Տիգրան Հոնենց. Անիի ավերակներում

1816

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը մաս-մաս ներկայացնում է Արտաշես Վրույրի «Անիում» աշխատությունը («Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, 1979): Առանձին կտորների վերնագրերը դնում է ԱՆԻ-ին:  

Նախորդ մասը կարդալ այստեղ

—–

1916 թվականի գարնանը մի փոքրիկ թատերական խմբով մեկնել էի Գանձակ և ապա Շուշի: Դրանք իմ անդրանիկ քայլերն էին մայրենի բեմի վրա: Շուշիում թատերախմբի գործերը վատ էին: Այդ տարի հայրս աշխատում էր Բաքվում, Ոսկանյանի ղեկավարությամբ կազմված թատերախմբում: Եվ ահա մի օր, մայիս ամսին, Շուշվա թեմի առաջնորդի սպասավորը հանձնեց ինձ մի նամակ. գրում էր հայրս Բաքվից.

«Արտաշես, պրոֆեսոր Մառը առաջարկում է, որ այս ամառ աշխատես Անիում որպես լուսանկարիչ: Ես քո կողմից համաձայնություն տվի: Գրիր, ինչքան գումար է պետք Թիֆլիս մեկնելու համար». Հայրդ:

Մի բացիկով տվի իմ համաձայնությունը և խնդրեցի 25 ռուբլի դրամ, պարտքերս վճարելու և մեկնելու համար:

Գումարը ստացա և անմիջապես մեկնեցի Եվլախ, որտեղ պատահմամբ հանդիպեցի հորս: Նա Բաքու-Թիֆլիս գնացքով գնում էր Թիֆլիս:

Չնայած երկու տարի էր անցել այն օրից, ինչ ես հեռացել էի Ներսիսյան դպրոցից, բայց իմ դասընկեր Միքայել Մազմանյանի հետ չէի խզել կապերս: Նա շատ էր հետաքրքրվում մեր պատմական արվեստով, և ես նրան հանձնել էի լուսանկարչական առաջին գործերս՝ նեգատիվների մի փոքրիկ ժողովածու- Անիի և Խոշավանքի (Հոռոմոս) հուշարձանների՝ լուսանկարած 1915 թվին:

Հասնելով Թիֆլիս՝ հանդիպեցի Միքայելին, պատմեցի իմ թատերական անհաջող շրջագայության մասին և հաղորդեցի, որ այս ամառ պիտի աշխատեմ Անիի գիտարշավում՝ որպես լուսանկարիչ: Այդ լուրը Միքայելին ուրախություն պատճառեց: Նա ցավում էր դպրոցն անավարտ թողնելուս համար և հիմա ուրախ էր, որ գնում եմ աշխատելու, այն էլ Անի, պրոֆեսոր Մառի նման խոշոր գիտնականի մոտ:

1914 թվին, Մ. Մազմանյանը Ներսիսյան դպրոցի մի խումբ աշակերտների հետ եկել էր Անի շրջագայության: Այդ երկօրյա այցը շատ փոքրիկ միջոց էր Անին հանգամանորեն դիտելու ու տեսնելու:  Բայց այդ կախարդական աշխարհը, որի մեջ երկու օր շարունակ վերապրեց հիացմունք, հուզմունք և ապշանք, նրա հոգու մեջ գցեց անդրանիկ հատիկը այն վսեմ գաղափարների, որի բեղմնավոր արդյունքը քաղում էր նա հետագայում:

Գեղասքանչ Անիի առաջին հմայիչ տպավորությունը, որ դրոշմվել էր պատանու հոգում, իր արտահայտությունը գտավ մի փոքրիկ հոդվածով Անիի մասին «Երգ ու ներկ» աշակերտական ձեռագիր ալմանախում, որտեղ զետեղված էր նաև Մայր Տաճարի ջրաներկ նկարը, կատարված հեղինակի կողմից Անիում:

Անին, որպես մի կախարդական մագնիս, դեպի իրեն էր ձգում խանդավառ պատանուն և ահա ստեղծվում է հարմար մի առիթ. Արտաշեսը գնում է Անի աշխատանքի ու ինքն էլ հայտնեց իր մտադրութիւնը և որոշեցինք գնալ միասին:

Միքայելի հայրը վաղուց հրաժեշտ էր տվել այս անցավոր աշխարհին, տան ամբողջ հոգսը թողնելով իր կնոջ՝ Դարոյի վրա: Դարոն բարեհամբույր ու ժրաջան մի մայր էր, որ յուր երեք որբերի՝ Միքայելի, Մարիամի և Լուսիսի ուսման հոգսը ուսերին օրնիբուն անտրտունջ աշխատում էր ասեղով ու իր շնորհալի մատներով՝ ապահովելով իրենց օրվա կարիքները:

Դարո մայրիկը, թեև անգրագետ, համոզված էր, որ իր խելահաս Միքայելը դպրոցական ամառային արձակուրդը ուզում է օգտագործել լավ բանի համար: Եվ նա իր խնայած սուղ միջոցներից որդուն ապահովեց ճանապարհածախսով և այնտեղ ապրուստի համար համեստ մի գումարով:

Արդեն երրորդ տարին էր, ինչ բռնկվել էր համաշխարհային առաջին պատերազմը:

1915 թվին հայ կամավորական բանակները գրավել էին Վանն ու Շատախը և ազատագրել հայ ժողովրդի մի հատվածը ֆիզիկական բնաջնջումից:

Եվ ահա, 1916 թվին, Անիի գիտարշավը մեկնում էր Վան, թողնելով Անիում, որպես պրոֆ. Մառի տեղակալ, Գ. Չուբինովին, ճարտարապետ Ն. Տոկարսկուն և որպես լուսանկարիչ՝ տողերը գրողիս:

Վանի գիտարշավի կազմը՝ ակադեմիկոս Ն. Մառ, Հ. Օրբելի, Ա. Լոռու-Մելիք Քալանթար, Արամ Վրույր: Նրանք մեկնում էին Վան, որն այդ օրերին ռազմաճակատ էր: Ակադեմիկոս Մառը կրում էր քաղաքացիական գեներալի համազգեստ և ուսադիրներ, իսկ Հ. Օրբելին՝ փոխ-գնդապետի: Աշխարհաբեկը չնայած զինվորական համազգեստ չուներ, սակայն ուներ բարձրավիզ կոշիկներ, հագին ֆրենչ, գլխին մորթե գլխարկ և կողքից կախված փայտե պատյանով մաուզեր, որ դարձյալ զինվորականի տեսք էր տալիս: Այդ բոլոր «զինվորականների» կողքին Վրույրը իր հնամաշ, բարձրավիզ կոշիկներով և հասարակ զգեստով ու կոմիկական լուրջ դեմքով նմանում էր մի սպասյակի (դենշչիկ):

Մեկնումի երեկոյան ընկերս՝ Մազմանյանը, երևաց Թիֆլիսի կայարանում՝ փոքրիկ ճամպրուկի մեջ զետեղված իր ներկերն ու վրձինները, մատիտներն ու թղթերը:

Ուժեղ եռուզեռ էր կայարանում: Բազմաթիվ զինվորականներ այդ գնացքով մեկնելու էին ռազմաճակատ: Գնացքում քաղաքացիների համար շատ քիչ տեղ կար: Ամեն մարդ աշխատում էր ժամ առաջ մտնել վագոն և տեղ գրավել: Վանի գիտարշավի համար, որպես բացառություն, փափուկ վագոնում տրամադրված էր մի կուպե: Միքայելն ու ես մի կերպ մտանք վագոն և մնացինք միջանցքում կանգնած, քանի որ վագոնի այդ կուպեն արդեն զբաղեցրել էին յոթ հոգի՝ պրոֆ.՝ Ն. Մառը, իր կինը, Հ. Օրբելին, Ա. Քալանթարը, Ն. Տոկարսկին, Չուբինովը և Արամ Վրույրը:

Հնչեց երրորդ զանգը, ապա լսվեց օբերկոնդուկտորի զիլ սուլիչը և գնացքը շարժվեց:

Այդ տաղտկալի գիշերը անցկացրինք մերթ զրույցով, մերթ ոտքի վրա նիրհելով:

Առավոտյան ժամը 10-ին հասանք Անի կայարան:

Բոլորս իջանք գնացքից, բացի Հ. Օրբելուց և Արամ Վրույրից, որոնք շարունակեցին իրենց ճանապարհը դեպի Վան, որպես գիտարշավի հառաջապահներ:

Գնացքից իջնելով ես և Մազմանյանը առաջ ընկանք, ուղղություն վերցնելով դեպի Խարկով հայաբնակ գյուղը: Չորս կիլոմետր քայլելուց հետո, հասանք Խարկով, ուր մի փոքր հանգիստ առանք և իջանք Ախուրյանի խոր ձորը: Նավակով անցանք գետի աջ ափը, որտեղից ձգվում է շավիղը դեպի ավերակների քաղաքը:

Քայլում ենք շավղով, որը Ախուրյանին զուգահեռ իր օձապտույտ գալարումներով ձգվում է դեպի արևմուտք: Բավական քայլելուց հետո, շավիղն աստիճանաբար բարձրանում է Ախուրյանի ձորի աջ ափի փեշերը և ձորի լանջերը քերելով տանում մեզ դեպի վեր:

Քայլում ենք էպիկական ձորի լանջերով: Մեր ոտների տակ Ախուրյանն է: Եվ ահա մեր առաջ բացվում է գեղեցիկը գեղեցիկների… Մի կողմից բնությունն է կերտել իր անձեռագործը, մյուս կողմից մարդու հանճարը: Եվ ահա, այստեղ, ասես բնությունն ու մարդը մրցման են ելել, ու չգիտես, որի՞ն տաս առաջնությունը: Մեկը մյուսից գեղեցիկ, մեկը մյուսից դյութիչ:

Ահա այնտեղ, ուր Գլիձորը որոշ բարձրության վրա հատվում է Ախուրյանի ձորով, խմբվել են պարիսպներն ու բուրգերը: Ահա քառանկյունի խրոխտ բուրգի փեշերին կուչ է եկել մի փոքրիկ մուտք. դա «Տիգրանի» դուռն է: Իսկ այնտեղ, բուրգերից ու պարիսպներից վեր, մի կանաչազարդ բարձրավանդակի վրա, ձորի շուրթին, թառել է Տիգրան Հոնենցի գեղատեսիլ եկեղեցին, դեպի երկինք ձգվող իր գմբեթով: Իսկ այնտեղ, խոր ձորում, Ախուրյանը, քերելով ուղղաձիգ ապառաժները՝ խլամրմունջ առաջ է ընթանում:

Մենք կանգ առանք ու լուռ նայում ենք այդ գեղանկար պատկերին:

Բնության ու մարդու հանճարի այդ կերտվածքների առաջ ոգեշնչվեց ընկերս. նա իր ձախ ձեռքը դնելով ուսիս և աջը պարզելով առաջ, արտասանեց մեծ բանաստեղծի խոսքերը՝

«-Էս տախտի վրա աղոթում մի վանք,

Էն ժայռի գլխին հըսկում է մի բերդ,

Մութ աշտարակից, ինչպես զարհուրանք,

Բուի կռինչն է տարածվում մերթ-մերթ,

Իսկ քարի գլխին, լուռ, մարդու նման,

Նայում է ձորին մի հին խաչարձան…»:

Մի պահ քարացած, լուռ դիտում ենք այդ հմայիչ պատկերն իր բազմերանգ գունավորումներով, ուր պատմական հուշարձանները միաձուլվելով բնության հետ, կազմել են մի գեղեցիկ ներդաշնակություն:

Լցվում է հոգիս բերկրանքով, սիրտս թունդ է առնում: Քաղցր, շատ քաղցր, անպատմելի մի զգացմունք համակնում է ինձ: Ինչո՞ւ է ձգում դեպի իրեն, ինչո՞ւ է գերել իմ հոգին Ավերակների այդ սրբազան քաղաքը: Ամեն անգամ հեռանում եմ՝ ցավելով և վերադառնում պապակ կարոտը սրտիս… Ինձ թվում է, որ ես մի բեկոր եմ, սրբատաշ մի քար, անբաժանելի մի հյուլե հավիտենական մի վշտի, հառաչանքների, անպատմելի արհավիրքների ու լուռ տառապանքների մեջ հևող այդ սգավոր քաղաքի, որը դեռ պահպանում է իր ծվատված մարմնի մեջ գեղակերտ իրանը:

Շարժվում ենք առաջ. մտնում «Տիգրան»-ի դռնով, որը առաջնորդում է մեզ քառանկյունի բուրգի ներսը: Մեր քայլերը արձագանքում են ամայացած բուրգի տարածության մեջ:

Թողնում ենք մեր թիկունքում քառանկյունի բուրգն ու «Տիգրանի» դուռը, և փոքրիկ զառիվերը բարձրանալով՝ կանգ ենք առնում Տիգրան Հոնենցի գեղաքանդակ տաճարի առաջ: Եկեղեցու գավիթը փուլ է եկել, մնացել են միայն նրա հյուսիսային պատը և արևմտյան պատի մի մասը: Իսկ բուն եկեղեցին՝ Անիում գտնված հուշարձաններից ամենաամբողջականը կարելի է համարել: Ժողովուրդը նրան անվանում է «Նախշլու եկեղեցի», իր առատ քանդակների և գունագեղ որմնանկարների համար: Որմնանկարները իրենց վրա կրում են բազմաթիվ սպիներ, բիրտ, վայրագ մարդկանց ձեռքերից:

Արվեստի մի փոքրիկ կաճառ կարելի է անվանել այդ հուշարձանը, որի նազելի իրանը, արտահայտիչ քանդակների ու որմնանկարների, ընդհանուր կառուցվածքի, ձևերի ու ծավալների փոխհարաբերութիւնների համաչափ շաղկապումը, որը տալիս է գեղեցիկ մի ամբողջություն՝ ձուլված բնության հետ, ցույց է տալիս 13-րդ դարի մեր ստեղծագործ նախնիների մեծ վարպետությունն ու բարձր ճաշակը:

Ընկերս՝ Միքայելը, հափշտակված դիտում է արվեստի այդ գեղեցիկ կոթողը: Նա ոգևորված ասում է ինձ.

-Արտաշես, տես, ինչքան անսպառ նյութ կա այս գողտրիկ հուշարձանի վրա: Ես պիտի աշխատեմ շատ բան նկարել ու նկարագրել, եթե միայն ժամանակը թույլ տա:

Որքան արտահայտիչ, բնական ու կենդանի են այս քանդակները: Այստեղ մենք տեսնում ենք խաղաղություն, սիրո, գեղեցկության և ուժի ու աշխատանքի արտահայտություններ զանազան կենդանիների ու թռչունների միջոցով պատկերված:

Ահա հարավային ճակատի լուսամուտի տակ հուշկապարիկները թռչունի մարմնով ու մարդկային դիմագծերով: Այնտեղ, հարավային ճակատի հարավ-արևմտյան անկյունում, մի խոշոր թռչուն իր գիշատիչ կտուցով իր գլուխը դարձրել է մի կողմ ու անթարթ աչքով նայում է: Ահա և եղնիկը նրբագեղ մարմնով. նա աջ ոտը բարձրացրել է, նազելի պարանոցը ուժեղ շարժումով թեքել ետ ու նայում է անմեղ հայացքով:

Բոլոր կենդանիները քանդակված են շարժման մեջ, իրենց բնական տեսքով, ասես ապրում, շնչում ու զգում են:

Արևմտյան ճակատը, բացի քանդակներից, հարուստ է նաև որմնանկարներով:

Ես ցույց տվի Միքայելին իմ սիրած աքաղաղը, որն ինձ գրավել էր մանուկ հասակից: Նա քանդակված է հյուսիսային պատի անկյունում: Նա կանգնած է հաղթական կեցվածքով, ասես ասում է. «Ես անհաղթ եմ»:

Մանուկ հասակից հաճախ գալիս է այստեղ հատկապես նայելու իմ սիրած աքաղաղին և հիշում խորոզի երգը:

Եկեղեցու դուռը փակ էր:

Մենք մեր ճանապարհը շարունակեցինք: