«Հայ հայրենասերների միություն». Վարդան Հարությունյան

2069

Ծանոթ. – 1966 թ ապրիլի 24-ին հիմնադրվեց Ազգային միացյալ կուսակցությունը (ԱՄԿ): ԱՄԿ-ի երեք հիմնադիրներն էին Հայկազ Խաչատրյանը (մահացել է 1989-ին), Ստեփան Զատիկյանը (գնդակահարվել է Մոսկվայում 1979-ին) եւ Շահեն Հարությունյանը (քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի հայրը): ԽՍՀՄ տարածքում Հայաստանը դարձավ միակ հանրապետությունը, որտեղ գործում էր կազմակերպված ընդդիմադիր կուսակցություն: Ներկայացնում ենք հատված խորհրդահայ այլախոհ, 8 տարի անազատություն կրած Վարդան Հարությունյանի ԱՅԼԱԽՈՀՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ արժեքավոր հատորից:

download

1967-1968 թթ. ասպարեզ է գալիս մի նոր կազմակերպություն՝ «Հայ հայրենասերների միությունը»: Միությունն ուներ իր կանոնադրությունը, որը քննարկվել եւ ընդունվել էր կազմակերպության անդամների ժողովում: Նոր անդամները պետք է ընդունեին այդ կանոնադրության դրույթները, ենթարկվեին դրա պահանջներին եւ անդամավճար մուծեին:

Այս միությունը մասնաճյուղեր ուներ Արարատում, Գյումրիում, Արտաշատում, Երեւանի տարբեր բարձրագույն ուսումնական հաստատություններում: Յուրաքանչյուր մասնաճյուղ ուներ իր ղեկավարը, իսկ կազմակերպության ընդհանուր ղեկավարումն իրականացնում էր Հակոբջան Թադեւոսյանը: Այս կազմակերպությունը նույնպես, ժամանակի ոգուն համահունչ՝ առաջնային էր համարում Եղեռնի, կորուսյալ հայկական տարածքների, Ղարաբաղի եւ Նախիջեւանի խնդիրները: Նրանք համարում էին, որ ինչպես նշված է դատավճռում՝ Խորհրդային Միությունը «որոշ հարցերում արհամարհում եւ ոտնահարում է հայ ժողովրդի կենսական շահերը»:

Միաժամանակ՝ խորհրդային կարգերի հետ ոչինչ չունեին: Այս առումով հատկանշական է այն իրողությունը, որ կազմակերպության անդամները՝ ծանոթանալով Ազգային միացյալ կուսակցության արդեն հրատարակած «Փարոս» թերթին, խստորեն մերժել էին թերթի էջերում առաջ քաշված գաղափարները՝ հակասովետիզմի եւ անկախության անհրաժեշտության կապակցությամբ: Նրանց համար հատկապես անընդունելի է եղել անկախության գաղափարը:

Ահա թե ինչպես է այդ դրվագը նկարագրված խմբի անդամների նկատմամբ կայացված դատավճռում. «1967 թվականի վերջին Թադեւոսյանը ստացել է Էդիկ Ալեքսանյանից հակասովետական բովանդակություն ունեցող «Փարոս» անլեգալ թերթը… Այդ թերթը պարունակում է թշնամական հարձակումներ սովետական պետության հասցեին եւ կոչ անում անջատել Հայաստանը ՍՍՀՄ-ից ու ստեղծել «անկախ հայկական պետություն». գործով բոլոր ամբաստանյալները, ինչպես նաեւ խմբակի մյուս անդամները, քննադատության են ենթարկել «Փարոս» թերթի հակասովետական բովանդակությունը եւ բացառել են թերթի հայացքները, համարելով այն վնասակար ու անընդունելի իրենց խմբակների համար»:

Խմբի անդամները դեռեւս չէին հասել Հայաստանի անկախության գաղափարին եւ մեր երկրի ապագան տեսնում էին Խորհրդային Միության շրջանակներում: Նրանց հաջողվում է ձեռք բերել տպագրական միջոցներ եւ բազմացնել ու տարածել թռուցիկներ: 1967 թվականի ապրիլ 24-ին ընդառաջ՝ տպագրում ու Երեւանում, Գյումրիում, Արարատի եւ Արտաշատի շրջաններում տարածում են Հակոբջան Թադեւոսյանի հեղինակած երեք թռուցիկները՝ «Կոչ հայ մտավորականությանը՝ Մեծ եղեռնի 52-րդ տարեդարձի առթիվ», «Կոչ հայ ժողովրդին՝ Մեծ եղեռնի 52-րդ տարեդարձի կապակցությամբ» եւ «Խոսք սրտից՝ հայոց ողբերգության 52-րդ տարեդարձի կապակցությամբ» վերնագրով:

Թռուցիկներում հիմնականում շեշտադրվում էին այն իրողությունները, որ խորհրդային կառավարությունը ոտնահարում է հայ ժողովրդի իրավունքները հօգուտ Թուրքիայի, ԽՍՀՄ-ում տարվում է հայերի ձուլման եւ ռուսացման քաղաքականություն, եւ կոչ էր արվում բարձրաձայնել Լեռնային Ղարաբաղի ու Նախիջեւանի ինքնավար  հանրապետությունը Հայաստանին միացնելու հարցը: Նույն բովանդակությամբ թռուցիկներ են պատրաստել եւ տարածել նաեւ հաջորդ տարի՝ 1968-ի գարնանը՝ հետեւյալ վերնագրերով՝ «Կոչ հայ մտավորականությանը՝ Մեծ եղեռնի 53-րդ տարեդարձի առթիվ», «Կոչ հայ երիտասարդությանը՝ Մեծ եղեռնի 53-րդ տարեդարձի առթիվ», «Հիշեցում հայ ժողովրդին՝ Մեծ եղեռնի 53-րդ տարեդարձի կապակցությամբ»:

Հենց այս նույն տարում՝ 1968-ի ապրիլին խմբի ներքոնշյալ անդամները ձերբակալվել են եւ դատապարտվել 206 հոդվածով (սովետական պետական ու հասարակական կարգերն արատավորող ակնհայտ հերյուրանքներ տարածելը):

Հակոբջան Դրաստամատի Թադեւոսյանը  ծնվել է 1949 թ., Արտաշատի շրջանի Մուղան (Մասիսի շրջանի Հովտաշեն) գյուղում: Ձերբակալման պահին եղել է Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսնող: Կալանավորվել է 19 տարեկանում՝ 1968-ի ապրիլի 17-ին: Չնայած գրեթե պատանի էր, բայց նրան հաջողվել է կազմակերպել ու ղեկավարել ընդահատակյա բազմամարդ կազմակերպություն՝ իր մասնաճյուղերով: Պետանվտանգության կոմիտեում սկզբում չեն հավատացել, որ կազմակերպությունն, իրոք, ղեկավարում է Հակոբջան Թադեւոսյանը: Թադեւոսյանը կալանավորվելուց հետո ստիպված է եղել ջանք թափել նրանց դրանում համոզելու համար: Դատապարտվել է 2 տարի 3 ամիս ժամանակով: Պատիժը կրել է Հայաստանում, ընդհանուր ռեժիմի գաղութում: Ազատ արձակվելուց հետո մշտական կապեր է հաստատել հայ այլ քաղբանտարկյալների եւ այլախոհների հետ: Ծանոթացել է Ազգային միացյալ կուսակցության անդամների հետ: Այս ծանոթությունն առիթ է դարձել, որպեսզի վերաարժեվորի իր պատկերացումները Հայաստանի ապագայի ու խորհրդային կարգերի նկատմամբ: Արդյունքում՝ դառնում է հակախորհրդային համոզմունքների տեր գործիչ ու անկախության ջատագով: Անդամագրվում է ԱՄԿ-ին: 1973-74թթ.՝ իր գլխավորած խմբակով մասնակցում է ԱՄԿ-ի կազմակերպած գործողություններին: Դառնում է ԱՄԿ խորհիդի անդամ: Հետագայում՝ վկայի կարգավիճակով հարցաքննվել է Ազգային միացյալ կուսակցության անդամների դատավարությունների ժամանակ: 1988-ին խմբագրել է «Ազգային ինքնորոշում» միավորման հրատարակած «Հայրենիք» ամսագիրը: 1990-ին Անկախության բանակի ռազմական խորհրդի անդամ էր: Արտաշատի ինքնապաշտպանական ջոկատների կազմակերպիչներից էր և Արտաշատի «Անկախության բանակի» կոորդինատորը: Բանաստեղծությունների, 19-20-րդ դարերի ֆիդայական շարժմանը վերաբերող մենագրության, էսսեների ու բազմաթիվ հոդվածների հեղինակ է: 2009-ին հետմահու հրատարակվել է նրա «Բեկորներիս իրավունքով» գիրքը: Վախճանվել է 49 տարեկանում, 1998թ. օգոստոսի 8-ին:

Ռուբեն Հովհաննեսի Հովսեփյանը ծնվել է1947 թ. Արարատի շրջանի Ավշար գյուղում: Ձերբակալման պահին եղել է Երեւանի Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող: 1967-ի սկզբին ծանոթացել եւ մտերմացել է Հակոբջան Թադեւոսյանի հետ: Այդ շրջանում էլ նրանք վճռել են կազմակերպություն ստեղծել եւ նպաստել Հայկական հարցի լուծմանը: Հովսեփյանը գործել է նաեւ Հակոբջան Թադեւոսյանի հետ ծանոթանալուց առաջ՝ 1965-1966-ականներին: Իր ծավալած գործունեության համար 1966-ին Պետանվտանգության կոմիտեի կողմից նախազգուշացվել է: Կալանավորվել է 1968թ. ապրիլի 16-ին: Դատապարտվել է 2 տարի 3 ամիս ազատազրկման: Պատիժը կրել է Հայաստանում՝ ընդհանուր ռեժիմի գաղութում: Պատիժը կրելուց հետո 20 տարի աշխատել է «Լույս» հրատարակչությունում: 1990-ին ընտրվել է շրջխորհրդի պատգամավոր: 1998-ին մեկնել է Ղարաբաղ, եղել է համայնքի նախագահ, զբաղվել է ազատագրված տարածքների վերաբնակեցման հարցերով: Ներկայումս բնակվում է Երևանում:

Էդիկ Վրեժի Ալեքսանյանը ծնվել է 1942թ., Գյումրի քաղաքում: Եղել է Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող: Մինչեւ դատավարությունը նրա նկատմամբ կալանքը՝ որպես խափանման միջոց, չի կիրառվել: Դատապարտվել է 1 տարի 6 ամիս ժամանակով: Կալանավորվել է դատարանի դահլիճում: Պատիժը կրել է Հայաստանում՝ ընդհանուր ռեժիմի գաղութում: Ազատ արձակվելուց հետո փորձել է վերականգնվել համալսարանում, բայց խոչընդոտների է հանդիպել: Դիմել է պատմական գիտությունների դոկտոր Հայկազ Պողոսյանին, որն այդ տարիներին կրթության համակարգում բարձր պաշտոն էր զբաղեցնում: Նրա օգնությամբ եւ միջնորդությամբ վերականգնվել եւ ավարտել է համալսարանը: Ապրում եւ աշխատում է Երեւանում:

Ռուբիկ Թադեւոսի Վարդանյանը  ծնվել է Գյումրիում: Մինչեւ դատավարությունը չի կալանավորվել: Դատապարտվել է 1 տարի 6 ամիս ժամանակով: Կալանավորվել է դատարանի դահլիճում: Պատիժը կրել է Հայաստանում՝ ընդհանուր ռեժիմի գաղութում:

Ռաֆիկ Աշոտի Ղարագուլյանը ծնվել է 1939թ., Վրաստանի Ախալքալաքի շրջանում: Սովորել է Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտում: Ազգային-հայրենասիրական գործունեությամբ սկսել է զբաղվել 1965-ից: Իր ծավալած գործունեության համար Պետանվտանգության կոմիտեի կողմից նախազգուշացվել է 1966-ին: Հետագայում անդամակցել է «Հայ հայրենասերների միությանը»: Կալանավորվել է 1968-ի ապրիլի 16-ին: Դատապարտվել է 1 տարի ժամանակով: Պատիժը կրել է Հայաստանում՝ ընդհանուր ռեժիմի գաղութում: Ազատ արձակվելուց հետո զբաղվել է նկարչությամբ: Եղել է ԽՍՀՄ նկարիչների միության անդամ: Կապված է եղել այլախոհական շրջանակների հետ: Վախճանվել է 1979 թվականին:

Միսաք Խաչիկի Խաչատրյանը  ծնվել է 1949 թ. Արարատի շրջանում: Արտաշատի քիմիական տեխնիկումի ուսանող էր: Մինչեւ դատավարությունը կալանքի տակ չի եղել: Դատապարտվել է 1 տարի 2 ամիս ժամանակով: Կալանավորվել է դատարանի դահլիճում: Պատիժը կրել է Հայաստանում՝ ընդհանուր ռեժիմի գաղութում:

Անդրանիկ Սուրենի Մխիթարյանը ծնվել է 1946 թ., Թալինի շրջանի Սուսեր գյուղում: Սովորել է Երեւանի Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի գեղարվեստի ֆակուլտետում: Կալանավորվել է 1968-ի ապրիլի 16-ին, իսկ մայիսի 28-ին խափանման միջոց կալանքը փոխվել է, եւ նա ազատ է արձակվել: Դատապարտվել է 1 տարի ազատազրկման, եւ դատարանի վճռով՝ նրա նկատմամբ սահմանված մեկ տարի ազատազրկումը փոխարինվել է երկու տարի փորձաշրջանով պայմանական դատապարտությամբ: Ինստիտուտն ավարտելուց հետո տեղափոխվել է Աշտարակ: Աշխատել է տեղի Գեղարվեստի դպրոցում: 1988 թվականից մասնակցել է Ղարաբաղյան շարժմանը: Եղել է Աշտարակի «Ղարաբաղ» կոմիտեի անդամ: 1990-1991 թթ. զբաղվել է ինքնապաշտպանական ջոկատների կազմակերպմամբ: 90-ականներին նշանակվել է Գեղարվեստի դպրոցի տնօրեն: 1995-ից հրավիրվել է ՀՀ պաշտպանության նախարարություն՝ որպես մշակույթի եւ հասարակական կապերի բաժնի պետի տեղակալ, որտեղ էլ աշխատում է մինչ օրս: Զբաղվում է գեղանկարչությամբ:

Վահան Սարգիսի Եղիազարյանը ծնվել է 1947 թ., Մարտունու շրջանի Ծակքար գյուղում: Սովորել է Երեւանի Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետում: Կալանավորվել է 1968-ի ապրիլի 16-ին, իսկ մայիս 28-ին խափանման միջոցը փոխվել է, եւ նա ազատ է արձակվել: Դատապարտվել է 1 տարի ազատազրկման: Նրա նկատմամբ սահմանված մեկ տարի ազատազրկումը փոխարինվել է պայմանական դատապարտմամբ՝ երկու տարի փորձաշրջանով: Պատիժը կրելուց հետո Մասիս քաղաքում է բնակվել եւ աշխատել որպես ուսուցիչ, ապա՝ Մասիսի գիշերօթիկ դպրոցի տնօրեն: Վախճանվել է 1994 թ. հուլիսին: