Մեր նորագույն քաղաքական անցյալը և ներկան. Զարուհի Փոստանջյանի հոդվածը

1261

«Բռնությունը ստեղծել է առաջին ստրուկներին, վախկոտությունը նրանց հավերժացրել է»:

Ժան Ժակ Ռուսո

Արդյոք հայ ազգը ձեռնարկելո՞ւ է իր հեղափոխությունը, նրա լայն զանգվածները լցվելո՞ւ են հեղափոխական եռանդով և նրանց առաջնորդելո՞ւ է հեղափոխականորեն առաջադեմ քաղաքական ընտրանին (էլիտան):

Հազարամյակներ անընդմեջ հայ ազգը` ապրելով հայրենի բնօրրանում` Հայկական բարձրավանդակում և նրա հարակից տարածքներում, անմիջական ազդեցության կրողն է եղել աշխարհում տեղի ունեցած աշխարհաքաղաքական այնպիսի գործընթացների, ինչպիսինք են քաղաքակրթությունների հերթափոխը, քաղաքակրթությունների բախումը, հասարակարգերի հերթափոխը, նոր աշխարհակարգերի ձևավորումը, կայսրությունների անկումը, նոր կայսրությունների և պետությունների ծագումը: Այս ընթացքում նա ի ցույց է դրել և´ իր քաղաքական անկախությունը (քաղաքական սուբյեկտությունը) գնահատելու ու պահպանելու կարողությունը, և´ հպատակվողի, տարբեր բացասական ազդեցությունների կրողի, քաղաքական կախյալ կարգավիճակից չխորշելու (քաղաքական սուբյեկտից քաղաքական օբյեկտի վերածվելու) իր բնույթը: Վերջինիս դեպքում (նվաճված ազգի կարգավիճակում) հայ ազգը որդեգրել է «մի կերպ գոյատևելու» հարմարվողական աշխարհայեցողությունը, մտածելաձևը և գաղափարախոսությունը:

Վերջին մի քանի դարերի ընթացքում քաղաքակրթական և հասարակարգային հերթափոխը լիարժեք չանցնելով և, ըստ այդմ, դադարելով լինել քաղաքական ազգ, մենք ոչ միայն ետ մնացինք համաշխարհային քաղաքական գործընթացներից, այլև մեր վրա կրեցինք աշխարհաքաղաքական բոլոր ցնցումների ու անցումային շրջանների աղետալի հետևանքները:

Նախքան հայությանը պատուհասած Մեծ Եղեռնը և Մեծ Հայրենազրկումը, ազգը և նրա վերնախավը չէին բախվել աշխարհաքաղաքական այնպիսի գործընթացների հետ, ինչպիսիք էին լուսավորական շարժումը, Ֆրանսիական հեղափոխությունը և դրանից բխող` հետագա համաշխարհային զարգացումները: Նոր ինդուստրիալ հասարակարգի և աշխարհակարգի ձևավորման հիմքում ընկած իրադարձությունները՝ որպես նոր աշխարհայեցողություն, նոր մտածելակերպ ու նոր գաղափարախոսություն, չկարողացան մտնել մեր ազգային ինքնագիտակցության մեջ, որպեսզի օգնեին` դառնալու քաղաքական ազգ ու ապահովեին մեր անցումը դեպի նոր հասարակարգ և աշխարհակարգ: Միայն հայ ազգի փոքր հատվածի շրջանում այն կարողացավ ապրել ու վերածվել երկի և աշխատության, հանրային և քաղաքական կազմակերպված միավորի, ինչն էլ բավարար հիմք չէր նորից քաղաքական ազգ դառնալու համար:

Ժամանակակից ժողովրդավար համակարգերի կառուցվածքի հիմքում ընկած են լուսավորական մեծ շարժման գաղափարները: Այդ գաղափարներն էին, որ նախապատրաստեցին լայն զանգվածներին ու քաղաքական ընտրանուն` կյանքի կոչել Ֆրանսիական հեղափոխությունը և նրա կողմից առաջադրված պահանջները:

Լուսավորական մեծ շարժումը և Ֆրանսիական հեղափոխությունը ավետեցին, որ երջանկության ձգտող մարդը պետք է ունենա քաղաքական իրավունքներ, մաս կազմի քաղաքական ազգի և դարբնի քաղաքական միտք ու ունենա քաղաքական իդեալներ: Հենց քաղաքական ազատություններն էլ, առաջին հերթին, դարձան ժամանակակից ազգային պետությունների զարգացման ու ծաղկման հիմնաքարը և մարդուն պարգևեցին երջանկություն:

Դարեր շարունակ կորցնելով ազգային պետականությունն ու ազգային քաղաքական անկախությունը և Ֆրանսիական հեղափոխությունից առաջ ու դրանից հետո ընկած ժամանակաշրջանում մի քանի հարյուրամյակ ապրելով օտարի, մեր քաղաքակրթությանն անհարիր ծանր լծի տակ, հայերն իրենց դրսևորում էին որպես ոչ քաղաքական ազգ և գոյատևում որպես կրոնական/ազգային համայնք` միաժամանակ մաս կազմելով տվյալ կայսրության հպատակությամբ ապրող այլ ժողովուրդների: Այդ պայմաններում հայ ազգը չկարողացավ զարգացնել սեփական քաղաքական միտքը և ստեղծել սեփական նոր քաղաքական ընտրանին, այսինքն` անպատրաստ էր դիմավորելու ինդուստրիալ հասարակարգը և նոր աշխարհակարգի ձևավորումը: Նրա անկազմակերպվածությունը, քաղաքական տգիտությունը հանգեցրին անդառնալի հետևանքների: Մենք՝ որպես ազգ, չկարողացանք օգտվել ոչ ինդուստրիալ աշխարհի, ոչ էլ նրան զուգորդող նոր աշխարհակարգի ձևավորման ընձեռած հնարավորություններից: Իսկ մեր բնօրրանի աշխարհագրական նպաստավոր դիրքը մեզ օգնելու փոխարեն, օգնեց բռնակալ կայսրություններին` կրկին դիրքավորվելու և երկարաձգելու իրենց կյանքը:

1991-ին՝ բեռլինյան պատի քանդմամբ, ազդարարվեց դեպի արևելք արդի, եվրոպական նոր ժողովրդավարությունների տարածման մասին: Կրկին բախվեցինք նոր հասարակարգի և նոր աշխարհակարգի ձևավորմանը:

Քսաներորդ դարավերջում` 1988-ին, մեր հայրենիքում սկիզբ առած հեղափոխությունը` ցնցելով ողջ հայությանը, շարժման մեջ դրեց հասարակական բոլոր շերտերը: Այդ տարիների ընթացքում ի հայտ եկած հայկական առաջադեմ քաղաքական հատվածը` հակադրվելով ապազգային, խորհրդային հասարակարգի վերնախավին, սկսեց կերտել սեփական ուժերի վրա հենված քաղաքականություն: Նոր առաջադեմ քաղաքական հատվածը գնում էր դեպի բռնազավթած հայրենիքի ազատագրում, անկախ, ազատ ազգային պետականության և ազգային զինված ուժերի ստեղծում: Հայ ազգի այս հատվածի երթը երկար չտևեց: Նա հաղթանակ արձանագրեց միայն հայ ազգի համար բացառիկ կարևոր պայքարում, բեկումնային քաղաքական հայտի իրագործմամբ` Արցախի մասնակի ազատագրմամբ:

Այս ճանապարհը հաջողությամբ անցնելու համար առաջադեմ քաղաքական հատվածին անհրաժեշտ էր ապահովել հանրակարգային և քաղաքակրթական հերթափոխը` նորից վերհանել, զարգացնել քաղաքական ազգին բնորոշ իրավունքների և պահանջների գիտակցումն ու ներկայացումը:

Առաջադեմ քաղաքական հատվածը պետք է հիմնահատակ քանդեր հայկական Բաստիլը` ԿԳԲ-ն, դատապարտեր խորհրդային կարգերը` գաղտնազերծելով տապալել խորհրդային բռնապետությունը, վտարեր հանրային և քաղաքական կյանքից որպես ընտրանի հանդես եկող` բռնապետությանը ծառայող բոլոր հին ներկայացուցիչներին, ապահովեր հանրային միջոցների արդարացի բաշխումը և պաշտպաներ դրանք յուրացումից, պահանջեր անդրսահմանային հայության համար քաղաքական իրավունքների տրամադրում և ներգրավեր անդրսահմանային հայ ազգին հայկական պետականության քաղաքական գործընթացների մեջ:

Հանրակարգային և քաղաքակրթական հերթափոխը` խորհրդային հայ հանրության վերափոխումը ազգային ժողովրդավարական հանրության, խորհրդային հայ վերնախավի փոխարինումը ազգային առաջադեմ քաղաքական հատվածով, դիպչելու էր խորհրդային վերնախավից շատերի շահերին: Հին վերնախավի ստորին ներկայացուցիչները (Ղարաբաղ կոմիտեի անդամներ, ՀՀՇ-ականեր, հետագայում ՀՀԿ-ականեր և այլք) սարսափում էին ազգային, քաղաքական, ժողովրդավար ընտրանու ներկայացուցիչներից, քանզի վերջիններս նրանց համար իրական սպառնալիք էին և կարող էին վերջ դնել նրանց գոյությանը: Նրանք հասկանում էին, որ ազգային, ժողովրդավար ընտրանին ի զորու է ցնցել իրենց համակարգը` հիմնահատակ տապալելով այն: Սա էլ ի սկզբանե առիթ դարձավ ազգային, քաղաքական, առաջադիմական հատվածի ոչնչացման:

Այս ամենը հնարավոր էր հաղթահարել, եթե որպես ազգ քաղաքականապես պատրաստ լինեինք Խորհրդային միության փլուզմանը և նոր աշխարհակարգի ձևավորմանը: Դարձյալ պատրաստ չէինք: Չներկայացվեց միասնական ազգային քաղաքական հայտը: Անդրսահմանային հայ ազգը չպահանջեց քաղաքական իրավունքներ հայկական նոր և անկախ պետականությունից, իսկ հայկական պետականության ներքո ապրող հայ ազգը զրկվեց քաղաքականությամբ զբաղվելու հնարավորությունից` քաղաքական իրավունքներից: Հայկական նորաստեղծ պետականությունում հանրային սեփականությունն ապօրինաբար յուրացվեց, քաղաքականությունն ու տնտեսությունը մենաշնորհվեցին:

Քսաներորդ դարում ազգը ապրեց երկու խոշոր տրոհում: Մեծ Եղեռնից և Մեծ Հայրենազրկումից հետո, որը հայ ազգին վերացնելու փորձ էր և տեղի ունեցավ օտարների ձեռքով, առաջացավ առաջին մեծ տրոհումը: Այս ողբերգությանը հաջորդեց երկրորդ տրոհումը, որը սկիզբ առավ ինսունականներին և շարունակվում է մինչ օրս` այժմ արդեն հայազգի ներկայացուցիչների անմիջական ղեկավարմամբ:

1990 թվականի սկզբին մի կողմից աշխարհասփյուռ հայությունն էր, որ ոգևորված էր ազգային և ժողովրդավարական գաղափարներով, մյուս կողմից հակառակորդն էր՝ ապազգային, ապաքաղաքական, հետադիմական վերնախավով, որ ամեն կարգի դավադիր գործողություններով ջանում էր ոչնչացնել, խեղդել ու կասեցնել ծավալվող պայքարը հանուն հիմնարար ազատությունների և ազգային-ազատագրական շարժման հաղթանակի: Հետադիմականները, սակայն, հաղթեցին ազգային և ժողովրդավար աշխարհայեցողության, մտածելակերպի և գաղափարախոսության կրողներին: Հաղթեցին, քանի որ իբրև ազգ, քաղաքականապես անհաղորդ էինք նոր քաղաքական իրողություններին, չէինք զարգացել, չէինք հասունացել, մնացել էինք քաղաքական տգիտության մեջ` անկարող վերագտնելու մեր հինավուրց ազգի քաղաքական իմաստնությունն ու հմտությունները, արդյունավետ օգտագործելու նոր աշխարհակարգի և հասարակարգի ընձեռած հնարավորությունը: Խորհրդային վերնախավի գորշ միջակություններն օգտվեցին ազգի քաղաքական թուլությունից. նրանք կասեցրին հայրենիքի ազատագրումը և վիժեցրին ժողովրդավար համակարգի հիմնադրումը՝ նախկին Խորհրդային սոցիալիստական Հայաստանի Հանրապետությունը փոխարինելով երևանյան գավառապետությամբ:

Իրողություն է` ոչ մի քանի հարյուր տարի առաջ, ոչ քառորդ դար առաջ, ոչ էլ այսօր չենք ցանկանում հասկանալ, որ ազգ ենք և ունենք ազգային շահեր՝ միևնույն ժամանակ կարող ենք օգտվել համաշխարհային քաղաքականության լիարժեք սուբյեկտի իրավունքներից` վերականգնել մեր ազգային արժանապատվությունը, ապրել ինքնաբավ ու երջանիկ մեր սեփական հայրենիքում:

Խորհրդային համակարգի փլուզումը բազմաթիվ ազգերի համար դարձավ հրաշալի հնարավորություն` իրագործելու արագ համակարգային փոփոխություն` հեղափոխություն, սակայն շատ ազգերի համար, այդ թվում` հայերի, այդ փլուզումը դարձավ գոյություն ունեցող համակարգի ամրապնդման խարիսխ:

Մարդկությունը, և մենք այդ թվում, արդեն քանի հազարամյակ ապրում է և´ ճգնաժամային, և´ անցումային փուլերում: Հայ ազգի համար նորից եկել է ցնցում ապրելու և անցում կատարելու ժամանակը: Մենք գտնվում ենք նոր աշխարհակարգի ձևավորման գործընթացի մեջ, որի բաղկացուցիչ մասն է կազմում դարերից եկած Արևելյան հարցը (Սիրիա, Իրաք, Քրդստան, Թուրքիա և, իհարկե, Հայաստան): Մենք մաս ենք կազմում նաև համաշխարհային հետինդուստրիալ, գլոբալացված, թվային հասարակարգի: Սակայն մենք նոր հասարակարգի և աշխարհակարգի ձևավորման ժամանակաշրջան ենք մտել քաղաքականապես չկազմակերպված աշխարհասփյուռ հայությամբ (անդրսահմանային հայ ազգով), պատմական հայրենիքի 42 հազար քառակուսի կմ տարածքի վրա հայկական պետականությամբ` բռնակալական ավտորիտար կառուցվածքով և քաղաքականապես թերաճ, քաղաքական իրավունքներից զուրկ հայ ազգով:

Տևապես ազգային քաղաքական անկախություն ու պետականություն չունեցած մեր ազգը աշխարհաքաղաքական իրողությունները չի դիտարկում հայեցակարգային դիտանկյունից, այլ առաջնորդվում է իրավիճակային, սոցիալական և հոգեբանական գործոններով: Այն իդեալը, որին` իբրև քաղաքական հայեցակարգ, պիտի ձգտեր մեր ազգը, մնաց անորոշ, քանի որ այն կյանքի կոչող քաղաքական ընտրանին և քաղաքական հայ ազգը` որպես միասնական մարմին, չկայացան: Օրինակ` ո՞րն էր այն իդեալը՝ կատարելատիպը, որին մենք ձգտում էինք և որը պետք է իրականանար 88-ի հեղափոխությունից քառորդ դար անց: Այդ կատարելատիպն այդպես էլ չձևակերպվեց որպես քաղաքական հայեցակարգ, չընդունվեց ու չսպասարկվեց:

Մեր ազգային գաղափարախոսության կարևոր բաղադրիչը, մեր երազանքը, ապագային և առաջընթացին միտված պատկերացումները, որոնցով կիմաստավորվեր նաև մեր ներկա կյանքը, բանաձևային ձևակերպում չստացան և հանգեցրին հավաքական քաղաքական, ազգային կամքի ձևավորման բացակայության, առանց որի կորցրինք մեր բազմաչափությունը, քաղաքական գործոն լինելու հնարավորությունը, ոչնչացրինք մեր մարդկային անհատական կամքը՝ տեղի տալով նյութապաշտությանը, հետադիմական, գավառական մտայնությանը և այնպիսի մի համակարգի, որտեղ մարդն իր հիմնէությամբ առոչինչ է և չկա ընդհանուր ազգային շահ: Մենք ազգային վարքագիծ ու ապրելակերպ դարձրինք հետամնաց բարքերը և շարունակեցինք ապրել որպես ազգային/կրոնական կամ բարոյազուրկ համայնք թե´ մեր հայրենիքում, թե´ հայրենիքից դուրս:

Շարունակել չներկայացնել մեր ազգային քաղաքական հայտը, ազգային հայեցակարգը և բանաձևված սեփական ազգային գաղափարախոսությունը` նշանակում է կործանման տանել հայ ազգին:

Զարուհի Փոստանջյան

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