Նալբանդյանը՝ Արցախին հարակից տարածքները Ադրբեջանին վերադարձնելու մասին

2393

Հայաստան-Սփյուռք համաժողովի շրջանակներում ունեցած ելույթում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը, խոսել է հարակից տարածքների վերադարձի հարցի մասին, հաղորդում է Ազատությունը:

«Խոսքը գնում է այն տարածքների վերադարձի մասին, որոնց վերադարձի դեպքում այս ամբողջ հիմնախնդրի կարգավորմանը և անվտանգության համակարգին վնաս չի հասցվելու և սպառնալիքի տակ չի դնելու հանգուցալուծումը»,- ասել է նա:

«Եռանախագահները ասում են, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը պետք է ինքը որոշի իր ապագան ազատ կամարտահայտության միջոցով, որը պետք է ունենա միջազգային իրավական ուժ բոլորի համար: Մինչև այդ կամարտահայտության կազմակերպումը, վերջնական կարգավիճակի որոշման նպատակով, ԼՂ-ն պետք է ունենա միջանկյալ կարգավիճակ, սա նշանակում է, որ հետո կա նաև վերջնական կարգավիճակ: Շատ երկրներ, որոնք կիրառել են իրենց ինքնորոշման իրավունքը, այսպիսի կարգավիճակներով էլ են անցել՝ միջանկյալ, ժամանակավոր և հետո վերջնական: Միջանկյալ կարգավիճակի դեպքում միջազգային հանրությունը համապատասխան՝ միգուցե [ՄԱԿ-ի] Անվտանգության խորհրդի որոշմամբ պետք է ճանաչի այդ միջանկյալ կարգավիճակը»,- շարունակել է Նալբանդյանը:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխիքներին՝ Հայաստանի արտգործնախարարն ասել է, թե դրանք պետք է բազմաշերտ երաշխիքներ լինեն:

«Ի՞նչ են ասում եռանախագահները․․․ ասում են, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորման համար Ղարաբաղին պետք են միջազգային անվտանգության բազմաշերտ երաշխիքներ: Բազմաշերտ նշանակում է ոչ միայն բազմազգ խաղաղության պահպանման ուժեր և խաղաղության պահպմանման ուժեր Ղարաբաղի շուրջ, կամ Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևով անվտանգության երաշխիքներ, այլ նաև, որ, օրինակ, պետք է ճանաչվի, որ Հայաստանը երաշխավորն է Ղարաբաղի անվտանգության: Նաև ԼՂ պաշտպանության բանակը պետք է երաշխավորը լինի այդ անվտանգության»:

Շաբաթներ առաջ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի արդեն նախկին ԱՄՆ-ի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը ներկայացրել էր ղարաբաղյան հակամարտության կարգավորման 6 հիմնական կետերը.

  • «Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի բարդ պատմությունը, կողմերը պետք է սահմանեն դրա վերջնական իրավական կարգավիճակը ապագայում՝ փոխադարձ համաձայնությամբ եւ իրավական պարտավորեցնող կամարտահայտմամբ:
  • Նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի սահմանների մեջ գտնվող տարածքին, որը Բաքվի կողմից չի վերահսկվում, պետք է ժամանակավոր կարգավիճակ տրվի, որն առնվազն ապահովում է անվտանգության եւ ինքնավարության երաշխիքներ։
  • Լեռնային Ղարաբաղի շուրջ գրավված տարածքները պետք է հանձնվի Ադրբեջանի վերահսկողությանը։ Այնտեղ չի կարող լինել որեւէ բնակեցում՝ առանց հաշվի առնելու Ադրբեջանի ինքնիշխանությունը։ Այդ տարածքների նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանությունը պետք է վերականգնվի:
  • Պետք է լինի միջանցք, որը կմիացնի Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ: Այն պետք է լինի բավականաչափ լայն՝ անվտանգ փոխադրումների ապահովման համար։ Սակայն այն չի կարող ներառել Լաչինի ամբողջ շրջանը:
  • Հարատեւ կարգավորումը պետք է ճանաչի բոլոր տեղահանված անձանց եւ փախստականների իրավունքը՝ վերադառնալ բնակության նախկին վայր:
  • Կարգավորումը պետք է իր մեջ ներառի անվտանգության միջազգային երաշխիքներ, որոնք կներառեն խաղաղարար միջոցառումներ: Գոյություն չունի սցենար, որում խաղաղությունը կարող է ապահովված լինել առանց լավ նախապատրաստված խաղաղ գործողությունների, որոնք վայելում են բոլոր կողմերի վստահությունը»:

 

20992986_1652745608110955_5746521267011450199_n