Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը մաս-մաս ներկայացնում է Արտաշես Վրույրի «Անիում» աշխատությունը («Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, 1979): Առանձին կտորների վերնագրերը դնում է ԱՆԻ-ին:
Նախորդ մասը կարդալ այստեղ
—–
Անցնելով բաղնիքի փլատակներից, Փրկչի, Կատրանիդե թագուհու փլված դամբարանի քարակույտերի մոտով՝ կանգ առանք Մայր տաճարի դիմաց և դիտում ենք:
Ահա դարերի խորքից մեզ է նայում Աստվածամոր Տաճարը: Անի քաղաքի ակնապարար կոթողներից մեկն է այն, որ իր վեհապանծ կեցվածքով տիրապետում է մայրաքաղաքի վրա և Անի այցելողի ուշադրությունը գրավում: Նա կառուցված է 10-րդ դարում (ավարտվել է 1001 թվին) Կատրանիդե հայոց թագուհու կողմից: Տաճարի չորս պատերն արտաքուստ ունեն զարդաքանդակներ, նուրբ որմնասյուներ ու կամար աղեղներ: Լուսամուտները կրում են զարդաքանդակ պսակներ ու շրջափակեր: Երեք մուտք ունի այդ հսկան՝ հյուսիսային, հարավային և արևմտյան: Հարավային պատի վրա փորագրված է Կատրանիդե թագուհու արձանագրությունը՝ դա կառուցման արձանագրությունն է:
Արևելյան ճակատի երկու մեծ խորշերի մեջ, վերին մասում, նուրբ ճաշակով քարե ժապավենների վրա կերտված են նրբին քանդակներ, որոնք իրենց ձևով ու բովանդակությամբ բացառիկ են հայ պատմական արձանագրության մեջ: Այդ քարե ժապավենները իրենց քանդակներով կարելի է նմանեցնել ասեղնագործ-նրբին հյուսվածքների: Թերևս Կատրանիդե թագուհին իր ասեղնագործ վարպետուհիներից մեկի հորինվածքն է իր տաճարի արևելյան մեծ խորշերի վրա դրոշմել:
Մտնում ենք ներս: Բոլորովին այլ է ներքին տեսքը: Այնտեղ ոչ մի քանդակ չկա: Չորս ծանրանիստ ու երկնասլաց մույթերի վրա օդի տարածությունները հանդուգն կերպով սղոցում են սրածայր, վեհ կամարները: Այդ հոյակապ կառուցվածքի մեջ կա և վեհություն ու համաչափություն և գեղեցկություն իր պարզության մեջ:
Այդ հրաշակերտը կառուցված է զանազան երանգների տուֆ քարից, որոնք ժամանակի, բնության տեղումների և արևի շնորհիվ թրծվել, վեր են ածվել ավելի ջերմ ու ներդաշնակ գույների, ասես տաճարի պատերը ծածկված են թանկարժեք գորգերով: Հանճարեղ Տրդատ ճարտարապետի ստեղծագործ մտքի արգասիքն է այդ հոյակապ կոթողը:
Տրամադրությունը ընկած է:
Անիի պեղումներին գործածվող 18/24 չափի լուսանկարչական գործիքը իր հինգ օբյեկտիվներով, որը Ալեքսանդրա Ալեքսևնայի նվերն էր Մառին, հայրս հետը տարավ Վան: Իմ տրամադրության տակ թողին 18/24 չափի մի հին գործիք, առանց տեխնիկական հարմարությունների և օբյեկտիվի: Նրան ես հարմարեցրի «Բուշ» &3 մի օբյեկտիվ և հետևյալ առավոտ, փորձի համար, լուսանկարեցի Մայր տաճարի ընդհանուր տեսարանը հյուսիս-արևելքից՝ ստուգելու համար օբյեկտիվի տեսողության դաշտը, քանի որ այդ օբյեկտիվը 13/18 չափի գործիքի համար է:
Լուսանկարելով Մայր տաճարի ընդհանուր տեսարանը, որի նեգատիվը բարեբախտաբար մինչև օրս պահվում է ինձ մոտ, Միքայելի հետ զրուցելով գնում էինք դեպի էքսպեդիցիայի նորակառույց բնակելի շենքը, որը կանգնած էր Միջնաբերդի մոտակայքում, Ծաղկոցաձորի ձախ շուրթին: Դեռ նոր էինք ոտք դրել «Մառի» փողոցը, ուր հնադարանի մոտ մեր դեմ ելավ հարգելի պրոֆեսորը, գեներալի համազգեստով, խոհերի մեջ խորասուզված: Ես ընկերոջս ներկայացրի գիտնականին և պատմեցի նրա Անի գալու նպատակը: Արտոնություն խնդրեցի, որ նրան թույլ տրվի հնադարանի որոշ էքսպոնատներ նկարելու. պրոֆեսորը ուշադիր լսում էր ինձ և հիացմունքով նայում այդ 16-ամյա պատանուն, որ իր տարիքից էլ փոքր էր երևում:
Հարգելի գիտնականը չմերժեց խնդիրս և հրաժեշտ տալով՝ ասաց.
-Արտաշես, ճաշին ընկերոջդ հետ եկ:
Անիի գիտարշավի նորակառույց բնակարանը շինված էր 1908 թ. և այդ թվականից սկսած էքսպեդիցիայի անդամները ճաշում էին նոր շենքի ճաշասենյակում, սակայն այդ օրը արշավախումբը ճաշեց Միքայել վարդապետի բնակարանում. դա հրաժեշտի ճաշկերույթ էր: Այդ օրը, ճաշից հետո, գիտարշավը մեկնելու էր դեպի Վան:
Ահա, ես և Միքայելը լուռ նստած ենք ճաշի սեղանին՝ շրջապատված գիտնականներով: Նրանք ճաշում և մերթ ընդ մերթ խոսքի են բռնվում իրար հետ: Մեր բաժինն էր լուռ նստել և ճաշել: Ես փշերի վրա էի զգում ինձ և անհամբեր վայրկեաններ էի հաշվում, թե ե՞րբ պետք է վերջանա ճաշելու արարողությունը և ինձ ազատի կաշկանդված դրությունից: Կյանքիս մեջ առաջին անգամ ինձ բախտ վիճակվեց սեղան նստել մեծ գիտնականի հետ:
Ճաշի վերջում հարգելի պրոֆեսորը բարձրացնելով գինու գավաթը՝ խմեց իմ և Մազմանյանի կենացը և ընկերոջս դառնալով՝ ցուցումներ տվեց Անիում իր կատարելիք աշխատանքների մասին, խրախուսեց նրան և իր խոսքը ավարտեց հետևյալ բառերով.
-Գովելի է ձեր ձեռնարկությունը, ցանկամ հաջողություն:
Նա խոսում էր հայերեն լեզվով:
Ճաշից հետո պրոֆեսորը հրաժեշտ տվեց անեցիներին:
Արշավախումբը Անիի սուրհանդակի ուղեցկութեամբ ճամփա ընկավ դեպի Անի կայարան:
Նրանք գնում էին Վան, Նախահայերի կենտրոնը՝ Բիայնա, ուր դարերի փոշիների տակ մեր պատմութեան լուռ վկաները սպասում էին իրենց լեզուն հասկացող իմաստուն մարդկանց, խոսելու ու պատմելու նրանց, բաց անելու մինչև օրս չընթերցված պատմության էջերը:
Անեցիները արշավախմբին ուղեկցեցին մինչև «Տիգրանի» դուռը (Հոնենցի եկեղեցու մոտ), բարի երթ մաղթելով: Մենք մնացինք քառանկյունի բուրգի մոտ, չհեռացնելով մեր հայացքը արշավախմբից, որ ընթանում էր Ախուրյան ձորի փեշերը քերող շավղով: Մի փոքր հետո արշավախումբը անհետացավ ձորի ոլորապտույտում: Մենք քարացած կանգնած էինք, ասես անբացատրելի մի թախիծ իջավ մեր սրտերին:
Մազմանյանը երեք օր հյուրընկալվելով էքսպեդիցիայի շենքում տեղափոխվեց Իգաձոր, Կարապետի «բնակարանը»:
Իգաձորի պատանի գիշերօթիկը վճարում էր տանտիրոջը օրական 50 կոպեկ, որպես սննդի վարձ, այսինքն՝ այնքան, որքան որ Անիի գիտարշավի յուրաքանչյուր անդամի համար վճարվում էր Միքայել վարդապետին:
Ես չափազանց վրդովված էի իմ ղեկավարի՝ Չուբինովի անտարբերության վրա: Այդ անչափ տարօրինակ մարդը սկզբնական օրերին ոչ մի հանձնարարություն չտվեց ինձ: Ես չգիտեի իմ անելիքը: Հետագայում միայն կարգադրեց, որ լուսանկարեմ մի շարք կարասների բեկորների վրա երիզվող գոտիների այծանկարները: Այդ հանձնարարությունը 27 նկարահանումներով ավարտվեց, որից հետո դարձյալ պարապուրդ ցնոր կարգադրություն:
Հետագայում, պրոֆ. Մառի վերադարձի նախօրյակին, Չուբինովը հանձնարարեց ինձ 1911 թվականին՝ Անիի 10-րդ գիտարշավի պեղումներից ի հայտ եկած եկեղեցին լուսանկարել իր մանրամասներով (փլված մինարեի մոտ):
Տոկարսկին չափագրում էր, իսկ ես լուսանկարում:
Ի դեպ, 1911 թվականի պեղված այդ հատվածը հետաքրքիր էր իր երեք շերտերով: Պեղված եկեղեցու հատակից մոտ 70 սմ վեր պատրաստված էր երկրորդ հատակը: Եկեղեցուց դուրս, երկրորդ հատակից մոտ 1մ 20 սմ բարձր թոնիրներ, գերեզմաններ ու հասարակ շարվածքներով բնակարաններ: Այդ շերտերը ընդգրկում են 8-14-րդ դարերը և ցույց են տալիս արտագաղթի ու ներգաղթի քանակն ու ժամանակները:
Ազատ ժամերս անց էի կացնում ընկերոջս՝ Միքայելի հետ և որպես ուղեցույց առաջնորդում էի դեպի Անիի զանազան հուշարձանները: Այնպես էի դասավորում այցելության ժամերը, երբ նրանք լուսավորված էին կամ պիտի լուսավորվեին:
Մի առավոտ կանուխ ճամփա ընկանք: Անցանք Դվնո դռնով դեպ հյուսիս, լայնատարած բաց դաշտը ու այնտեղից դիտում էինք մայրաքաղաքի հյուսիսային ամրութիւնները, որոնց կենտրոնում կանգնած է Անիի հզոր դարպասներից մեկը՝ Ավագ դուռը, իսկ նրա ձախ կողքին բարձրանում է ծանրանիստ հսկա մի բուրգ:
Ահա և հյուսիսային ամրությունների հյուսիս-արևմտյան կողմը գտնվում է խոշոր մուտքերից մեկը՝ դուռն Կարուց, սեղմված երկու խրոխտ բուրգերով, որոնք կարծես երկու խիզախ հսկաներ աչալուրջ պահպանում են այն: Իսկ հյուսիս-արևելյան անկյունում, որտեղից սկիզբ է առնում Գլիձորը, կանգնած է քաղաքի երրորդ խոշոր մուտքը՝ Դվնո դուռը:
Վաղ առավոտի թարմ ճառագայթների տակ հյուսիսային ամրությունները իրենց բազմաթիվ մեծ ու փոքր բուրգերով շարված են մեր առջև: Նրանց հաղթ մարմինները ծածկված են թշնամիների նետերից ընդունված բազմաթիվ սպիներով, որպես հետքեր բազմաթիվ գոռ մարտերի:
Մայրաքաղաքի ամենաուժեղ արհեստական ամրությունները հյուսիսային երկշարք պարիսպներն են՝ կառուցված հզոր Սմբատի՝ Բագրատունյանց տան գահակալի կողմից:
Սմբատյան պարիսպների երկարությամբ անց է կացված կոփածո քարերով մի մեծ խրամատ, որը ժամանակին լցվում էր ջրով: Դա մի տեսակ պատնեշ էր առաջացնում հարձակվող թշնամու առջև:
Մենք կանգնած բաց դաշտում, դիտում ենք մի ամբողջ հազարամյակ կյանք ունեցող կախարդական քաղաքի կուռ ամրությունները, որոնք իրենց կյանքի ընթացքում տեսել են քաղցր և դառը օրեր:
Ակամայից մարդուս երևակայությունը թերթում է պատմության մագաղաթյա էջերը և երևակայական ուժեղ թռիչքներով մեկը մյուսի ետևից աչքիդ պատկերացնում նրա դրվագները՝ նվիրական քաղաքի կյանքի հետ կապված…
…Ահա հայկական այրուձին հյուսիսային ամրությունների հզոր դարպասներից դուրս է նետվում ի մարտ, ի մահ: Նրա առջևից սանձակտոր ամեհի երիվարի վրա սուրում է հայկական զորքերի քաջակորով ու իմաստուն սպարապետը՝ Վահրամ Պահլավունին…
Ահա և հերոսության մայրը՝ Այծեմնիկը պարիսպների վրա կանգնած մարտնչում է անագորույն թշնամու դեմ…
Ահա և խաղաղ օրերի Անին… Շինարարական մեծ աշխատանք հանճարեղ ճարտարապետների և քարագործների, հմուտ որմնադիրների ու վարպետ քարակոփների…
Խինդ, պար, ուրախություն… Տոնական օրեր… Քարավաններ ուղտերի երկար շարաններով, բարձված ծանր հակերով, ել ու մուտ են անում Անիի դարպասներով…
Պատկերները մեկը մյուսի ետևից դժնդակ ու երջանիկ պահերի վառ գույներով գալիս ու անցնում են, փոթորկելով մարդու հոգին մերթ հրճվանքի ու հպարտության, մերթ զայրույթի ցավատանջ զգացումներով…
Քայլում ենք…
Դեռ արևը շողում է հյուսիսային ամրությունների վրա:
Կանգնած ենք Ավագ դռան առջև: Մուտքի ձախ կողին բարձրանում է հսկա մի բուրգ, խիստ ու անողոք, ներսի կողմից հավիտենականության նշանը ճակատին: Մարդ ճնշվում է այդ խրոխտ հսկայի ստորոտում: Իսկ դռան աջ կողմում, կիսավեր բուրգի կողքին, պարսպի վրա, հմուտ վարպետը երկաթե գրչով դրոշմել է Անիի խորհրդանշանը: Դա մի վագր է, որն իր ճկուն մարմնով, զգույշ քայլերով ընթանում է առաջ, դեպի նպատակակետը սևեռած հայացքով… Նա շնչում է… Տրոփում են նրա երակները…
Ակամայից մարդ գամվում է իր տեղում, և երկար ժամանակ հայացքը չի կարողանում հեռացնել այդ գեղեցիկ գործից:
Անիի խորհրդանշանը տեղ-տեղ մամռակալել է: Արևի ճառագայթները խաղում են բարձրաքանդակի վրա և կենսատու ցոլքեր արձակում, ավելի վառ ու կենդանի դարձնելով նրան…
Միքայելը, առանց ժամանակ կորցնելու, ձեռքն առավ մատիտն ու թուղթը և թեթև ու ճկուն շարժումներով սկսեց ուրվագծել այն, որից հետո, վրձնի համարձակ շարժումները աստիճանաբար, թղթի հարթ մակերեսի վրա դրոշմեցին Անի քաղաքի խորհրդանշանը բազմերանգ գույներով, ձև ու ծավալ ստացած:
Նստած քարակույտերի վրա հիացմունքով դիտում էի նրա աշխատանքը ու հրճվում նրա շնորհքի ու կարողության վրա:
Թողնելով մեր ետևը Ավագ դուռն ու մայրաքաղաքի խորհրդանշանը, պարիսպներին ու բուրգերին զուգահեռ քայլում ենք դեպի արևմուտք, անցնում Կարուց դռան առջևով մինչ պարիսպների վերջավորության անկյունը, ուր չարխափան խոշոր խաչակիր բուրգի մոտ հյուսիսային պարիսպները թեքվում են դեպ արևմուտք: Ահա այստեղ, մի փոքրիկ ձորանման տարածություն կտրելով, որի ձախ կողմը կարմրավուն ժայռերի մեջ փորված է երկու եկեղեցի, մտնում էնք Իգաձոր:
Չնայած Իգաձորը բուսականությունից զուրկ մի չոր ձոր է, գորշ գույնի տուֆի մի ամբողջական զանգված, բայց նա շնչում է, կյանք կա այդ ձորի մեջ: Այնտեղ կարելի է տեսնել աջ ու ձախ մեծ ու փոքր իրենց բերանները լայն բացած բազմաթիվ հնամյա այրեր, երբեմն երկհարկ ու եռահարկ, որոնց մեջ բնակություն են հաստատել նոր անեցիները: Այնտեղ մարդիկ են երևում… Կովերի բառաչ ու ոչխարների մայուն… Ծխացող օջախներ… Եվ բորբ թոնիրներից դուրս եկող հայկական լավաշի բուրումնալից հոտ…
Ահա ձորի աջ փեշերի վրա երևում է ընկերոջս՝ Միքայել Մազմանյանի այր-«բնակարանը», որտեղ մոտ երեք ամիս գիշերներն անցկացրեց Անիի արվեստի ուխտավորը…