ես այստեղ անգամ չեմ ուզում քննարկել՝ առաջին ընթերցմամբ ընդունված օրինագիծը լավն է, թե վատը, ընդունելի է, թե ոչ:
Ամբողջ խնդիրն այն է, որ օրինագծի դեմ դուրս են եկել հարյուրավոր ուսանողներ, և նրանց նկատմամբ կոշտ վերաբերմունքը բերելու է նոր հիասթափության ու նոր արտագաղթի:
Այո՛, պարոնայք, Դուք կարող եք ճիպոտն առած 200 կամ 500 ուսանողներին քշել բանակ, բայց երկարատև կտրվածքով Դուք զրկվելու է 2000 կամ 5000 մարդուց, որոնք հիասթափված իշխանություններից կլքեն երկիրը:
350 հազար պանդուխտը, որ 2008-ից ունենք, քի՞չ է:
Այդ պատճառով պետք է գտնել մի տարբերակ, որը ընդունելի կլինի բոլորի համար: Գուցե միջանկյալ մի լուծում, բայց ոչ երբեք՝ չորով:
Իսկ եթե Դուք իրավամբ անկեղծ եք և զինակոչի խնդիր չեք լուծում, այլ ձգտում եք արդարություն հաստատել բոլորի համար, ինչպես հայտարարում եք, ապա սկսեք բանակի ներսից: Քանի դեռ դա չեք արել, հասարակությունը չի հավատալու Ձեր՝ անգամ ամենահայրենավեր նախաձեռնություններին:
Թաթուլ Հակոբյան