Լոռին` կռվածաղիկ Հայաստանի և Վրաստանի միջև, ամենից ցավոտը հայ-վրացական սահմանային վեճերում

2027

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը ներկայացնում է հատված Հովհաննես Քաջազնունու՝ ՀՅԴ 1923թ. խորհրդաժողովին ուղարկված զեկուցագրից:

Օգոստոսի 1-ին Երևանում բացվեց Հայաստանի խորհրդարանը և կազմվեց անդրանիկ կառավարությունը:

Խորհրդարանը նույն Ազգային խորհուրդն էր՝ անդամների եռապատկված թվով. ավելացել էին սրանց վրա վեց թուրք, մի ռուս ու մի եզդի պատգամավոր:

Գերիշխող տեղը պատկանում էր Հ. Յ. Դաշնակցությանը: Բայց որովհետև մեր խմբակցությունը 47 ձայնից ուներ 18 միայն ու չկարողացավ կապվել մի ուրիշ խմբակցության հետ, խորհրդարանը չունեցավ կայուն կենտրոն ու որոշակի գծված քաղաքական դեմք:

Կայունություն չկար նաև կառավարությունում: Առաջին տասը ամսվա ընթացքում չորս անգամ փոխվեց դահլիճի կազմը (մնալով հանդերձ նույն վարչապետի նախագահության տակ):

Առաջին դահլիճները կոալիցիոն էին (դաշնակցականներ ու ժողովրդականներ, զինվորական նախարարը՝ չեզոք): Բայց կոալիացիան հաստատուն հիմք չուներ տակը, որովհետև չուներ ապահովված մեծամասնություն խորհրդարանում (ժողովրդականները հաճախ բաժանվում էին դաշնակցականներից) ու, որ ամենից էականն էր, չկար ծրագրային որոշակի համաձայնություն կոալիցիայի կուսակցություններրի միջև: Մեծապես խանգարում էր նաև այն դիրքը, որ բռնել էր մեր կուսակցությունը կառավարության հանդեպ:

Թերևս մի քիչ առաջ անցնելով, հարկ եմ համարում այստեղ ու հետո մատնանշել խոշոր սխալներից մեկը:

Հայաստանը ռամկավար հանրապետություն էր: Դաշնակցությունը ոչ միայն հակառակ չէր դրան, այլև ինքն էր պահանջում այդ պետական ձևը: Հանրապետությունն ուներ ռամկավար-խորհրդարանական պետություններին հատուկ օրգաններ՝ ժողովրդական ներկայացուցիչներից կազմված միապալատ օրենսդիր մարմին և պատասխանատու կառավարություն: Խորհրդարանը կազմված էր գոյություն ունեցող չորս քաղաքական կուսակցությունների ու, ապա, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներից: [Ազգային] խորհրդին հաջորդող խորհրդարանը ընտրված էր ռամկավարական ամենալայն սկզբունքներով (հինգանդամյան ընտրողական օրենք): Կառավարությունը ստանում էր իր լիազորությունը օրենսդիր մարմնից (Հայաստանը չուներ հանրապետության նախագահ), հաշվետու էր ու պատասխանատու նրա առջև:

Այս էր ձևը:

Բայց ուրիշ էր էությունը:

Գործնականում, մեր կուսակցությունը ձգտում էր իրեն ենթարկել, իր հսկողության տակ առնել թե՛ օրենսդիր մարմինը, թե՛ կառավարությունը: Մենք քաջություն չունեինք (ոչ էլ՝ կարողություն) բացեիբաց կուսակցական դիկտատուրա հայտարարելու: Բայց և չէինք ուզում մնալ խորհրդարանական կարգերի սահմանում ու փորձ էինք անում Հայաստանում իրականացնել Իթթիհատականների գործելակերպը՝ կուսակցական դիկտատուրա ռամկավարական ձևերի տակ քողարկված:

Իշխանության անհանդուրժելի երկվություն էր առաջ եկել. Հրապարակում խորհրդարանն ու իր կառավարությունը, ստվերում՝ կուսակցությունն ու իր օրգանները:

Հասկանալի է, որ այս երկու կարգի իշխանությունները՝ պաշտոնականն ու անպաշտոնը, կարող էին միայն խանգարել ու կաշկանդել մեկը մյուսին: Ձևական պահանջները թույլ չէին տալիս, որ կուսակցությունը ազատ և արագորեն շարժվի, իր կամքը լրիվ արտահայտի, իսկ կուսակցության միջամտությունը թույլ չէր տալիս, որ կառավարությունն իր գիտեցածն անի, իր գործը տանի:

Հասկանալի է նաև, որ այս դրությունը շատ էր դժվարացնում մի լուրջ ու անկեղծ կոալիցիա կազմելու գործը: Եվ իրոք, կոալիցիայի մեջ մտնող օտար տարրերը հարկադրվում էին վարել մի քաղաքականություն, որ իրենցը չէր, մշակվում էր ու նախագծվում կառավարությունից դուրս, կուսակցական մարմիններում, ուր իրենք չէին կարող ունենալ մուտք ու մասնակցություն:

Այս ցավոտ խնդրի մասին ես կազմել եմ անցյալ ամառ՝ պատասխանատու մարմնի հանջնարարությամբ ու ընդհանուր ժողովին ներկայացնելու համար, մի ընդարձակ զեկուցագիր: Զեկուցագիրս կարդացվել է Պոլսում գումարված շրջանային ժողովում:

Նոյեմբերին ընդհանուր զինադադար հայտարարվեց. Գերմանիան ու իր զինակիցները պարտված էին, ջարդված՝ հաղթանակը դաշնակիցներինն էր:

Գերմանական զորքերը հապճեպ հեռացան Վրաստանից, սկսեցին քաշվել դեպի իրենց նախկին սահմանները նաև թուրքերը: Ամսի վերջին Բաթումում ափ իջան առաջին անգլիական զորքերը՝ մեր դաշնակիցների զորքերը:

Հույսերի նոր դուռ էր բացվում մեր առջև: Թվում էր, թե մեր դրությունը Անդրկովկասում պիտի փոխվի արմատապես՝ փոխվի դեպի լավը. չէ՞ որ մենք էլ կռվել էինք իրենց շարքերում ընդհանուր թշնամիներից մեկի՝ Թուրքիայի դեմ: Բնական էր հուսալ, թե մենք պիտի վայելենք անգլիացիների առանձին բարյացակամությունը ու որոշակի տարբերվենք վրացիներից, որ այնքան սիրախաղ էին արել գերմանացիների հետ ու մանավանդ ադրբեջանցիներից, որոնք պարզապես անցել էին թուրքերի կողմը:

Դարձյալ սխալվել էինք. անգլիացիները չարեցին այդ տարբերությունը: Կարծես չգիտեին կամ մոռացել էին, թե մենք իրենց դաշնակիցներն ենք, իսկ վրացիների ու ադրբեջանցիների հանդեպ ցույց տվին այնպիսի մեծահոգություն, որ միանգամայն անսպասելի, մասամբ իսկ անհասկանալի էր մեզ համար:

Իհարկե, անգլիացիներին գանգատեցինք դառնորեն, աս[աց]ինք՝ ապերախտ են այդ մարդիկ: Դա ամենահեշտ միջոցն էր՝ մեզ անհասկանալի երևույթները բացատելու համար: Ապերախտ են, աս[աց]ինք ու սրտերս թեթևացրինք, այլևս չորոնեցինք այդ ապերախտության աղբյուրները:

Դեկտեմբերի սկզբներին ծագեց կարևատև հայ-վրացական պատերազմը:

Երբ թուրքական բանակը, Ալեքսանդրապոլի վրայով անցնելով հասավ մինչև Փամբակ ու գրավեց Ղարաքիլիսան, վրացիները օգտվեցին հանգամանքից և զորք մտցրին հայկական Լոռի: Պատրվակն այն էր, թե ուզում են կանգնեցնել թուրքերի առաջխաղացումը դեպի Թիֆլիս: Բայց թուրքերի հեռանալուց հետո էլ վրացիները չուզեցին դատարկել Լոռին. հակառակը, եռանդաբար աշխատում էին ամրացնել ու հավերժացնել իրենց տիրապետությունը, իսկ տեղացիների դժգոհության արտահայտությունները խեղդում էին դաժանորեն:

