Թորոս Թորամանյանը Անիում, նրա ընդհարումը Նիկողայոս Մառի հետ

2547

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը մաս-մաս ներկայացնում է Արտաշես Վրույրի «Անիում» աշխատությունը («Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, 1979): Առանձին կտորների վերնագրերը դնում է ԱՆԻ-ին: 

Նախորդ մասը կարդալ այստեղ

—–

ՃԱՐՏԱՐԱՊԵՏԸ

Թորամանյանը առանց որևէ նյութական ակնկալության, հազար ու մի զրկանքներով աշխատում էր հանուն մի մեծ ու սուրբ գաղափարի: Նա իր աշխատանքների ընթացքում հանդիպեց մի տհաճ միջադեպի, որը թողեց բացասական ու ցավալի հետևանք:

Ճարտարապետը զգայուն սրտի տեր մարդ էր. ամեն մի փոքր բանից անգամ ազդվում և յուրաքանչյուր անախորժություն շատ ծանր էր ընդունում: Նրա այդ կարևոր ու մեծ աշխատանքի համար հաճախ հարկ էր զգացվում փորփրումներ անել հուշարձանների շուրջը, բայց նա իրեն թույլ չէր տալիս օրինականության սահմաններից դուրս գալու և ոչ էլ կամենում էր ամեն անգամ թույլտվություն խնդրելու:

Անիի տերն ու տնօրենը Մառն էր: Նա խիստ արգելել էր Անիից մի քար անգամ դուրս տանել: Նույնիսկ կայսերական օրենքին հակառակ, Անիում գտնված իրերը թողնում էր իր տեղում և գտնում էր, որ պեղումներից հանված իրը պետք է մնա Անիում՝ այն վայրում, որին նա պատկանում է: Մինչդեռ կայսերական օրենքը հրահանգում էր՝ երկրի սահմաններում ի հայտ եկած բոլոր արժեքավոր հնությունները կենտրոնացնել կայսրության մայրաքաղաքում:

Ճարտարապետը ձեռնամուխ էր եղել Անիի պարիսպների չափագրությանը և մի տեղ պարիսպի իսկական բարձրությունը ճշտելու համար հարկ էր եղել մի քանի բահ հող ետ տալ: Այդ բանը չափազանցված գույներով տեղեկացնում են Մառին, ասելով՝ իբրև թե Թորամանյանը պեղումներ է կատարում:

Մառի բնավորության մեջ ընդգծելի էր կորեկտությունն ու զսպվածությունը. նա հազվադեպ էր արտահայտում իր վրդովմունքը, բայց երբ պոռթկում էր ՝ թող ու փախիր:

Այդ ոչ ճիշտ տեղեկությունը առիթ տվեց գիտնականին խիստ զայրանալու: Թորամանյանն էլ, Մառի այդ անտեղի զայրույթից վշտացած՝ թողեց պարիսպների չափագրությունն ընդմիշտ: Եվ այդպիսով մենք կորցրինք Անիի քաղաքաշինկան չափագրությունների այդ կարևոր մասը: