Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը մաս-մաս ներկայացնում է Արտաշես Վրույրի «Անիում» աշխատությունը («Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, 1979): Առանձին կտորների վերնագրերը դնում է ԱՆԻ-ին:
Նախորդ մասը կարդալ այստեղ
—–
1914 թվականին Անիի գիտարշավում երևացին երկու նոր դեմքեր՝ ճարտարապետ Ն. Բունիաթյանը և Տարագրոսը, որոնք Անիում գործեցին երկու տարի: Եվ ահա 1915 թվին ինձ ևս վիճակվեց մասնակցելու Անիի գիտարշավին: Ես որպես տեխնկական բանվոր, պետք է աջակցեի ճարտարապետ Ն. Բունիաթյանին, որի անմիջական օգնականն էր Տարագրոսը: Կյանքիս մեջ դա իմ անդրանիկ քայլն էր. լծվեցի աշխատանքի, որը տևեց 47 օր, օրական մեկ ռուբլի աշխատավարձով:
Իմ անելիքն էր չափագրական պիտույքները փոխադրել աշխատավայր, մագլցել պատերի վրա, երբեմն ելարանով բարձրանալ, ճարտարապետի ցուցումներով չափել այս կամ այն քարը, սյունը, խոյակը, խարիսխը և չափումները հաղորդեն Ն. Բունիաթյանին, որը գծագրական տախտակը առաջին նշում էր չափումների թվերը: Տարագրոսի հետ միասին չափագրվող հուշարձանի պատերի վրա շենքի արտաքուստ և ներքուստ անց էինք կացնում, որոշ բարձրության վրա, հորիզոնական գիծ և նրա հետ կապում շենքի մասերի չափերը: Չափում էինք պատերի, դռների, լուսամուտների և ուրիշ մասերի լայնությունն ու բարձրությունը:
1915 թվականին մեր աշխատանքները սկսեցինք Ապուղամրենց ս. Գրիգոր եկեղեցուց, որ տևեց 15 օր: Ապա անցանք փլված մինարեի մոտ պեղված տաճարի և իր շրջապատի չափագրությանը՝ 10 օր, և հետո մեկնեցինք Երերուք:
Սայլի վրա բարձելով չափագրական պիտույքները և մեր անկողինները, ես ճամփա ընկա խոշավանքցի սայլապան Օհանեսի հետ, Անիի սուրհանդակի առաջնորդությամբ, դեպի Ղըզըլղուլա քրդաբնակ (Եզդի) գյուղը, որի կենտրոնում կանգնած է հայկական պատմական ճարտարապետության 6-րդ դարի հսկաներից մեկը՝ Երերուքի բազիլիկիան:
Առավոտյան վաղ մեր սայլը, հյուսիսային պարիսպների Դվնո դուռը անցնելով, ուղղություն վերցրեց դեպի Խոշավանք, որովհետև սայլով հնարավոր էր միայն այնտեղով գնալ: Խոշավանքի մոտ Ախուրյան գետը անցնելու հնարավորություն կա: Այնտեղ գետի հունը բավականին լայն է: Չնայած այդ երթուղին եռապատիկ երկար է, սակայն միակ հարմար ճամփան է սայլի համար: Ճարտարապետ Ն. Բունիաթյանը և Տարագրոսը հետևյալ օրը կարճ ճանապարհով (Անի-Խարկով-Ղըզըլղուլա) պետք է գային Երերուք:
Անցնելով Հովվի եկեղեցին, Խոշերը, Հոռոմոսի վանքը, կտրելով Ախուրյանը, մի երկու ժամից հասանք Անի կայարան ու այնտեղից էլ Ղըզըլղուլա գյուղը: Մի խոսքով Անիից մինչև Ղըզըլղուլա օղակաձև մի պտույտ կատարեցինք:
Ղըզըլուղան չոր ու ցամաք մի փոքրիկ գյուղ էր, մեծ մասամբ գետնափոր տներով: Գյուղը ջուր չուներ: Նա օգտվում էր մոտ մեկ կիլոմետրի վրա երկաթգծի համար կառուցված ջրմուղի շենքից, իսկ գյուղի ցորենի և գարու արտերը թողնված էին երկնքի կամքին:
Անիի սուրհանդակը այնտեղ նախօրոք վարձել էր մի սենյակ, որը ամենալավը պետք էր համարել այդ գյուղում: Սենյակը ուներ երկու լուսամուտ, դա բացառություն էր Ղըզըլղուլում: Մեր բնակարանից մոտ 250 քայլի վրա կանգնած էր հինավուրց ծերունին՝ Երերուքը:
Բունիաթյանն ու Տարագրոսը եկան հետևյալ օրը:
Սկսվեց մեր աշխատանքը. նախ ես և Տարագրոսը տաճարի շուրջը, պատկերից մի փոքր հեռավորության վրա, որոշ բարձրությամբ ցցեր ամրացրինք և մետաղյա լարով քառանկյունի շրջափակեցինք հուշարձանը և ապա սկսեցինք ջրաչափով հորիզոնական գիծ անցկացնել Երերուքի պատերին արտաքուստ և ներքուստ: Ճարտարապետը զբաղված էր տաճարի ճակատների գծագրությամբ:
Սկսվեց չափագրությունը:
Ես և Տարագրոսը ռուլետով առնում էինք ընդհանուր չափերը և ապա անցնում մանրամասնութիւններին:
Հուշարձանի յուրաքանչյուր քարը չափագրվեց: Բարձրանում էի Երերուքի պատերի վրա և հաղորդում որմնախոյակների չափերը իրենց մանրամասնություններվ: Ճարտարապետը նշում էր այն իր տախտակի վրա, ուր նախօրոք գծել էր հուշարձանի ճակատներն ու մանրամասները:
Ն. Բունիաթյանն ու Տարագրոսը բնավորության հակադիր գծեր ունեին. առաջինը՝ լուռ, մտքերի մեջ խորասուզված, ամբողջապես կլանված իր աշխատանքով, իսկ երկրորդը՝ իր ժրաջան աշխատանքի հետ միասին մերթ ընդ մերթ սրախոսելով աննկատելի էր դարձնում օրվա ժամերը: Ճարտարապետը իր մեղմ ժպիտով էր միայն արձագանքում Տարագրոսի սրախոսություններին:
Մեր աշխատանքը ուժեղ թափով առաջ էր գնում, բայց մեզ նեղում էր սննդի հոգսը և լեզու չիմանալը, իսկ գյուղի բնակիչները, բացի քրդերենից, ուրիշ լեզու չգիտեին: Մենք մեծ ջանք էինք թափում հասկացնելու մեր պահանջը սննդամթերք հայթայթելու համար: Ղըզլղուլայում շատ քչերը գիտեին կցկտուր հայերեն:
Հարկադրված եղանք լուր ուղարկել Անի և պրոֆեսորն անմիջապես ուղարկեց Ագոյին՝ այդ ալաշկերտցուն, որը քաջ տիրապետում էր քրդական լեզվին: Ագոյի երևալը մեզ ուրախություն պատճառեց, ասես փրկարար հրեշտակ հայտնվեց մեզ:
Բայց ավա՜ղ… Ագոյի ներկայությունը դրությունը չփրկեց, Ղըզըլղուլայի քրդերը մեզ մարդու տեղ չէին դնում:
Մի օր գյուղն իրար անցավ. այնտեղ արտասովոր ինչ-որ շարժում էր կատարվում: Գյուղացիները՝ մեծ, փոքր, շտապ դիմում էին գյուղից դուրս, դեպի գյուղը մտնող լայն ճանապարհը: Ի՞նչ էր պատահել… Ինչո՞ւ քրդերը իրար էին անցել…
Գյուղից դուրս, բլուրիների գլխին, երևում էր կարմիր ձիուն հեծած Անիի սուրհանդակը՝ Եսային, խաչմերուկ փամփշտակալներ, հրացան, թուր, մտրակ, մորթյա գլխարկ, բարձրավիզ կոշիկներ և, ամենակարևորը՝ կրծքի ձախ կողմը ամրացված բոլորաձև պղնձաձույլ նշանը – «Անիի սուրհանդակ» մակագրությամբ, որի փայլուն մակերեսի վրա խաղում էին արևի ճառագայթները: Եվ այդ նշանը քուրդ գյուղացիների աչքին, նրա տիրոջ՝ Անիի սուրհանդակի «առանձնահատուկ մենաշնորհների տեր» լինելու հանգամանքն էր արտահայտում:
Եվ թանկագին հյուրը մտավ գյուղ, մեկը ձիու սանձը բռնեց, մյուսը ասպանդակ և ձիավորն իջավ հանդիսավորութամբ:
Գյուղացիները բարի գալուստ մաղթեցին թանկագին հյուրին և տարան, հյուրընկալեցին նրան գյուղի օդաներից մեկում:
Քուրդ կանայք հանեցին նրա բարձրավիզ կոշիկները, քրտինքի մեջ կորած գուլպաներն ու ոտները լվացին: Զոհվեց մի աքաղաղ, սաջի վրա բուրեցին թարմ լավաշները: Գյուղացիք խմբվել էին պատվել հյուրի շուրջն ու զրուցում էին:
Ճաշը պատրաստ է… Հյուրասիրությունը տեղի ունեցավ շատ պատշաճ:
Աշխատանքը ավարտելով մենք վերադարձանք մեր օթևանը, ուր Եսային հանձնեց Բունիաթյանին պրոֆ. Մառի նամակը:
Տարագրոսը հեգնական ժպիտը դեմքին, կատակելով դիմեց Եսայուն.
-Այ մարդ, պրիստավը ղալաթ է արել մոտդ, դու մեր «աղան» ես եղել, մենք բանից բեխաբար, թոփ, թվանք, ձի, «մեդալ»… էս մարդկանց հասկացրու, որ մեզ լավ նայեն, քաղցած կոտորվեցինք, յա՜, կերածդ խորոզը բկիդ մնա, հա՜…
Սուրհանդակը զայրացավ, հոնքերը կիտեց և դառնալով զայրագին պոռթկաց դեպի քրդերը, որոնք ներս էին խուժել մեր սենյակը և լուռ կանգնել:
-Ի՞նչ իրավունքով վատ եք նայում իմ ժողովրդին, ուրիշ անգամ չլսեմ այդպիսի բողոքներ ու գանգատներ ձեր մասին:
Քրդերը ներողություն էին խնդրում «ամենակարող» սուրհանդակից իրենց անփույթ վերաբերմունքի համար և հազար ու մի խոստումներով աշխատում նրա բարկությունը մեղմել: Սուրհանդակի բարկության մեջ մեծ դեր էր խաղում դերասանությունը, որին լրացնում էր Տարագրոսը հաճախ «աղա» բառով դիմելով նրան, որ մեծ ազդեցություն էր թողնում քրդերի վրա:
Մի խոսքով, Անիի սուրհանդակի ողորմածությամբ ապրում էինք Ղըզըլղուլայում մի երկու օր, որից հետո քրդերն ամեն խոստում մոռանալով, դարձյալ անուշադրության էին մատնում մեզ: Եվ մենք սպասում էինք սուրհանդակի երևալուն. նա հինգ օրը մեկ այցելում էր մեզ, որով վերնորոգվում էր քրդերի բարյացկամ վերաբերմունքը, իհարկե, դարձյալ կարճատև:
Քսաներկու օրում ավարտելով Երերուքի մանրակրկիտ չափագրությունը, Բունիաթյանն ու Տարագրոսը կարճ ճանապարհով վերադարձան Անի, իսկ ես, Ագոյի ու սուրհանդակի հետ, սայլին բարձած մեր իրերը դարձյալ վերադարձանք Անի՝ Անի կայարան-Խոշավանք-Անի երթուղով:
Այսպիսով, 1915 թիվը եղավ մի նախադուռ իմ անդրանիկ վաստակի համար: Երեք ամսվա ընթացքում 47 օր աշխատեցի չափագրությունների վրա, իսկ մնացած օրերին՝ օգնում էի հորս լուսանկարչական աշխատանքներում: Բացի այդ, հայրս հանձնել էր ինձ երեք տուփ 9/12 չափի լուսապակիներ, որով ես սկսեցի իմ թոթովանքը լուսանկարչական գործում:
Մի շաբաթ օր, պեղումների ավարտումից հետո, վերցնելով լուսանկարչական գործիքը՝ մեկնեցի Խոշավանք, խոշավանքցի Օհանեսի հետ, որն իր եզներով ու սայլով աշխատում էր Անիի պեղումների վրա և շաբաթ օրերին մեկնում էր գյուղ և վերադառնում աշխատանքի երկուշաբթի առավոտ:
Կիրակի օրը առավոտից մինչև երեկո Օհանեսի հետ շրջում էինք Խոշավանքում: Ես լուսանկարում էի Հոռոմոսի վանքի և ձորում գտնվող եկեղեցիների ընդհանուր տեսքն ու մանրամսները՝ ընտրելով լուսավորության հարմար դրություններ և հետաքրքիր կետեր, որոնց մասին լսել էի հորս ցուցումները:
Երկուշաբթի վերադառնալով Անի, առանց ժամանակ կորցնելու, շտապեցի մութ սենյակ՝ նկարածներս երևակելու:
Դեռ նոր էի ավարտել նեգատիվների երևակման և լվացման աշխատանքը ու խնամքով դասավորում էի այն փայտյա հենարանի վրա, երբ ներս մտավ Հ. Օրբելին: Նրա անակնկալ երևալը շփոթեցրեց ինձ: Ես նեղվեցի ու անհարմար վիճակի մեջ էի, որովհետև գիտարշավի լուսանկարչական արվեստանոցում կողմնակի անձնավորություն էի և կատարել էի կողմնակի աշխատանք: Երիտասարդ գիտնականը, հայացք նետելով նեգատիվներին, հարցրեց, թե ինչեր են սրանք: Ես քաշվելով պատմեցի երկօրյա ճամփորդությունս Խոշավանք և իմ կատարած լուսանարումների մասին: Նա ուշի ուշով նայեց յուրաքանչյուր նեգատիվը և առանց մի բառ արտասանելու շտապ դուրս եկավ արվեստանոցից: Ես զգում էի ինձ հանցավորի դերում:
Մի փոքր անց Օրբելին վերադարձավ, բերելով իր հետ հարգելի պրոֆեսորին: Նրանք սկսեցին ուշադրությամբ նայել իմ նկարած բոլոր ապակիները: Սիրտս բաբախում էր… Եվ ես սպասում էի կշտամբանքի և նկատողության… բայց ընդհակառակը՝ ես լսեցի քաջալերիչ և խրախուսիչ խոսքեր…
Մի քանի օր անց հարգելի գիտնականն ասաց.
-Արտաշես, եթե կարելի է, լուսանկարեցեք Փրկիչ եկեղեցու մոտակայքում պեղված եկեղեցու դռան ճակատի արձանագրությունը:
Թե ինչու պրոֆեսորը այդ խնդիրը դրեց իմ առաջ, ինձ անհասկանալի էր: Արդյոք ուզում էր փորձել իմ վարպետությո՞ւնը… Չգիտեմ…
Ճիշտ է, ես տակավին թոթովում էի, դեռ սահմանափակ էր լուսանկարչական արվեստն ինձ համար, բայց պետք է խոստովանել, որ ես մեծ ուշադրությամբ հետևում և ուսումնասիրում էի լույսի ու ստվերի, ինչպես և կոմպոզիցիայի խնդիրները հորս հանած լուսանկարներում և մանավանդ իր հետ շրջելիս, երբ նոր նկարահանումների ժամանակ նա ինձ բացատրում էր լուսանկարվելիք առարկաների վրա լույսերի դասավորությունը և շատ այլ գիտելիքներ լուսանկարչական արվեստի վերաբերյալ:
Ես շրջում էի Անիի ավերակների մեջ լուսանկարչական գործիքը ձեռքիս, կանգ առնում այս կամ այն քանդակի, արձանագրության կամ որևէ ճարտարապետական մանրամասների՝ գեղեցիկ խոյակների, ծանրանիստ խարիսխների, վեհ կամարների, քանդակազարդ պսակների և մուտքերի առաջ, ընտրում էի զանազան հուշարձանների ընդհանուր տեսարաններ և լուսանկարչական գործիքը լարելով, սպասում և ուշադիր հետևում էի լույս ու ստվերի խաղերին, արտահայտելու համար նկարվելիք առարկայի ձևն ու ծավալը:
Հորս տված երեք տուփ լուսապակիները վաղուց սպառվել էին: Հիմա ես լուսանկարում էի առանց ապակիների, իբր թե լուսանկարում եմ, իբր թե իմ գործիքի կասետների մէջ զետեղված են ամենաընտիր լուսապակիները: Եվ այդպես, ստից նկարելով, անընդհատ շրջում էի ավերակների մէջ և պատրաստում գործիքը: Ֆոկուսի կանգնեցնում նկարվելիքը, սպասում լույսերի դասավորությանը, դատարկ կասետը անցկացնում գործիքին, ամենայն զգուշությամբ բացում կասետը, որսալով լուսանկարահանման վայրկյանը:
Հայրս ինձ տվեց 13/18 չափի երկու լուսապակի, որով պիտի կատարեի պրոֆեսորի առաջադրանքը:
Հետևյալ օրը ես կանգնած էի արձանագրության մոտ: Գործիքը հարմարեցրի և լարված ուշադրությամբ սպասում էի լուսավորության: Ամառային վառ արևի ճառագայթները սկսեցին շոյել «Ծերացյալ Տաճարի» արձանագրությունը, որոնց մեսրոպյան գեղեցիկ տառերը, կերտված երկաթե գրչով, որ մի փոքր առաջ թաղված էին թանձր ստվերի մեջ, աստիճանաբար սկսեցին կենդանանալ ու արտահայտիչ կերպարանք ընդունել: Ձեռքս մեկնեցի օբյեկտիվի կափարիչին… Բաբախում էր իմ սիրտը և ձեռքս դողում…
Մի կերպ լուսանկարեցի և աճապարեցի դեպի մութ սենյակ:
Երևակում եմ… Կարմիր լույսի առաջ մեկիկ – մեկիկ ուրվագծվում են «Ծերացած տաճարի» արձանագրված տառերը: Նրանք խոսում, փայլում են լուսապակու մակերեսին: Սակայն, ոգևորված հաջողությունից, կորցնելով չափի զգացումը և ապա անփորձությանս հետևանքով նեգատիվը ստացվում է շատ թանձր: Իսկ ինձ թվում է, թե ամեն ինչ լավ է:
Հայտնեցի պրոֆեսորին, որն անմիջապես եկավ, նայեց և ասաց.
-Արտաշես, կարծեմ շատ եք պահել երևակիչի մեջ:
-Ոչ, պրոֆեսոր, լավ է,- ասացի ես:
-Կարծո՞ւմ եք…-Ասաց գիտնականն ու լռեց:
Հայրս ինձ բավականին կշտամբեց. այդպիսի դեպքերում նա անխնա էր: Լուսավորությունը տեղին, էքսպոզիցիան լավ, բայց երևակումը վատ: Այդ գիշեր աչքիս քուն չեկավ. ամբողջ գիշեր պախարակում էի ինձ:
Հետևյալ օրը ես նորից արձանագրության առաջ էի և գործիքը լարած՝ սպասում էի լուսավորության:
Վերջապես նկարեցի: Անցյալի անհաջող փորձը խրատ եղավ ինձ: Այս անգամ մեծ ուշադրությամբ երևակեցի և ժամանակին հանելով նեգատիվը երևակիչից հիացմունքով նայում էի ապակուն, որի վրա փայլում էին «Ծերացյալ տաճարի» դառն ճակատին արձանագրված գեղեցիկ տառերը… «…Նորոգեցի ծերացյալ տաճարս զայս…»: Սա եղավ իմ անդրանիկ քննությունը:
Այդ տարի ճարտարապետ Թորամանյանը զբաղված էր Բագնայրի հուշարձանների ուսումնասիրությամբ և Անի վերադարձավ օգոստոս ամսին: Մենք միասին շրջեցինք Անիում՝ լուսանկարելու համար մի քանի հուշարձաններ: Ես տանում էի ճարտարապետի մեծածավալ լուսանկարչական գործիքը (24/30 չափի) իր ծանրանիստ եռոտանիով, մոտենում էինք զանազան հուշարձանների և լուսանակարում:
Մեր մեջ կար աշխատանքի բաժանում, որը կանխավ չէր որոշված, այլ բնականաբար այդպես էլ պետք է լիներ: Բոլոր տեխնիկական գործերը ծանրացած էին ինձ վրա. գործիքը իր կասետներով և եռոտանիով տանելը, գործիքն ամրացնելը եռոտանու վրա, ֆոկուսի բերել նկարվելիք հուշարձանը, կասետը անցկացնել գործիքին և նկարահանել, իսկ հարգելի ճարտարապետի բաժինն էր լույսերի և լուսանկարվելիք հուշարձանների կետերի ընտրությունը, իմ կողմից կանգնեցրած ֆոկուսի ստուգումը և դիաֆրագմայի աստիճանի ու էքսպոզիցիայի չափի որոշումը: Այդ բոլորից հետո լուսանկարում էի ես: Զուտ տեխնիկական մի գործ՝ օբյեկտիվի կափարիչի բացուխուփ անելը:
Մի օր գնացինք լուսանկարելու Գագկաշեն ս. Գրիգոր բոլորակ եկեղեցին, և ահա այստեղ սիրելի ճարտարապետը պատմեց, թե ի՞նչը առիթ դարձավ իրեն լուսանկարչություն սովորելու:
-Օր մը հորդ խնդրեցի, որ ինձի համար լուսանկարե Խոշավանքեն քանի մը կտոր, որը հույժ կաևոր էր աշխատանքներուս համար: Չնայած հայրդ հանձն առած էր, ինչպես և միշտ ընդառաջ եկած և կատարած է իմ բոլոր խնդրանքներս զանազան հուշարձաններու լուսանկարման, բայց բոլորեց երկու տարի, Խոշավանքը չլուսանկարվեց: Լեզվիս ծայրը մազ բուսավ հիշեցնելով իրեն: Ի վերջո, օր մը ջղայնացա և որոշեցի ինքս սովորել ու սովորեցի:
Եվ իսկապես, Թորամանյանը սովորեց և լավ տիրապետեց լուսանկարչական արվեստին:
Անիի գիտարշավը աշխատում էր անգլիական «Իլֆորդ» ֆիրմայի լուսապակիների վրա, իսկ Թորամանյանը՝ ֆրանսիական «Լյումիեր» ֆիրմայի լուսապակիների, որոնք հատուկ պատվերով ստանում էր «Լյումիեր» գործարանից:
Մեր այս փոքրիկ շրջագայությունը մեծ գիտնականի Անիի ավերակներում ինձ համար եղավ ևս մի փորձադաշտ հնագիտական–ճարտարապետական լուսանկարչական գործում: Նա ինձ բացատրում էր ճարտարապետական կառուցվածքների մասերի ընդգրկման սահմանները լուսապակիների վրա՝ մասնագետին լրիվ ընթեռնելի լինելու համար:
Լուսանկարում՝ Երերուք/Երերույքի բազիլիկան