«Ցասում» եւ «Երկունք». այլախոհությունը Խորհրդային Հայաստանում

1483

Ծանոթ. – 1966 թ ապրիլի 24-ին հիմնադրվեց Ազգային միացյալ կուսակցությունը (ԱՄԿ): ԱՄԿ-ի երեք հիմնադիրներն էին Հայկազ Խաչատրյանը (մահացել է 1989-ին), Ստեփան Զատիկյանը (գնդակահարվել է Մոսկվայում 1979-ին) եւ Շահեն Հարությունյանը (քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի հայրը): ԽՍՀՄ տարածքում Հայաստանը դարձավ միակ հանրապետությունը, որտեղ գործում էր կազմակերպված ընդդիմադիր կուսակցություն: Ներկայացնում ենք հատված խորհրդահայ այլախոհ, 8 տարի անազատություն կրած Վարդան Հարությունյանի ԱՅԼԱԽՈՀՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ արժեքավոր հատորից:

download

«Ցասում» եւ «Երկունք». ԱՄԿ-ի գործով երկրորդ դատավարությունը

1969 թ. հունվարի 9-ին Երեւանում տեղի ունեցավ Ազգային միացյալ կուսակցության հիմնադիրների դատավարությունը: Պետանվտանգության կոմիտեում, հավանաբար, վստահ են եղել, որ հակախորհրդային այդ կազմակերպությունը, որն իր «Փարոս» թերթով ու ծրագրային դրույթներով հայտարարել էր հանուն Հայաստանի անկախության սկսած պայքարի մասին՝ ոչնչացված է: Այս մտայնությունը նրանց մեջ ամրապնդվել էր նաեւ ԱՄԿ հիմնադիրների ջանքերով: Նախաքննության ընթացքում Հայկազ Խաչատրյանն իր ընկերներին՝ Ստեփան Զատիկյանին եւ Շահեն Հարությունյանին, հորդորում է ամեն ինչ իրենց վրա վերցնելով՝ տալ այնպիսի ցուցմունքներ, որոնցից կհետեւեր, որ ԱՄԿ-ն միմիայն այդ երեքն են:

ՊԱԿ-ն անգամ չէր կասկածում, որ ԱՄԿ-ն արդեն լավ կազմակերպված ու ճյուղավորված կազմակերպություն է, որը շարունակում է եւ շարունակելու է գործել: Այդ օրերին գործող ԱՄԿ կառույցներից ամենաակտիվը Պարույր Հայրիկյանի գլխավորած մասնաճյուղն էր: Նրանք դեռ 1968 թ. ապրիլի 24-ին էին հաջողել Եղեռնի օրվան նվիրված ռադիոհաղորդում կազմակերպել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում:

Մինչեւ ԱՄԿ ղեկավարների դատավարությունը՝ նրանց հաջողվում է տարածել «Ցասում» վերնագրով թռուցիկը, իսկ դատավարությունից օրեր անց՝ «Երկունքը», 5000 տպաքանակով: «Երկունք»-ն սկսվում է «Անկախությունը որպես կենսական պահանջ» հոդվածով, որտեղ ԽՍՀՄ-ն անվանվում է ռուսական կայսրություն, եւ անկախության համար պայքարի կոչ է արվում, իսկ վերջում՝ «Փորձառություն առանց փորձի. խորհուրդներ ընդհատակյա կազմակերպություններին» նյութը: Ճակատային մասում «Մահ կամ ազատ Հայաստան» բնաբանն էր, տակը՝ «Երկունք» անունը եւ թվագրումը՝ N1 հունվար, 1969 Երեւան:

«Երկունքը» տարածվել է Երեւանում, Գյումրիում ու Վանաձորում: Ռեկորդային կարճ ժամանակահատվածում երեւանյան բուհերը, կինոթատրոնները եւ մարդաշատ վայրերը հեղեղվել են այդ թռուցիկով: «Երկունք»-ի երկրորդ համարը տպագրության է նախապատրաստվել մարտին, բայց կազմակերպիչների բացահայտվելու պատճառով չի հրապարակվել:

1969 թ. մարտի վերջին Պետանվտանգության կոմիտեին հաջողվում է դուրս գալ ԱՄԿ այս կառույցի հետքի վրա, եւ սկսվում են ձերբակալությունները: Ձերբակալվում են Պարույր Հայրիկյանը, Հակոբ Աշիկյանը, Աշոտ Նավասարդյանը, Ռաֆայել Բարսեղովը եւ Աշոտ Խաչատրյանը: Տասնյակ ԱՄԿ-ականներ, որոնք չէին հայտնվել ՊԱԿ-ի տեսադաշտում, մնում են ազատության մեջ ու շարունակում իրենց գործունեությունը:

ԱՄԿ յուրահատկություններից մեկն էլ այն էր, որ եթե անգամ որեւէ ԱՄԿ-ական ձերբակալվելուց հետո անուններ տար, ապա տալու էր միայն այն մարդկանց անունները, որոնք գիտեր: Իսկ ԱՄԿ-ականներից յուրաքանչյուրը ճանաչում էր սահմանափակ թվով մարդկանց: Հատկանշական է, որ այս խմբի ձերբակալված անդամները ե՛ւ նախաքննության, ե՛ւ դատավարության ընթացքում չհայտարարեցին իրենց ԱՄԿ-ական լինելու մասին: Այդ շրջանում Ազգային միացյալ կուսակցությունը համարվում էր կալանավորված ԱՄԿ-ականների գլխավոր գաղտնիքը, եւ կուսակցության գոյության մասին խոսելը, դրա մասին ցուցմունքներ տալը դավաճանական քայլ կդիտարկվեր: Բացահայտված ու ձերբակալված անդամների համար կարեւորագույն խնդիր է դառնում իրենցով սահմանափակել կալանավորվածների թիվը: Այդպես վարվեցին ԱՄԿ հիմնադիրները՝ նախաքննության ու դատավարության ժամանակ բարձրաձայնելով, որ ԱՄԿ-ն ներկայացնում են միայն իրենք: Նույն կեցվածքը որդեգրեցին ԱՄԿ այս մասնաճյուղի կալանավորված անդամները՝ չբացահայտելով, որ իրենք ԱՄԿ անդամներ են:

Այդ շրջանում գուցեեւ եղել են դեպքեր, երբ կալանավորվածները նաեւ սխալներ են թույլ տվել, բայց մի հարցում մնացել են անբասիր՝ ոչ ոք չի խոսել իր ԱՄԿ անդամ լինելու եւ ԱՄԿ-ի գոյության մասին: Միայն 1974-ին եւ դրանից հետո է փոխվել այս մարտավարությունը. 1974-ից հետո նախաքննությունների ու դատավարությունների ժամանակ ԱՄԿ անդամները հայտարարում էին, որ գոյություն ունի Հայաստանի անկախության համար պայքարող կուսակցություն, եւ իրենք էլ այդ կուսակցության անդամներ են:

ԱՄԿ որոշ մասնաճյուղերի անդամների նույնիսկ ավելի ուշ շրջանում՝ նախաքննության փուլում այս հանգամանքը գաղտնի էին պահում եւ հայտարարում էին իրենց ԱՄԿ-ական լինելու մասին միայն դատավարության ժամանակ՝ օգտագործելով դատարանը որպես ԱՄԿ-ի հռչակած ծրագրերի ու գաղափարների մասին բարձրաձայնելու հարթակ:

Օրինակ, 1981-ի իրենց դատավարության ժամանակ այսպես վարվեցին ԱՄԿ երիտասարդական մասնաճյուղ հանդիսացող «Հայ երիտասարդների միություն» խմբի անդամները: Ողջ նախաքննության ընթացքում նրանք հանդես էին գալիս որպես առանձին ստեղծված խումբ եւ միայն դատարանի դահլիճում՝ դատավարության ավարտական փուլում, կազմակերպության ղեկավար Մարզպետ Հարությունյանը հայտարարեց, որ կազմակերպությունը ԱՄԿ երիտասարդական կառույց է:

ԱՄԿ գործով երկրորդ դատավարությունը տեղի է ունեցել 1970 թ. փետրվարին: Դատապարտվում են Պարույր Հայրիկյանը, Հակոբ Աշիկյանը, Աշոտ Նավասարդյանը, Աշոտ Խաչատրյանը եւ Ռաֆայել Բարսեղովը: Բոլորն էլ մեղադրվում են ՀԽՍՀ 65 հոդվածի 1-ին մասով (hակասովետական ագիտացիա եւ պրոպագանդա) եւ 67 հոդվածով (առանձնապես վտանգավոր պետական հանցագործությունների կատարմանն ուղղված կազմակերպական գործունեությունը, ինչպես նաեւ՝ հակասովետական կազմակերպությանը մասնակցելը):