Հայաստանը առաջին պետությունն էր, որ ճանաչեց քեմալական Թուրքիայի անկախությունը

1689

Սիմոն Վրացյանը եղել է Հայաստանի Առաջին Հանրապետության վերջին՝ չորրորդ վարչապետը, պաշտոնավարելով ընդամենը 8 օր՝ 1920-ի նոյեմբերի 24-ից դեկտեմբերի 2-ը: Ներքոշարադրյալը մի հատված է նրա կոթողային՝ «Հայաստանի Հանրապետություն» հատորից և վերաբերում է Ալեքսանդրապոլում 1920 թ. դեկտեմբերի 2-ին կնքված հայ-թուրքական դաշնագրին: 

_______________________

Նոյեմբերի 30-ի երեկոյան Քյազիմ Կարաբեքիր փաշան Հայաստանի պատվիրակությանը ներկայացրեց թուրքական պայմանները և հաջորդ առավոտյան վերջնագրի ձևով պահանջեց այդ պայմանների ընդունումը, հակառակ պարագայում սպառնալով վերսկսել պատերազմական գործողությունները:

Թուրքական պահանջները քննության առնվեցին [Երևանում] նոյեմբերի 30-ի գիշերը հատուկ մի ժողովում, որին մասնակցում էին խորհրդարանի պատգամավորներ, կառավարության անդամներ, Դաշնակցության բյուրոն իր ամբողջ կազմով և մի շարք անհատ գործիչներ ու զինվորականներ:

Պետք էր գտնել թուրքական դաժան պայմաններից խուսափելու միջոցը: Ձևականորեն, այդ միջոցը արդեն գտնվել էր. որոշվել էր իշխանությունը զիջել բոլշևիկներին, հեշտ էր դաշնագրի ստորագրությունն էլ թողնել նրանց: Բայց արդյո՞ք այդ կլիներ լավագույն ելքը: Անձնապես, Հայաստանի ղեկավարության համար, իհարկե, դա կլիներ բարիք: Պատմության առաջ նա ազատ կլիներ Ալեքսանդրապոլի դաշնագիրը ստորագրելու պատասխանատվությունից, բայց դրանից հայ ժողովուրդը կշահե՞ր:  Այս անողոք հարցը ցցված էր նոյեմբերի 30-ի գիշերվա ժողովին մասնակցողների առջև: Եթե մերժեին դաշնագրի ստորագրությունը, թուրքերը Հայաստանի մնացած մասն էլ չէի՞ն կործանի: Բոլշևիկները կկարողանայի՞ն ազդել թուրքերի վրա: Լսվեց նախարարի և զինվորական մասնագետների կարծիքը: Պատասխանը եղավ բացասական. Եթե մերժեին Քյազիմ Կարաբեքիրի պահանջը, թուրքական բանակը, ամենայն հավանականությամբ , առաջ պիտի շարժվեր և մինչև ռուս զորքերի հասնելը, Էջմիածինն ու Երևանն էլ պիտի գրավեին՝ հարակից շրջաններով միասին: Նույնն էր և գրեթե բոլոր ժողովականների կարծիքը: Հանուն հայ ժողովրդի փրկության, պետք էր ստանձնել պատասխանատվությունը պատմության առջև և ստորագրել դաշնագիրը:

… Ժողովը որոշեց լիազորել Ալեքսանդրապոլի պատվիրակությանը՝ ընդունելու թուրքական պայմանները և ստորագրել հաշտության դաշնագիրը: Ազգային տեսակետով՝ Ալեքսանդրապոլի դաշնագիրը պատմական անհրաժեշտյություն էր, դժբախտ, բայց անխուսափելի:

Ճակատագրի ի՜նչ հեգնանք: 1918 թ. հունիսի 4-ին, Բաթումի դաշնագրով Թուրքիան եղավ առաջին պետությունը, որ ճանաչեց Հայաստանի անկախությունը: Այժմ Հայաստանը առաջին պետությունն էր, որ ճանաչում էր քեմալական Թուրքիայի անկախությունը:

Ալեքսանդրապոլի դաշնագրի մասին խոսելիս անհրաժեշտ ենք համարում վեր առնել և հետևյալ կետը. ի՞նչ իրավական հիմք ունի այդ դաշնագիրը: Բոլշևիկները և ուրիշները ասում են, որ Հայաստանի կառավարությունը դեկտեմբերի 2-ին՝ Լեգրանի հետ Հայաստանի խորհրդայնացման պայմանը ստորագրելուց հետո, այլև իրավունք չուներ չուներ օտար պետությունների հետ դաշնագրեր ստորագրելու:

Սրան կարելի է առարկել այն փաստով, որ, ըստ Լեգրանի հետ կնքված պայմանի, իշխանության փոխանցումը տեղի պիտի ունենար դեկտեմբերի 2-ի գիշերը և, ուրեմն, մինչև այդ Հայաստանի կառավարությունը սահմանափակված չէր իր իրավունքների մեջ:

Դաշնագիր ստորագրելու լիազորությունը Խատիսյանի պատվիրակությանը կառավարությունը տվել էր դեկտեմբերի 1-ին, հետևաբար, միջազգային օրենքի և փաստական կացության տեսակետով՝ Հայաստանի կառավարության ընթացքը հակաօրինական հանգամանք չուներ:

Մյուս կողմից, ինչպես … վկայում է Խատիսյանը, դաշնագիրը ստորագրվել է դեկտեմբերի 2-ի գիշերվա ժամը 1-ից հետո: Արդյո՞ք այս պարագան բավարար հիմք է մերժելու դաշնագրի օրինականությունը: Այս առիթով էլ կարելի է դիտել տալ, որ Հայաստանի կառավարության հրաժարումից հետո եկող նոր իշխանությունը՝ Դրո և Սիլին, տեղյակ էր, որ դաշնագիրը պիտի ստորագրվի և կարող էր արգելել, բայց չի արգելել:

… Ոչ միայն Դրոն, այլ խորհրդային իշխանության ներկայացուցիչը [Սիլին] առարկություն չուներ Ալեքսանդրապոլի դաշնագիրը ստորագրելու դեմ և, բնականաբար, Հայաստանի այն ժամանակվա պայմաններում չէր էլ կարող ունենալ:

Մինչև այստեղ թե՛ կառավարության և թե՛ պատվիրակության արածը, իրավական տեսակետից, անխոցելի էր: Բայց դաշնագրում կար մի կարևոր պայման. ստորագրությունից հետո, մեկ ամսվա ընթացքում, դաշնագիրը պետք է վավերացվեր Հայաստանի խորհրդարանի և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կողմից:

Այդ վավերացումը տեղի չունեցավ: Հետևաբար, դաշնագիրը իր օրինական հանգամանքը կորցրեց: Միակ այս փաստը բավական է, որպեսզի Հայաստանի Հեղկոմը չճանաչեր Ալեքսանդրապոլի դաշնագիրը, եթե իսկապես բոլշևիկները ուզում էին Հայաստանի համար ավելի նպաստավոր պայմաններ ապահովել: Բայց բոլշևիկները չուզեցին կամ չկարողացան օգտվել այդ փաստից, որովհետև նրանց համար Թուրքիան ավելի մեծ արժեք էր, քան Հայաստանը:

Սիմոն Վրացյան, «Հայաստանի Հանրապետություն», Երևան, Հայաստան հրատարակություն, 1993, էջ 535-539

Կարդալ նաև՝

https://www.aniarc.am/2015/08/25/alexandrapl-treaty/

https://www.aniarc.am/2015/11/22/kajaznuni-russia-or-turkey/