2040թ բնակչությունը 4 միլիոնի հասցնելու նպատակը՝ իրականանալի. Սերժ Սարգսյան

2025

Սերժ Սարգսյանը նոյեմբերի 8-ին Հայաստանի ժողովրդագրական խնդիրներին նվիրված խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել են վարչապետը, փոխվարչապետը, այլ պաշտոնյաներ:

Սարգսյանն ընդգծել է, որ մինչև 2040թ. Հայաստանի բնակչությունը 4 միլիոնի հասցնելու համազգային նպատակը դժվարին, բայց իրականանալի խնդիր է:

Խորհրդակցության արդյունքներով Սարգսյանը տվել է մի շարք հանձնարարականներ. մասնավորապես՝ կառավարությանը հանձնարարվել է մշակել Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի (մինչև 2040 թվականը) բարելավման ռազմավարական հիմնադրույթները:

Սերժ Սարգսյանի նախագահության իննուկես տարիներին Հայաստանից արտագաղթել է շուրջ 350 հազար մարդ, կամ օրական միջինը 100 հոգի:

Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը օրերս հրապարակել է նոր տվյալներ, համաձայն որոնց՝ 2017թ․ 9 ամիսների ընթացքում հանրապետության բնակչությունը նախորդ տարվա նույն ժամանակահատված համեմատ նվազել է շուրջ 14 000-ով:

Նվազել է նաև ծնվածների թիվը: Եթե 2016թ․ ինը ամիսներին Հայաստանում լույս աշխարհ է եկել 29 868 երեխա, ապա 2017թ․՝ 27 665։

2050թ․ Հայաստանի բնակչությունը կկազմի մոտ 2,7 միլիոն մարդ, ասվում է ՄԱԿ-ի՝ այս տարվա հունիսին հրապարակած զեկույցում։ 2100թ․, ըստ նույն զեկույցի, Հայաստանի բնակչության թիվը կլինի 1,849 միլիոն: