Արտագաղթը և Հայկական բանակը

1528

Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է նոր տվյալներ, համաձայն որոնց՝ 2017թ․ 9 ամիսների ընթացքում հանրապետության բնակչությունը նախորդ տարվա նույն ժամանակահատված համեմատ նվազել է շուրջ 14 000-ով:

Նվազել է նաև ծնվածների թիվը: Եթե 2016թ․ ինը ամիսներին Հայաստանում լույս աշխարհ է եկել 29 868 երեխա, ապա 2017թ․՝ 27 665։

2050թ․ Հայաստանի բնակչությունը կկազմի մոտ 2,7 միլիոն մարդ, ասվում է ՄԱԿ-ի՝ այս տարվա հունիսին հրապարակած զեկույցում։ 2100թ․, ըստ նույն զեկույցի, Հայաստանի բնակչության թիվը կլինի 1,849 միլիոն:

Սերժ Սարգսյանը, որի նախագահության իննուկես տարիներին Հայաստանից արտագաղթել է շուրջ 350 հազար մարդ, ամիսներ առաջ հայտարարեց, որ 2040թ․ Հայաստանի բնակչության թիվը կլինի 4 միլիոն՝ չնշելով իր հաշվարկի հիմքն ու հիմնավորումները:

Արտագաղթը դարձել է երկրի առաջնային մարտահրավերներից մեկը: Այն ուղղակի կապ ունի բանակի համալրման հետ:

«Ազգ-բանակ» կոնցեպտը, «Զինապարտության մասին» նոր օրենքը, «Պատիվ ունեմ», «Ես եմ» նախաձեռնությունները խորքի մեջ բանակի համալրումը ապահովելուն ուղղված իշխանությունների քայլերն են:

Կարծիքներ են հնչում, թե Հայկական բանակը պետք է դարձնել պրոֆեսիոնալ՝ վճարովի, այդպես լուծելով բանակի համալրման՝ Հայաստանի ու Արցախի սահմանների պաշտպանության խնդիրը:

Հայկական բանակը, մասամբ, վճարովի է: Գաղտնիք չէ, որ Հայաստան-Ադրբեջան սահմանում և Արցախ-Ադրբեջան շփման գծում ծառայում են հարյուրավոր պայմանագրայիններ:

Սակայն ինչպե՞ս է հնարավոր «Ազգ-բանակ» կոնցեպտով, վարչարարությամբ ու տարատեսակ նախաձեռնություններով լուծել բանակի համալրման խնդիրը, երբ Հայաստանը մաշվում է արտագաղթից:

Սոցիալ-տնտեսական ու ժողովրդագրական նման պայմաններում անհնար է ունենալ պրոֆեսիոնալ բանակ:

Ինչո՞ւ են հայերը արտագաղթում․ որովհետև Հայաստանում չկա վաղվա օրվա նկատմամբ հավատ, չկա արդարություն, Հայաստանը իրավական պետություն չէ, քաղաքացին իրեն պաշտպանված չի զգում, մենաշնորհները խեղդում են անգամ փոքր բիզնեսը, չկա արժանապատիվ աշխատանք, իշխող Հանրապետական կուսակցությունը վերածվում է կոմունիստական հրեշի, Սերժ Սարգսյանն ու նրա ռեժիմը վերարտադրության իրենց բացահայտ խոստում-սպառնալիքներով սպանում են փոփոխությունների հույսերը

Պետք է հասկանալ և ընդունել պարզ ճշմարտությունը. եթե չդադարի այս աղետալի արտագաղթը, եթե ծնելիությունը շարունակի անկում ապրել, ապա բանակի համալրման խնդիրը չի լուծվի անգամ Հայաստանն ու Արցախը պարտադրաբար Սպարտա դարձնելու դեպքում:

Ինչո՞ւ են հայերը արտագաղթում․ որովհետև Հայաստանում չկա վաղվա օրվա նկատմամբ հավատ, չկա արդարություն, Հայաստանը իրավական պետություն չէ, քաղաքացին իրեն պաշտպանված չի զգում, մենաշնորհները խեղդում են անգամ փոքր բիզնեսը, չկա արժանապատիվ աշխատանք, իշխող Հանրապետական կուսակցությունը վերածվում է կոմունիստական հրեշի, Սերժ Սարգսյանն ու նրա ռեժիմը վերարտադրության իրենց բացահայտ խոստում-սպառնալիքներով սպանում են փոփոխությունների հույսերը:

Անշուշտ, կան նաև դեպքեր, երբ ընտանիքը արտագաղթում է Հայաստանից կամ տղա երեխաներին գրանցում այլ երկրում, որպեսզի չգնա բանակ: Այս դեպքերը, սակայն, զանգվածային չեն: Մարդը հեռանում է սահմանային գյուղից ոչ թե այն պատճառով, որ ադրբեջանցիները կրակում են, այլ որովհետև չի կարողանում իր ընտանիքի համար ապահովել ապրուստի նվազագույն պայմաններ:

Վարչարարությամբ բանակի համալրման խնդիրը գրեթե անլուծելի է: Ավելին, դա կարող է նաև հակառակ ազդեցությունը թողնել:

Հետևաբար, եթե ուզում ենք ունենալ համալրման դժվարություն չունեցող Հայկական բանակ (իսկ դա ուզում են բոլոր հայերը, քանի որ արտաքին սպառնալիքը կախված է բոլորի գլխին), պետք է սկսել այլ տեղից:

Վերջին օրերին Ազգային ժողովում «Զինապարտության մասին» նոր օրենքի քննարկումների ժամանակ երիտասարդ պատգամավորներից մեկը շատ հակիրճ և դիպուկ բնութագրեց կացությունը. hզոր բանակի համար պետք է հզոր տնտեսություն, հզոր տնտեսության համար՝ ազատական մրցակցային միջավայր, իսկ դրա համար՝ ժողովրդավարություն։

Հայկական բանակի համալրման ակնկալիքներ կային սփյուռքից: Թվում էր՝ երկքաղաքացիության օրենքը սփյուռքահայ երիտասարդներին հնարավորություն կտա ծառայել Հայկական բանակում: Հռետորաբանությունն ու իրականությունը, սակայն, բոլորովին տարբեր բաներ են: Սփյուռքահայերը հրաժարվում են երկքաղաքացիությունից, քանի դեռ իրենց որդիները չեն դարձել 27 տարեկան: Դա այն տարիքն է, որից հետո բանակ չեն տանում:

Թաթուլ Հակոբյան

ՍիվիլՆեթ