Լևոն Տեր-Պետրոսյանի պատերազմը և խաղաղությունը

2353

Ուղիղ 20 տարի առաջ այս օրը՝ 1997-ի նոյեմբերի 1-ի առավոտյան, երևանյան օրաթերթերում տպագրվեց Լևոն Տեր-Պետրոսյանի «Պատերազմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը» ծավալուն հոդվածը: Հայաստանի անկախությունից հետո առայսօր դա ղարաբաղյան կարգավորման շուրջ գրված ծանրակշիռ, բայց նաև հակասական գնահատականների ու խստիվ քննադատության արժանացած վերլուծություններից է:

Հայաստանի առաջնորդը փորձեց մամուլում հրապարակային լուրջ բանավեճ ծավալել հայ ժողովրդի առջև կանգնած ամենակնճռոտ խնդրի` ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավոր ուղիների շուրջ:

Տեր-Պետրոսյանը հռետորական հարց տվեց` հակամարտությունը պետք է լուծվի պատերազմի՞, թե՞ բանակցությունների միջոցով, հնարավո՞ր է արդյոք հավերժ կամ թեկուզ երկար ժամանակով պահպանել ստատուս-քվոն, Ղարաբաղին և Հայաստանին ձեռնտու է հարցի կարգավորվա՞ծ, թե՞ չկարգավորված վիճակը, հարցը պետք է լուծվի փոխզիջումո՞վ, թե՞ կողմերից մեկի պարտությամբ, և այդ դեպքում ո՞վ է լինելու պարտվող կողմը:

Հայաստանի նախագահի տեսակետը միանշանակ էր. «Հարցը պետք է լուծվի միայն ու միայն խաղաղ բանակցությունների միջոցով, ստատուս-քվոն երկար ժամանակով պահպանել հնարավոր չէ, որովհետև դա թույլ չեն տա ո’չ միջազգային հանրությունը, ո’չ էլ Հայաստանի տնտեսական կարողությունները, Ղարաբաղին և Հայաստանին ձեռնտու չէ հարցի չկարգավորված վիճակը, որովհետև դա զգալիորեն խոչընդոտում է Հայաստանի, հետևաբար, նաև Ղարաբաղի տնտեսական զարգացմանը»:

Ըստ Տեր-Պետրոսյանի՝ փոխզիջումն այլընտրանք չունի, փոխզիջման այլընտրանքը պատերազմն է. «Փոխզիջման մերժումը եւ մաքսիմալիզմը Ղարաբաղի իսպառ կործանման և Հայաստանի վիճակի վատթարացման ամենակարճ ճանապարհն է: Խոսքը չի վերաբերում Ղարաբաղը տալուն կամ չտալուն: Խոսքը վերաբերում է Ղարաբաղը հայկական պահելուն. երեք հազար տարի այն բնակեցված է եղել հայերով եւ երեք հազար տարի հետո էլ պետք է բնակեցված լինի հայերով: Իմ ընտրած ուղին ապահովելու է այդ հեռանկարը: Հայաստանն ու Ղարաբաղն այսօր ուժեղ են քան երբեւէ, բայց հակամարտության չկարգավորման դեպքում մեկ-երկու տարի հետո անհամեմատ թուլանալու են: Այն, ինչ մերժում ենք այսօր, ապագայում խնդրելու ենք, բայց չենք ստանալու, ինչպես բազմիցս եղել է մեր պատմության մեջ»:

Փոխզիջումը, Տեր-Պետրոսյանի բառերով, ընտրություն է ոչ թե լավի ու վատի միջեւ, այլ՝ վատի ու վատթարի. «Փոխզիջումն ինչ-որ չափով բավարարելու է բոլոր կողմերին, բայց միաժամանակ ամբողջովին չի գոհացնելու ոչ մեկին: Ալիևը դա ներկայացնելու է Ադրբեջանի հաղթանակ, ես փորձելու եմ ներկայացնել Հայաստանի հաղթանակ: Ադրբեջանական ընդդիմությունը համարելու է, որ Ալիևը դավաճանեց ու ծախեց Ղարաբաղը: Հայաստանի ընդդիմությունը համարելու է, որ ես դավաճանեցի ու ծախեցի»:

«Ես ընտրվել եմ իմ առջև կանգնած դժվարությունների և դրանց հաղթահարման գործում կրելիք պատասխանատվության սառը գիտակցությամբ, որի համար ամենևին չեմ զղջում: Մի՞թե ես չգիտեմ հերոս ձևանալու, ազգային բոլոր իղձերի իրականացնողը ներկայանալու, ժողովրդին ամեն գնով դուր գալու էժան հնարքները: Մի՞թե ես չէի կարող գիշեր-ցերեկ հայհոյել թուրքերին, ՄԱԿ-ի առջեւ բարձրացնել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, չեղյալ հայտարարել Կարսի պայմանագիրը, Թուրքիայից պահանջել Սեւրի դաշնագրով գծված սահմանները, վերջնագիր ներկայացնել Ադրբեջանին, ճանաչել Ղարաբաղի անկախությունը, հայտարարել, որ ոչ մի թիզ հող չենք զիջի: Ես հեշտությամբ կարող էի քաջի ու հայրենասերի համբավ ձեռք բերել, դառնալ ազգի կուռքը, Հայաստանի ու սփյուռքի միասնության խորհրդանիշը»,- գրում էր Տեր-Պետրոսյանը և բացատրում, որ այդ ամենը կատարելու համար իրեն խանգարում է պարզ քաղաքական հաշվարկը և հայ ժողովրդին փորձանքներից հեռու պահելու գիտակցությունը:

Տեր-Պետրոսյանը պնդում էր, որ Ղարաբաղի անկախության հարցում Հայաստանը դաշնակիցներ չունի, իսկ միակ դաշնակիցը արկածախնդրության մերժումն է:

Այս հոդվածից երեք ամիս անց «հայտնի ուժերի»՝ Վազգեն Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի ճնշման տակ, Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց: 2007-ին նա կրկին վերադարձավ քաղաքականություն: Այս բոլոր տարիներին Տեր-Պետրոսյանը Ղարաբաղյան կարգավորման հարցում չփոխեց իր դիրքորոշումը՝ պնդելով, որ 1997-ի փուլային լուծումը առաջարկվածներից ամենաընդունելի էր Հայաստանի և Արցախի համար:

Տեր-Պետրոսյանը, որի նախագահության տարիներին գրանցվեց Արցախյան հաղթանակն ու հաստատվեց զինադադար, խորապես հավատում էր (է), որ ցավալի փոխզիջումներով պետք է հաշտություն  հաստատել Ադրբեջանի հետ: Ավելին, նա պատրաստ էր հենց իր նախագահության շրջանում հաստատել այդ հաշտությունը՝ գիտակցելով դրա գինը:

Միայն պատմությունը և ղարաբաղյան հարցը վերջնական կարգավորումը ցույց կտան Հայաստանի առաջին նախագահի ընտրած ուղու ճշմարտացիությունը:

Եթե հայ ժողովրդին հաջողվի հաստատել խաղաղություն և ստանալ ավելին, քան Տեր-Պետրոսյանի ժամանակ ներկայացված փուլային լուծումն էր տալիս, ապա հավանաբար պատմաբանները կգրեն, որ առաջին նախագահը թերագնահատում էր Հայաստանի ու Արցախի հնարավորությունները և շտապողական զիջումների գնում:

Եթե չհաջողվի, ապա նույն այդ պատմաբանները հավանաբար կգրեն, որ պետք էր լսել Տեր-Պետրոսյանի սթափ ձայնը և 1997-ին արժանապատիվ խաղաղություն ստորագրել Ադրբեջանի հետ և ստանալ հնարավոր առավելագույնը:

Այդպես է նաև այսօր, երբ որոշ պատմաբաններ ու հետազոտողներ գրում են, որ 1919-ին, 1920-ին Հայաստանը պետք է լեզու գտներ քեմալականների հետ, փրկել նվազագույնը, այլ ոչ թե երկրի ճակատագիրը հանձնել Սևրի պատրանքային հույսերին:

Թաթուլ Հակոբյան

ՍիվիլՆեթ