Չիչերինի նամակը Մուստաֆա Քէմալին. Յունիս, 1920

1227

ԹԻՒՐՔԻԱ ԵՒ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆ

Մօսկուայի «Պրաւդայի» մէջ (յունիս 9) տպւած է արտաքին գործերի նարկօմ Չիչերինի հետեւեալ  յայտագիրը, որ նա ուղղել է Մուստաֆա Քէմալին՝ «Նոր Թիւրքրայի» կառավարութեան:

«Թիւրքիայի Ազգային Մեծ Ժողովի նախագահ Մուստաֆա Քէմալ փաշային.

Խորհրդային կառավարութիւնը պատիւ ունի հաստատելու, թէ ինքն ստացել է այն նամակը, որի մէջ դուք ցանկութիւն էք յայտնում մշտական յարաբերութիւնների մէջ մտնելու իր հետ և մասնակցելու երկու երկրներին սպառնացող օտար իմպերիալիզմի դէմ մղւած պայքարին: Խորհրդային կառավարութիւնը գոհունակութեամբ ընդունում է ի գիտութիւն նոր թիւրք կառավարութեան, որի գլուխն է Անգօրայի Ազգայի Մեծ Ժողովը, արտաքին քաղաքականութեան հիմնական սկզբունքները, որոնք են-

  • Թիւրքիայի անկախութեան յայտարարելը:
  • Թիւրքական տերիտօրիայի անվիճելի մասերը Թիւրքիային կցելը
  • Արաբիան և Սիւրիան անկախ պետութիւններ ճանաչելը:
  • Ազգային գերագոյն խորհրդի կողմից ընդունւած վճիռը- Թիւրքահայաստանին, Քիւրդստանին, Լազիստանին, Բաթումի շրջանին, Թրակիային և տերիտօրիայի սահմաններում թիւրք արաբական տարրերին թողնել վճռելու իրենց ճակատագիրը: Ինքստինքեան հասկանալի է, որ տեղերում ռեֆերենդումը պիտի կատարուի փախստականների և գաղթականների մասնակցութեամբ, որոնք մի ժամանակ հարկադրւած են եղել թողնելու հայրենիքը իրենցից անկախ պատճառներով և որոնք հայրենիք կվերադառնան:
  • Ազգային գերագոյն խորհրդի գլխաւորութեամբ Թիւրքիայի նոր պետութեան սահմաններում ազգային փոքրամասնութիւնների նկատմամբ այն բոլոր իրաւունքների ճանաչելը, որոնք ճանաչւում են եւրօպական պետութիւններում:
  • Նեղուցների հարցը Սև ծովին մօտ գտնւող պետութիւնների կօնֆերանսին յանձնելը:
  • Արտասահմանեան տնտեսական վերահսկման և կապիտուլացիայի վերացումը:
  • Արտասահմանեան բոլոր տիպի պետութիւնների ազդեցութեան ոչնչացումը:

Խորհրդային կառավարութիւնը ի տեղեկութիւն է ընդունում Ազգային Գերագոյն Խորհրդի որոշումը՝ մեր աշխատանքներն ու ռազմական գործողութիւնները հաշտեցնել իրար – իմպերիալիստական կառավարութիւնների դէմ շահագործւող ժողովուրդների ազատագրման գաղափարի համար:

Խորհրդային կառավարութիւնը յոյս ունի, որ մի կողմից Թիւրքիայի Գերագոյն Խորհրդի, միւս կողմից էլ Պարսկաստանի ու Հայաստանի միջեւ դիւանագիտական բանակցութիւնները՝ ազգերի ինքնորոշման և արդարութեան հիմունքներով՝ իրենց սահմանագծերը ճշտօրէն կորոշեն: Խորհրդային կառավարութիւնը պատրաստ է՝ շահագրգռուած կողմերի հրաւիրմամբ՝ միջնորդի պարտականութիւնն ստանձնելու:

Թիւրքիայի և Ռուսաստանի միջեւ բարեկամական սերտ յարաբերութիւններ ստեղծելու նպատակով կառավարութիւնն առաջարկում է անմիջապէս դիւանագիտական հիւպատոսական ներկայացուցչութիւններ սահմանել: Կառավարութիւնը ձեռք է մեկնում ամբողջ աշխարհի բոլոր ժողովուրդներին անդավաճանօրէն հաւատարիմ մնալով իր սկզբունքին-ճանաչել իւրաքանչիւր ժողովրդի ինքնորոշման իրաւունքը: Նա մեծ հետաքրքրութեամբ հետեւում է այն կռուին, որ վարւում է թիւրք ժողովրդի կողմից՝ իր անկախութեան համար: Թիւրքիայի համար այս ծանր օրերին խորհրդային կառավարութիւնը երջանկօրէն այն ամուր հիմքը կստեղծի, որը պիտի միացնէ թիւրք և ռուս ժողովուրդներին: Յայտնելով այս ամէնը ի գիտութիւն ձեզ, Ազգային Գերագոյն Խորհրդի պարոն նախագահ, բանւորա-գիւղացիական ֆեդերատիւ հանրապետութեան անունից պատիւ ունիմ յայտնելու ձեզ մեր ցանկութիւնը, որ Թիւրքիան իր անկախութեան համար մղած կռուից յաղթող դուրս գայ:

Արտաքին գործերի ժողովրդական կօմիսար՝ Չիչերին

ՅԱՌԱՋ օրաթերթ, ՀՅԴ, թիվ 135, երեքշաբթի, 29 հունիս, 1920թ