ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ԸՆՏՐՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՄԵՐ ԺՈՂՈՎՐԴԻ ԱՌՋԵՎ ՊԱՐՏԱՎՈՐՎՈՒՄ ԵՄ
Քաղաքական բանակցությունների միջոցով հասնել Ղարաբաղի անկախ կարգավիճակի ճանաչմանը՝ կանխելով ռազմական գործողությունների վերսկսման հնարավոր փորձերը:
Հայաստանը վերստին դարձնել արդյունաբերական երկիր՝ հատուկ ուշադրություն դարձնելով արդյունաբերության առավել բարձր տեխնոլոգիական ճյուղերի զարգացմանը:
Այդ հիմքի վրա ստեղծել բարձր աշխատավարձով նոր աշխատատեղեր, հնարավորություն տալ մեր քաղաքացիներին աշխատելու իրենց մասնագիտությամբ և մարդավայել ապրելու: Այսպիսով կարելի է ոչ միայն դադարեցնել արտագաղթը, այլև ապահովել ներգաղթը:
Հայաստանի էներգետիկական պահանջները բավարարելու և այդ հարցում ուրիշ երկրներից նրա կախվածության աստիճանը նվազեցնելու նպատակով մյուս անհրաժեշտ միջոցառումներին զուգընթաց նախաձեռնել քայլեր ժամանակակից և առավել ապահով (1000 ՄԳՎ) ատոմակայանի կառուցման համար:
Ապահովել Հայաստանի ընդերքի ռացիոնալ օգտագործումը՝ հասնելով օգտակար հանածոների հանույթի վերջնական արտադրանքի իրացմանը:
Օրենք ընդունել մասնավոր սեփականության անձեռնմխելիության մասին և այն խստիվ պահպանել: Այդ ամենը կնպաստի մեր տնտեսության մեջ նոր ֆինանսական ներդրումներին և մասնավոր ձեռներեցության զարգացմանը:
Ժողովրդի համաձայնության դեպքում կատարել անցում նորանկախ պետության համար առավել արդյունավետ՝ պառլամենտական կառավարման ձևի:
Առնվազն 10 անգամ կաճի բյուջետային աշխատողների (պետծառայողների, բժիշկների, ուսուցիչների, զինծառայողների, ոստիկանության, գիտության, մշակույթի և այլ բնագավառներում զբաղվածների) աշխատավարձը:
Կենսաթոշակների, նպաստների արդար վերահաշվարկ, դրանց աճ՝ առնվազն 10 անգամ:
Կսկսվի խնայբանկային ավանդների աստիճանական վերադարձը (10 ռուբլին = 1 դոլար հաշվարկով):
Բոլոր քաղաքացիների համար կապահովվի անվճար, որակյալ բուժսպասարկում և կրթություն (խրախուսելով նաև վճարովի մասնավոր ծառայությունների զարգացումը):
Աղետի գոտում ՙբարաքներում՚ բնակվող բոլոր ընտանիքները կունենան բնակարաններ, կվերացվի գործազրկությունը, արտոնյալ պայմաններ կստեղծվեն արդյունաբերության, շինարարության, ձեռներեցության զարգացման համար:
Աստիճանաբար կվերադարձվեն խաբված ավանդատուների ավանդները բոլոր այն դեպքերում, երբ տեղի է ունեցել պետության պարտավորությունների կատարման թերացում:
ՀՀ Նախագահի թեկնածու Վ. Մանուկյան, հրապարակվել է ՙԱզատության՚ հրապարակում, Վազգեն, Մանուկյան ՙՀայկական երազանքը գոյատևման փակուղում՚, ելույթների և հոդվածների ժողովածու, ՙՎ. Ի. Ա. Այսօր և վաղը՚, Երևան, 2002, էջ 320-327