Հայաստանի Հանրապետության 100-ամյակին ընդառաջ. երկու ոչ ցանկալի միտում

2563

2018 թվականը Հայաստանի Հանրապետության հիմնադրման 100-ամյակն է:

Առանց մանրամասների մեջ մտնելու՝ 1918 թվականի մայիսին կատարվածը կարելի է անվանել հրաշք Արարատի ստվերի տակ: Բագրատունյաց և Կիլիկիո թագավորությունների անկումից հարյուրամյակներ անց ստեղծվեց Հայաստանի Հանրապետությունը, որը ոչ միայն տուն ու տանիք պիտի դառնար մի քանի հարյուր հազար հայերի համար, այլև հիմքը դներ Խորհրդային և մեր օրերի Հայաստանի:

Հայաստանում, Արցախում և սփյուռքում 2018-ի ընթացքում սպասվում են բազմաթիվ ու բազմապիսի միջոցառումներ, որոնց գագաթնակետը, անկասկած, պիտի դառնա Մայիս 28-ի տոնակատարությունը Սարդարապատում:

100-ամյակի տոնակատարությունները պատշաճ կերպով նշելու նպատակով Հայաստանում և սփյուռքում ձևավորվել են երկու հանձնաժողովներ:

2017թ. ապրիլի 21-ին Սերժ Սարգսյանի հրամանագրով ստեղծվել է Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողով, որի նախագահը պիտի լինի երկրի վարչապետը (այսինքն՝ Սերժ Սարգսյանը կամ որևէ այլ ՀՀԿ-ական):

Բոլորովին վերջերս՝ հոկտեմբերի 9-ին, Անթիլիասի Մայրավանքը տարածեց հաղորդագրություն, որում ասվում էր, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը նախապատրաստվում է արժանավայել կերպով նշելու Հայաստանի Ա. Հանրապետության 100-ամյակը։

100-ամյակը համահայկական տարողությամբ նշելու նպատակով Անթիլիասում կազմվել է հանձնախումբ՝ նախագահությամբ Արամ Ա-ի: Հանձնախմբի անդամներն են Երվանդ Փամբուկյանը, Աշոտ Մելքոնյանը, Շահան Գանտահարյանը, Կիրո Մանոյանը, Խաչիկ Տեր- Ղուկասյանը և Խաչիկ Դեդեյանը։

Բնական և տրամաբանական է, որ սփյուռքի տարբեր գաղթօջախներում 100-ամյակի միջոցառումները համակարգի Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը, քանի որ հենց Անթիլիասն է այսօրվա սփյուռքի կենտրոնը: Եվ նույնքան բնական է, որ Հայաստանի դեպքում պետք է ստեղծվեր պետական հանձնաժողով:

Այս երկու կառույցները ոչ թե ստեղծվել են միմյանց հետ մրցակցելու, այլ միմյանց լրացնելու նպատակով: Հայաստանը և սփյուռքի նախարարությունը, որքան էլ ցանկանար, չէր կարող կազմակերպել միջոցառումներ սփյուռքի տասնյակ գաղթօջախներում և հարյուրավոր քաղաքներում:

100-ամյակի նախօրեին պետք է անդրադառնալ երկու ոչ ցանկալի միտումների, որոնց խորացումը կարող է ստվերել 100-ամյակը ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում:

Առաջին. Հայաստանը և ստեղծված պետական հանձնաժողովը իրավունք չունի ճիգ թափելու, որպեսզի 100-ամյակի բազմապիսի միջոցառումներում խլեցվի ուղերձներից մեկը, այն է՝ Հայաստանի Հանրապետության հանդեպ բոլշևիկյան Ռուսաստանը վարել է թշնամական քաղաքականություն և հենց նաև բոլշևիկյան հարվածների ու զինված ներխուժման արդյունքում եղավ 1920-ի դեկտեմբերի 2-ը՝ Հայաստանի բոլշևիկացումը: Անշուշտ, չպետք է նաև արհեստական կերպով հակառուս կամ հակաթուրք տրամադրություններ ցանել:

Սակայն նախորդ շաբաթներին ու ամիսներին Հայաստանում տեղի ունեցած մի քանի դեպքեր, ինչպես «Խավարում» անունը կրող ցուցադրության փակումը Բաղրամյան 26-ի կողմից՝ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի միջոցով, մտահոգվելու տեղ են թողնում:

Երկրորդ. 100-ամյակի միջոցառումների սփյուռքյան մասը պետք է զերծ պահել միակուսակցական, այն է՝ դաշնակցական գերիշխանությունից: Անկասկած, Հայաստանի Հանրապետության հիմնադրման, գործունեության, հաջողությունների ու ձախորդությունների գլխավոր կրողն ու պատասխանատուն եղել է ՀՅԴ-ն: Բայց սա պայման չէ, որպեսզի միջոցառումները դաշնակցական երանգ ստանան: Հակառակ դեպքում՝ հայության միասնության մասին խոսակցությունները որևէ արժեք չունեն: Ինչպես 1991-ի սեպտեմբերի 21-ը չի կարելի համարել ՀՀՇ-ի տոնը, այնպես էլ 1918-ի Մայիսյան հրաշքը ՀՅԴ-ինը չէ միայն: Սրանով, անշուշտ, որևէ կերպ չենք ուզում ստվերել այն անուրանալի դերը, որ կատարել է Դաշնակցությունը հայոց պատմության հենց այդ դժնդակ, բայց նաև՝ լուսավոր ժամանակներում:

Թաթուլ Հակոբյան

ՍիվիլՆեթ

Դիտել նաև՝

https://www.aniarc.am/2015/01/04/towards-independece-1918-tatul-hakobyan-documentary/