Աստվածածնի օրերը Անիում

2308

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը մաս-մաս ներկայացնում է Արտաշես Վրույրի «Անիում» աշխատությունը («Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, 1979): Առանձին կտորների վերնագրերը դնում է ԱՆԻ-ին:  

Նախորդ մասը կարդալ այստեղ

—–

ԱՍՏՎԱԾԱԾՆԱ ՕՐԵՐԸ ԱՆԻՈՒՄ

Աստվածածնա օրերին Անիի անդորրը խանգարվում էր, շունչ ու հոգի էր ստանում ավերակ քաղաքը ու աշխուժություն: Ցնծում էր Անին, ասես մեռած քաղաքը կենդանացած լիներ:

Անի էին շտապում հեռավոր ու շրջակա գյուղերի շինականները, նույնիսկ Ալեքսանդրապոլից ուխտավորներ էին գալիս: Գալիս էին կառքերով, սայլերով, ձիերով ու հետիոտն, Անիի Աստվածամոր տաճարի մեջ կատարելու իրենց սուրբ ուխտի խորհուրդը: Ոմանք էլ գալիս էին ուրախության ու ժամանցի համար:

Քաղաքի հյուսիսային ամրությունների մոտ բացվում էին խանութներ զանազան պտուղներով ու ըմպելիքներով: Թնդում էին զուռնաները մեծ թմբուկների ռիթմի հարվածների տակ և սահուն շրջան էին գործում հայկական շուրջպարերը պատմական քաղաքի ծանրանիստ կոթողների առջև:

Ահա այնտեղ, մայր տաճարի մոտ, հրապարակի վրա, բազմերանգ տոնական հագուստներով հարսներ ու աղջիկներ, պատանիների հետ միասին, բռնել էին շուրջպար, տղա ու աղջիկ փոխնիփոխ երգելով: Ամենուրեք խինդ ու ուրախություն: Եվ այդ նվագների, երգի ու ուրախության հնչյուններն ու ձայները արձագանքում էին հինավուրց քաղաքի կիսակործան տաճարների, գեղեցիկ պալատների, ամրակուռ պարիսպների, ձորերի ու քարանձավների և ապառաժների հավիտենական խոռոչների մեջ, ստեղծելով ուրախության և ցնծության գեղեցիկ ներդաշնակություն:

Աստվածամոր տաճարի առջև ուխտավորները զոհում էին գառներ ու ոչխարներ, իրենց իղձերն ու խնդրանքները ընդունելի դարձնելու համար: Խարույկները բորբոքվում էին ու թշշում էին կաթսաները-տարածվում էր մատաղի հոտը:

Ամենուրեք խումբ-խումբ տղամարդիկ, կանայք ու աղջիկներ շրջում էին նվիրական քաղաքի ավերակների մեջ:

Նրանք շրջում էին մեկ անգամ ևս տեսնելու իրենց նախնիների փառապանծ կոթողների, հրաշք գործերի մնացորդները:

Ահա այնտեղ, մի բուրգի գլխին մստած մեկը, ողբալի ու լացակումած երգում է.

Անի քաղաք նստե կուլա,

Չկա ըսող մի լար-մի լար:

Այ հայ տղա խղճա ինձի,

Տես, թե քո Անին ինչպես է…

Նրան սրտառուչ ունկնդրում էին ոմանք, սրտերից քամելով կարեկցություն ու վիշտ…

Ոմանք դառն արտասուքը աչքերին, ջերմեռանդությամբ համբուրում էին սրբատաշ քարերն ու արձանագրությունները՝ ողբալով իրենց ստեղծագործ նախնիների անկումը:

Ուշադիր դիտողի աչքերից չէր վրիպում, ինչպես ամբոխից հեռու, այս կամ այն ավերակ տաճարի մեծ հավատքի սուրբ վեմի առջև ծնկի եկած աղոթում է ալեհեր մի ծերունի, կամ բազմատանջ մի մայր աղերսալի աչքերն ուղղած ամենաբարձրյալին՝ գթություն ու ապաշխարանք աղերսելիս:

Այդ օրերին մառյան հնադարանը լեցուն էր հետաքրքրասեր այցելուներով: Նրանք հափշտակված դիտում էին պեղումներից գտնված զանազան առարկաներ, որոնք խնամքով զետեղված էին ապակեպատ ցուցարկղերի մեջ: Ահա ջրատար երկաթե խողովակները, գտնված միջնաբերդի պալատական բաղնիքի պեղումներից: Կային զանազան գունավոր ապակյա և մետաղե ապարանջաններ, հախճապակյա և բրոնզե անոթներ, խոշոր կարասներ, նետերի սլաքներ, դրամներ, Գագկաշեն բոլորակ եկեղեցուց գտնված փոքրիկ բրոնզե ջահը, սննդի անոթներ և ուրիշ շատ ու շատ իրեր: Մի ցուցարկղի մեջ պահվում էր Տիգրան Հոնենցի տոհմային դամբարան-այրերից գտնված փոքրիկ աղջկա զգեստը, նրբաթել, գեղեցիկ և ճաշակով կրծքակալ մանվածքը, կուսության գոտին: Իսկ այն սյունազարդ սրահի կամարների տակ կանգնած է հայ աշխարհի խաղաղասեր և իմաստուն մեծ արքայի՝ Գագիկ Ա. -ի արձանը՝ տուֆ քարից կերտված: Այցելուները երկյուղածությամբ դիտում էին մեծ վեհապետին. ոմանց սրտերից դուրս էին քաշվում դառն հառաչանքներ, ոմանք հիացմունքով դիտում էին այդ հրաշակերտը, ոմանց էլ դառնացած սրտերով մի պահ մտքով սլանում էին դարերի խորքերը, պատկերացնում իրենց նախնիների փառավոր անցյալը և հիշում իրենց ներկան:

Եվ ահա ժամը մոտ տասնմեկին, ծանր ու համաչափ զարկերով հնչում էր Անիի Աստվածամոր տաճարի խոշոր զանգը: Նա տարածում էր իր ղողանջները քաղաքի տարածության մեջ՝ հրավիրելով բարեպաշտ հավատացյալներին սուրբ պատարագի արարողությանն ու աղոթքի:

Այդ օրը շրջակա գյուղերից Անի էին գալիս քահանաներ ու սարկավագներ: Սկսվում էր եկեղեցական արարողությունը: Ժողովուրդը խուռներամ լցվել էր եկեղեցին: Նրանք բերել էին իրենց սրտերում կուտակված ջերմ փափագների ու գեղեցիկ իղձերի կատարման խնդրանքներն ու աղերսները: Ոմանք կառչել էին կարեկից աստվածամոր փեշերին իրենց վշտերին, տառապանքներին ու ցավերին հաղորդակից դարձնելու և աղերսելու ապաքինումն ու օգնություն: Շատերը իրենց հանցավոր հոգիներով եկել էին հայցելու գթություն ու թողություն: Բոլորը, բոլորը անկեղծ սրտով ու մեծ հավատքով, երկյուղածությամբ ծնրադրում էին ու աղոթում Անիի Աստվածամոր նվիրական տաճարի մեջ, հարյուրավոր վառվող մոմերի և խնկարկվող բուրվառների ներքո:

Պատարագը վերջացավ:

Հոգևոր թափորը խաչելով, խաչվառներով ու խնկարկվող բուրվառներով, հոծ բազմության հետ միասին շարժվում է տաճարից դուրս: Շարականների երգեցողության ներքո թափորը հանդիսավոր պտույտ է գործում մեծ տաճաի շուրջ: Նա մի փոքր կանգ է առնում մայր տաճարի հարավային պատի վրա փորագրված Կատրանիդէ հայոց թագուհու արձանագրության առջև և ապա շարժվում դեպ արևելք:

Այնտեղ, Աստվածամոր հինավուրց տաճարի արևելյան պատից ոչ հեռու, հանգչում է հզոր Գագիկի կողակցի՝ բարեպաշտ Կատրանիդե թագուհու աճյունը: Նրա դամբարանի վրա կանգնած էր մի մատուռ, որն այժմ քարակույտի է վերածված:

Թափորը կանգ է առնում այդ քարակույտի շուրջը և հոգևոր դասը կատարում է հոգեհանգստի արարողությունը:

Նվիրական քարակույտի սրբատաշ քարերի վրա վառվում էին բազմաթիւ մոմեր և ծխում էր խունկը, իր բուրմունքը տարածելով չորս կողմ, ամենուրեք հուզված սրտեր, արտասվաթոր աչքեր և ջերմեռանդությամբ աղոթք մրմնջացող շուրթեր, բարեպաշտ թագուհու հիշատակին…

Եվ հուզող սրտեր, արտասվաթոր աչքեր և ջերմեռանդությամբ աղոթք մրմնջացող շուրթեր, բարեպաշտ թագուհու հիշատակին…

Եվ հուզող պատկերների ցնցող տեսարաններ ճզմում էին հոգիս մի անբացատրելի ծանր խորհրդով…

Անթառամ մի շիրիմ, քարակույտերով ու մատուռ դամբարանի բեկորներով ծածակված… Մի տող միայն պատմության էջերից…

Եվ հազար-հազար հոգիներ ծունկի են գալիս հայոց թագուհու շիրմի առջև…

ԵՍ ԿԱՏՐԱՆԻԴԵ ՀԱՅՈՑ ԹԱԳՈՒՀԻ ԴՈՒՍՏՐ ՎԱՍԱԿԱ

ՍԻՒՆԵԱՑ ԹԱԳԱՒՈՐԻ ՅՈՂՈՐՄՈՒԹԻՒՆՆ ԱՅ

ԱՊԱԻԻՆԵՑԱ ԵՒ,

ՀՐԱՄԱՆԱՒ ԱՌՆ ԻՄՈ ԳԱԳԿԱ ՇԱՀԱՆՇԱՀԻ ՇԻՆԵՑԻ

ԶՍԲ ԿԱԹՈՂԻԿԵՍ ԶՈՐ ԷՐ ՀԻՄՆԱԴՐԵԱԼ ՄԵԾԻՆ ՍՄՊԱՏԱ…

ԿԱՏԱԿ ՄԻՋԱԴԵՊ

1914 թվականին պրոֆ. Մառը մի արշավախումբ ուղարկեց Շիրակավան հետևյալ կազմով՝ 1. Աշխարհաբեկ Լոռու-Մելիք Քալանթար (գիտարշավի ղեկավար), 2. Ճարտարապետ Ն. Բունիաթյան, 3. Տարագրոս (ճարտարապետի օգնական), 4. Արամ Վրույր և ռուս նկարիչ (ազգանունը չեմ հիշում):

Գիտարշավի առջև խնդիր էր դրված՝ Շիրակավանի 9-րդ դարու տաճարի շուրջը կատարել ստուգիչ պեղումներ և չափագրել տաճարը:

Գիտարշավի ճաշասեղանի համար Մառը հանձնել էր Աշխարհաբեկին 7 շիշ ընտիր գինի, որոնք խնամքով զետեղված էին արշավախմբի պետի ճամպրուկում, փականքի տակ, վասնզի գիտարշավի կազմի բոլոր անդամները, բացի ղեկավարից, անտարբեր սառնասրտություն չէին կարող ցուցաբերել վերոհիշյալ 7 շշի նկատմամբ:

-Ո՜վ խնայողության մկրատ, լավ բանը ես դու, եթե չես չարագործվում:

Արշավախումբը իր աշխատանքների քսաներորդ օրն էր թևակոխել արդեն, սակայն գինու շշերը պառկած էին դեռ Քալանթարի ճամպրուկում: Այդ բանը դժգոհություն ու զայրույթ էր առաջ բերում Բաքոսի երկրպագուների  մեջ և բողոքողների տարափը փոխանակ ղեկավարի գլխին պայթելու, թափվում էր «Մեծ Քրմապետի»՝ Արամ Վրույրի գլխին, որպես ավագագույն քուրմ Բաքոսյան տաճարի: Բունիաթյանը չնայած վշտացած, բայց ըստ իր սովորության լուռ էր: Տարագրոսն էր, որ իր դժգոհություններով անհանգստացնում էր Արամի առանց այն էլ վրդովված հոգին և հաճախ ասում.

-«Քրմապետ», սրա վերջը ի՞նչ է լինելու, «հոգեհանգիստ» ե՞րբ եք կատարելու, կոկորդս չորացավ:

Սակայն, Շիրակավանի գիտարշավի աշխատանքները ավարտելու նախօրեին պատահեց մի կատակ-միջադեպ, որը «Չարչարանաց աղբյուր» դառավ գիտարշավի պետի և «Զվարճանոց դուռ» «Մեծ Քրմապետի», Տարագրոսի, Բունիաթյանի և ռուս նկարչի համար: Ալեքսանդրապոլից Շիրակավան էր եկել չորս հոգուց բաղկացած մի խմբակ՝ մի տիկնիկ և յուր ամուսինը, և մի տարեց քահանա ու իր զավակը: Այդ անձիք Աշխարհբեկի մտերիմ ծանթոներն էին, որոնք հատկապես եկել էին թե Աշխարհբեկին տեսության և թե հնօրյա հուշարձանը դիտելու:

Քալանթարը մեծ գոհունակությամբ ընդունեց իր թանկագին հյուրերին: Միասին շրջեցին պեղման վայրը, դիտեցին հուշարձանը: Այդ շրջագայության ժամանակ գիտարշավի ղեկավարը մանրակրկիտ բացատրություններ էր տալիս թե՛ հուշարձանի և թ՛ե պեղման աշխատանքների մասին: Երեկոյան դեմ Աշխարհաբեկը իր հյուրերին հրավիրեց ընթրիքի:

Այդ երեկո ընթրիքի սեղանը ճոխ էր ու առանձնահատուկ: Սեղանի շուրջը նստած էին ինը հոգի: Ի դեպ, «Մեծ Քրմապետի» աջ կողմը բազմած էր Տարագրոսը, ձախ կողմը Բունիաթյանը, իսկ վերջինիս կողքին՝ ռուս նկարիչը- դա բաքոսյան ժողովածուն էր:

Դեռ նոր էին սեղան նստել, երբ հարևան սենյակից երևաց Աշխարհաբեկը ձեռքին մի շիշ գինի:

-Եվ երևեցան գագաթք լեռանց Արարատյան,- հանդիսավոր արտասանեց Վրույրը:

-Օրհնյալ է աստված,- ձայնակցեց Տարագրոսը:

-Да, вот зто я понимаю, -ժպտադեմ ասաց ռուս նկարիչը:

«Մեծ Քրմապետը» լցրեց ինը բաժակ. շիշը դատարկվեց:

-Եվ երևեցան հիմունքն աշխարհի,- կամացուկ մրմնջաց Վրույրը:

-Պրոսխումէ ասե աստված,-ձայնակցեց Տարագրոսը:

-Խաղաղութիւն…-ասաց Բունիաթյանը:

Որպես ավագագույնը ըստ տարիքի Արամ Վրույրը, բարձրացնելով բաժակը՝ առաջարկեց խմել թանկագին հյուրերի կենացը: Դատարկվեցին բաժակները, դատարկ էր և շիշը:

-Բան չհասկացա «Քրմապետ»,- շշնջաց Տարագրոսը:

-Համբերե, տղաս,- հանգստացրեց նրան Վրույրը:

Անդրանիկ կենացը խմելուց հետո տակավին չէր անցել հինգ րոպե, երբ Վրույրը վերցրեց գինու շիշը, իբր թե տեղեկություն չունի շշի դատարկ լինելու մասին և այսպես ասաց.

-Պարոնայք, խմեք մեր հարգելի տիկնոջ կենացը, որպես հասարակական գործչի: Մեր իրականության մեջ հայ կինը միշտ եղել է որպես առաջապահ և հասարակական ասպարեզի վրա իր օրինակելի և անձնվեր գործունեությամբ խրախուսել ու ոգեշնչել է մեզ…

Նա խոսում էր վերամբարձ տոնով ու բարձր պաթոսով՝ գովերգելով հասարակական ասպարեզ նետված անձնվեր ու օրինակելի հայ կնոջը: Եվ այդ գունագեղ բաժակաճառի ամբողջ ընթացքում իր ձեռքին բռնած ուներ դատարկ շիշը:

Վերջացնելով իր ճառը «Մեծ Քրմապետը» շիշը մոտեցրեց բաժակին, բայց… ավա՜ղ… շիշը դատարկ էր:

Անհարմար դրություն:

Նա մի հանդիմանական հայացք նետեց Աշխարհաբեկին և ապա հայացքով ցույց տվեց ձեռքին բռնած դատարկ շիշը, ասես ուզում էր ասել. «Ի՞նչ խայտառակություն է սա»: Այդ բոլորը կատարվեց մի ակնթարթում, դերասանական մեծ վարպետությամբ: Տարագրոսն էլ դեմքի դժգոհ արտահայտությամբ լրացնում էր վարպետի խաղարկությունը:

Դրությունը փրկվեց: Աշխարհաբեկը հարևան սենյակից բերեց գինու երկրորդ շիշը:

Այստեղ Աշխարհաբեկն էլ ճառ արտասանեց տիկնոջ կենացի առթիվ:

Բաժակները դատարկվեցին:

-Գինի ուրախ առնե զմարդ,- ասաց Տարագրոսը, պարպեց իր գավաթը և տապակած վառեկներից մի բուդ դրեց իր պնակի մէջ, որպես ապագա ըմպվելիք բաժակի հարակից անբաժան մի պատառ: Նա այդ հույսը ուներ դեռ:

Սեղանակիցները քաղցր զրուցում և ընթրում էին, երբ «Քրմապետը» դարձյալ վերցնելով գինու դատարկ շիշը իր բամբ ձայնով խզեց սեղանակիցների քաղցր զրույցը: Նա այս անգամ առաջարկում էր խմել մեծ գիտնականի՝ Նիկոլայ Յակովլևիչ Մառի կենցը:

Շիշը դատարկ էր: «Քրմապետի» կշտամբող հայացքը հարկադրեց Աշխարհաբեկին կից սենյակից բերել երրորդ շիշը:

Հետևյալ օրը կարելի էր տեսնել գիտարշավի ղեկավարի ճամպրուկում խնամքով պառկած 7 դատարկ շիշ ի ցավս Աշխարհաբեկի և հուրախություն բաքոսականների: