Անիի բնակիչները

2716

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը մաս-մաս ներկայացնում է Արտաշես Վրույրի «Անիում» աշխատությունը («Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, 1979):

Նախորդ մասը կարդալ այստեղ

—-

Անի քաղաքի հյուսիսային ամրությունների հյուսիս-արևմտյան անկյունը ծունկ է տալիս, և պարիսպները այդտեղից ձգվում են մոտ 80 մետր դեպի արևմուտք՝ փակելով Իգաձորի արևելյան կողմը:

Այս պարիսպները Անին կապում են Իգաձորի հետ մի փոքրիկ դռնով, որը հետագայում շարել են քարե ամուր պատով: Այժմ մուտքը փակող այդ պատը կիսով չափ քանդված է և գոյացած անցքով մի շավիղ տանում է դեպի Իգաձոր:

Անին շրջապատող չորս ձորերից, այն է՝ Գլիձոր, Ախուրյանի ձոր, Ծաղկոցաձոր և Իգաձոր, ամենափոքրը Իգաձորն է, որը պառկած է քաղաքի հյուսիսային կողմում: Նա ձգվում է արևելքից արևմուտք և զառիվայր իջնում մոտ 400-500 մետր մինչև Ծաղկոցաձոր և միանում նրան:

Իգաձորը զուրկ է բուսականությունից: Թե ինչու է Իգաձոր կոչվում, չգիտեմ: Այնտեղ կան բազմաթիվ մեծ ու փոքր այրեր, որոնց ժամանակին մարդկային ձեռքն է կերտել:

Առնակազմ Ագոն ծանրաբարո մի մարդ էր, ավագը այն երեք եղբայրների, որոնք թուրքական վայրագություններից հալածական, լքելով Ալաշկերտի գեղատեսիլ հովտի արգավանդ հողերը, տուն, տեղ, գաղթել, եկել էին Արևելյան Հայաստան, բնակություն հաստատելով Անի քաղաքի Իգաձորի պատմական այրերում:

Իգաձորի այրերի բնակիչները միայն այդ երեք եղբայրները չէին: Այնտեղ բնակվում էին նաև ատաղձագործ Արամը և Օհանը իրենց ընտանիքներով, նույնպես Ալաշկերտից գաղթած:

Ագոն ամառվա ամիսներին աշխատում էր Անիի պեղումներում որպես բանվոր, իսկ մնացած ամիսներին զբաղվում էր իր տնտեսությամբ:

Կարապետը՝ միջնակ եղբայրը, ծառայում էր ճարտարապետ Թորոս Թորամանյանի մոտ: Իսկ Եսային՝ կրտսերը, Անի քաղաքի սուրհանդակն էր: Նա զգեստավորված էր չերքեզի տարազով, գլխին կրում էր մորթե գլխարկ, ոտքերին բարձրավիզ կոշիկներ, որոնք մինչև սրունքներն էին հասնում: Ձախ կողմը, չուխայի վրա, ամրացված էր պղնձաձույլ, բոլորաձև, փայլուն մի մետաղ, որի վրա ռուսերեն և հայերեն փորագրված էր՝ «Անիի սուրհանդակը»:

Այս մետաղյա նշանը, որ ցույց էր տալիս նրա պաշտոնական դրությունը, մեծ ազդեցություն էր գործում շրջակա գյուղերի ազգաբնակչության վրա, որոնք հարգանքով ու ակնածությամբ էին մոտենում Անիի սուրհանդակին:

Պաշտոնական երթի ժամանակ Անիի սուրհանդակը դուրս էր գալիս ձի հեծած՝ խաչմերուկ փամփշտակալները, հրացանը և երկսայրի թուրը կողքից կախված ու տարազին համաձայն դաշույնը առջևից ամրացված: Այս ամենը այդ երիտասարդ սուրհանդակին տալիս էին իր կոչմանն արժանի պատկառելի տեսք:

Ձմռան ամիսներին նա երբեմն այցի էր գնում շրջակա գյուղերը: Հատկապես եզդիները մեծ երկյուղածություն էին տածում դեպի Անիի սուրհանդակը: Նրան հրավիրում էին իրենց հավաքատեղին, հարգանքով բազմեցնում օդայի գլուխը և երկար ու բարակ զրուցում աշխարհի խեր ու շառից, հյուրասիրում, և ապա սկսվում էր բողոքավորների այցը իրենց անլուծելի վեճերը լուծելու համար:

Անիի սուրհանդակի խոսքն օրենք էր:

Նա վիճող կողմերին լսելուց հետո մի քանի խրատական խոսքեր էր ասում և տալիս իր վճիռը: Նրա վճիռը երկու կողմերից էլ ընդունվում էր առանց առարկության:

Արամը Անիի հնադարանի հյուսնն էր:

Օհանը Միքայել վարդապետի մոտ սպասավոր էր: Նա նմանապես սպասավորում էր Անիի գիտարշավին:

Օհանի ընտանիքը բազմամարդ էր՝ բաղկացած 7 հոգուց. Օհանը, կինը՝ Զմոն, և զավակները՝ Վահրիճ, Հեղինե, Արեգնազ, հետագայում Այծեմնիկ և Գուրգեն: Զմոն ժրաջան մի կին էր, իր ընտանեկան հոգսերի մեջ թաղված: Նա միաժամանակ հայր Միքայելի կովկիթն էր ու հացթուխը: Այդ ընտանքիը բնակվում էր Իգաձորի մի խոշոր ու ընդարձակ այրում, որի վերևը, ճիշտ ձորի շուրթին, բազմած էին Պարոնի պալատի ավերակները:

Կարապետը ուներ երկու զավակ:

Եսային հետագայում ամուսնացավ և ունեցավ մեկ աղջիկ, որի կնքահայրը եղավ պրոֆեսոր Ն. Մառը:

Դա մի կիրակի օր էր:

Պրոֆեսոր Մառի բնակարանից (այն ժամանակ Անիի գիտարշավը իր առանձին բնակելի շենքը չուներ, բնակվում էին հայր Միքայելի սենյակներում) քավոր, քավորկին, սանահեր, սանամեր, փոքրիկ սանիկը գիտնականի ձեռքերում և մի խումբ ներկաներ Միքայել վարդապետի առաջնորդությամբ ուղևորվեցին Մայր տաճար:

Վարդապետը մենակ էր, տիրացու չուներ: Այդ պարտականությունը վիճակվեց Արամ Վրույրին: Նա հագավ նեղ ու կարճ ճերմակ շապիկ, ձեռքին բռնած բուրվառով խնկարկում էր և քթի տակ մռթմռթալով կատարում տիրացուի պարտականությունը:

Նրա արտահայտիչ քիթը, կոմիկական դիմագծերը, նեղ ու կարճ շապիկը, դեմքի լրջությունը, այդ ամենը մի ծիծաղաշարժ տեսարան էր ներկայացնում: Բայց ո՞վ կհամարձակվեր ծիծաղել, այն էլ սուրբ տաճարի կամարների տակ: Այն, ինչ ուրիշների համար տարօրինակ էր ու ծիծաղաշարժ, Արամ Վրույրի համար սովորական էր ու ռեալ: Եվ եթե ոմանք այդ կոմիկական պատկերի վրա համարձակվեցին ժպտալ կամ ծիծաղել, շատ տարօրինակ կթվար այդ ի ծնե կատակերգին: Նա ծայր աստիճան կվրդովվեր, կարծես թե ասելու լիներ. «Ի՞նչ կա այստեղ ծիծաղաշարժ»: Եվ այդ դրությունը կկրկնապատկեր, կեռապատկեր նրա կոմիկական վիճակը, շարժուձև ու կերպարանքը: Այդ պահին հանդիսականի մեջ ավելի բուռն ծիծաղի գրգիռ կառաջանար և անհնարին կլիներ զսպել այն: Հանդիսականի այդ արտահայտությունը կբազմապատկեր Արամ Վրույրի զսպված վրդովմունքն ու հուզումը և որքան որ հուզվեր ու վրդովվեր, այնքան ավելի ծիծաղաշարժ արտահայտություն կընդուներ: Գրիչս տկար է նկարագրելու այդ զարմանալի կատակերգակին: Նրա բոլոր կոմիկական դրություններն ու արտահայտությունները երևան էին գալիս միանգամայն ինքնաբուխ: Եվ  այդ է պատճառը, որ հետագայում, երբ բախտ ունեցա բեմահարթակի վրա իբրև կրտսեր կոլեգա բախվելու նրա հետ, միշտ խուսափում էի նրա դեմքին նայելու. հայացքս ուղղում էի դեպի նա առանց նրան նայելու: Չնայած խաղարկման մեջ այդ ձևը միանգամայն պարսավելի է և անընդունելի, սակայն ուրիշ կերպ վարվել հնարավոր չէր:

Հարգելի պրոֆեսորը հոգնած էր, չէ՞ որ նա ամեն օր արևածագին գնում էր աշխատանքի և զբաղված էր մինչ ուշ գիշեր: Հաճախ առավոտյան թեյելու չէր գալիս տուն, Օհանն էր թեյը տանում պեղման վայրը: Նրա միակ հանգիստը կիրակի օրն էր, այն էլ կնքահոր պարտականություն ուներ կատարելու: Երեխան գրկին երևի մտածում էր, թե ե՞րբ պիտի ավարտվի կնքելու արարողությունը:

Որոշ եկեղեցական ծիսակատարությունից հետո, Միքայել վարդապետը հարց տվեց:

-Պարոն պրոֆեսոր, ի՞նչ դնենք երեխայի անունը:

Նախապես որոշված չէր երեխայի անունը: Անիի սուրհանդակը համարձակություն չուներ այդ մասին խոսելու քավորի հետ:

-Գևորգ,- պատասխանեց մեծարգո գիտնականը:

Հանդիսականների մեջ զարմանք առաջացավ:

-Հարգելի պրոֆեսոր, սանիկդ աղջիկ է, – առարկեց վարդապետը:

Առաջացավ զսպված ծիծաղ: Գիտնականը ժպտաց ու ասաց.

-Այդ դեպքում Մարիամ թող լինի:

Եվ Անիի Աստվածամոր տաճարի երկնասլաց սյուների և վեհ կամարների տակ մկրտվեց Մարիամը՝ տիրացուի հետաքրքիր խնկարկվող բուրվառի ներքո:

Հետևյալ օրերին Անի քաղաքի շրջակա գյուղերի բնակիչների մեջ  զարմանք և հիացմունք առաջացավ, երբ հայտնի դարձավ, որ պրոֆեսոր Մառը իր սուրհանդակի երեխայի կնքահայրն է դարձել:

Թե ատաղծագործ Արամը և թե Ագոն, թեև ամուսնացած, բայց զավակ չունեին:

Անիում կար նաև եզդի ջրկիր Կյասսոն-Բագնայրցի (այժմ Ղոզլիջա), որը Միքայել վարդապետին պատկանող 4-5 ավանակներով ջուր էր կրում Ծաղկոցաձորի սառնորակ աղբյուրներից:

Գիտարշավի սննդի հոգսը ընկած էր Միքայել վարդապետի վրա: Նա ամեն ամառ խոհարար էր հրավիրում Ալեքսանդրապոլից: Հացը թխվում էր երկու օրը մեկ անգամ: Նմանապես հայր սուրբի չորս կովերը լիուլի ապահովում էին կաթը, մածունը, կարագը:

Միքայել վարդապետի խոհանոցը օրական երեք անգամ սնունդ էր մատակարարում Անիի գիտարշավին. առավոտյան ժամը 8-ին հաց, ոչխարի պանիր, հավկիթ և կարագ: Թեյը և շաքարը արշավախումբը բերում էր իր հետ: Ժամը 12-ին՝ ճաշ երեք տեսակից – ա) արգանակ բ) մսեղեն որևէ կերակուր և գ) մածուն ու երբեմն կոմպոտ: Ճաշասեղանին մեկ-մեկ երևում էր նաև գինի: Երեկոյան ընթրիք (մսեղեն):

Այս սպասարկման համար հայր Միքայելը վարձատրվում էր արշավախմբի կողմից: Սննդին վերաբերող ծախսերը չէին գանձվում աշխատակիցներից, դա արշավախմբի հաշվին էր: Յուրաքանչյուր անձի համար պրոֆ. Մառը վճարում էր հայր Միքայելին 50 կոպեկ՝ ամիսը 15 ռուբլի:

Անիում կային հուժկու գայլխեղդ երկու գամփռ՝ Վելոքս և Ֆինդո: Ֆինդոյի մեջքին ես երբեմն նստում էի, նա չէր առարկում:

Կար նաև մի փոքրիկ շնիկ Բոչկա անունով, որի փոխարեն հայր Միքայելը տիրոջը տվել էր որպես վարձատրություն մի ավանակ:

Փոքրիկ Բոչկան տաքարյուն էր ու համարձակ, ամեն դատարկ բանի համար մեծ աղմուկ էր բարձրացնում, ասես ահազանգում էր գամփռներին գալիք վտանգը:

Գամփռները պահպանում էին կովերին ու ավանակներին գայլերի հարձակումներից, իսկ փոքրիկ Բոչկան առանց պարապուրդի անշեղորեն կատարում էր իր պարտականությունը:

Մոռացության չի կարելի տալ Ախուրյանի ձորում, փոքրիկ մատուռի մեջ բնակվող ծերունի ձկնորս Իվանին, որի կյանքը, սակայն, կարճ տևեց Անիում…

Այնուհետև գալիս է Անի քաղաքի վերնախավը. ավագագույնը՝ պրոֆեսոր Ն. Յա. Մառը, կինը՝ Ալեքսանդրա Ալեքսեևնա, Յուրի՝ Մառի ավագ որդին, Վոլոդյա՝ կրտսեր որդին, Արամ Վրույր, կինը՝ Նունե, զավակները՝ Արա, Արտաշես, հետագայում Արաքսի և Ծաղիկ, Միքայել վարդապետը, ճարտարապետ Թորոս Թորամանյանը, նկարիչ Արշակ Ֆեթվաճյանը, Հովսեփ Օրբելին, Աշխարհբեկ Լոռու-Մելիք Քալանթարը, նկարիչ Պոլտարացկին:

Հնագիտական արշավախմբին մասնակցել են նաև Ղափանցյանը, Լևոն Քալանթարը, ճարտարապետ Նիկողայոս Բունիաթյանը, Տարագրոսը, տողերիս գրողը, Գ. Չուբինովը, ճարտարապետ Ն. Տոկարսկին և ուրիշներ: Ահա սրանք էին առասպելական հռչակ ստացած երբեմնի բազմամարդ Անի քաղաքի սակավաթիվ բնակիչները, որոնք ապրելով դարերի շրջափակում, փոխադարձ հարգանքով ու սիրով կապված միմյանց, շունչ ու հոգի էին տալիս այդ ավերակ քաղաքին:

Դա շնչող նոր Անին էր:

Ճարտարապետ Թորոս Թորամանյանը բնակվում էր Միքայել վարդապետի խցիկում:

Դա մի փոքր սենյակ էր տախտակե հատիկով, որտեղ զետեղված էին հին ձևի երկու փայտյա մահճակալ, սեղան՝ վրան լամպ, մոխրաման և ճարտարապետի գծագրական տախտակը, ապա մի պահարան, պահարանի կողքին գտնվում էր փոքրիկ բոլորաձև սեղան, վրան դրված մի մեծ մատյան, որը այցելուների հիշատակությունների մատյանն էր: Այդ մատյանի մեջ կային բազմազգ լեզուներով ջերմ ու հուզիչ գրված տպավորություններ ու ստորագրություններ:

Պահարանի մոտ, անկյունում, հենված էր վարդապետի հրացանը. նա անվրեպ նշանաձիգ էր:

Ճարտարապետը հագնվում էր պարզ ու համեստ, ամբողջ օրը խորասուզված իր չափագրական աշխատանքների մեջ: Բծախնդիր էր ու մաքրասեր, մտածկոտ էր նա ու լուրջ: Չափից ավելի համեստությունը պսակում էր նրա վեհ ճակատը, որը սակայն բացասական հետքեր թողեց իր կյանքի ու գործունեության ճանապարհին… Շրջակա գյուղերի բնակիչները կարծում էին, թե ճարտարապետը նրա անունն է և այդպես էլ անվանում էին նրան:

Այդ քանքարավոր մեծ հայը կարողացավ մխրճվել իր ստեղծագործ նախնիների գեղեցիկ շենքերի և վեհ ու ծանրանիստ կոթողների ճարտարապետական կառուցվածքների էության մեջ և ի հայտ հանել հայկական պատմական ճարտարապետության առկայությունը, որը մինչ այդ լուրջ ու սիստեմատիկ ուսումնասիրության ենթակա չէր եղած:

*

Արամ Վրույր՝ Անի քաղաքի պատվավոր քաղաքացին. նա աշխատել է նախ ինքնուրույն և ապա Անիի հնագիտական էքսպեդիցիաներում որպես հնագետ-լուսանկարիչ: Պետերբուրգի հնախոսական ընկերության անդամ էր: Նա Անիում իր աշխատանքները սկսել է տակավին 1886 թվից:

Ահա թե ինչ է գրում 1903 թվին պատմաբան Լեոն իր «Անի» աշխատության մէջ:

«…Բայց հանգուցյալ Քյուրքչյանից հետո, ոչ ոք շատ բան չի արել Անին լուսանկարելու կողմից, որքան արել է դերասան պ. Վրույրը: Նա սիրող լուսանկարիչ է. և անձնապես սիրում է հնություններ, իսկ ամենից շատ, իհարկե, Անին: Մի քանի ամառ պ. Վրույրն ապրել է Անիում, ծանոթացել նրա յուրաքանչյուր քարին, նրա դիրքերի բոլոր մանրամասնությունների հետ և ցույց է տվել մի մեծ, տոկուն աշխատություն: Քյուրքչյանը հրատարակեց հիսունից ոչ ավելի լուսանկարներ, իսկ պ. Վրույրը մենակ, առանց օգնականի և մանավանդ առանց նյութական աջակցության, որ գործի ամենակարևոր կողմն է, հանել է երկու հարյուր տեսարան, որոնցից հարյուրը արդեն հրատարակել է: Հայ բեմի այդ համեստ և, ինչ ասել կուզի, չքավոր գործիչը, կարելի է ասել, Անիի մեջ և Անիի շուրջը ոչինչ անծանոթ բան չի թողել, այնպես որ նրա ժողովածուն ավերակների մայրաքաղաքի լիակատար, ամենամանրամասն տեսարանացույցը պիտի դառնա»:

Արամ Վրույրի սերը, ջերմորեն կապվելը Անիին և ընդհանրապես մեր անցյալի պատմությանն ու արվեստին, այդ նվիրական ուխտի էությունը պատկերելու համար խոսքը տանք իրեն.

-«Արժե սովորել այն ամենը, ինչ որ մեզ մոտեցնում է անցյալին, վերակենդանացնել այն, և պատմական անունները ներկայացնել մեզ ոչ իբրև մեռյալ անուններ, այլ իբրև կենդանի մարդիկ: Արժե սովորել այն ամենը, ինչ հնարավորություն է տալիս մեզ տեսնել այդ պատմության կենդանացած անձանց հոգու խորքը: Արժե գիտենալ այն բոլորը, ինչ օգնում է մեզ ավելի մոտիկից ըմբռնել, որ մենք երբեք կտրված չենք մինչև իսկ ամենահեռավոր անցյալից, որ մենք՝ նրանց ուղղակի ժառանգներս, չվճարած պարտքեր ունինք վճարելու, և մենք պարտական ենք մեր շնորհակալության պարտականությունը նրանց, որոնց համար երկրային վարձատրություն այլևս գոյություն չունի: Մենք նրա համար ենք ապրում, որպեսզի շարունակենք հազար տարիներ առաջ սկսված աշխատանքը, և որպեսզի մեր այդ աշխատանքը գիտակցաբար և արժանավոր կերպով կատարվի: Պետք է, որ մենք գիտենանք, թե իսկապես ինչ բան է, որի շարունակողները մենք պետք է լինենք»:

Ահա այսպես էր մտածում ու նվիրաբերում իր ուժերը ավերակների քաղաքի հին բնակիչը:

1878 թվին Անին ռուսական բանակի կողմից գրավվելուց հետո, Միքայել վարդապետ Տեր-Մինասյանը Անի քաղաքի երկրորդ և վերջին վանահայրն էր: Նա գործունյա մի մարդ էր: Փոքրիկ նորոգություններ էր կատարել, ինչպես Մայր տաճարի արևելյան պատի երկու բացվածքները սրբատաշ քարերով ամրացնելով, նմանապես Տիգրան Հոնենցի եկեղեցու հարավ-արևմտյան անկյունը նորոգելով:

Դյուրություն տալու համար հետաքրքրասեր այցելուներին, նա մի քանի շավիղներ էր բացել իր բնակարանից դեպի Տ. Հոնենց, Ապուղամրենց, Պարոնի պալատ, Առաքելոց եկեղեցին, Միջնաբերդ, Ծաղկոցաձոր և այլն…

Ուներ փոքրիկ տնտեսություն՝ բաղկացած չորս կովից և մի քանի ցեղական ավանակներից: Իգաձորի և Ծաղկոցաձորի հանգույցում մշակում էր մի փարթամ բանջարանոց:

Ըստ հնարավորության, նա լայն աջակցություն էր ցուցաբերում Անիի գիտարշավին տնտեսական և կենցաղային խնդիրներում, աչքաթող չանելով նաև ճարտարապետ Թ. Թորամանյանին, Արամ Վրույրին և նկարիչ Արշակ Ֆեթվաճյանին, որոնցից Ա. Ֆեթվաճյանը մասնակի, իսկ Արամ Վրույրը և ճարտարապետ Թ. Թորամանյանը Անի քաղաքի պատվավոր և մնայուն բնակիչներն էին համարվում:

Անիում ցարական կառավարության կողմից ճանաչված և հաստատված պաշտոնական եկեղեցին համարվում էր Տ. Հոնենցի սուրբ Գրիգոր Լուսավորիչը: Սակայն եկեղեցական արարողությունները կատարվում էին Անիի հռչակավոր Մայր տաճարում, որովհետև գտնվում էր վանահոր բնակարանի մոտ:

Սպասավորները երբեմն ջղայնացնում էին հայր Միքայելին՝ ճշտորեն չկատարելով նրա կարգադրությունները: Նա հաճախ ասում էր, «երբ ես մեռնեմ, իմ մարմնինը ամփոփեցեք Մայր տաճարի հյուսիսային պատի մոտ և տապանաքարիս վրա գրեցեք. «Աստ հանգչի մարմին բազմաչարչար Միքայել վարդապետի՝ Վանահայր Անվո: Նա տասը տարի ավելի կապրեր, եթե իր ծառաները չջղայնացնեին»:

Հայր Միքայելը մեծ հարգանք ու սեր էր վայելում շրջակա գյուղերի բազմազգ բնակիչների կողմից: Մուսուլման գյուղացիները նրան մուրախաս էին կոչում և հաճախ դիմում էին նրա արդարադատությանը, իրենց կնճռոտ վեճերը լուծելու համար:

Չնայած այդ բոլորին, 1920 թվին մի խումբ թուրքեր մտնում են Անի, հայր սուրբի կյանքին վերջ տալու համար: Հայր Միքայելին հաջողվում է խույս տալ այդ չարանենգ մարդկանց որոգայթից և փախուստ տալով թաքնվել Ախուրյանի ձորի եղեգնուտում ու մեծ դժվարությամբ, երեք օրվա ընթացքում, կտրել երեք վերստ տարածություն և ապա անցնել Ախուրյանի աջ ափը ու բարձրանալ Խարկով հայաբնակ գյուղը:

Միքայել վարդապետը, այդ առնակազմ ղարաբաղցին, ծանր հիվանդությամբ, բոլորովին հյուծված, Էջմիածնում մահիճ ընկավ առանց որևէ խնամքի և կարճ ժամանակից հետո վախճանվեց սովի ու թշվառության մեջ:

*

Հիշատակության արժանի է պրոֆեսոր Ն. Մառի աշակերտներից Աշխարհբեկ Լոռու-Մելիք Քալանթարի մի ինքնուրույն նախաձեռնությունը, որը հավերժացնում է այդ եռանդուն հնագետի հիշատակը:

1918 թվին Աշխարհբեկը լոռեցիներից կազմում է մի բրիգադ և մեկնում Անի՝ կորստից փրկելու Անիի հնադարանի էքպոնատները, որոնց տեղափոխման համար նախօրոք ապահովում է մի բեռնատար վագոն Անի կայարանում:

Լոռեցիների զինված այդ խումբը Աշխարհբեկ Լոռու-Մելիք Քալանթարի գլխավորությամբ մտնում է Անի, որտեղից ուսերի վրա, մոտ երեք վերստ, Անիի հնադարանի էքսպոնատներն ու այլ իրեր Ախուրյանի ձորով սկսում են կրել դեպի Խարկով գյուղը և ապա սայլով տեղափոխում Անի կայարան:

Սակայն այդ անձնազոհ խմբին չհաջողվեց լրիվ ավարտել աշխատանքը: Թշնամին անակնկալի բերեց և նրանք գնդակների տարափի տակ, հալածական հեռացան Անիից:

Միայն հայրենիքի հանդեպ ունեցած վառ սերն ու անձնվիրությունը կարող էր այդ խանդավառ խմբի անդամներին տալ ուժ ու կարողություն իրենց երկրի պատմական մշակույթի արժեքները Ախուրյանի ձորի նեղ կածաններով, ուսերի վրա տեղափոխելու դժվարին գործը կատարել:

Գովելի է Աշխարհբեկ Քալանթարի այդ նախաձեռնությունը: Եվ այժմ, երբ մենք տեսնում ենք մեր պատմական թանգարանում Անի քաղաքին վերաբերյալ հնագիտական իրեր, այդ ամենի համար պարտական ենք նրան:

Նա կորստից փրկեց իր ուսուցչի բազում տարիների վաստակի մի մասը միայն, որի մեջ ինքը ևս բաժին ուներ: Բայց այդ նվիրական նախաձեռնության մեջ, անկախ իր կամքից ու ցանկությունից, աններելի մի սխալ գործեց: Բացի հնագիտական արժեքներից, նա տեղափոխել տվեց իր ուսուցչի գրքերի հսկա պահարանը, գրադարանը, Անիի հնադարանի կողմից հրատարակված հարյուրավոր գրքեր, դանակներ, պատառաքաղներ, գդալներ, պնակներ, միս աղալու մեքենա, բահեր, բրիչներ և նման այլ իրեր, որոնց տեղափոխելու կարիքը բնավ չկար: Դա միայն ժամանակի անիմաստ վատնում էր: Այդ բոլորի փոխարեն, նա կարող էր կորստից փրկել ևս շատ արժեքներ: Նա ժամանակ չունեցավ տեղափոխելու Գագիկ Ա. թագավորի արձանը, որը մի արժեքավոր նմուշ է 10-րդ դարու հայ արձանագործության: Նա կարողացավ անջատել մարմնից թագավորի գլուխը և ձախ թևը միայն, և թաքցնել այն մեզ անհայտ մի տեղ՝ Գագիկի մարմինը և աջ թևը թողնելով հնադարանի շենքում, բախտի քմահաճույքին:

Հետագայում, կարծեմ 1922 թվին, Աշխարհբեկին հաջողվեց կրկին այցելել Անի: Այնտեղ նա լուսանկարեց թանգարանների շենքերի ներքին անմխիթար վիճակը:

Ահա թե ինչ է ասում լուսանկարը:

Քարեդարանի տանիքը, լուսամուտները, դռներն ու հատակի տախտակները և բազմաթիվ դարակներ չկան… Անողոքաբար հափշտակված են հարևան գյուղերի թուրք բնակիչների կողմից, որի հետևանքով խառնիխուռն թափված են երբեմնի մեծ խնամքով հավաքված և դարակների վրա դարսված քանդակազարդ բեկորներ և արձանագրված քարեր: Նույն վիճակին էր դատապարտված նաև հնադարանը:

Լուսանկարում՝ Մառը Անիում, լուսանկարը՝ Արամ Վրույրի, 1908թ

Շարունակելի