Էնվերը` Խատիսյանին. «[Մենք] ստեղծեցինք Հայաստանը և գոհացում տվեցինք հայերի ազգային ձգտումներին»

3327
Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը վերահրատարակության է պատրաստում Հայաստանի Առաջին Հանրապետության վարչապետ և արտգործնախարար Ալեքսանդր Խատիսյանի “Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը” կոթողային աշխատությունը: Հայաստանի Առաջին Հանրապետության շրջանում դժվար է նշել մեկ այլ հայ պաշտոնյայի, պետական գործչի, ով այնքան շատ ներկա եղած լինի հայ ժողովրդի համար ճակատագրական քննարկումների, բանակցած ու ստորագրած լինի այնքան կարևոր փաստաթղթեր: ԱՆԻ կենտրոնը այս արժեքավոր հատորը վերածելով արևելահայերնի և աբեղյանական ուղղագրության՝ առաջին անգամ այն կհրատարակի Հայաստանում:

_______________________________

Վեցերորդ գլուխ

Չորս ամիս Պոլսում

(1918 հունիս 15-նոյեմբեր 1)

Նախորդ հատվածը կարդալ այստեղ

Մեր երրորդ այցելությունը տվեցինք Էնվեր փաշային, ով մեզ ընդունեց պատերազմի նախարարության շենքում, Բայազետ հրապարակի վրա: Երբ մտանք ընդունման մեծ սրահը, մեր ուշադրությունը գրավեց դիմացի պատի վրա ոսկե տառերով գրված արաբերեն մակագրությունը, որն ասում էր. «Սրերի հովանու տակ ես գտնում քո հանգիստը»:

Էնվեր փաշան անմիջապես ընդունեց մեզ: Միջահասակ և վայելչակազմ մեկն էր, որ առաջին անգամից քաշվող, վերաբերմունքի մեջ պարզ և շատ զուսպ մարդու տպավորություն էր թողնում: Դեմքը շատ խիստ էր և հանդարտ, աչքերը՝ խորաթափանց և խոհուն: Ընդհանրապես, արտաքինով գրավիչ էր:

Այդ մարդուն նայելով դժվար էր հավատալ, որ ընդունակ է հանդարտ սրտով հարյուր հազարավոր մարդկանց մահվան գիրկը նետել: Այդքան խաբուսիկ են թուրքերը և դրա համար է, որ եվրոպացիները այնքան դյուրությամբ են խաբվում նրանց անուշ և գրավիչ ձևերից:

Էնվերի մոտ մենք ուղղակի անցանք մեզ շահագրգռող հրատապ խնդիրներին՝ գաղթականներին, սահմաններին և խորհրդաժողովին: Էնվեր փաշան շատ զուսպ պատասխանեց. «Արտաքին նկատառումները մեզ թույլ չեն տալիս, որ ազատություն տանք գաղթականներին՝ վերադառնալու մեր գրաված շրջանները: Տեղի մահմեդականները չեն ուզում նրանց տեսնել: Ես չեմ կարող երաշխավորել նրանց կյանքը: Թող անցնի որոշ ժամանակ, հանգամանքները թերևս կփոխվեն: Եվ հետո՝ չէ՞ որ հայերը դեռ պատերազմ են մղում մեր դեմ: Բաքվում նրանք բանակ են կազմել և կռվում են դեռ, ինչպես նաև Զանգեզուրում Անդրանիկը շարունակում է պատերազմել մեր դեմ»:

Նույն պատասխանը հետո տվել էր նաև գերմանացի դեսպան Կոմս Բենստորֆին և գլխավոր հրամանատար Հինդենբուրգին: Դա մենք տեսանք այն հեռագրերից, որոնք փոխանակված էին նրանց  միջև:

Գալով սահմաններին՝ Էնվեր փաշան հայտնեց մի միտք, որ երևի շատ խորն էր նստած նրա ուղեղում: Նա ասաց. «Մենք չենք կարող մտածել սահմանների ընդարձակության մասին, որովհետև ինձ հաջողվեց անել այն, ինչը որ կենսական անհրաժեշտություն էր Թուրքիայի համար: Ես և իմ ընկերները ստեղծեցինք Հայաստանը և դրանով գոհացում տվեցինք հայերի ազգային ձգտումներին և լուծեցինք Հայկական հարցը: Միևնույն ժամանակ, մենք դա արեցինք Թուրքիայի սահմաններից դուրս, ռուսական հողի վրա և ունեցանք երկու հաջողություն: Ա. Ստեղծեցինք Հայաստանը և Բ. Անվթար պահեցինք Թուրքիայի հողը: Միայն այդ գնով է, որ մենք համաձայնվեցինք հաշտվել Հայաստանի Հանրապետության գոյության հետ: Արդ, ինչպես կարելի է այժմ պահանջել, որ նոր հողամասեր կցենք Հայաստանին. չէ՞ որ դա չենք կարող անել առանց դիպչելու հին ու նոր Թուրքիայի հողերին: կարսը, Արդահանտ և Բաթումը միայն նոր են վերադարձել իրենց հին հայրենիքի գիրկը»:

Մեր առարկություններին՝ Հայաստանի սահմանների չափազանց նեղ լինելուն և հայ ժողովրդի պատմական իրավունքների մասին, էնվեր փաշան պատասխանեց. «Օ՜, ես լավ գիտեմ, որ մեկ անգամ ազատություն ճաշակած ժողովուրդը երբեք չի կարող դրանից հրաժարվել»:

Մեր առաջին տեսակցությունները ընդհանուր առմամբ որևէ դրական արդյունք չտվեցին: Մեր հետևյալ տեսակցությունները արտաքին գործերի նախարար Նիսիմի բեյի և ներքին գործերի նախարար Ջանփոլադ բեյի հետ շատ քիչ բան ավելացրեցին մեր նախորդ տպավորությունների վրա: Բոլոր թուրքերը իրենց խոսակցություններում շարունակ այն միտքն էին շեշտում, որ հայերին և թուրքերին բաժանողը Անգլիան ու Ռուսաստանն են, որոնք երկու հարևան ժողովուրդներին իրար հետ կռվեցնելով, պղտոր ջրում ձուկ են որսում: Մասնավորապես, հետաքրքրական էին Հյուսեին Ջահիդ բեյի և Ռեուֆ բեյի արտահայտությունները: