Հայաստան և Վրաստան. չեզոք գոտու՝ Լոռի-Փամբակի խնդիրը, 1920թ

4110

«Յառաջ» օրաթերթը 1920-ին լույս է տեսել Երևանում, եղել է ՀՅԴ Բյուրոյի պաշտոնաթերթը: Ներկայացնում ենք «Յառաջ»-ի 1920թ սեպտեմբերի 14-ի խմբագրականը, որն անդրադարձ է չեզոք գոտու՝ Լոռի-Փամբակի խնդիրին: 

—–

ՀԱՅԱՍՏԱՆ ԵՒ ՎՐԱՍՏԱՆ

Թիֆլիսի մէջ, ըստ վրաց հեռագրական գործակալության, Հայաստանի և Վրաստանի պատւիրակութիւնները մի շարք խնդիրների վերաբերմամբ նախնական համաձայնութեան են եկել:

Այդ հաղորդագրության մէջ կարևոր է այն, որ «առանց կանխորոշելու պետական սահմանների խնդիրը, մտադրութիւն կայ չեզոք գօտին ժամանակաորապէս բաժանել վարչապէս»:

Այս չեզոք գօտու տակ հասկացվում է Լոռու-Փամփակի շրջանը:

Նախապէս պիտի յայտնենք, որ հայ դեմոկրատիան և նրա վստահութիւնը վայելող Հայաստանի կառավարութիւնը ցանկութիւն են ունեցել վիճելի հողամասերի խնդիրը վճռել փոխադարձ համաձայնությամբ և խաղաղ ճանապարհով:

Միաժամանակ հայ դեմօկրատիայի քաղաքական գիտակցութիւնից բղխող մտածումն է եղել այդ նման դժւարութիւնները հարթել առանց օտարի միջամտության, այլ փոխադաձ հասկացողութեամբ:

Այդ կողմից ոչ ոք կարող է մեղադրանքի քար նետել մեզ:

Վերջին ժամանակաւոր համաձայնութիւնն էլ ողջունելի է մեր կողմից իբրև մի փորձ – առանց դրսի միջամտութեան եզրակացութեան գալու:

Մեզ համար, սակայն, չեզոք գօտու հարցի լուծումն այլ նշանակութիւն ունի, քան, ինչպէս երևում է, Վրաստանի ղեկավարվող շրջանների:

Վերջիններս նպատակ ունին գալ որոշ եզրակացութեան՝ ժամանակավորապէս և մասնակի միայն վարչական բաժանման խնդրով:

Վրացիները նպատակ ունին առաջ քաշելու միայն Լոռու շրջանի հարցը և քննելու այն առանձին և իբրև ինքնուրույն մի խնդիր, առանց կապելու Ախալքալակի, Ախալցխայի, այլև մեր դէպի ծովն ունենալիք ելքի հետ, որոնց համար մեր ժողովուրդն էլի շահագրգռված է, թէ քաղաքականապէս և թէ տնտեսապէս:

Վրացիներն այդ խնդիրն յարուցանում են առանձնապէս այսօր, երբ օգոստոսի 10-ի դաշնագրության [Սևր] համաձայն, Թիւրքահյաստանի որոշ նահանգներ պիտի կցւին Հայաստանի հանրապետության, ապա ուրեմն մեր տերիօրիան մեծանում է և փոքրիկ շրջանների վրա իբրև այլևս ուշադրութիւն չենք դարձնի և այդ հարցերը, ինչպէս շեշտում է «Էրթօբան» իր թիւ 200-ի մէջ, այժմ կորցնում են իրենց սրութիւնը այն նոր հանգամանքի պատճառով, որ Թիւրքահայաստանին էլ ազատութիւն է տրւում:

Մեր տեսակէտները այդպէս չէն:

Մենք հաւատացած ենք որ ժամանակաորապէս և միայն վարչապէս բաժանումը, ըստ երևոյթին առաջ են բերում նօրմալ յարաբերութիւններ, բայց ըստ էութեան կարող են աւելի ևս խճճել գոյութիւն ունեցող յարաբերութիւնները:

Մեք կարծում ենք, Հայաստանի և Վրաստանի միջև եղած սահմանային վէճերի լուծումը պէտք է լինի ոչ թէ մասնակի և ժամանակաւոր, այլ ընդհանուր եւ վերջնական: Միայն այդ ճանապարհով կարելի է մի անգամ ընդմիշտ վերացնել մէջտեղից գոյութիւն ունեցող տարաձայնութիւնները և նպաստաւոր հող ստեղծել հաստատուն և տեսական համաձայնութեան համար, որին այնքան կարօտ են մեր երկիրները:

Եւ ինչո՞ւ միայն Լոռին:

Ինչու չպիտի միացնել Բորչալուն, Ախալքալակը և նոյնիսկ Բաթումի նաւահանգստի վերաբերյալ ունեցած մեր անհարժեշտ պահանջները՝ իբրեւ անդրկովկասեան ժողովուրդներից մէկը, որ կամենում է Բաթումի պատուհանից շունչ քաշել՝ իր գոյութիւնը ապահովելու համար:

Ինչո՞ւ չպետք է այդ բոլոր հարցերը մի անգամից քննել, որ ճիշտ է, կարող է երկար տևել, բայց եւ յոյս է ներշնչում աւելի տևական խաղաղութեան:

Եւ վերջապէս ինչո՞ւ պէտք է Վրաստանի ղեկավար շրջանների օրգանի տեսակէտով մօտենալ այդ խնդիրներին այժմ, երբ Թիւրքահայաստանն էլ միացւած է Հայաստանի Հանրապետության:

Այստեղ արդէն, թույլ տրւի նկատելու, համաձայնության գալը չի ներկայանում իբրև անկեղծ ցանկության արդիւնք, այլ հանգամանքից օգտւելու արտառոց մի ձև:

Եւ եթէ վարչական ժամանկաւոր բաժանումը նոյնը չէ վերջնական համաձայնության հետ համեմատած, երբ ի նկատի ունենանք, որ երկու կողմերն էլ պիտի ձգտեն իրենց ժամանակավոր ազդեցութեան տակ առնել այն շրջանները, որոնց ապագային իրենց մայր երկրին միացնելու ձգտումն ունին:

Օրինակ, հետաքրքրական է իմանալ, թէ այդ ժամանակաւոր վարչական բաժանումով Ալլահվերդու գործարանի շրջանը ում ազդեցության տակ պիտի մնայ: Չէ՞ որ երկու կողմերն էլ պիտի ձգտին իրենց կողմն աւելի ուժեղ դարձնել և ստանալ այն:

Վրաստանի և Հայաստանի կառավարութիւնները լաւ են զգում, գոնէ տեսականապէս, երկու կուլտուրապէս զարգացած ժողովուրդների բարեկամական յարաբերութիւնների անհրաժեշտութիւնը և այն, որ նրանք մի ընդհանուր ճակատ պիտի կազմեն՝ հիւսիսի և հարաւի վտանգների դէմ, որոնք սպառնում են երկու դեմոկրատիաների արիւնով ձեռք բերած անկախութիւններին:

Հենց այդ նպատակով և գլխաւորապէս այդ պատճառով անհարժեշտ է, որ սահմանավէճերի խնդիրները ժամանակաւոր կերպով չվճռւին, այլ ընդանուր եւ տևականորէն, որպէսզի հնարաւոր լինի մի անգամ ընդմիշտ վերացնել երկու հարևան ազգութիւնների միջև գտնւած տերիտորիալ վիհը և որպէսզի հնարաւոր լինի այդպիսով սրտանց և ուրախութեան ամբողջ թափով ողջունել երկու դիմոկրատիանների անկեղծ և տևական մերձեցումը:

Յառաջ, ՀՅԴ, թիւ 198, Երեքշաբի, 14 Սեպտեմբեր, 1920թ.