Բրիտանացիները Զանգեզուրը փորձում էին խլել հայերից և հանձնել ադրբեջանցիներին

1579

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը ներկայացնում է հատված հայ քաղաքական մտքի պատմության լավագույն ստեղծագործություններից մեկից՝ Հայաստանի Առաջին Հանրապետության վերջին վարչապետ Սիմոն Վրացյանի ԽԱՐԽԱՓՈՒՄՆԵՐ գրքից: Այս հատորը պատասխանն է Հայաստանի Առաջին Հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունու Հ. Յ. ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԵԼԻՔ ՉՈՒՆԻ ԱՅԼԵՒՍ զեկուցագիր-գրքի

Անցնենք, սակայն, նրա փաստերին ու դատողություններին, և տեսնենք, թե ի՞նչ ճանապարհով և ո՞ւր է տանում նա մեզ:

1. Քաջազնունին հենց սխալով է սկսում իր «ինքնագնահատումները»: «Հ. Յ. Դաշնակցությունը, գրում է նա, հակառակ իր ընդհանուր ժողովին, որ հազիվ մի քանի շաբաթ առաջ՝ Էրզրումում, բացասական որոշում էր տվել, գործուն մասնակցություն ունեցավ թե (կամավորական) խմբերի կազմակերպման և թե նրանց հետագա ռազմական գործողությունների մեջ Թուրքիայում… Մենք ամենամեծ չափերով մասնակից ենք եղել կամավորական շարժմանը և այդ արել ենք հակառակ կուսակցական կամքը արտահայտող Ընդհանուր ժողովի  որոշման»:

Ընդգծում եմ «բացասական» և «հակառակ» բառերը և, իբրև մեկը, որ մասնակցել է Էրզրումի Ընդհանուր ժողովին, հաստատում եմ, որ Էրզրումում ո՛չ բացասական և ոչ դրական որոշում չի տրված կամավորական շարժման մասին հենց այն պարզ պատճառով, որ այդ հարցը  Ընդհանուր ժողովի քննության նյութ էլ չի եղել: Էրզրումի Ընդհանուր ժողովը գումարվեց հուլիսի կեսերին: Այն ժամանակ դեռ կարելի չէր ոչ պարզվելիք դեպքերի բնույթը որոշել և ոչ ծավալը: Ընդհանուր ժողովը հնարավոր սխալներից խուսափելու համար սահմանափակվեց  միայն ընդհանուր  խոսքերով և ընտրեց հատուկ մի մարմին, որը հետագայում պետք է որոշեր կուսակցության կոնկրետ անելիքները: Հետևաբար և կամավորական շարժումը, պիտի լուծում ստանար այս մարմնից: Հետագայում, դեպքերի արագ զարգացման և հարաբերությունների փակման պատճառով հատուկ մարմինը չկարողացավ մեկտեղվել, և  կուսակցական տեղական մարմիններին մնաց այս կամ այն ընթացքին հետևելու վճիռ տալը:

Քաջազնունին Էրզրումի Ընդհանուր ժողովին հակակամավորական որոշում է վերագրում նրա համար, որ դրանից եզրակացնի, թե «Դաշնակցությունը Անդրկովկասում անցյալներում էլ եղել է ոչ այնքան հեղինակ ու նախաձեռնող, որքան հետևող այն շարժումների, որոնք առաջ են եկել իրենից անկախ»: Ենթադրենք մի րոպե, թե այդ այդպես է. ի՞նչ վիրավորական բան կա դրա մեջ: Քաղաքական կուսակցության  դերն է՝ հասկանալ ժողովրդական զանգվածների տրամադրությունները, ներքին բնազդով ըմբռնել կյանքի մեջ հասունացող խնդիրները, գիտակցել տարերային կերպով սկսվող շարժումները և նրանց ընթացք և ուղղություն տալ համաձայն իր հիմնական սկզբունքների: Ենթարկվելով ընդհանուր հոգեբանությանը, հետևելով իրենից անկախ առաջ եկած շարժումներին՝ Դաշնակցությունը գույն ու բովանդակություն է տվել, վարել է այդ շարժումները: Դրան ապացույց հենց Քաջազնունու հիշած դեպքերը՝ եկեղեցական կալվածների գրավման առթիվ ցույց տրված դիմադրությունը, հայ- թաթարական ընդհարումները, բանվորական շարժումները և այլն: Հարցը այն չէ, թե նա հետևել է, այլ, թե արդյոք դրանով կարողացե՞լ է հետապնդել իր հիմնական նպատակները, իրագործել իր ծրագրի այս կամ այն կետը: Եվ հետաքրքիր է՝ ո՞ր կուսակցությունն է աշխարհում, որ այդպես չի վարվում: Կուսակցությունները ևս առանձնասենյակներում գաղափարներ հղանալու համար չեն ստեղծվում: Նրանց նպատակը կյանքի ընկերային գործնական պահանջներին գոհացում տալն է: Ընկերային խոշոր շարժումները, մեծ մասամբ , առաջ են գալիս տարերային կերպով, և կուսակցությունները օգտագործում են այդ, իրենցից առաջ ստեղծված տարերային շարժումները և իրենց նպատակներին համապատասխանող ձեռնարկներ կատարում:

2. Խոսելով 1915-1916 թվականի դեպքերի, հայ գաղթականության և ռուսական նահանջների ու սրանց զուգընթաց հայ հասարակության տրամադրության մեջ առաջ եկած ելևէջների մասին՝ Քաջազնունին համարում է հայ հասարակությունը թեթևամիտ ու տհաս, որ իր դժբախտությունները բացատրում էր լոկ ռուս քաղաքականության նենգություններով: Եվ այստեղ էլ Քաջազնունին կանգնում է սխալ հողի վրա: Որ թեթևամիտ տարրեր կային հայ հասարակության մեջ, ոչինչ չկա զարմանալու, բայց որ Դաշնակցությունը և, առհասարակ, հայ ժողովրդի ղեկավար շրջանները իրավունք ունեին դժգոհելու, զայրանալու և բողոքելու ռուս կառավարության դեմ, այդ էլ ամենևին զարմանալի չէ:

Քաջազնունու խոսքերից այնպես է դուրս գալիս, որ ռուս կառավարությունը 1914-ին, կամավորական խմբեր կազմելու նախօրյակին, ոչ մի հանձնառություն չի ստանձնել հայ ժողովրդի հանդեպ և որ, իբր թե, մենք «մեր սեփական ցանկությունները դրել էինք ուրիշի մեջ, մեզ հաճելի իմաստ էինք տալիս անպատասխանատու մարդկանց  անբովանդակ  խոսքերին»: Քաջազնունին չի կարող պնդել , որ Կովկասի փոխարքա Վորոնցով-Դաշկովը և Ռուսաստանի ցարը «անպատասխանատու մարդիկ» էին, և ահա այդ երկու պարոններն էին, որ շատ որոշ կերպով հայտարարում էին հայ ազգի ներկայացուցիչներին, թե նրանք խոստանում են իրագործել հայկական բաղձանքները Քաջազնունու հայտնի բանաձևով: Նոյեմբերի 11-ին, Թիֆլիսում, Հայոց կաթողիկոս Գևորգ Ե-ի հետ ունեցած տեսակցության ժամանակ ցար Նիկոլայը հայտնել էր դարձյալ, որ ինքը խոստանում է կատարել հայ ժողովրդի ցանկությունները այն ձևով, ինչ ձևով, որ նրանք արտահայտվել են կաթողիկոսի կողմից:

Քաջազնունին այսօր կարող է առարկել, թե սրանք առանձնասենյակներում ասված խոսքեր են և մեջտեղը վավերաթուղթ գոյություն չունի: Նախ, Քաջազնունին հենց իր ծանր փորձերից գիտի, թե միջազգային հարաբերություններում ի՞նչ արժեք ունեն վավերաթղթերը. Սևրի հիշատակը դեռ կենդանի է: Երկրորդ, Քաջազնունին գիտի նաև, [որ] ի միջի այլոց, Հայոց Ազգային բյուրոն ինքն էր, որ շատ վճռական կերպով՝ Քաջազնունուն հայտնի պատճառներով, սկզբի շրջանում հակառակում էր հրապարակային ցույցերից ու հրովարտակներից: Պատերազմի առաջին ամիսներին ռուս կառավարությունը կամենում էր լեհերի օրինակով, հայերին ևս հրովարտակ ուղղել, և հայ գործիչներն էին, որ վնասակար ու անցանկալի էին համարում:

«Իլյուզիայի մի անթափանցիկ մթնոլորտ էինք ստեղծել մեր մտքի շուրջը»,- ասում է Քաջազնունին: Եթե ստեղծել էինք էլ, խիստ կարճ ժամանակով: Շատ շուտով ամենքի աչքերը բացվեցին և հասկանալի դարձավ, որ ռուս կառավարությունը Հայաստանում ինչ նենգ քաղաքականության է հետամուտ լինում: Եվ չարաչար սխալվում է Քաջազնունին , երբ 1915-1916 թվականի ռուս զինվորական առաջխաղացուներն ու նահանջները միայն ռազմագիտական նկատումներով է բացատրում: «Քաղաքականապես տհաս ու մտքով անհավասարակշռված» լինելու բնավ պետք չկա տեսնելու համար, որ ռուս զինվորականների քայլերի մեջ ռազմագիտությունից զատ կար և քաղաքականություն՝ այն  քաղաքականությունը, որի հեղինակն է համարվում Լոբանով- Ռոստովսկին: Այս պարագան բոլորովին անվիճելի դարձավ 1916-ին, երբ Դաշնակիցների կողմից Թուրքիայի և Պարսկաստանի բաժանման հարցը մեջտեղ դրվեց: Այդ ժամանակից սկսած ռուսների վերաբերմունքը դեպի հայերը կտրուկ կերպով փոխվեց, կամավորական գնդերը, որոնց քաջությունը մինչև այդ համարվում էր ամեն գովեստից վեր, հանկարծ դարձան ավելորդ և լուծվեցին, հակառակ որ քիչ առաջ նոր գնդեր կազմակերպելու հրաման էր տրված:

Հայ քաղաքացիական պաշտոնեությունը թիկունքից հեռացվեց. Վանի, Ալաշկերտի և մյուս շրջանների հայկական վարչությունը վերացվեց, և մեջտեղ եկավ Եփրատյան կազմակերպության ծրագիրը: Հայկական ինքնավար շրջանի փոխարեն հաստատվեց զորավար Պեշկովի ընդհանուր նահանգապետությունը, որի գաղտնի հրամաններից շատերը, ինչպես նաև վարչական կանոնադրությունը ժամանակին եղել է հայ գործիչների ձեռքին: Շեշտված հակահայ կազմակերպություն էր այդ ընդհանուր նահանգապետություն կոչվածը, և զորավար Պեշկովը իր պաշտոնյաներին հրաման էր տվել պատերազմի ընթացքում գրավված վայրերը մաքրել տեղական ազգաբնակությունից և, առաջին հերթին, հայերից՝ Ռուսաստանից գաղթելիք ազգաբնակության [համար] տեղ պատրաստելու նպատակով: Ահագին տարածություններ Վանա լճի եզերքին, Մանազկերտի ու Խնուսի կողմերը, Ռիզայի ծովափին վերապահված էին իբրև բաժին պատերազմին մասնակցող զինվորականների և ծառայողների համար:

Քաջազնունին, որ այդ ժամանակ պաշտոնյա էր Հայոց Ազգային բյուրոյում և պատրաստում էր Սահմանադրությունը ապագա ինքնավար Հայաստանի՝ Բայազետից մինչև Ալեքսանդրետ, այս ամենը, անշուշտ, գիտի: Գիտի նաև, թե ինչ ոճրագործ հակահայ վերաբերում էին ցույց տալիս զորավար Պեշկովները: Ինքն էլ է ուրիշների հետ միասին վրդովվել այդ մարդկանց կատարած քայլերի համար, ծանոթ է Ազգային բյուրոյին հասնող բազմաթիվ փաստերին, որոնք ցույց էին տալիս, թե ինչպես այս ու այն հրամանատարը արհեստական նահանջներով գաղթեցնում ու թալանում էր հայ ժողովրդին: Եվ գիտի, գոնե այն ժամանակ գիտեր, բայց այսօր գալիս է ասելու, թե «կույր ու անհիմն է մեր մեղադրանքը» ռուս կառավարության հասցեին:

Ո՛չ, կույր ու անհիմն չէ: Ճի՛շտ է, որ « ռուսները խաբեցին ու դավաճանեցին մեզ»: Ճի՛շտ է, որ «ռուսները այդպես ար[եց]ին, որպեսզի ամայացնեն Հայաստանն ու կոզակներ նստեցնեն այնտեղ»: Սրանք ծանոթ ու հաստատված փաստեր են և մնում է զարմանալ, թե Քաջազնունին ինչպէ՜ս է առարկում դրանց:

Քաջազնունին հեգնանքով է խոսում և անգլիացիների Անդրկովկասում հետևած քաղաքականության առթիվ հայ հասարակության մեջ առաջ եկած դժգոհությունների մասին. «Իհարկե, գրում է նա, գանգատվեցինք դառնորեն  անգլիացիներից, աս[աց]ինք՝ ապերախտ են այս մարդիկ: Դա ամենահեշտ միջոցն էր՝ մեզ անհասկանալի  երևույթները բացատրելու համար: Ապերախտ են , աս[աց]ինք, ու սրտներս թեթևացրինք, այլևս չորոնեցինք այդ ապերախտության աղբյուները»:

Անարդար է Քաջազնունին : Ճիշտ չէ նրա ասածը: Դժգոհեցինք, իհարկե, անգլիացիների վերաբերմունքից, որովհետև դժգոհելու լուրջ հիմքեր կային: Բազմաթիվ օրինակներից հիշենք, անգլիացիների վարմունքը, թեկուզ Զանգեզուրի հարցում: Իրավունք չունէի՞նք դժգոհելու և բողոքելու: Հենց Քաջազնունին ինքը Հայաստանի կառավարության կողմից ընդհանուր կոմիսար էր ուղարկել Գորիս և պատվիրել ամեն գնով Զանգեզուրը Հայաստանի մաս պահելու: Ինչո՞ւ: Որովհետև նա շատ լավ հասկանում էր, որ Զանգեզուրը Հայաստանի պետականության էական պայմաններից մեկն էր: Եվ ահա Հայաստանի պետականության այդ էական մեկ պայմանը անգլիացիք աշխատում էին խլել հայերից և հանձնել ադրբեջանցիներին: Բնական չէ՞ր, որ անգլիացիների այդ վարմունքը համարվեր վրդովեցուցիչ և բողոք առաջ բերեր:

Սխալվում է, սակայն, Քաջազնունին, թե անգլիացիների արածները մեզ համար «անհասկանալի երևույթներ» էին և որ մենք «չորոնեցինք այդ ապերախտության աղբյուները»: Եթե Հայաստանի ներկա վարիչները չեն այրել և պարսիկ խանութպաններին չեն ծախել Հայաստանի Հանրապետության բոլոր արխիվները, երևի մնացած կլինեն այն բազմաթիվ գրությունները, ոմանք, թերևս, և Քաջազնունու ստորագրությամբ, որոնք հաստատում են, թե ինչպիսի՜ համառությամբ Հայաստանի այն ժամանակվա կառավարությունը աշխատում էր պարզել և անգլիական վնասակար քաղաքականության առաջը առնել: Քաջազնունին կարող է գտնել նաև ՀՀ պատվիրակության Փարիզի արխիվներում մեկից ավելի նամակներ կառավարության արտաքին գործոց նախարար Ս. Տիգրանյանի ձեռքով գրված, որոնք ապացուցում են, որ մենք ոչ միայն աշխատել ենք «մեզ անհասկանալի երևույթները բացատրել», այլև պայքարել ենք նրանց դեմ: Քաջազնունին գիտի, որ այդ պայքարի հետևանքով էր, որ Լորտ Քըրզընը անգլիական կառավարության անունից սպառնալիք ուղղեց ՀՀ պատվիրականությանը հայերի՝ Ղարաբաղում ու Զանգեզուրում վարած «հակաանգլիական քաղաքականության» համար: Եթե Քաջազնունին նեղություն քաշեր վերհիշելու իր կառավարության՝ այդ ուղղությամբ կատարած քայլերը, արած դիմումները, գրած նամակներն ու տեղեկագրերը, տված հեռագրները, եթե քրքրեր ՀՀ պատվիրակության «գործ»-երը, անշուշտ, չէր գրի՝ այս անհասկանալի և անհունորեն անարդար խոսքերը. «սրտներս թեթևացրինք, այլևս չորոնեցինք այդ ապերախտության աղբյուրները»:

Եվ այն ժամանակ՝ 1918-ին, և այժմ մենք շատ լավ ըմբռնում ենք անգլիացիների քաղաքականության իմաստը: Այլ բան է անզոր կամ դժգոհ լինել այդ քաղաքականությունից, այլ բան է՝ հասկանալ նրա դրդիչները: Հասկանալով հանդերձ՝ մենք դժգոհ էինք և հակառակում էինք նրան, որովհետև տեսնում էինք, որ այդ քաղաքականությունը, որ, թերևս, համապատասխանում էր անգլիական շահերին, հակասում էր հայ ժողովրդի զարգացման կենսական պայմաններին: