Արցախը՝ Ադրբեջանից դուրս. Սարգսյան-Ալիև հանդիպում Ժնևում

2216

Հոկտեմբերի 16-ին Ժնևում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը։ Վերջին անգամ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը հանդիպել էին անցյալ տարի Սանկտ Պետերբուրգում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ։

Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Շվեյցարիայի մշտական ներկայացուցչի կեցավայրում կայացած հանդիպումը կայացել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ: Հանդիպումը տեղի է ունեցել երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Էնդրյու Շեֆերի (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ:

Ապա կայացել է Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի առանձնազրույցը:

Հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածել են համատեղ հայտարարություն, նշելով, որ Սարգսյան-Ալիև բանակցությունները անցել են կառուցողական մթնոլորտում։

«Նախագահները պայմանավորվել են միջոցներ ձեռնարկել աշխուժացնելու բանակցային գործընթացը և հավելյալ քայլեր նախաձեռնել թուլացնելու լարվածությունը շփման գծում։ Համանախագահները գոհունակություն են հայտնել ուղիղ շփումների համար, ինչը տեղի ունեցավ երկար դադարից հետո։ Համանախագահները մնում են պատրաստ աշխատելու կողմերի հետ հասնելու Ղարաբաղյան հակամարտության խաղաղ, բանակցված լուծմանը։ Որպես հաջորդ քայլ՝ համանախագահներն առաջիկայում կկազմակերպեն աշխատանքային խորհրդակցություններ նախարարների հետ»,- ասում է համատեղ հայտարարության մեջ։

Շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանը ասել է, որ Իլհամ Ալիևի հետ Արցախյան խնդրի լուծման տարբերակների մասին «որևէ կոնկրետ պայմանավորվածություն չունենք»:

«Բայց պայմանավորվել ենք, որպեսզի միջոցներ ձեռնարկենք լարվածությունն էլ ավելի թուլացնելու, որպեսզի առաջնագծում չունենանք զոհեր: Պետք է ասեմ` և՛ Ադրբեջանի նախագահը, և՛ ես դրանում խորապես շահագրգռված ենք: Տա Աստված, որ միշտ այդպես կարծի: Նա էլ շատ լավ է հասկանում խնդրի բարդությունը, բնականաբար, ես էլ, բայց խնդիրն այնպիսին է, որ հեշտ լուծում երբեք չի լինելու: Սակայն մի հարցում էլ ուզում եմ, որ բոլորդ վստահ լինեք` մեզ համար չկա լուծում, որը կարող է ինչ-որ կերպ խաթարել Ղարաբաղի անվտանգությունը: Մեզ համար միակ լուծումն այն է, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանից դուրս: Երբեք որևէ հայ ղեկավար չի կարող ընդունել այդպիսի որոշում և իրականացնել, և դրա համար մենք ամեն ինչ անելու ենք՝ զուգահեռ զարգացնելով Հայաստանը, տնտեսապես ամրապնդելով մեր երկիրը»,- ասել է Սարգսյանը:

Ժնևյան հանդիպումից հետո հայտարարություն է տարածել Արցախի արտգործնախարարությունը։

«Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև հոկտեմբերի 16-ին կայացած հանդիպումը կարևոր նշանակություն ունի բանակցային գործընթացի ակտիվացման համար պայմանների ստեղծման տեսանկյունից, որին լուրջ վնաս է հասցվել 2016թ․ ապրիլին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի արդյունքում։

Համոզված ենք, որ բանակցային գործընթացի առաջմղման հիմքերից մեկն է 1994 և 1995 թթ. համաձայնագրերի անշեղ պահպանումը, ինչպես նաև նախկինում ձեռք բերված համաձայնությունների իրագործումը, որոնք, մասնավորապես, վերաբերում են միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրմանը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի աշխատակազմի ընդլայնմանն ու դիտարկման կարողությունների ավելացմանը։

Կարծում ենք՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում իրական առաջընթաց ձեռքբերելու ճանապարհին ևս մեկ քայլ պետք է դառնա լիարժեք ձևաչափով բանակցությունների վերականգնումը՝ դրա բոլոր փուլերին Արցախի Հանրապետության անմիջական մասնակցությամբ»,- ասված է հայտարարությունում։