Ինչու Մայիսի 28-ը. որովհետև 1918-ի այդ օրը որոշվեց պատվիրակություն ուղարկել Բաթում

4500

1918 թվականի Մայիս 28-ը համարվում է Հայաստանի անկախության հռչակման կամ Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծման օր ոչ թե այն պատճառով, որ հենց այդ օրն է ընդունվել հռչակագիր-հայտարարությունը, ոչ թե այն պատճառով, որ հայերը Սարդարապատում և Բաշ-Ապարանում կանգնեցրին թուրքական ներխուժումը դեպի Երևան, այլ որովհետև Թիֆլիսի Հայոց ազգային խորհուրդը հենց մայիսի 28-ին վճիռ կայացրեց Բաթում ուղարկել նոր պատվիրակություն և արդեն Հայաստանի անունից բանակցել ու հաշտություն կնքել Օսմանյան կայսրության հետ։

Հայերն ու թուրքերը Հաշտության և բարեկամության պայմանագիր կնքեցին հունիսի 4-ին Բաթումում։ Հայաստանի կողմից այն ստորագրեցին ՀՅԴ-ականներ Հովհաննես Քաջազնունին ու Ալեքսանդր Խատիսյանը և ժողովրդական Միքայել Պապաջանյանը։

Իսկ ահա Հայաստանի հռչակման տեքստը՝ առանց “անկախություն և հանրապետություն” բառերի, Թիֆլիսի Հայոց ազգային խորհրդի կողմից ընդունվել է մայիսի 30-ին, իսկ հաջորդ օրն այն տպագրվել մամուլում։ Տեքստի վրա հիմնական աշխատանքը կատարել էր Նիկոլ Աղբալյանը։

«Անդրկովկասի քաղաքական ամբողջության լուծարումով և Վրաստանի ու Ադրբեջանի անկախության հռչակումով ստեղծված նոր կացության հանդեպ՝ Հայոց ազգային խորհուրդը իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն և միակ իշխանություն: Որոշ ծանրակշիռ պատճառներով թողնելով մոտիկ օրերում կազմելու հայոց ազգային կառավարություն՝ Ազգային խորհուրդը ժամանակավորապես ստանձնում է կառավարական բոլոր ֆունկցիաները՝ հայկական գավառների քաղաքական և վարչական ղեկը վարելու համար»,- ասվում էր հռչակագրում։

Այսպիսով, Մայիս 28-ը Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման օր է համարվում, քանի որ այդ օրն է որոշում կայացվել պատվիարկություն ուղարկել Բաթում և թուրքերի հետ հաշտություն կնքել։

Նկարում՝ Միքայել Պապաջանյան