«Զինվորական ծառայության» նախագծով մտահոգ ՀՀԿ-ական Ֆելիքս Ցոլակյանի որդին Հայկական բանակում չի ծառայել

1690

Իշխող ՀՀԿ-ի բազմաթիվ ներկայացուցիչներից մեկը, որի որդին՝ Վարդան Ցոլակյանը չի ծառայել Հայկական բանակում, Ֆելիքս Ցոլակյանն է, ով նախկինում զբաղեցրել է Շիրակի մարզպետի, նախագահի վերահսկողական ծառայության պետի, Հարկային ծառայության պետի, Ազգային անվտանգության ծառայության պետի տեղակալի պաշտոնները։

Հոկտեմբերի 23-ին Ազգային ժողովում Ցոլակյանը մտահոգություն է հայտնել, որ «Զինվորական ծառայության» մասին նոր օրենքի նախագիծը կխթանի արտագաղթը:

Ցոլակյանը, ըստ Ազատություն ռադիոկայանի, ասել է. «Վախ կա, որ օրենքը կարող է մի քիչ արտագաղթին նպաստի, ինչո՞ւ, որովհետև այսօր արդեն տենդենց կա, որ տղա երեխա ունեցողները երեխաներին սկսելու են արդեն դուրս հանել։ Ես խնդրում եմ՝ ուղղակի դա հարկավոր է հաշվի առնել, պարտադիր ուսումնասիրել այս դաշտը, տեսնել՝ ինչ է կատարվում այս դաշտում, որովհետև պրոբլեմ իսկապես կա։ Ես լսում եմ մարդկանցից, ասում են՝ «քաղաքացիության հարց ենք լուծում, էս ենք անում, էն ենք անում», այսինքն՝ պրոբլեմը մենք չտեսնել չենք կարող։ Հարկավոր է այս պրոբլեմը խորն ուսումնասիրենք, որ այստեղ սխալ թույլ չտանք»։