«Գրողի ծոցն» ուղարկելու և «լրացուցիչ պարզաբանում» պահանջելու ժամանակը

1405

 

Սերժ Սարգսյանը Թուրքիայից «լրացուցիչ պարզաբանում» է պահանջել իր իսկ կողմից «գրողի ծոցն ուղարկված» արձանագրությունների մասով։

Հայաստանը Հայոց ցեղասպանության ճանաչումը երբեք նախապայման չի դարձրել Թուրքիայի հետ երկկողմ հարաբերությունները կանոնակարգելու համար, հայտարարել է Սարգսյանը՝ սեպտեմբերի 19-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում ունեցած ելույթում։

Երեք տարի առաջ՝ 2014թ․ սեպտեմբերին, ՄԱԿ-ի նույն ամբիոնից Սերժ Սարգսյանը «գրողի ծոցն էր ուղարկել արձանագրությունները»։

Սարգսյանը նշել է, որ հենց Հայաստանի նախաձեռնած գործընթացի շնորհիվ 2009 թվականի հոկտեմբերին կնքվեցին Ցյուրիխյան արձանագրությունները:

«Այդ փաստաթղթերն առ այսօր չեն վավերացվել և հանգրվանել են պաշտոնական Անկարայի մութ գզրոցներում: Թուրքիայի կառավարությունը անհեթեթ նախապայմաններ է առաջ քաշում դրանք վավերացնելու համար, որոնք բնավ չեն բխում արձանագրությունների տառից և ոգուց: Այդ ամենի հանդեպ հայ ժողովրդի հստակ վերաբերմունքը ես արտահայտեցի երեք տարի առաջ՝ այս բարձր ամբիոնից:

Այժմ եկել է լրացուցիչ պարզաբանում տալու ժամանակը: Թուրքիայի ղեկավարությունը սխալվում է, եթե մտածում է, որ ինքը կարող է առհավետ պատանդ վերցնել այդ փաստաթղթերը և վավերացնել միայն իրեն հարմար առիթով: Արձանագրությունները բանակցվել են ներկայիս պայմաններում՝ առկա խնդիրներինլուծում գտնելու համար»,- հայտարարել է Սարգսյանը:

Հայաստանի նախագահը նշել է, որ արձանագրությունների կենսագործման ուղղությամբ շարունակաբար որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը դրանք հայտարարելու է առ ոչինչ:

«Մենք 2018 թվականի գարուն ենք մտնելու առանց այդ, ինչպես, ցավոք սրտի, փորձը ցույց տվեց, սին արձանագրությունների:

Հայաստանը, այնուամենայնիվ, շարունակում է համոզված լինել, որ յուրաքանչյուր երկու հարևան պետություն պարտավոր են հիմնել և վայելել կանոնավոր հարաբերություններ՝ իրենց միջև հնարավոր բոլոր տարաձայնությունները քննարկելու և դրանց լուծումները գտնելու նպատակով»:

Արխիվային լուսանկար՝ Սերժ Սարգսյանը և Աբդուլլահ Գյուլը Բուրսայիում, ֆուտբոլային խաղի ժամանակ, հոկտեմբեր 14, 2009թ