Հայ քաղաքական մտքի դրսևորումներ. Թաթուլ Հակոբյանը Բեյրութի Հայկազյան համալսարանում

1632

Բեյրութի Հայկազյան համալսարանի Հայկական սփյուռքի ուսումնասիրությունների կենտրոնը տեղեկացնում է, որ երեքշաբթի, նոյեմբերի 14-ին, երեկոյան ժամը 19.30-ին, տեղի է ունենալու «Հայ քաղաքական մտքի դրսևորումներ» դասախոսական երեկոն, որի ընթացքում լրագրող, Սիվիլիթաս հիմնադրամի փորձագետ և ԱՆԻ կենտրոնի համակարգող Թաթուլ Հակոբյանը Հայկազյան համալսարանի հանդիսասրահում ներկայացնելու է ԱՆԻ կենտրոնի վերջին երկու նոր վերահրատարակությունները՝ Ռուբէն Տէր Մինասեանի «Հայաստանի Հանրապետութիւնը» և Ստեփան Սապահ-Գիւլեանի «Պատասխանատուները»: 

Վերահրատարակված երկու հատորները ցուցադրվելու են նաև նոյեմբերի 19-ից դեկտեմբերի 10-ը Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության հովանու ներքո Անթիլիասի մայրավանքում տեղի է ունենալիք Հայ գրքի համահայկական 38-րդ ցուցահանդեսում, որի պաշտոնական բացումը կատարելու է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն:

ԱՆԻ կենտրոնը այդ ցուցահանդեսին իր հրատարակություններով կմասնակցի առանձին սեղանով:

ՀՅԴ Բյուրոյի ազդեցիկ անդամ, Հայաստանի Հանրապետության (1918-1920/21 թթ) ռազմական նախարար Ռուբէն ՏէրՄինասեանի «Հայաստանի Հանրապետութիւնը», ինչպես նաև Հնչակյան նշանավոր գործիչներից Ստեփան Սապահ-Գիւելանի «Պատասխանատուները»  աշխատությունները Հայաստանում վերահրատարակվում են առաջին անգամ:

Ռուբենի «Հայաստանի Հանրապետութիւնը» գործը ձեռագիր վիճակով պահվում է Հայաստանի Ազգային արխիվում՝ ֆոնդ 1048, ցուցակ 1, գործ 25, 206 թերթ: Արխիվում այս գործը կրում է «Ռուբեն Տեր-Մինասյանի ուսումնասիրությունը ՀՅ Դաշնակցության Բյուրոյի (1919թ. նոյեմբեր մինչև 1920թ. ապրիլ) գործունեության մասին» խորագիրը:

300 օրինակ տպաքանակով և 240 էջանոց գիրքը վերահրատարակվել է արևմտահայերենով, մեսրոպյան ուղղագրությամբ։ Խմբագրումը, ծանոթագրությունների հեղինակումը և շարադրանքի վերանայումը կատարել է պատմաբան Գէորգ Եազըճեանը։ Հատորի ընդհանուր խմբագիրը լրագրող Թաթուլ Հակոբյանն է։ Գիրքը վերահրատարակվել է «Լուսակն» տպարանում։

ՍԴՀԿ նշանավոր գործիչներից Ստեփան Սապահ-Գիւլեանի 400 էջանոց «Պատասխանատուները» հատորը լույս է տեսել 700 օրինակ տպաքանակով, արևելահայերենով, մեսրոպյան ուղղագրությամբ։

Այս հատորը կարևոր աղբյուր է 1890-ական թթ. վերջերից մինչև 1914-ի հայ-թուրքական դեպքերն ու իրադարձությունները ավելի լավ, նոր լույսի տակ ընկալելու և մեկնաբանելու տեսակետից: Մասնավորապես, այս գրքում մանրամասն կերպով և մասնակցի ներկայությամբ պատմվում է ՍԴՀԿ-Երիտթուրքեր, ՀՅԴ-Երիտթուրքեր, ՍԴՀԿ-Իթիլաֆ շփումների, հակասությունների և համագործակցության մասին:

Հատուկ այս հրատարակության համար առաջաբան է գրել հնչակյան գործիչ, Լիբանանի խորհրդարանի նախկին պատգամավոր, դոկտոր Եղիկ Ճէրէճեանը Բեյրութից։ Խմբագրումը, ծանոթագրությունների հեղինակումը և շարադրանքի վերանայումը կատարել է պատմաբան Գէորգ Եազըճեանը։ Հատորի ընդհանուր խմբագիրը Թաթուլ Հակոբյանն է։

Սապահ-Գիւլեանի «Պատասխանատուները» վերահրատարակվել է «Լուսակն» տպարանում։

Ահա այն գրքերի ցանկը, որ ԱՆԻ կենտրոնը կներկայացնի Հայ գրքի համահայկական 38-րդ ցուցահանդեսում.

Եղիշէ Քաջունի, «Զօրավար Անդրանիկ – Հայկական առանձին հարուածող զօրամասը», 2015 թ.

Հովհաննես Քաջազնունի, «Հ. Յ. Դաշնակցությունն անելիք չունի այլևս», 2016 թ.

Սիմոն Վրացյան, «Խարխափումներ», 2016 թ.

Ռուբէն Դարբինեան, «Մեր Պատասխանը Յովհաննէս Քաջազնունիի», 2016 թ.

Արշակ Ջամալյան, «Հ. Քաջազնունին ևՀ. Յ. Դաշնակցությունը», 2016 թ.

Վահան Նավասարդյան, «Հ. Յ. Դաշնակցության անելիքը», 2016 թ.

Քաջազնունի, Վրացյան, Դարբինեան, Ջամալյան, Նավասարդյան, «Հ. Յ. Դաշնակցությունը անելիք ունի՞, թե՞ չունի», 2016 թ.

Յովհաննէս Քաջազնունի, «Ազգ եւ Հայրենիք», 2016 թ.

Ռուբէն Տէր Մինասեան, «Հայաստանի Հանրապետութիւնը», 2017 թ.

Ստեփան Սապահ-Գիւլեան, «Պատասխանատուները», 2017 թ.

Թաթուլ Հակոբյանի գրքերից.

«Կանաչ ու սև. արցախեան օրագիր», արեւմտահայերէն, մեսրոպեան ուղղագրութիւն, երկրորդ հրատարակություն, 2009 թ.

«Karabakh Diary: Green and Black», English edition, 2010

یومیات کاراباخ, Arabic edition, 2012

«Հայեացք Արարատէն. Հայերը եւ Թուրքերը», արեւմտահայերէն, մեսրոպեան ուղղագրութիւն, երկրորդ հրատարակություն, 2012 թ.

«Armenians and Turks», First English edition, 2013

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոն