Քոչարյանը սև հետք թողեց ժողովրդի պատմական հիշողության մեջ

3830

Հատված Խորհրդային Հայաստանի առաջնորդ, Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար (1988 թ. մայիս-1990թ. ապրիլ) Սուրեն Հարությունյանի Անցյալի և ներկայի մասին գրքից, Երևան, Նոյյան Տապան, 2011թ., էջ 438-441: Ներքոշարադրյալ հատվածում Հարությունյանը, ով Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով 1999-ին նշանակվել էր դեսպան Բելառուսում, իր կարծիքն է ներկայացնում 2008-ի Մարտի 1-ի ողբերգության առիթով: Հատկանշական է, որ Քոչարյանին մեղադրելով Մարտի 1-ի ողբերգության հարցում՝ Հարությունյանը որևէ պատասխանատվություն չի դնում Սերժ Սարգսյանի վրա, ով հենց Քոչարյանի օգնությամբ և Մարտի 1-ով հասավ Բաղրամյան 26:

Հայկական ուսումնասիրույթունների ԱՆԻ կենտրոն 

_________________

2008 թվականի մարտի1-2-ի ողբերգական իրադարձությունները

Ցավոք, աննախանձելի ավարտեց իր նախագահական գործունեությունը Ռոբերտ Քոչարյանը՝ ոստիկանական, հատուկ նշանակության և զինվորական ստորաբաժանումներ հանելով հանրահավաքի մասնակիցների դեմ: Հետևանքը ողբերգական էր՝ սպանվածներ, վիրավորներ, ջարդուփշուր արված խանութներ և գրասենյակներ, հրկիզված մեքենաներ, հասարակության է՛լ ավելի խոր պառակտում և անվստահության աճ իշխանության նկատմամաբ: Զինված ստորաբաժանումների հետ բնակչության նման բախումներ Հայաստանը չի իմացել խորհրդային իշխանության և անկախության բոլոր տարիներին: Քոչարյանն իր գործունեությունն անփառունակ ավարտեց՝ սև հետք թողնելով ժողովրդի պատմական հիշողության մեջ:
Մինչև այժմ էլ չեմ կարողանում հասկանալ այդ քայլը, որ Քոչարյանը ձեռնարկեց Երևանում՝ ցրելով ընդդիմության ներկայացուցիչների ցույցը: Իր ժողովրդի հոգեբանությունն իմացող մարդը չէր կարող այդպես վարվել: Այդ քայլը դրսևորում է ոչ թե քաղաքական գործչի կամքը, արիությունն ու վճռականությունը, այլ ավելի շուտ վախը ժողովրդի, իշխանությունը կորցնելու հանդեպ, որ կարող է իր արարքների համար պատասխանատվություն կրել նոր քաղաքական ուժերի իշխանության գլուխ գալու դեպքում:
Իր գործողություններով Քոչարյանը Հայաստանը նետեց երկպառակտության հորձանուտը: Պատմական փորձը սովորեցնում է ՝ չի կարելի ուժային կառույցները դնել վերահսկողությունից դուրս և ենթարկել մեկ մարդու, եթե նույնիսկ նա պետության ղեկավարն է:
Խոսելով ուժային կառույցների հետ դժգոհողների բախումների մասին, հարկ է նշել, որ դրանք շատ ավելի վաղ կանխատեսվել էին ռուսաստանյան մամուլում հրապարակված հոդվածներում: Տեղի ունեցած սոցիալական պոռթկման գլխավոր պատճառն այն էր, որ հանրապետության բնակչության մեծ մասը թշվառ գոյություն է քաշ տալիս, ապրում չքավորության մեջ, իսկ իշխող վերնախավին մոտ կանգնած ոչ մեծաթիվ ընտանիքներ, ըստ էության, տնօրինում են երկրի ազգային հարստությունները՝ իրենց ձեռքում կենտրոնացնելով ներմուծման ու արտահանման ոլորիտի հրամանատարական բարձրունքները:
Սոցիալական պայթյունը Հայաստանում անխուսափելի էր և բողոքի ձևով դրսևորվեց նախագահական ընտրությունների ընթացքում թույլ տրված կոպիտ կեղծումների ու խախտումների բերումով: Բնակչության դժգոհության զանգվածային ելույթները որպես հակահասարակական ուժերի սադրիչ գործողություններ ներկայացնելու փորձերը, որոնք իբրև, նպատակ էին հետապնդում քայքայել երկրի կայունությանը և զավթել իշխանությունը, հազիվ թե որևէ մեկի համոզեն: Ինչպես ասվեց, գահը հանձնող նախագահի բռնության գործողության շարժառիթը նրա ցանկությունն էր ջախջախել բողոքի շարժումը և ոչ մի դեպքում թույլ չտալ անցանկալի իշխանափոխության հնարավորություն, ինչը նրա համար կարող էր հեռագնա հետևանքներ ունենալ:
Պայթյունը հասունանում էր, և այն չէր կարող չտեսնել միայն նա, ով չի ուզում տեսնել: Հայաստանի իրադարձությունները համոզչորեն ցույց տվեցին, որ հայ հասարակությունը պառակտված է և հազիվ թե կարելի է խոսել մոտ ապագայում նրա համախմբման մասին:
2008 թվականի նախագահական ընտրությունները և դրանցից հետո հանրապետությունում ծավալված իրադարձությունները խոր մտորումների տեղիք են տալիս: Հայաստանին բնորոշ քաղաքական ու սոցիալ – տնտեսական իրողությունները լիովին արտացոլվեցին հիշյալ ընտրություններում: Հանրապետությունում շատ-շատ են մարդիկ, որոնք դժգոհ են կյանքից, ամենալուրջ պահանջներն ունեն իշխանություններից և դժգոհությունը շատ սուր է դրսևորվում: Ընդ որում, ճիշտ չէր լինի պնդել, թե դժգոհ են միայն նրանք, ովքեր ապրում են չքավորության եզրին կամ դրանից անդին: Բողոք է արտահայտում նաև բնակչության համեմատաբար բարեկեցիկ մասը: Վրդովմունք են հարուցում կլանայնությունը, համատարած կոռուպցիան, իշխանությունների կամայականությունը, իրենց մերձավորների, հարազատների, երկրացիների համար բարենպաստ, տաքուկ պայմանների ստեղծումը բիզնեսում և ուրիշ ոլորտներում: Խոսքը չի վերաբերում ինչ-որ եզակի դեպքերի, այլ հասարակության մեջ ստեղծված ընդհանուր մթնոլորտին, ինչը չէր կարող չհարուցել բնակչության բնական դժգոհությունն իշխանություններից: Հայաստանում այդ դժգոհությունն է ձևավորում բողոքական ընտրազանգվածը:
Հանուն արդարության պետք է ասել, որ ամեն ինչում նախ և առաջ մեղավոր է գերագույն իշխանությունը, որը Հայաստանում հաստատում է կենսակերպի խորթ և բնակչության կողմից չընկալվող սկզբունքներ: Իշխանությունը փաստորեն կորցրել է երկրի իրադրության վերահսկողությունը. նա համարժեք չի ընկալում իրականությունը, հասարակության իրական վիճակը, նրանում առկա դժգոհության մակարդակը: Դրա մեջ եմ տեսնում իշխանության էական սխալը, իսկ ավելի ճիշտ՝ նրա համակ ինքնաբավարարվածությունը: Նա ինքն իրեն ներշնչում էր, թե երկրում ամեն ինչ լավ է, անհանգստանալու ոչ մի նշան չկա: Մինչդեռ իրականությունը պայթյունալի ստացվեց: