Գյուլի տիկնոջ պատրաստած ուտեստը. հուշեր հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտությունից

2466

2009-ի այս օրը՝ հոկտեմբերի 14-ին, Բուրսայում կայացավ Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպումը, որն ավարտվեց թուրքերի հաղթանակով՝ 2-0: Խաղին ներկա էին նաև Թուրքիայի և Հայաստանի նախագահներ Աբդուլլահ Գյուլն ու Սերժ Սարգսյանը: Այս հանդիպումը կայանում էր ընդամենը չորս օր անց այն բանից հետո, երբ Ցյուրիխում ստորագրվել էին Հայաստան-Թուրքիա երկու արձանագրությունները: Ավելի վաղ՝ 2009-ի ապրիլին, Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ ինքը Թուրքիա կգնա՝ դիտելու ֆուտբոլային հանդիպումը, միայն այն դեպքում, երբ Թուրքիա-Հայաստան սահմանը բաց լինի կամ լինի բացման նախօրեն:

Հայաստանի գործող իշխանությունները գրեթե համոզված էին, որ իրենց հաջողվել է հասնել նրան, որ Թուրքիան վերջ կտա Հայաստանի շրջափակմանը և Երևանի հետ կհաստատի դիվանագիտական հարաբերություններ:

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Բուրսայում լրագրողների հետ զրույցում ասաց, որ Աբդուլլահ Գյուլը Բուրսայի «Ալմիրա» հյուրանոցում ընթրիք է մատուցել ի պատիվ Սերժ Սարգսյանի:

«Այս կապակցությամբ Անկարայից հատուկ բերվել էր ուտեստեղեն, որը պատրաստել էր նախագահ Գյուլի կինը: Այս ժեստով նախագահ Գյուլը ցանկանում էր հատուկ ջերմություն հաղորդել Հայաստանի նախագահի ընդունելությանը»,- ասաց Նալբանդյանը:

«Այսօր Թուրքիայի նախագահ Գյուլը ասում էր՝ եթե Հայաստանի նախագահ Սարգսյանը իրեն մեկ տարի առաջ չհրավիրեր ֆուտբոլի խաղին [Գյուլը Հայաստան այցելեց 2008-ի սեպտեմբերի 6-ին՝ դիտելու Հայաստան-Թուրքիա երևանյան հանդիպումը], հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը այս առաջընթացը կունենա՞ր այս մեկ տարվա ընթացքում: Այսօրվա խաղն էլ լավ առիթ էր երկու նախագահներին` հանդիպելու և հետադարձ հայացքով նայելու, թե այս մեկ տարվա ընթացքում ինչ կատարվեց երկու երկրների միջև` հարաբերությունների կարգավորման իմաստով, և նաև` ինչ պետք է անել հատկապես չորս օր առաջ ստորագրված արձանագրություններից հետո, որպեսզի այս արձանագրությունները շուտափույթ կյանքի կոչվեն, առաջին հերթին` վավերացվեն և իրականացվեն այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել երկու երկրների միջև: Սա կբացի այն փակ դուռը, որը երկար տարիներ մեր երկու երկրներին, ժողովուրդներին բաժանել էր իրարից, և հնարավորություն կտա մեր երկու երկրների միջեւ հիմքեր դնել հարաբերությունների զարգացման համար»,- ասաց Նալբանդյանը:

Լուսանկարում՝ Սերժ Սարգսյանը և Աբդուլլահ Գյուլը Բուրսայի ֆուտբոլային խաղի ժամանակ