Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը մաս-մաս ներկայացնում է Արտաշես Վրույրի «Անիում» աշխատությունը («Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, 1979):
Նախորդ մասը կարդալ այստեղ
—-
ՋՐԿԻՐ ԿՅԱՍՍՈՆ
Արևածագին ջրկիր Կյասսոն ախոռից հանում էր իր խնամքին ապավինած չորս-հինգ ավանակները և պատրաստություն էր տեսնում ջրի գնալու դեպի Ծաղկոցաձոր: Նա թամբում էր ավանակները և թամբերին ամրացնում փայտյա փոքրիկ տակառներ:
Փոքրիկ Բոչկան ուրախությունից իրար էր անցնում, մերթ վազում էր դեպի ջրկիրը, մերթ արագ պտույտներ գործում ավանակների շուրջը, նա նախազգում էր, որ ճամփա են կտրելու:
Ավանակների քարավանը փայտե կժերով բարձած բռնում էր ճամփան դեպի Ծաղկոցաձոր: Առջևից ընթանում էր սանձարձակ Բոչկան՝ թավ պոչը տնկած, որպես առաջապահ: Ապա մեկը մյուսի ետևից ժապավենի նման ձգվում էին ավանակները: Նրանց ետևից գնում էր ջրկիր Կյասսոն ճիպոտը ուսած և մի ձեռքով բռնած իր անբաժան ծխամորճը, որի մեջ մխում էր ժիլկան (մախորկա): Այդ հանդիսավոր «շքերթի» ետևից ծանրաքայլ ընթանում էր գամփռ Ֆինդոն. նա արդեն ծերացել էր:
Եվ այս հանդիսավոր երթը դեպի Ծաղկոցաձոր ու ետ, կրկնվում էր ամեն օր մի քանի անգամ և ոչ ոք չէր զլանում իր պարտականությունների մեջ:
ՓՈՍՏԱՏԱՐ ՏԻԳՈՆ
Տիգոն էր Անիի փոստատարը:
Խարկովցի էր նա: Դա մի փոքրիկ, հայաբնակ գյուղ է՝ նստած Ախուրյան գետի խոր ձորի ձախ շուրթին, Անի քաղաքից երեք կիլոմետր դեպի արևելք:
Համագյուղացիները նրան անվանում էին Կոլոտ Տիգո: Բավականին կարճ հասակին ներդաշնակում էր նրա նիհար մարմինը, սակայն, գլուխը մի փոքր անհամաչափություն էր մտցնում նրա ընդհանուր կառուցվածքի մեջ:
Խորամանկ էր փոստատար Տիգոն. նա պահում էր մի արտահայտիչ մորուք և ստեպ-ստեպ կարգի էր գցում այն, հատուկ ուշադրություն դարձնելով նրա վրա, որը բավականին տեսք էր տալիս փոստատարի կարճ ու նիհար մարմնին: Ոտքերին պրկած ուներ կաշվե լայն օղակներ, թեթև և հանգիստ քայլելու համար: Կողքից կախված էր փոստատարի փոկավոր սև պայուսակը: Ձեռքին կրում էր գավազան, յուրօրինակ էր ու արտահայտիչ:
Ամեն օր Անի կայարանից Անի քաղաքի փոստն էր բերում:
Անիի փոստատարը մեծ կարևորություն էր տալիս իր պաշտոնին, միայն դժգոհ էր, որ Անիի սուրհանդակի նման փայլուն մետաղաձույլ մի նշան չունի իր կրծքին, մոռանալով, որ ինքը տարվա մեջ երեք ամիս է միայն աշխատում (հունիս, հուլիս, օգոստոս), իսկ Անիի սուրհանդակը՝ միշտ:
Փոստատար Տիգոն դանդաղաշարժ էր ու ծույլ, սակայն փոստը բերելիս, երբ «Տիգրանի» դռնով մտնում էր Անի, Տիգրան Հոնենցի եկեղեցու կարճ զառիվերը անցնելուց հետո՝ ուժ էր տալիս իր ոտներին և ժիր ու արագաքայլ ընթանում էր դեպի գիտնականի բնակարանը, ամբողջապես քրտինքի մեջ կորած, ապացուցելու համար, որ իր «կարևորագույն» պաշտոնի մէջ անթերի է ու զգոն: Նա հանձնում էր իր փոստը և ստանում ուղարկվելիք թղթակցությունները:
Նա միշտ աննկատելի տհաճությամբ դարձնում էր իր դեմքը, երբ պատահմամբ հանդիպում էր Արամ Վրույրին: Չէր ուզում հաշտվել այն մտքի հետ, թե՝ «Անբեխ, անմորուս մարդը մի՞թե կարող է տղամարդկանց դասին հաշվվել»: Եվ մտածում էր, առանց կարողանալու լուծել այն խնդիրը, թե՝ ինչո՞ւ նա, առանց ամաչելու, խուսափում էր իր բեղերից, քանի որ տղամարդու պատիվը բեղ ու մորուսի մեջ է: Գոնե օրինակ վերցնի աղայից (պրոֆեսոր Մառին գյուղացիները «աղա» էին կոչում), հայր Միքայելից կամ թե ճարտարապետի փառահեղ բեղերից.- «Թու, այդպիսի մարդու նամուսին ու ղեյրաթին»: Իսկ մյուս կողմից էլ մտածում էր. «Գուցե Վրույրը ֆրանգ է» և շատ տարօրինակ էր թվում, որ այդ «ֆրանգը» լուսավորչական սուրբ եկեղեցու մեջ տիրացուի պարտականություն է կատարել և հայր սուրբը ինչպե՞ս է հանդուրժել այդ: Ահա անլուծելի խոհեր, որոնք պտտվում էին փոստատարի ուղեղում:
Երկար ու բարակ մտածելուց հետո նա դատում էր այսպես՝ եթե ուղղափառ եկեղեցուն պատկանող աղան (Ն. Մառ) կարող է լուսավորչական եկեղեցու դավանանքին պատկանող Եսայի աղջկա քավորը լինել, ապա ինչո՞ւ «ֆրանգ Վրույրը» չի կարող տիրացու լինել. չէ՞ որ այդ բոլորը կատարվել է հայր սուրբի թույլտվությամբ: Ածելիի անողոք հարվածներին ենթարկված Ա. Վրույրի բեղն ու մորուսը զբաղեցնում էին փոստատար Տիգոյի միտքն ու ուղեղը:
Խարկով գյուղացի Մուքայելը, որը պեղող բանվորների մեջ համարվում էր լավագույներից մեկը, պատմում էր, որ Կոլոտ Տիգոն երազում տեսնում է այդ անիծյալ «Ֆրանգին», որը խիստ և հանդիմանական հայացքով նայում է իրեն և ձեռքին բռնած մի մեծ մկրատ՝ հարձակվում է Կոլոտ Տիգոյի վրա՝ նրա փառահեղ մորուքը կտրելու: Փոստատար Տիգոն ահաբեկված չոքում է այդ «դաժան ֆրանգի» առջև և սոսկումով աղերսում՝ «հանուն սրբերի, հանուն սուրբ խաչի ու ավետարանի խնայիր ինձ»: Այդ դաժան մարդը անողոքաբար առնելով նրա մորուսը իր ափի մէջ՝ ասում է. «Փաշտայլոն Տիգո, պետք է կտրեմ քո այդ անիծյալ մորուսը»: Տիգոն դողդոջուն և սարսափահար նայում է բերանը բացված այդ անգութ մկրատին: Եվ երբ «ֆրանգը» մոտեցնում է ահռելի մկրատը գունաթափ փոստատարի մորուսին՝ այդ սոսկալի պատկերից մի ուժեղ ճիչ է արձակում և արթնանում…
Կապարի ծանրությամբ այդ ճնշող, մղձավանջային երազը փոստատարի քունը փախցնում է: Սոսկումով նստած անկողնում իրեն թվում է, որ տանիքի անցքից, որտեղից թափվում էին լիալուսնի պաղ շողերը, կախված էր սարսուռ ազդող մի մեծ, փայլուն մկրատ, որը մերթ ընդ մերթ բացվում ու փակվում էր…
ԱԼԵՔՍԱՆԴՐԱ ԱԼԵՔՍԵԵՎՆԱ
Հարգելի գիտնականի կողակիցը՝ Ալեքսանդրա Ալեքսեևնան, մի փոքր գաղափար ուներ բժշկական արվեստից: Նա ամեն տարի բերում էր իր հետ բավականաչափ զանազան դեղորայք: Շրջակա գյուղերի բազմազգ բնակիչները զուրկ էին բուժօգնությունից և երբ իմանում էին հարգելի տիկնոջ ժամանման մասին, ամեն օր չէր դադարում հիվանդների այցելությունը, որոնք թարգմանի միջոցով բացատրելով իրենց ցավը, ստանում էին անհարժեշտ դեղորայք՝ գլխացավի, ջերմի, աչքացավի և այլն: Այդ բոլորը կատրվում էր ամենայն հոգատարությամբ ու խնամքով, առանց վարձատրության:
Իր հիվանդ այցելուներին հասկանալու համար, հարգելի Ալեքսեևնան հատուկ թարգմանիչ չուներ: Թարգմանի դեր էր կատարում նա, ով այդ պահին ներկա լիներ՝ հարգելի գիտնականը, Հ. Օրբելին, Նունե Վրույրը և ուրիշներ: Նմանապես վիճակվել է և ինձ – չնայած իմ գիտցած ռուսերենը խիստ սահմանափակ էր: Սակայն, ես իբրև թարգմանիչ տանելի էի: Երբեմն պատահում էր, որ ոչ ոք չէր լինում շենքում և այդ դեպքում վիճակվում էր ալաշկերտցի Օհանին կամ սուրհանդակ Եսայիին թարգմանչի դերում հանդես գալ, որոնք բացի կցկտուր մի քանի ռուսերեն բառերից, ոչինչ չգիտեին. ոչ կարողանում էին կարգին թարգմանել հիվանդի ասածը և ոչ էլ լրիվ հասկանալ Ալեքսանդրա Ալեքսեևնային: Ինչքան որ դժվար էր այդ վիճակը հարգելի բուժակուհու և տաժանելի չարչարանք «թարգմանչի» համար, այնուամենայնիվ, հեռվից դիտողի համար մեծ հաճույք էր, որը մի գեղեցիկ կատագերգությունից այնքան առողջ ծիծաղ չէր կարող կորզել, քան այս «բաբելոնյան աշտարակաշինությունից»: Եվ այս դրությունը իր վախճանը կգտներ, երբ փրկարար հրեշտակի նման մեկը կհայտնվեր և վերջ կտար Եսայիի, Օհանի ու տիկնոջ չարչարանքներին:
Մի օր ականատես եղա, թե ինչպես մի հիվանդ գեղջկուհի «խանումից» դարման էր խնդրում: Բոլորից աննկատելի անկյունում կանգնած, հետաքրքրությամբ լսում էի:
Հարգելի բուժակուհին չկռահելով հիվանդի խնդիրը, կանչեց մոտեցող Օհանին:
– Охан, Охан, что у нее болит?
– Աղջի ո՞ր տեղդ կցավի,- հարցրեց հիվանդին «թարգմանիչը»:
– Եղբայր Օհան, խանումին ըսե, որ շատ գեշ կդողցում:
«Թարգմանիչը» մտածմունքի մեջ ընկավ, չգիտեր ինչպես հասկացնի:
-Ну, расскажи, Охан, что она говорит?
Տարակուսած Օհանի քրտինքը տվեց ճակատին. չգիտեր այդ անիծյալ «դողոցք» բառը ռուսերեն… «Այդ անիծված դողոցքը որտեղի՞ց բռնեց Փանոսի աղջկան, գոնե մի ուրիշ հիվանդություն լիներ», որի ռուսերենը ժամանակի ընթացքում ինքը յուրացրել էր… Վրդովված մտածում էր Օհանը: Խեղճ ալաշկերտցին տքնում էր ու ճգնում, սակայն «դողոցքը» մնում էր «դողոցք»…
Հիվանդը աղերսական հայացքով նայում էր մեկ խանումին, մեկ անճարակ «թարգմանչին»…
Վերջապես Օհանը գտավ բացատրելու եղանակը:
-Ну … Ханум… бр-бр, др-др… делает… -ասաց ալաշկերտցին՝ ճակատի քրտինքը թևով սրբելով, և մի խոր շունչ քաշելով:
-Охан, что за др-др, что за бр-бр?… ասաց հուսահատված Ալեքսեևնան:
-Դու լե խիվանդութեն գտար, Փանոսի աղջիկ,- ասաց գեղջկուհուն վրդովված Օհանը:
-Что, что… Панос, ну так говори, что ты мучаешь меня?
Այդ պահին Օհանը նկատեց ինձ. կարծես թե երկնքից իջած հրեշտակ լինեի նրա համար:
-Արտաշես, եկուր, խանումին հասկացրու սա Փանոսի աղջկա ցավը:
-Арташес, нука спроси, чем она больна.
-Александра Алексеевна, лихорадка – հազիվ մտաբերելով այդ անիծյալ բառը, արտասանեցի ես:
-А, лихорадка…- դառնալով Օհանին ասաց, – Охан, лихорадка, так и скажи.
-Да, ханум, лихорадака – բավականության ժպիտը դեմքին կրկնեց «թարգմանիչը»:
Հիվանդը ստանալով խինին բուժակուհու ցուցմունքները, շնորհակալությամբ հեռացավ՝ ազատելով ալաշկերտցուն տաժանակրությունից և Ալեքսանդրա Ալեքսեևնային՝ «հռչակավոր թարգմանչից»:
Իհարկե այդպիսի դեպքերը շատ սակավ էին պատահում:
Լուսանկարում՝ Անին Խարկով գյուղից, լուսանկարը՝ Առավոտ թերթի, 2014թ
Շարունակելի