Լոռին կռվածաղիկ էր Հայաստանի և Վրաստանի միջև՝ ամենից ցավոտը հայ-վրացական սահմանային վեճերի մեջ:

Մեզ վրա ճնշում գործ դնելու նպատակով Վրաստանը, փաստորեն, կտրել էր մեր հաղորդակցությունը դրսի աշխարհի հետ, փակել էր մեր նեղ սահմաններում: Նույնիսկ այն հացը, որ ուղարկվում էր դրսից մեր սովամահ գաղթականությանը կերակրելու համար, այդ հացն էր Վրաստանում հանդիպում բազմազան արգելքների և ուշանում էր, լրիվ չէր հասնում տեղ:

Վրաստանը գրավել էր Լոռին, փակել երկաթուղին ու պաշարել մեզ՝ այս էր պատերազմի հիմնական պատճառը:

Իսկ անմիջական առիթը Լոռվա մի քանի հայ գյուղերի ապստամբությունն էր և վրաց կառավարության գործադրած անհամապատասխան խիստ միջոցները: Կարծես կառավարությունը առիթ էր որոնում (ու նույնիսկ ինքը ստեղծում), որպեսզի կոտորի ու ահաբեկի հայ ազգաբնակչությանը:

Անհավանական չէ, որ որոշ դեր կատարել է նաև մեր բանակի մեջ գտնվող ռուս սպաների սադրանքը: Վրաստանում կառավարությունը կիրառել էր մի քաղաքականություն, որի նպատակն էր օր առաջ թուլացնել ռուսական տարրը (որ բավականին զորեղ էր Թիֆլիսում), չեզոքացնել նրա ազդեցությունը և ազգայնացնել պետական մեխանիզմը: Այդ նպատակով նա ոչ միայն պաշտոնազուրկ էր անում ռուս պաշտոնյաներին ու զինվորականներին, այլև զանգվածներով արտաքսում էր երկրից դուրս: Մեր բանակում կային բավական մեծ թվով ռուս սպաներ, որոնք կապեր ունեին Թիֆլիսում (գուցե և զորավար Դենիկինի բանակի հետ): Անհավանական չէ, ասում եմ, որ սրանք գրգռում էին մեր զինվորական շրջանները Վրաստանի դեմ, ստեղծում էին թշնամական մթնոլորտ, որ շատ նպաստավոր էր ռազմական գործողություններ սկսելու համար:

Պատերազմը տևեց երեք շաբաթ միայն: Դեկտեմբերի 31-ին՝ անգլիացիների միջամտությամբ, խաղաղությունը վերականգնված էր արդեն: Լոռին հայտարարվեց ժամանակավորապես չեզոք գոտի, վրաց իշխանությունը փոխարինվեց հայ-վրացական իշխանությունով՝ անգլիական կոմիսարի հսկողության տակ:

Այսպիսով, պատերազմի ելքը անբարեհաջող չէր մեզ համար, մեր նպատակին հասել էինք կես չափով (մանավանդ, որ երկաթուղային հաղորդակցությունն էլ, գլխավորապես շնորհիվ անգլիացիների ներկայության, վերաբացվեց մասամբ): Բայց և այնպես, ծանր մտահոգությունների դուռ էր բաց անում պատերազմի փաստը ինքնըստինքյան:

Հազիվ 4-5 ամսվա պետական կյանք ունեինք ու արդեն բռնված էինք պատերազմի, մինչդեռ երկիրը հազար ու մի ցավ ուներ բուժելու: Եվ պատերազմեցինք այն հարևանի դեմ, որի հետ սերտորեն դաշնակցելու ամենից մեծ կարիքն ունեինք: Չէ՞ որ Վրաստանն էր մեր միակ ճանապարհը քաղաքակիրթ աշխարհի հետ հաղորդակցվելու համար:

Մենք հասկանում էինք այդ և անկեղծորեն ուզում էինքհաշտ ապրել վրացիների հետ: Բայց փաստն այն է, որ չկարողացանք: Եվ, անկախ Վրաստանի բռնած դիրքից, որ անվիճելիորեն դատապարտելի էր, քիչ դեր չի խաղացել նաև մեր սեփական ապիկարությունը, մեր քաղաքական տհասությունը և պետական կյանքը վարելու անպատրաստությունը: