Կումուրդոյի եկեղեցին ունեցել է պատմության երկու կարևոր փուլեր. Սամվել Կարապետյան

4120

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱԿՈՂՄԱՆԻ Է ԵՎ ԽՏՐԱԿԱՆ

Ի պատիվ Վրաց ուղղափառ եկեղեցու պետք է նշել, որ պատմության ողջ ընթացքում այն եղել է ընդգծված պետականամետությամբ ազգային-քաղաքական կառույց և ամբոջությամբ ներգրավված (և` է) պետության քաղաքական շահերի և գերիշխանության պաշտպանության և ծավալման գործընթացներում:

Հենց այս պատճառով էլ վրաց եկեղեցու ներկայությունը մի որևէ վայրում երբևէ պայմանավորված չի եղել տվյալ վայրում վրացի ազգաբնակչության գոյության հանգամանքով, քանի որ այն նախ և առաջ եղել է և կա իբրև պետության ոտքի տեղը և կամ պարզապես հոգևոր դրոշակի ներքո մի յուրօրինակ ռազմական հենակետ:

Վրաստանի հզորության ժամանակաշրջանում (Ժ-ԺԳ դդ.), թե՛ դեպի հյուսիսկովկասյան և թե՛ հայաստանյան ուղղություններով ընդարձակվելիս Վրաստանին միացվող նորանվաճ գավառներում պետությունն անմիջապես հիմնում էր ուղղափառ վանքեր կամ եկեղեցիներ: Այս գործընթացում երբևէ չի կարևորվել, թե վրաց եկեղեցու նորաստեղծ թեմերի ու նրանց իրավասության ներքո գտնվող նորահիմն ուղղափառ եկեղեցիների շուրջ ընդհանրապես վրացազգի բնակչություն կար կամ ո՛չ: Մինչև Արաքսի հովիտ (օր. Կաղզվանի մոտ Եղեգնամոր տաճարը) հասած վրաց ուղղափառ եկեղեցին ի դեմս իրեն ապահովում էր պետության ներկայությունը և ձգտում էր հնարավոր առավելագույն չափով իր ավազանում վերամկրտել տեղացիների, ստեղծելով փոքրիշատե կենսունակ ուղղափառ համայնքներ:

Հայաստանի սահմաններում այդ համայնքները ձևավորվում էին բացառապես ուղղափառ եկեղեցու հետևորդ դարձող հայերից, հյուսիսկովկասյան շրջաններում զանազան լեռնական ազգացեղերից և այլն:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ոչ վրացական միջավայրում հենց ուղղափառ եկեղեցու միջոցով էր պետությունն իր քաղաքական գերիշխանությունն ապահովում, ուստի այդ եկեղեցին որպես պետական գործառույթներ իրականացնող կարևորագույն օղակ ամբողջությամբ գտնվում էր պետության հոգածության ներքո, ընդ որում, ակնհայտ է, որ միանգամայն վրացազուրկ` օտար միջավայրում հիմնվող մեծածախս վրաց-ուղղափառ վանքերն ու եկեղեցիները կառուցվում էին պետության ֆինանսավորմամբ:

Վերոնշյալն ավելի պարզելու համար բերենք Վրաստանին միացված Սոմխիթ (թարգմանաբար` Հայաստան) նահանգում գտնվող քրիստոնեական պաշտամունքային հուշարձանների օրինակը: Այստեղ, ահա յուրաքանչյուր 35-40 միավոր փոքրաչափ, հիմնականում անմշակ քարով և առհասարակ նվազագույն միջոցներով կառուցած գյուղական հայ առաքելական եկեղեցիների կողքին կարող ենք տեսնել մեկ միավոր շքեղ, մեծաշեն վրաց ուղղափառ վանք, որն ակնհայտորեն կառուցվել է ոչ թե գյուղացիների սուղ միջոցներով, այլ պետական հովանավորությամբ և դա բնավ չպայմանավորված տեղում վրացի ազգաբնակչության գոյության հանգամանքով: Ավելորդ է շեշտել, որ այս վանքերը պետության աչքերն ու ոտքի տեղն էին, որոնք ապահովում էին պետության հսկող ներկայությունը տարածաշրջանում:

Դարեր են անցել, բայց վրաց եկեղեցու վերոնշյալ պետական գործառույթները մնացել են անփոփոխ: Դիցուկ` Ջավախքում 1990-ական թթ. սկզբներին բազմամարդ և զուտ հայաբնակ Փոկա գյուղում հիմնվեց վրացական «կուսանաց» վանք, իսկ զուտ հայաբնակ Աղքյորփի գյուղի մոտ վրացական մատուռ կամ Ծալկայի շրջանում հույներից թափուր (բնակիչները հեռացել են 1990-ական թթ. սկզբներին) գյուղում մի տան մեջ տեղավորվեցին վրացի վանականներ (առայժմ առանց վանքի): Այսինքն վրաց ուղղափառ եկեղեցին դարեր շարունակ ծառայել և ծառայում է երկրի քաղաքական գերիշխանության տարածման, ծավալման նպատակին:

Մեր օրերում ևս վրաց եկեղեցին (իրականում` պետությունը) ցանկություն ունի իր ազդեցության շրջանակներն ընդարձակել, ընդ որում ինչպես դարեր շարունակ, ներկայումս էլ վրաց պետությանը բնավ չի հուզում, որ այն վանքերը, որոնց նկատմամբ «վերադարձման» հարց է բարձրացնում (Ախթալա, Հնեվանք, Քոբայր և այլն) իրենց շուրջ վրացազգի նույնիսկ մեկ շունչ բնակիչ չունեն: Այո, խնդիրը վանքը չէ, այլ նրա միջոցով ծավալվելու հեռանկարով առայժմ սոսկ ներկայության ապահովումը, իսկ թե ժամանակի ընթացքում շրջապատի հայ բնակիչներից ուղղափառություն ընդունողներ լինեն` ավելի լավ (ինչպես` Ջաղացպանյան ընտանիքի վերամկրտվելը` Փոկա գյուղի «կուսանաց» վանքում):

Այժմ Կումուրդոյի Սբ. Համբարձման եկեղեցու վերջին դեպքերի և մասնավորապես Վրաստանի մի շարք կառույցների համատեղ հայտարարության մասին, որ արվել է 05.10.2017 թ.:

Ճարտարապետական հիասքանչ կառույցը վեր է հառնել Ժ դարում, որպես եպիսկոպոսանիստ եկեղեցի, այսինքն` երկրամասի ուղղափառ եկեղեցու առաջնորդանիստ, թեմի կենտրոնատեղի: Կառուցվել է տարածաշրջանում ի դեմս Բյուզանդիայի և Վրաստանի ուղղափառության վերելքի և նրա ունեցած ամենամեծ ազդեցության ժամանակաշրջանում, հոծ զանգվածներով ուղղափառ դավանանքի հետևորդ դարձած Մեծ Հայքի Գուգարք նահանգի Ջավախք գավառում: Շուրջ երեք հարյուր տարի այս եկեղեցին (ինչպես և նույն ժամանակաշրջանում կառուցված տարածաշրջանի բազմաթիվ այլ եկեղեցիները) գործել է որպես ուղղափառ: Սակայն, ԺԳ դարի վերջերից պայմանավորված հավատակից երկու երկրների` առաջին հերթին Բյուզանդիայի թուլացմամբ և ապա անկմամբ ու նաև Վրաստանի թուլացմամբ և մանր թագավորությունների` տրոհմամբ, արդեն ԺԴ-ԺԵ դարերում Սբ. Համբարձման եկեղեցին դադարել է գործել որպես ուղղափառ եկեղեցի: Կառույցի շուրջ (և ընդհանրապես գյուղի ողջ տարածքի զանազան հնավայրերում) առկա ԺԴ-ԺԷ դարերին վերաբերող խաչքարերը, որոնք կոտրված կամ ամբողջական տեղահան դրությամբ պահպանվել են հուշում են, որ եկեղեցու շուրջ ուշ միջնադարում գոյացել էր հայոց գերեզմանոց: Ինքնին հասկանալի է, որ հայոց գերեզմանոցը կարող էր գոյանալ միմիայն հայ առաքելական եկեղեցու շուրջ, իսկ ինչպես հայտնի է Ժ դարում կառուցված եկեղեցին ի սկզբանե եղել է ուղղափառ: Ուրեմն ի՞նչ էր տեղի ունեցել: Իրականում տեղի է ունեցել այն, ինչին ականատեսն ենք հյուսիսային Հայաստանի զանազան այլ բնակավայրերի եկեղեցիներում և վանքերում, այսինքն` ուղղափառության անկման ժամանակաշրջանում, երբ այլևս այդ դավանանքի հետևորդ մնալը հայերի համար ոչ մի առավելություն չէր ապահովում (այլևս «պրիստիժ» չէր), տեղի է ունեցել զանգվածային դարձ` դեպի հայ առաքելական եկեղեցին, որի արդյունքում անշուշտ նաև Կումուրդոյի Սբ. Համբարձման եկեղեցին է վերաօծվել առաքելական եկեղեցու ծիսակարգով, որից հետո էլ եկեղեցու շուրջ` համաձայն հայ առաքելական եկեղեցիների ծիսակարգի սկզբնավորվել է հայոց գերեզմանոցը:

Որ Կումուրդոի բնակիչները գոնե ԺԴ-ԺԵ դարերից ի վեր առաքելադավան հայեր էին վկայում են ոչ միայն եկեղեցու շուրջ եղած հայոց գերեզմանոցը, այլև 1595 թ. թուրքական հարկացուցակները, որտեղ հիշված են հայկական շրջանակներում տարածված բազմաթիվ անձնանուններ: Ի դեպ, Կումուրդոն Ջավախքի սակավաթիվ այն գյուղերից է, որ 1829-30 թթ. Բարձր Հայքից փոխադրված հայերի մի մասի այստեղ հաստատվելու պահին ուներ բնիկ հայ բնակչություն (երլականներ, այսինքն` տեղացի հայեր), որոնց որ նույնիսկ մինչև մեր օրերում ճանաչում են ըստ ազգատոհմերի:

Իհարկե որոշակի նորոգություններից հետո (մասնավորապես եկեղեցու արևմտյան խաչաթևը փայտամածով ծածկելը, հյուսիսային կողմում մկրտարան տեղադրելը և այլն) 1830-ական թթ. այս եկեղեցին ևս մեկ անգամ օծվել է և գործել ևս համարյա մեկ դար (մինչև 1920-ական թթ. կեսերը), որից հետո չի գործել, բայց մշտապես մնացել է տեղացիների հոգածության ներքո: Ի դեպ, եկեղեցամերձ գերեզմանոցում էլ թաղումները շարունակվել են նաև ԺԹ դարում և 1900-ականների սկզբներին:

Ասվածից հետևում է, որ Կումուրդոյի Սբ. Համբարձման եկեղեցին ունեցել է պատմության երկու կարևոր փուլերը: Առաջինը կառուցման ժամանակից մինչև ԺԳ դարի վերջերը, այսինքն` մոտ 300 տարի, երբ գործել է որպես ուղղափառ եկեղեցի (ըստ ամենայնի ծառայելով ուղղափառությանը անցած տեղացի հայերին) և երկրորդ` ԺԴ դարից մինչև Ի դարի սկզբները, այսինքն` ավելի քան 600 տարի, երբ գործել է որպես հայ առաքելական:

Վերջում ցանկանում եմ նկատել տալ, որ եթե, օրինակ, ի սկզբանե առաքելադավան հայերի կողմից կառուցված Թբիլիսիի Կուսանաց Սբ. Ստեփանոս, Հավլաբարի Սբ. Կարապետ, Վերայի Սբ. Խաչ և այլ հայկական եկեղեցիները, որ 1990-ական թթ. ուղղափառ եկեղեցու ծիսակարգով վերաօծվելուց հետո կարող են արդեն 25 տարի համարվել և գործել որպես վրացական եկեղեցիներ, ապա ինչու մի հայաբնակ գյուղում առնվազն 600 տարի որպես հայ առաքելական գործած եկեղեցին այսօր չի կարող համարվել հայկական և ծառայել տեղի բնակչությանը, սա ի՞նչ խտրական վերաբերմունք է Վրաստանի ազգությամբ հայ քաղաքացիների նկատմամբ:

Մեզ համար անհասկանալի է հատկապես Վիրահայոց թեմի կեցվածքը, որը փաստորեն հրաժարվել է զուտ հայաբնակ գյուղում գտնվող մի եկեղեցուց, որը որպես հայ առաքելական եկեղեցի այդ գյուղի ծխականներին է ծառայել առնվազն 600 տարի և ինքնաբերաբար անքակտելիորեն կապված է հայ առաքելական եկեղեցու պատմությանը:

Հայոսն ու Քարթլոսը եղբայրներ են, ուստի խնդիրները պետք է լուծվեն եղբայրական սիրով, միմյանց նկատմամբ հարգանքով ու փոխըմբռնմամբ:

Եղբայրները` ո՛չ թե իրար, այլ` միասին պետք է հաղթեն…

Սամվել Կարապետյան

Աղբյուրը՝ https://www.facebook.com/berdagh/posts/737726239745709

Դիտել նաև՝ 

Գումբուրդո՝ միջադեպի խորապատկերը. Արգամ Երանոսյան