«Յոթի գործ». հատված Վարդան Հարությունյանի գրքից

1580

Ծանոթ. – 1966 թ ապրիլի 24-ին հիմնադրվեց Ազգային միացյալ կուսակցությունը (ԱՄԿ): ԱՄԿ-ի երեք հիմնադիրներն էին Հայկազ Խաչատրյանը (մահացել է 1989-ին), Ստեփան Զատիկյանը (գնդակահարվել է Մոսկվայում 1979-ին) եւ Շահեն Հարությունյանը (քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի հայրը): ԽՍՀՄ տարածքում Հայաստանը դարձավ միակ հանրապետությունը, որտեղ գործում էր կազմակերպված ընդդիմադիր կուսակցություն: Ներկայացնում ենք մի հատված խորհրդահայ այլախոհ, 8 տարի անազատություն կրած Վարդան Հարությունյանի ԱՅԼԱԽՈՀՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ արժեքավոր հատորից:

download

1961-1962 թվականներից սկսած, Երեւանում՝ որպես խրուշչովյան ձնհալի արդյունք, սկսել է գործել «Հայ երիտասարդական միություն» (ՀԵՄ) անունը կրող բազմամարդ մի կազմակերպություն, որը չուներ հստակ ձեւավորված կառույց եւ գրավոր ձեւակերպված կանոնադրություն ու ծրագիր: Միության մեջ ընդգրկված էին ե՛ւ ուսանողներ, ե՛ւ դասախոսներ, ե՛ւ մտավորականներ, ե՛ւ սոցիալական տարբեր շերտերի այլ ներկայացուցիչներ:

Այս կազմակերպությունը չի եղել հակախորհրդային կամ հակակոմունիստական կառույց, բայց սա չի նշանակում, որ դրան անդամակցող առանձին անձինք չէին կարող այս կամ այն չափով դեմ լինել խորհրդային երկրի արտաքին կամ ներքին քաղաքականության առանձին դրսեւորումների, ունենալ ընդգծված հակախորհրդային հայացքներ, անգամ խոսել կամ գրել անկախ Հայաստան ունենալու անհրաժեշտության մասին:

Այս կարգի փոքրաթիվ բացառությունները չհաշված, «Հայ երիտասարդական միությունը» գլխավորապես եղել է ազգային-հայրենասիրական կազմակերպություն, որի հիմնական նպատակը հայոց լեզվի պահպանման, Ցեղասպանության հիշատակի օրը նշելու եւ կորուսյալ հայկական տարածքների վերադարձն էր:

ՀԵՄ-ի անդամներ էին նաեւ հայտնի «Յոթի գործ»-ով դատապարտված Խաչատուր Ամիրջանյանը, Խաչիկ Սաֆարյանը, Վիգեն Բաբայանը, Գրիգոր Եղյանը, Էդուարդ Կակսոյանը, Կարապետ Քիրամիջյանը եւ Մերուժան Հովհաննիսյանը: Դատելով այս գործով հրապարակված դատավճռից՝ ի տարբերություն Հայ երիտասարդական միության այլ անդամների, Խաչիկ Սաֆարյանը, Կարապետ Քիրամիջյանը, Վիգեն Բաբայանը եւ Մերուժան Հովհանիսյանը փորձել են իրենց կազմակերպությունը տալ հստակ ձեւավորված կուռ կազմակերպական բնույթ: Նրանց է միացել նաեւ Խաչատուր Ամիրջանյանը: Հավաքվել է անդամավճար, ստեղծվել է գործող կառույց եւ ցանկությունների ու քննարկումնների փուլից անցել են կոնկրետ գործողությունների դաշտ: Խաչատուր Ամիջանյանը եւ Խաչիկ Սաֆարյանը սկսել են գրել կազմակերպության ծրագիրը:

«Յոթի գործը» հայտնի է նաեւ «Յոթ հայրենասերների գործ» անվամբ: Այս գործով ձերբակալություններն սկսվել են 1963-ի դեկտեմբերից, իսկ դատավարությունն ընթացել է 1964-ի օգոստոսի 5-26-ը: Խմբի անդամներին մեղադրանք է ներկայացվել Խորհրդային Հայաստանի քր. օր.-ի 65 հոդվածի 1-ին մասով (հակասովետական ագիտացիա եւ պրոպագանդա) եւ 67 հոդվածով (առանձնապես վտանգավոր պետական հանցագործությունների կատարմանն ուղղված կազմակերպական գործունեությունը, ինչպես նաեւ հակասովետական կազմակերպությանը մասնակցելը):

Խաչատուր Ջումշուղի Ամիրջանյանը ծնվել է 1924-ին, Իջեւանի շրջանում: Աշխատել է Երեւանի անասնաբուժական-անասնաբուծական ինստիտուտում: Մինչեւ «Յոթի գործ»-ով իր ապագա համախոհների հետ ծանոթանալը, նա արդեն իսկ ունեցել է ձեւավորված պատկերացումներ խորհրդային երկրում տիրող կարգերի ու բարքերի վերաբերյալ: Իր «Պրոլետարիատի դիկտատուրայի 45 տարին» հոդվածում, որը հետագայում մշակել եւ վերանվանել է «Համամիութենական հայրենասերների ընկերության հայտարարություն», նա արտահայտել է հակախորհրդային հայացքներ: Կալանավորվել է 1964 թ. հունվարի 22-ին: Դատապարտվել է 5 տարի ազատազրկման: Պատիժը կրել է Մորդովիայում՝ քաղաքական կալանավորների համար նախատեսված կալանավայրում: Երեք տարի անց վաղաժամ ազատ է արձակվել ու վերադարձել Հայաստան: Հակասական դերակատարում է ունեցել 1967-69 թթ. գործող այլախոհական կազմակերպությունների ու առանձին այլախոհների ճակատագրում: Աշխատել է «Միտք» հրատարակչությունում: Հեռացել է ընտանիքից: Բոլորից լքված ու մենության մեջ վախճանվել է 1969 թվականին:

Խաչիկ Էլոյի Սաֆարյանը ծնվել է 1932թ. ապրիլի 1-ին, Թալինի շրջանի Ներքին Բազմաբերդ գյուղում: Աշխատել է Երեւանի գյուղատնտեսական ինստիտուտում: Գիտությունների թեկնածու էր: Եղել է ընդհատակյա գործող կուռ կազմակերպության ստեղծման նախաձեռնողներից մեկը: Ունեցել է «անկախական» հայացքներ եւ անկախ Հայաստան ստեղծելու ուղղությամբ որոշակի քարոզչական աշխատանքներ է տարել: Կալանավորվել է 1963 թ. դեկտեմբերի 29-ին, դատապարտվել է չորս տարի ազատազրկման: Պատիժը կրել է Մորդովիայի քաղաքական կալանավորների համար նախատեսված կալանավայրում: Ողջ պատժաչափը կրելուց հետո վերադարձել է Հայաստան: Աշխատել է Հայկական այգեգործական գիտահետազոտական ինստիտուտում՝ որպես գիտաշխատող: Մասնագիտական աշխատությունների հեղինակ է: 1990թ. ընտրվել է ՀՀ Գերագույն խորհրդի, իսկ 1995-ին՝ ՀՀ ԱԺ պատգամավոր: Վախճանվել է Երեւանում՝ 2001 թ. հունիսի 5-ին:

Վիգեն Ասատուրի Բաբայանը  ծնվել է 1940թ., Երեւան քաղաքում: Մինչեւ կալանավորվելը եղել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ուսանող: «Հանուն Հայրենիքի» խմբի գործով 1969-ին դատապարտված Ասատուր Բաբայանի որդին է: Մինչեւ կալանավորվելը նրա  «Կտակ հայ որդուն» պոեմը տպագրվել է արեւմուտքում հրատարակվող հայկական մամուլում: Կազմակերպել եւ ղեկավարել է առանձին գործող խմբակ: Կալանավորվել է 1963 թ. դեկտեմբերի 29-ին: Դատապարտվել է 5 տարի ազատազրկման: Պատիժը կրելուց հետո վերադարձել է Հայաստան: Աշխատել է  «Ծիածան» ռադիոկայանում: 1980-ին տեղափոխվել է ԱՄՆ՝ մշտական բնակության: Աշխատել է «Ամերիկայի ձայն» ռադիոկայանում: Բանաստեղծությունների ժողովածուների ու այլ գրքերի հեղինակ է: Վախճանվել է քաղցկեղից 2004թ. դեկտեմբերի 16-ին:

Գրիգոր-Հովհաննես Հակոբի Եղյանը  ծնվել է 1926թ., Երուսաղեմում: Կրթությունը՝ բարձրագույն: Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ի թարգմանիչն էր: Գրել է մարդու իրավունքներին վերաբերող հոդվածներ: Նրա հեղինակած  «Տեսություն մարդկային պատմության մասին» հոդվածում խոսվում է առանց խորհրդային կարգերի՝ անկախ Հայաստան ունենալու մասին: Կալանավորվել է 1963թ. դեկտեմբերի 29-ին: Դատապարտվել է 2 տարի ազատազրկման: Ազատազրկումից հետո վերադարձել է Հայաստան: Եղիշե Չարենցի անվան դպրոցում անգլերենի ուսուցիչ է աշխատել: Այնուհետեւ տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ էլ բնակվում է մինչ օրս:

Էդվարդ Վարդանի Կակոսյանը ծնվել է 1936 թ., Երեւանում: Մինչ կալանավորումը եղել է Երեւանի պետական համալսարանի ուսանող: Աշխատել է դպրոցում՝ որպես հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչ: Կազմակերպել է հայոց լեզվի անաղարտության խնդիրներով զբաղվող «Հայկազուն» խմբակը: Մտադիր է եղել հիմնել Մաշտոցյան ընկերություն: Իր ծավալած գործունեությունը գաղտնի կամ ընդհատակյա չի եղել: Նրա դատապարտման համար հիմք է հանդիսացել միայն այն հանգամանքը, որ առնչվել է «Յոթի գործ»-ով մյուս ամբաստանյալների հետ: Կալանավորվել է 1963 թ. դեկտեմբերի 30-ին: Դատապարտվել է 1,5 տարի ազատազրկման: Պատիժը կրելուց հետո վերադարձել է Հայաստան: Ժամանակ անց տեղափոխվել է ԱՄՆ: ԽՍՀՄ փլուզումից հետո կրկին վերադարձել է Հայաստան: Արորդիների ուխտի քրմապետն էր: Վախճանվել է 2005 թ. օգոստոսի 24-ին:

Կարապետ-Կարո Պողոսի Քիրամիջյանը ծնվել է 1940թ., Բեյրութում: Մինչեւ կալանավորվելը Երեւանի պետական համալսարանի քիմիական ֆակուլտետի ուսանող էր: Ակտիվորեն մասնակցել է կազմակերպության համակարգման, հոդվածների տպագրման, բազմացման ու տարածման աշխատանքներին: Եղել է այդ տարիներին գործող սակավաթիւ «անկախականներից» մեկը: Կալանավորվել է 1963 թ. դեկտեմբերի 29-ին: Դատապարտվել է 2 տարի ազատազրկման: Ներկայումս ապրում է ԱՄՆ-ում:

Մերուժան Արտաշեսի Հովհաննիսյանը ծնվել է 1940թ., Էջմիածին քաղաքում: Եղել է կազմակերպության ամենաակտիվ մասնակիցներից մեկը: Ընդհատակյա տպարան հիմնելու համար տպատառեր եւ տպագրական հաստոցի մասեր հայթայթելու գործը նա է հաջողել: Նաեւ կարողացել է գրամեքենաներ ձեռք բերել: Եվրոպական հայալեզու մամուլում տպագրելու նպատակով կարողացել է մի շարք ստեղծագործություններ ուղարկել արտերկիր: Կալանավորվել է 1963 թ. դեկտեմբերի 29-ին: Դատապարտվել է 5 տարի ազատազրկման: Դրսեւորած ըմբոստ վարքի պատճառով էլ ավելի է խստացվել նրա ռեժիմը, եւ մորդովական խիստ ռեժիմի քաղկալանավորների համար նախատեսված կալանավայրերից նա տեղափոխվել է Վլադիմիրի բանտ: Ազատ արձակվելուց հետո վերադարձել է Հայաստան: Պահպանել է իր կապերն այլախոհական շրջանակների հետ: 1968 թ. մասնակցել է Ազգային միացյալ կուսակցության անդամների հրատարակած «Երկունք» թռուցիկի երկրորդ համարի նախապատրաստման աշխատանքներին: Մասնակցել է նաեւ այդ թռուցիկի առաջնորդող՝ «Հայաստանն ապագայում» վերնագրով հոդվածի մշակման աշխատանքներին, որը, սակայն, ԱՄԿ-ականների ձերբակալման պատճառով չի հրապարակվել: Հետագայում դատապարտվել է եւս մեկ անգամ: Այս դատապարտումը, սակայն, չի առնչվել հասարակական-քաղաքական գործունեւությանը: Ապրում է Երեւանում: Բանաստեղծական ժողովածուների, գրքերի ու հուշագրությունների հեղինակ է: Հանրությանը հայտնի է «Մերուժան» գրական անվամբ: